Aug 06, 2009 16:46
Աշխարհում կան մարդիկ, որոնց գոյության մասին չգիտես, չես էլ մտածում, թե ինչ կյանքով են ապրում: Բայց հանկարծ ինչ-որ մի տեղ հանդիպում ես նրանց, և շուտով դառնում են քեզ հարազատ ու սիրելի: Դու այլևս չես ուզում բաժանվել, բայց երբ ժամանակը լրանում է, ստիպված ես: Հեռանում ես ու չգիտես. երբևէ կհանդիպե՞ս նրանց, թե՞ ոչ: Բայց արդեն գիտես, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում են այս մարդիկ իրենց խնդիրներով, արցունքներով ու ծիծաղով: Ժամանակ առ ժամանակ լսում ես նրանց մասին, երբեմն հիշում աղոթելիս:
Սիրում եմ տարբեր երկրներից ժամանած այս բժիշկներին և ուսանողներին: Ոչ մի դեպքում չեմ համեմատի Ամստերդամում ինձ "ընկերակցողների" հետ: Այստեղ մի վայրկյան էլ բացակայես, անմիջապես կնկատեն: Ավելին՝ անունս հենց առաջին օրվանից սովորել են:
Շաբաթվա վերջին մեկնեցինք Սուոնուիքի կոնֆերանսին: Այնտեղ ես ինձ օտար էի զգում, որովհետև կոնֆերանսն ինձ համար չէր, այլ Միացյալ Թագավորության ուսանողների: Մենք՝ տարբեր երկրներից եկածներս, նման ենք մի առանձին կղզյակի:
Աշխարհում կան մարդիկ, որոնց գոյության մասին չգիտես: Երեք օր շարունակ ապրում ես նրանց հետ նույն տարածքում, գուցե հենց կողքի սենյակում քնում, ճաշի ժամանակ նույն սեղանի մոտ նստում, նույն սեմինարին ներկա գտնվում, մեծ դահլիճում կողքի աթոռին նստում, անգամ նրանցից մի քանիսի հետ շոտլանդական պարեր պարում, ոմանց հետ նույն ավտոբուսով ճամփորդում, բայց նրանք շարունակում են մնալ աշխարհի մարդիկ, որոնց գոյության մասին դու չգիտես: Նրանք ունեն իրենց սեփական կյանքը, հաջողությունները, խնդիրները: Կարող էին շատ հանգիստ դառնալ այն մարդկանցից, որոնց գոյության մասին գիտես ու հիշելու ես: Բայց չդարձան...
Անգլիացիները ոչ թե սառն են, այլ անքաղաքավարի, բայց դա ինձ դուր է գալիս. ասում են այն, ինչ մտածում են, ինչ ճիշտ են համարում, ոչ թե հոլանդացիների նման կեղծ ժպիտ նկարում ու փորձում իրենց գործընկերների մասին կարծիքդ զոռով դուրս քաշել: Մի՞թե քաղաքավարությունն անհարկի ձևականությունների հսկայական կույտ չէ:
Գրքանման2,
Ճամփորդական