Dec 25, 2009 15:26
Աշխարհում սեփական աշխարհն ստեղծելու ամերիկացիների մարմաջը
Չարանենգ հայրենասերները ձգտում են ճնշել դրսից եկող ցանկացած հոգևոր-մշակութային դրսևորում: Այսպես, օրինակ. Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններում ինչ-որ հանդգնություն նկատելով,1868 թվականին նրան արգելեցին շարունակել ծառայությունը Վաշինգտոնի դեպարտամենտում, մինչդեռ մենք, առանց վարանելու, նույնը գրում ենք մեր ամենօրյա պատմվածքներում: Հետագայում նրան ողորմածաբար թույլ տվեցին շարունակել ծառայությունը, բայց արդեն ուրիշ դեպարտամենտում: Պատճառն ամենևին էլ նրա գրական վաստակը չէր, ինչն, ի վերջո, այդպես էլ չգնահատվեց, այլ այն, որ ազատագրական պատերազմի ժամանակ խնամել է հիվանդներին և վիրավորներին, հետևաբար` իրեն դրսևորել իբրև հայրենասեր:
Սա է, և միմիայն սա` նրա ներման պատճառը: Իսկ ամերիկյան գրական դատավորները շարունակում են նրան վերաբերվել նույն քամահրանքով: Նրան բոյկոտում են, նրա գրքերը չեն վաճառվում, և յոթանասնամյա ծերունին ապրում է Անգլիայից եկող նպաստով: Ամերիկացի Ուելսը 1878 թվականին լույս ընծայեց իր բանաստեղծությունների` "Boheme" վերտառությամբ ժողովածուն. երիտասարդը չափազանց նրբակիրթ, տաղանդավոր և մեծ ապագա ունեցող քնարերգու էր, բայց նրան իսկույնևեթ ստիպեցին պապանձվել: Ամերիկացիները հասկացել էին, որ երիտասարդ բանաստեղծն ազդված է եվրոպական գրականությունից: Գիրքն իսկապես առանձնանում է ինչ-որ խորթությամբ և` ըստ էության, դա պոետական մարտահրավեր էր` նետված ամերիկյան պոեզիային: Ի վերջո` հաստափոր ամսագրերը ստիպեցին նրան պապանձվել: Նա կարդում էր Շելլի` ում չպիտի կարդար: Այնուհետև վարվեց ավելի վատ` կարդաց Ալֆրեդ դե Մյուսեի ստեղծագործությունները: Ամերիկացիները բնավ չեն հասկանում, թե ինչպես կարելի է հրատարակել հիմնավորապես օտար գրականությունից ազդված բանաստեղծի ստեղծագործությունները, և նրան պարզապես դուրս շպրտեցին ամերիկյան գրականությունից: Այդ բանաստեղծի անունն էր Չարլզ Ստյուարտ Ուելս:
Գրեթե անհնար է հավատալ, թե ուր է հասնում աշխարհում սեփական աշխարհն ստեղծելու ամերիկացիների մարմաջը: Նրանց կարծիքով, եթե երկիրն ունի բավարար բնակչություն` հոգևոր կյանքն, ուրեմն, նույնպես բավարար է, և համոզված են, որ չեն սխալվում, ըստ այդմ, բոլոր հնարավոր ձևերով ջանում են արգելել տարաշխարհիկ հոգևոր կյանքի ցանկացած արգասավոր ներհոս, չեն ցանկանում հանդուրժել դրսից եկող որևէ թարմ շունչ:
Իհարկե, այդ ամենը դժվար է տեսնել, եթե զբաղված ես զբոսաշրջությամբ: Հասկանալու համար, թե որքան խորն է ամերիկացիների ատելությունը օտարերկրացիների հանդեպ, հարկավոր է ամենօրյա շփման մեջ լինել նրանց հետ, պետք է ներկա լինել դատական նիստերին և պատարագներին, ծանոթանալ թատրոնին և գրականությանը, նրանց հասարակական, կրթական և ընտանեկան կյանքի մեջ թափանցել, պետք է կարդալ նրանց թերթերը, լսել նրանց դրսի զրույցները, գետերով նավարկել նրանց հետ, աշխատել տափաստաններում, այսինքն ոտնատակ տալ Ամերիկան, և այս ամենից հետո միայն կարող ես քիչ թե շատ ամբողջական պատկերացում կազմել նրանց անհուն, անեզր, գրեթե չինական ինքնագոհության մասին: Որպեսզի նրանք խուսափեն արտասահմանյան քաղաքակրթության որևիցե ազդեցությունից, պետք է անշեղորեն հետամուտ լինեն իրենց նպատակին, քանի որ ուրիշ որևէ երկիր չի հանդիսանում կոսմոպոլիտական կենտրոն, ինչպես Ամերիկան: Ամերիկայում մինչ օրս իշխում է նույն այն հին անգլիական քաղաքակրթությունը, որ իրենց հետ բերեցին առաջին գաղութարարները, այսինքն` մաշված, քրքրված, ուրիշների կողմից օգտագործված, Եվրոպայում իր դարն ապրած և այժմ Ամերիկայում մեռնող քաղաքակրթություն:
Յուրաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ
Ազատությունը, ինչպես և ամեն բան այս երկրում, խիստ անհամաչափ է և աններդաշնակ: Իսկույն երևում է, որ դա ոչ թե աստիճանական զարգացման արդյունք է, այլ ինչ-որ ժողովականների վայրկենական որոշման հետևանք:
Ամերիկյան ազատությունը տձև է, անհավասարակշիռ և անկապ: Ամերիկայում կարելի է ազատորեն մարդ սպանել փողոցում, սակայն չի կարելի դեն նետել վառվող ծխախոտը: Ամերիկյան ազատությունը ծիծաղելիորեն նեղլիկ է ու պահանջկոտ` մանրուքների նկատմամբ, և` շնորհիվ Սահմանադրության` սաստիկ ընդարձակ ու ներողամիտ կարևորագույն հարցերում: Այսպես, օրինակ, չի հասցնում վտարանդին ոտք դնել Նյու Յորք` անմիջապես ձեռքից առնում են ֆիննական դանակը, որը նա պահում է հատուկ պատյանում` գերազանցապես ծխախոտ կտրատելու համար, և միաժամանակ թույլատրում նրան թեկուզ յուրաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ կրել. թույլատրում են, որովհետև ատրճանակը ազգային զենք է:
Ամերիկյան ազատությունը հոժարակամ ընտրություն չէ, այն պարտադրված է օրենքով. թույլատրելիի սահմանները ճշգրտելու փոխարեն` Կոնգրեսն օրենքներ է մշակում և որոշում, թե ինչ չափով ենք պարտավոր ազատ լինել: Այս տնտեսահարկադրական ազատությանը հանդիպում ես ամեն քայլափոխի: Այսպես` "Վաշինգտոնի օրը" հարկադիր ազատություններից մեկն է, և բոլորն անխտիր պարտավոր են այդ օրն ազատ լինել: Գրող Ֆրեդ Նիկոլսը, 1868-ին տպագրված "Thughts" գրքում իր համակրանքն է արտահայտել միապետական հասարակարգի նկատմամբ…և իզուր: Թերթերն ու ժողովրդական հանրահավաքները, ի վերջո, ստիպեցին գրողին "հոժարակամ" մեկնել Մեքսիկա, որտեղից նա երբեք այլևս չվերադարձավ, որովհետև չէր հասկանում, որ պարտավոր է ազատ լինել: Ամերիկացիները պահանջում են, որ մարդու գլխում ազատության որոշակի քանակություն լինի, այլապես ստիպված ես լինելու մեկնել Մեքսիկա: Օտարերկրացին չի կարող Ամերիկայում իրեն ազատ չզգալ: Նրան պարզապես թելադրում են իր իսկ համակրություններն ու մտածմունքը, և նա պարտավոր է ենթարկվել, կամ` հակառակ դեպքում, սպասել անախորժությունների: Այո, նա պարտավոր է ենթարկվել ազատության կոշտ ու կոպիտ հարկադրանքներին, որ հատկապես բռնի է դառնում, քանի որ ինքնագոհ ու անկիրթ մարդկանց թելադրանքն է:
Ամերիկայում տարբերություն չի դրվում ազատության և ժողովրդավարության (դեմոկրատիա) միջև. նրանք զոհում են ազատությունը, որպեսզի պահպանեն ժողովրդավարությունը: Հնարավոր բոլոր ձևերով նրանք ստորացնում են ազատ լինելու անհատական որևէ փորձ: Ազատության զգացումն իսպառ ոչնչացնելու համար` Ամերիկան ստեղծել է ազատության ավտոմատ-մեքենաների ցնորական նախիր, ինչը և ամերիկյան ժողովրդավարությունն է: Մի խոսքով, ազատությունը հսկայական ճեղքեր ունի, հատկապես այն ոլորտներում, ուր դրսևորվում է նրանց կրոնական տխմարությունն ու ազգային մոլեռանդությունը:
Ամերիկյան ազատությունը պահանջում է ազատամտության սահմանված չափ ու քանակ` ոչ ավել, ոչ պակաս, և միջնադարյան բռնապետի պես չի հանդուրժում որևէ շեղում: Այն չափազանց պահպանողական է տեղից մի քայլ անելու համար, և ճիշտ այնպիսին է, ինչպիսին էր 200 տարի առաջ: Ժողովրդավարությունն ունի իր կուռ օրենքները: Եթե հայտնվում է մեկը, ասենք, մի գրող, որը հավատում է միապետական հասարակարգին, նրան անմիջապես վտարում են, որովհետև պակաս ազատամիտ է. եթե այդ գորշ խառնամբոխում գտնվում է մեկը, ով հավատում է, թե սոցիալիզմը (կամ անարխիզմը) ապագայում լավագույն հասարակարգը կստեղծի` նրան կախաղան են հանում, որովհետև` չափազանց ազատամիտ է: Նրանք վտարում են կամ կախաղան հանում բոլորին, ով համարձակվում է քիչ թե շատ շեղվել Գեորգ (Ջորջ) Վաշինգգոնի •աղափարներից: Ահա այսպիսին է ամերիկյան ազատությունը, դա մարդկանց ազատությունը չէ, դա ազատություն է en masse:
Եկեղեցին և բարոյախոսությունը
Ամերիկայում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել Աստծուն…
Եկեղեցիներում գունանախշ ապակիներից թափանցող հաճելի կիսալույս է: Նստարանները խորն են, փափուկ, հատակը գորգածածկ է, դռները ողորկ են, ողորկ են մարդիկ, և Աստծո խոսքերն են ողորկ: Չափազանց հաճելի զբաղմունք է անձրևոտ եղանակին ժամերգություն լսել ամերիկյան եկեղեցիներում:
Քարոզները սովորական քարոզներ չեն, այլ զուտ ամերիկյան. աստվածաբանության հետ որևէ կապ չունեցող բարոյախոսություն, մետաքսաշուք ունկնդիրներին հարմարեցված բոստոնյան բարոյախոսություն: Ըստ էության, դրանք սրամտություններով համեմված հետաքրքիր լուրեր են, ինչին հավատացյալների հոտն արձագանքում է պատշաճ ծիծաղով: Այդ քարոզները թեև ոչինչ չեն ավելացնում իմացությանը, սակայն ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ զուրկ չեն տրամաբանությունից ու մարդկային լեզվից, այսինքն` քարոզները ոչ թե խրատում, այլ զբաղեցնում են, և դա է նրանց մեծագույն արժանիքը: Անձամբ ես, գրպանումս թատրոնի հրավիրատոմս ունենալով հանդերձ, միշտ գերադասել եմ երեկոն անցկացնել եկեղեցում: Եթե թատրոնում իշխում է արվեստի լիակատար բացակայությունը, ապա եկեղեցում հաճախ կարող ես գոնե գեղեցիկ խոսք լսել:
Բացի դրանից` եկեղեցում քեզ չես ենթարկում պատահաբար սպանվելու վտանգին, ոչ էլ` ծխախոտի մնացուկներ են շպրտում գլխիդ: Եկեղեցու բոլոր այցելուները աստիճանավոր ու բարեկիրթ քաղաքացիներ են, որոնց տեսնելն իսկ բավականություն է պատճառում: Հարևանացիորեն նշեմ, որ ամերիկացիները արտասովոր գեղեցիկ ժողովուրդ են:
Ամերիկացիները, հատկապես կանայք, մոլեռանդորեն հետևում են քահանային ոչ թե բացարձակ հավատից դրդված, այլ նյութական շահի, կատաղի կրոնասիրության և երկրում տիրող սովորույթների մղումով: Յուրահատուկ երանգավորում են ստացել կրոնական զգացմունքները. մեր աստվածաբանները դա կանվանեին սովորույթի հավատք կամ, գուցե թե, այդ հասկացությունը ավելի համապատասխաներ truism` ժառանգական հավատք հասկացությանը:
