Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է Դանիայի Ֆյուն կղզու Օդենսե քաղաքում: Մենք երկու ժամում Կոպենհագենից Ֆյուն հասանք: Բայց տասնիններորդ դարում տասնչորսամյա Անդերսենին երեք օր պետք եկավ պրովինցիալ Օդենսեից մայրաքաղաք հասնելու համար: Այն ժամանակ չկար Զիլանդը Ֆյունին կապող մեծ կամուրջը, որը, ի դեպ, հյուսիսային Եվրոպայում ամենամեծն է: Չկային նաև մեքենաներ ու գնացքներ:
Փողոցը, որտեղ գտնվում է Անդերսենի ծննդավայրը
Անդերսենը ծնվել է Օդենսեի ամենաաղքատ թաղամասում: Այնտեղ իրար գլխի լցված տնակներ էին, որոնցից յուրաքանչյուրը կարող էր մինչև քսանհինգ բնակիչ ունենալ: Անդերսենի ծննդավայրը միացրել են նորակառույց մի շենքի ու ընդհանուր մեծ թանգարան սարքել: Իսկ փողոցի տնակները հիմա սիրուն ներկված ու խնամված են: Երևում է՝ բնավ աղքատ թաղամաս չէ այլևս:
Թանգարանի բակը
Մենք այցելեցինք թանգարանը, մտանք նաև տան հատվածը: Ծուռտիկ դռներ-պատուհաններ էին, ցածր առաստաղ ու փոքր սենյակներ: Գիդը պատմեց, որ ժամանակին առաստաղից սավան էին կախում, որ խուսափեն տանիքից թափվող կեղտից ու առնետներից: Հատակն էլ մերկ է եղել, հիմիկվա փայտը որ կա, առաջ չի եղել: Օդենսեի երբեմնի ամենաաղքատ, ծուռտիկ-մուռտիկ, ոչ ճիշտ կառուցված թաղամասը, որը նաև կռիսանոց էր, ոչ թե մի օր քանդել, տեղը ժամանակակից շենքեր են կառուցել, այլ վերանորոգել ու ներկել են: Այսօր Օդենսեում միակ տեսարժան վայրն է:
Անդերսենի ծննդավայրը
Գիդը մեծ ոգևորությամբ էր պատմում Անդերսենի մասին: Տեղ-տեղ աչքերը լցվում էին, տեղ-տեղ ժպտում էր, տեղ- տեղ փշաքաղվում էր: Երևում էր՝ Անդերսենին շատ էր սիրում և ուզում էր, որ թանգարանի այցելուներն էլ սիրեն: «...Այդ բարձրահասակ, մեծ քթով պատանին իր գրեթե փակ աչքերով ու չափից դուրս բաց մազերով ուզում էր պարող դառնալ: Դրա համար ցանկացավ Կոպենհագեն գնալ»:
Սենյակը, որտեղ ծնվել է Անդերսենը
Անդերսենի հայրը կոշկակար էր, մայրը՝ լվացարարուհի: Խիստ աղքատ էին: Չնայած լինելով հասարակության ստորին խավից, հայրը գրել-կարդալ գիտեր ու մեծ գրադարան էր թողել որդուն: Ավելին՝ ծնողներն անընդունելի էին համարում բռնությունը դպրոցում, ու ստիպված եղան Անդերսենին հանել չքավորների դպրոցից այն բանից հետո, երբ իմացան, որ այնտեղ ծեծում են աշակերտներին:
Գիդը պատմեց նաև Անդերսենի անհաջող սերերի մասին, թե ինչպես իր մի սերը հասել էր Կոպենհագեն, որ ասեր՝ ուրիշի հետ է ամուսնանում, իսկ մյուսը շամպայնի բաժակը բարձրացրել էր ու խմել «իր եղբոր» կենացը: «Լեգենդներ են պտտվում Անդերսենի մասին, թե հոմոսեքսուալ էր, հրեա, թագավորի որդի: Ես կարծում եմ՝ բոլորն էլ սուտ են»,- պատմում էր գիդը ու հերթով հիմնավորումներ բերում, թե ինչու չի հավատում լեգենդներին: Մեծ քիթ... կարելի է այս ցուցակին ավելացնել Անդերսենի հայ լինելը:
Հայերեն Անդերսեն
Թանգարանի մի առանձին բաժին գրադարան էր: Ներկայացված էին տարբեր լեզուներով Անդերսենի գործերի թարգմանությունները: Հայերեն էլ կար: Տարբեր անկյուններում էլ հեքիաթներից դրվագներ էին: Մի սենյակ էլ նվիրված էր Անդերսենի վախերին. ասում են՝ հետը պարան էր ման տալիս, որ եթե հրդեհ լինի, կարողանա պատուհանից փախչել: Իսկ Փարիզում մի անգամ չորրորդ հարկում է եղել հյուրանոցային համարը: Դրա պատճառով ամբողջ գիշեր չի քնել, որովհետև պարանը կարճ է եղել:
Թագավորի նոր հագուստը
Թանգարանում պտտվելուց հետո գիդը մեզ ազատ թողեց: Ես գնացի գրադարան ու սկսեցի թարգմանություններն ուսումնասիրել: Գիդը մոտեցավ ինձ ու պատմեց, որ կենդանության օրոք Անդերսենը տասնյոթ լեզուներով է թարգմանվել, իսկ հիմա արդեն 157 լեզվով կա: Հարցրեց, թե որն է իմ մայրենի լեզուն: Հետո ավելացրեց. «Որոշ լեզուներով, իհարկե, նրա մահվանից հետո նորից են թարգմանվել. անգլերեն սկզբնական տարբերակը շատ վատն է եղել: Դիքենսի թարգմանությունն էլ շատ ռոմանտիկ էր: Անդերսենը ռոմանտիկ գրող չէ... ասում են՝ մանկական գրող... հեչ մանկական չէ, հեչ»:
Անդերսենի հեքիաթներից շատերի նյութը հենց Օդենսեից է: Պետք էր հասնել այնտեղ էդ բոլորը հասկանալու ու տեսնելու համար: Քաղաքի ամեն անկյունում Անդերսենն էր. մի տեղ արձանը, մի տեղ ծննդավայրը, մի տեղ մանկության տունը, մի տեղ նրա անվան այգին: Սուվենիրների խանութներում հեքիաթներից զանազան պարագաներ էին վաճառում: Ափսո՜ս իմ սիրած հեքիաթը՝ «Լուցկիներով աղջիկը», ոչ մի տեղ չէր հիշատակվում:
Անդերսենի արձանը. այստեղ նրա քիթը շատ ավելի փոքր է սարքած
Ասում են՝ Օդենսեն երկու պատվավոր քաղաքացի ունի: Մեկն Անդերսենն է, մյուսը՝ թագավոր Քրիստիան յոթերորդը: Նրանք ապրել են նույն ժամանակներում, բայց մեկը՝ ամենավերևներից, մյուսը՝ ամենաներքևներից: