ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄՈՒԿԻ ՉԱՓ ԽԵԼՔ

May 02, 2010 03:14

Լրագիր  22/04/2010

Արթուր Ազարյան. հրապարակախոս, Երկիր մեդիա հեռուստաընկերության Հրապարակ հաղորդաշարի հեղինակ

Պարոն Ազարյան, մեր շարքի մասնակիցները համարում են, որ անորոշության փուլում ենք կամ հաջորդ քայլի: Ըստ Ձեզ, ի՞նչ փուլում ենք:

Գուցեև տարօրինակ հնչի, բայց մեզ մոտ դեռ ընտրության փուլն է շարունակվում: Հասարակական-քաղաքական զարգացումները մոտենում են հասարակածին, այլ կերպ` մենք մոտենում ենք հանգուցային մի կետի, երբ պետք է մեկընդմիշտ որոշենք, թե որն է Հայաստանի զարգացման երկարաժամկետ ճանապարհը: Մոտենում ենք մի կետի, որից հետո արդեն պարզ կդառնա, թե Հայաստանի ապագան ինչպիսի՞ն կլինի, ո՞ր արժեհամակարգին կտրվի հայաստանաբնակների նախապատվությունը:
Ի վերջո` մենք արևելյա՞ն, թե արևմտյան տիպի երկրում ենք ցանկանում ապրել: Դատելով շրջապատում ունեցած իմ շփումներից, առավել նախապատվելին` ազատ, քաղաքակիրթ, իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող երկրում ապրելն է: Մերօրյա Հայաստանն, ավաղ, շարունակում է տեղապտույտը` արևելյան մոդելին տրված առաջնայնության վկայություն` “բեյական” համակարգի պատճառով: Համակարգ, որն ամեն գնով պահելու ջանքերը վերաճել են վայրագ դիմակայության` ամենայն նորի հանդեպ: Այսօրինակ համակարգի հավերժացման մոլուցքը, հավատացեք, ապագա չունի: Նշածս համակարգի «ճարտարապետների» ինքնավստահությունը, զարգացումներով պայմանավորված` տեղատվություն է ունենալու, անհնարին ու անիրական համարվող փոփոխություններն ամենևին էլ յոթ սարի ետևում չեն: Այլընտրանք չկա:

Ի՞նչն է Ձեզ առիթ տալիս մտածելու, որ մենք մոտենում ենք հասարակածին:

Գնալով ակտիվացող հասարակական տրամադրությունները: Հետաքրքիր մի բան է կատարվում: Ամենաիներտ մարդիկ անգամ իրենց մաշկի վրա սկսել են զգալ ճահճացման վտանգը, նրանք կարոտ են փոփոխության: Այլ հարց է, որ նրանք չեն տիրապետում այն մեխանիզմներին, գործիքներին, որով կարելի է հասնել այդ նպատակի իրականացմանը, բայց փոփոխությունների հասունացած պահանջն, ըստ իս, արդեն իսկ առաջին քայլն է, քայլ, որն էլ դառնալու է ազատ ու արդար ապագայի անկյունաքարը:

Բայց փոփոխություն ուզենալը մեկ բան է, դրան պատրաստ լինելը` մեկ այլ: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունը:

Հայկական հիվանդության ամենաբնորոշ դրսևորումը հարմարվողականությունն է: Հայ հասարակության մի ստվար մաս` «գյուղ մտնելու ու այդ գյուղի գդակը դնելու» «մետր» է դարձել: Պարզվում է, սակայն, որ գոյատևման այդ որակն էլ երաշխիք հանդիսանալ չի կարող, այն ունակ չէ փրկօղակի դեր կատարել: Ընդհակառակը, որքան հարմարվում են, այնքան ավելի ակնառու է դառնում ուտիճի ապագան, ինչն արդեն իսկ վիրավորական է: Դրա համար էլ վերջին ջանքերի գնով անգամ` մարդիկ փորձելու են մարդ մնալ: Եթե հիշողությունս չի դավաճանում` գրող, հրապարակախոս Արկադի Դավիդովիչին է վերագրվում` «Կեսա'ր, հրահանգիր, և ես Բրուտոս կդառնամ …» դառն ու դաժան, բայց միաժամանակ տարողունակ ձևակերպումը: Որքան էլ ցավալի լինի, այնուամենայնիվ, գնալով ավելի ակնառու է դառնում, որ մենք ապրում ենք առավելապես բրուտոսներով համալրվող հասարակարգում: Սկզբունքների, դավանանքի, սերունդների ապագայի ուրացման և` «Որտեղ հաց` էնտեղ կաց» «իմաստնության» արմատավորման ժամանակներում:

Հետաքրքիրն այն է, որ մարդիկ, ովքեր նպաստում են նախրացման գործընթացին, մոռանում են բնության մեջ անվրեպ գործող բումերանգի օրենքի մասին: Մոռանում են, որ այդ հոտի մեջ նաև իրենք են ապրելու և այդ վտանգը վաղ թե ուշ, եթե ոչ իրենց, ապա իրենց սերունդներին է սպառնալու: Եթե այդ մարդիկ բանականության վերջին նշույլը չեն կորցրել, չեն կարող սա չգիտակցել, չեն կարող սա չհասկանալ: Մի շատ խորհրդանշական հեքիաթ կա` «Պույ-պույ մկնիկը»: Այսօր օլիգարխների մեծ մասը ինձ այդ պույ-պույ մկնիկին են հիշեցնում, որոնք չեն ուզում հասկանալ մի շատ պարզ բան. «կոկոսից» անվնաս դուրս գալու պարտադիր պայմանը «նիհարելն» է, «օդից բռնած» հեքիաթային հարստության մի մասից գիտակցաբար հրաժարվելն է…

Մեկ ուրիշ բաց էլ կա: Դա էլիտայի խնդիրն է: Որպես կանոն` հասարակություններին ուղղորդում են էլիտաները, մարդկանց այն խմբերը, ովքեր ունեն գաղափար, որոշակի ու հստակ պատկերացում, ովքեր գիտակցում են ընթացքի կարևորությունն ու դրան նպաստող կողմնորոշիչների առկայությունը: Մեր այսօրվա իշխանությունների գլխավոր թերությունը այսրոպեականությամբ և գաղթականի ընկալմանը պատշաճող «ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ» մտայնությամբ առաջնորդվելու մոլորությունն է: Մեզանից շատերի ներսում ապրողը գաղթականն է, որը մշտապես խանգարում է տեր զգալուն:

Կարելի՞ է ենթադրել, որ իշխանափոխությունից հետո էլ ենք մենք այդ խնդիրը ունենալու ենք:

Այո', կունենանք նույնը: Առիթից օգտվելով ուզում եմ հրապարակումների այս շարքը ողջունել, որովհետև այնտեղ քանիցս խոսվել է դիսկուրսների անհրաժեշտության մասին: Անշուշտ, դրանք կարևոր են, բայց դա ընդամենը մի սեգմենտն է այն կարևորի, որը պետք է միս ու արյուն առնի ու կյանք ճանապարհվի: Դիսկուրսին պետք է հետևի գործողությունը: Այլապես այն կդառնա ցիկլիկ և ի վերուստ` մեռելածին: Ու, ասեմ, կարևոր էլ չէ, թե հատկապես ով է «շարժելու» ճահիճը`ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, թե ՀՅԴ-ն: էականն այն է, որ գերակայող դառնա արժանապատիվ երկրում ապրելու փափագը, այն երկրում, որտեղ մարդն իսկապես արժեք է: Այսօր, ցավոք սրտի, ազգայնականության տարփողումն է ներքին խոցերը թաքցնելու չհաջողված միջոց դարձել: Եթե կշեռքի մի նժարին դրվի գազի, թանկացումների, գնալով խորացող սոցիալական ճգնաժամի հաղթահարման «ծանրաքարը» , մյուսին` պատմական Հայաստանի «տեսլականը», ապա հասարակության մի լայն շերտ` գոյատևման այս կռվում առաջնային կդիտարկի առաջինը: Տխուր է, բայց սա է դառը իրականությունը: Ինձ շատ դուր եկան ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի կողմից ներկայացված մոտեցումները, որոնք փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակներ հուշել, սոցիալ-տնտեսական լուծումներ առաջարկել: Հիմա դրանք անհրաժեշտ է դնել հանրային քննարկման: Եվ բոլորովին կարևոր չէ, թե բարիկադի որ կողմում ես գտնվում: Երկուսում էլ կան խելամիտ քայլերի առաջարկներ, որոնք պետք է հնարավորինս արագ կիրառվեն: Առաջարկված քայլերից այս պահին չօգտվելը իշխանությունների կողմից, առնվազն, կարճամտության վկայություն կլինի: Նման «շռայլություն» իրենց թույլ տալու ժամանակը նրանք վաղուց են կորցրել …

Փաստորենք , հասցրել եք հետևել «100 քայլին: Կարո՞ղ է այն կյանքի կոչվել այս իշխանությունների կողմից:

Կրկին պետք է վերադառնամ գաղթականի «կոդին»: Եթե մեր իշխանությունները գաղթական չեն, «ճամպրուկավոր» չեն, պարտավոր են հաշվի նստել բոլորի, կապ չունի` «ուլտրաաջերի», «ուլտրաձախերի», համակիրների, ոչ համակիրների հետ, որպեսզի կարողանան, չանձնավորելով շփման այդ եզրերը, գտնել վիճակից դուրս գալու ելքը: Ու սա ամենևին էլ միայն իրենց խնդիրը չէ, բոլորիս ճակատագիրն է որոշվում:

Կցանկանայի խոսել ցավոտ մի խնդրի մասին ևս: Քանի որ հայ հասարակությունը գողականացված հասարակություն է ու նույնով պայմանավորված առաջնորդվում է ուրիշ չափորոշիչներով, ավելին` ունի տարօրինակ մտածելակերպ, գերակայող է դարձել «զոն» նայողի դիրքում հայտնվելու մարմաջը: Քաղաքացիական հասարակության մեջ նման բան չկա: Զավեշտական չէ՞. Հայաստանում Էյնշտեյնին ընդօրինակողներ չկան, բայց «Որոգայթի» Հովոյին նմանակողների թիվը վաղուց է հատել կրիտիկականի սահմանագիծը: Ամենասարսափելին այն է, երբ պատճառների մեջ խորամուխ լինելու ուզած փորձ, հայ հասարակության “բլից” հատվածի կողմից ընդմիջվում է` “հերիք է փիլիսոփայես” քամահրանքով: Եվ դրա համար էլ մենք պետք է սովորենք մտածել, պատկերացնել, տեսնել, մասնակիցը դարձնել շատուշատ մարդկանց, և կունենանք միանգամայն ուրիշ հանրապետություն, որակապես ուրիշ հասարակարգ: Բայց մի բան էլ կա, որն ամենացավալին է. մեր հասարկությունն ուսյալ մարդ չի սիրում, և շարժվում է սովոր կարծրատիպերով: Ինքը գիտի, համոզված է, որ աշխարհի ամենահամով պանիրը չանախն է: Այդպես է կարծում, քանի որ առիթ չի ունեցել մոլորվելու Մասաչուսեթս նահանգի քաղաքներից մեկի պանրի մասնագիտացված խանութում, որն իր մեծությամբ` Աբովյան փողոցից սկսվում և ավարտվում է Ներքին Շենգավիթում:

Ինչպիսի՞ պետություն եք ուզում, որ կառուցենք:

Ցանկալին` նորմալ, մարդկային հասարակարգ ունենալն է, որտեղ մարդն իսկապես իրենից արժեք կներկայացնի: Իսկ այդ ամենը հարկադրում է ուժերի գերլարման հաշվին անգամ ըմբռնել չսերտած դասերը: Իսկ հաջողության հասնելու համար, մենք պետք է հրաժարվենք պատմության հանդեպ սելեկցիոն վերաբերունք դրսևորելու արատավոր սովորույթից: Մեր ցավերի ցավն այն է, որ մենք փրկվել չենք ուզում, մենք փրկիչ ենք ուզում:

2008-ին փրկիչ ուզեցինք, դրա համա՞ր չփրկվեիցինք:

Այո, և կրկին շփոթ կա: Ինչ էլ ասեն, ինչ որակումներ էլ տան, բայց փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ազնիվ էր իր շարադրանքում: Լևոն Տեր-Պետրոսյանը ունեցել է բարձր մակարդակի դասախոսություններ, ելույթներ, որոնք բովանդակային առումով պարզապես հրաշալի էին: Ուրիշ բան, որ հանրության մի մեծ մաս դեռևս հասու չէ ասվածի խորքային իմաստին ու նշանակությանը: Հանրության մի ստվար հատված էլ ծանոթ սատանային անփորձ քահանայից ավելի է գերադասում, կամ ծանոթ սատանային ուսյալ քահանայով չի փորձում փոխել:

Այնուամենայնիվ, եթե առաջիկայում ծանոթ սատանային ուսյալ քահանայով չփորձենք փոխել, հաջորդ ընտրություններին կունենանք ավելի վա՞տ իրավիճակ:

Ես կարծում եմ, որ մեզ տրված է «կրկին փորձիրի' ամենավերջին «փորձիրը»: Եթե դա էլ չստացվեց, ուղղակի պետք է հրաժարվել ընտրություն գաղափարից ընդհանրապես, պետք է միապետություն հաստատել և, օրինակ, իմ նման մարդկանց երկրից արտաքսել… Քանի որ, ասում են`անհանդուրժող եք… Իսկ ես ի՞նչը պետք է հանդուրժեմ. ժամիշխանների լրբենի պահվա՞ ծքը, տգետների կողմից իրավիճակին հաշտվելու ինձ ուղղված հորդո՞րը... Հավատացեք, քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ միայն Հայաստանում: Թեպետ Հովիկ Աբրահամյանին էլ հասկանալ կարելի է, նա իր շրջապատի համար է այդ «ճշմարտությունը» բարբառել:

Այնուամենայնիվ քաղաքականությամբ զբաղվելու համար գուցե այսօր իսկապես խելք պետք չի :

Հենց այսօր է պետք, վաղը ուշ է լինելու: Էլի եմ կրկնում, այսօր վճռվում է Հայաստանի ապագան, և մենք պետք է մեկտեղենք մեր ուժերը: Սա մի մեծ պատերազմ է, մեծ ճակատ, որտեղ ձեռքի տակ եղած ամեն ինչ պետք է ծառայի Հայաստանը քաղաքակիրթ երկիր դարձնելու համազգային նպատակին:

Բայց ձեռքի տակ գրեթե ոչինչ չի մնացել:

Մնացել է: Ով աչք ունի` թող տեսնի, ով ականջ ունի` թող լսի: Ու պետք է բարձրաձայնել ամենակարևորի մասին. եթե հանրության նախրացման գործընթացն սկսված է, ապա, գոնե հասարակության գիտակից հատվածի կողմից «առաջ քաշվող»` երաժշտական ունակություններով օժտված «հովվի» պահանջն արդարացված է…Եվ բոլորովին կապ չունի` որ թևից է «փչելու հովվի սրինգը»:

Այնուամենայնիվ, իշխանությունը թանկ ու քաղցր բան է:

Թող լինի: Բայց այն պահելու համար էլ է խելք պետք: Շատ բան սկսվում է հենց պահելու վարպետությունից, իսկ դա ժողովրդի համակրանքից զատ այլ արտահայտություն պիտի չունենա: Իշխանության լծակները բռունցքով երկար պահելն անհնարին է: Նույնը վերաբերում է նաև ազատ խոսքին, սահմանափակելու ջանքեր, ճիգեր են գործադրվում, բայց դա երկար շարունակվել չի կարող: Հետաքրքիր օրենքը ձայնում է` «Անոթը, որի միջից հանված է օդը, նույն ուժգնությամբ է պայթում, ինչ`վառոդով լցված անոթը»,… Այ, սրանից է պետք զգուշանալ…

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

հրապարակում

Previous post Next post
Up