Նրանք հավատում են, որովհետև հավատացել են նախնիները, որովհետև հավատը բազում սերունդների միս ու արյան մեջ է մտել, և դա ոչ թե բացարձակ (absolutus), այլ փաստացի հավատք է: Ամերիկացիները եկեղեցի են գնում ինչպես կգնային ինչ-որ հրապարակային դասախոսության: Հարմար տեղ են գտնում և խորն ու փափուկ բազկաթոռների մեջ ընկղմված մի ամբողջ ժամ ուշի ուշով լսում, թե ինչպես է քահանան ջանք թափում իրենց հոգու փրկության համար: Ոչ արցունք է երևում, ոչ հույս, ինչը հաճախ կտեսնես ճշմարիտ հավատացյալի մոտ, բայց, մյուս կողմից, չես ասի, թե անտարբեր են. ամեն ինչ, հավանաբար, ընկալվում է լրջորեն:
Սա զղջման ու զվարթ օրհներգի արանքում ընկած ինչ-որ բան է:
Որոշ ժամանակ Ամերիկայում ապրելուց հետո հասկանում ես, որ նրանք Տեր Աստծուն սիրում են մոտավորապես նույնքան, որքան որ Վաշինգտոնին, ընդ որում, պահանջվում է, որ Տերն այդքանով գոհանա: Ամերիկյան քահանաների զորությունը, հավանաբար չկարողացավ համայնքի անդամների բարոյական աճն ապահովել. ամերիկյան բարոյախոսության էությունը փողն է: Մենք սովոր ենք գեղեցիկ բառեր շռայլել Ամերիկայում տիրող կրոնական ազատության մասին: Բայց իրականում այդ ազատությունը բոլորովին էլ մեծ չէ, ինչպես սովորաբար կարծում ենք: Այս` ինչպես և մնացած բոլոր հարցերում որոշիչ դեր ունի միայն փողը: Եթե մարդը հարուստ է, ապա կարող է իր դրամները վատնել ձիարշավներում կամ մի ուրիշ տեղ և հոգ չտանել քահանայի մասին, և որևէ մեկը նրան չի մեղադրի: Աղքատ մեկը, սակայն, իրավունք չունի հանապազօր հացի մասին ավելի շատ մտածել, քան կմտածի քահանայի մասին: Հակառակ դեպքում չափազանց անբարյացկամ վերաբերմունքի կարժանանա: Փողն է, և ուրիշ ոչինչ, ամերիկյան բարոյախոսության էությունը:
Ես ուզում եմ երկու օրինակ բերել: Ամերիկայում ապրում է Բեննեթ անունով մի մարդ, "the Truth seeker"- ի ("Ճշմարտություն որոնողի") նախկին խմբագիրը, որ բազում փոքր ու մեծ գրքերի հեղինակ է: Իր "Դավանաբանական համեմատական ուսումնասիրությունների" հրապարակումից հետո նրան անմիջապես բանտարկեցին: Նրան բանտարկեցին ազատամտության համար: Ինչո՞ւ նա բանտարկվեց ազատամտության համար. ահա թե ինչու` իր աշխատություններում Բեննեթը ծանրակշիռ խոսք էր ասել ժողովրդի տգիտությունը չարաշահող ամերիկյան քահանայության մասին, իսկ այդ մասին խոսելու համար նա բավականաչափ միջոցներ չուներ: Այսինքն` նա արեց ավելին, քան թույլ կտար ունեցած փողը: Երկրորդը, Բէր Ջոնսոնը, խելահեղ միամտություն ունեցավ նկատելու, որ կան բազմակնության կողմնակից մարդիկ, և գիրք գրեց ազատ սիրո մասին: Ավելի ճիշտ, լինելով բացառապես տեսաբան, պաշտպանեց անկաշկանդ սիրո գաղափարը: Եվ ի՞նչ… Բէր Ջոնսոնին ևս բանտարկեցին. իսկ ինչո՞ւ` որովհետև պարզվեց, որ նա էլ չափազանց աղքատ էր, այսինքն` միջոցներ չուներ, որպեսզի կարողանար թույլ տալ իրեն ազատամիտ լինելու շռայլությունը: Ահա թե ինչու:
Հոգևոր տհասությունը ազգային բնավորություն որդեգրելով` ամերիկացիներն, ի վերջո, կարողացան կյանքը դարձնել թունոտ:
Վերջաբան
Երկինքը սև է…
Ժողովուրդը` հայրենասիրացված, օտարերկրացիների հանդեպ ատելությամբ լի, զուրկ ազգային մշակույթից ու գրականությունից, և երբեք հոգևոր պահանջներ չունեցող:
Մեր գրողներն ու հրապարակախոսները, երբ պարապ դատողություններ են անում դատողության շուրջ, փորձելով բացատրել, թե որն է իսկական ազատությունը, մատնանշում են Ամերիկան, իբր տեսեք, թե որտեղ է ազատությունը:
Ամերիկյան ոգին թափանցում է յուրաքանչյուրի գիտակցության մեջ նամակների ու գովազդների, թերթերի ու թափառաշրջիկ ճարտարախոսների շնորհիվ: Խոնարհ ու հնազանդ` մենք սկսում ենք մտածել, թե "Այո, Ամերիկան մեծագույն երկիր է". մեզ համոզում են երկրի ահռելի չափերը: Մեծ չափերն ընդհանրապես լիովին բավարարում են ամերիկացուն: Ծայրահեղ դեպքում, երբ ինչ-որ բանի չափերը մեծ չեն, նա գոհանում է գնով: Վաշինգտոնի արձանն, օրինակ, որ ամերիկացիների հպարտությունն է, աչքի է ընկնում միմիայն իր անծայրածիր բարձրությամբ. պատվանդանն ունի 555 ֆուտ երկարություն, իսկ կատարին, ինչպես իրենք են պնդում, կանգնած է Վաշինգտոնը. միանգամայն հնարավոր է, որ Վաշինգտոնին կանգնեցրել են վերևում և` հավանաբար, այդպես էլ կա, բայց ներքևից նայողն իսպառ զուրկ է արվեստի այդ թաքնախորհուրդ ստեղծագործությունը տեսնելու որևէ հնարավորությունից: Ամերիկացիների հսկայամոլության խորհրդանիշը Նյու Յորքի Metropolitan Opera Hous-ն է: Շենքի ճարտարապետը հատուկ ուղևորվել է Եվրոպա, ամիսներ շարունակ ապրել Փարիզում, Հռոմում, Վիեննայում, անգամ` Մոսկվայում, ապա վերադարձել ետ և կառուցել հրեշավոր չափերի հասնող մի շինություն, որն անկասկած "աշխարհի ամենամեծ թատրոնն է", թերևս, սակայն, ոչ մեծագույն: Չիկագո ժամանած օտարերկրացին անմիջապես աֆիշներից է տեղեկանում, որ Madison sguare theater-ի վարագույրը "աշխարհի ամենաթանկարժեք վարագույրն է": Նրա երևակայության մեջ անմիջապես այդ անհեթեթությունն այնպես է տպավորվում, որ նա, ի վերջո, գնում է Madison sguare theater, քաջ գիտակցելով, որ գնում է "աշխարհի ամենաթանկարժեք վարագույրը" տեսնելու: Ինչ խոսք, Ամերիկան մեծագույն երկիր է…
Իր քաղաքականությամբ, գրականությամբ, քաղաքակրթությամբ, իր արվեստով, իր էությամբ, իր քաղաքներով ու գյուղերով Ամերիկան փշրում է ամեն տեսակ հիացում ու պատրանք: Ես շատ թե քիչ, բայց բավականին ճանաչում եմ քաղաքակիրթ աշխարհի բոլոր պետությունները, և չեմ պատկերացնում մի ուրիշ երկիր, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ չցանկանայի ապրել, ինչպես չեմ ցանկանում ապրել Ամերիկայում: Ուրիշ ոչ մի տեղ կյանքը չի կարող լինել ավելի խղճուկ, անմաքուր ու տհաճ: Ամերիկան հպարտանում է իր ազատությամբ ու հավասարությամբ, չտեսնելով, սակայն, որ աշխարհում չի գտնվի ուրիշ որևէ երկիր, որտեղ այդպես պարբերաբար անարգվեն անհատի իրավունքները:
Ամերիկացու միակ և ճշմարիտ կենսական խնդիրը անծայրածիր տափաստանների հայրենասեր քաղաքացի լինելն է: Մարդն Ամերիկայում կարող է մարդ համարվել միմիայն այն դեպքում, եթե ամերիկացի է: Ահա թե ինչու այդ վիթխարի երկրում ոչ մի գնով չես գտնի կարծիքավոր և լույս փնտրող գեթ մի ապստամբ հոգի, որը կարողանար չձայնակցել, գիտակցաբար չփչացնել անագե շեփորների հնչեցրած սրտաճմլիկ մեղեդին: Բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ` ինքնահիացական բացականչությունների ներքո:
… Եվ ո՞վ է ասելու նրանց, որ երկինքը սև է…