Հեղինակը ափսոս չգիտեմ ով է, բայց բանաստեղծությունը դուրս եկավ...
Այս մի երգս նվիրում եմ
Հրաշքների հրաշք աշխարհ
Իմ Արցախին:
Հպարտ ու լուրթ
Կապույտ շղարշ դեմքին առած`…
Մռավ սարին:
Կարմրախայտ ձկան ցոլանք
Ու երազանք այլակներում`
Թարթառ գետին:
Գանձասարի օրհնած շեմին,
Ամարասի սուրբ քարերին,
Ղազանչեցոց եկեղեցու վիրավորված,
Բայց զորավոր
Մարմար խաչին.
Ախր, հիմա որը հիշեմ,
Էնքան շատ են
«Բալան կծեմ»
Գարուն բերող ծնեբեկին,
Ընկուզենու անուշ հովին,
Օդին, «թոթին»,
«Թոթի» տակին հանգստացող
Հողի արդար մշակողին:
Բա, Արցախի երգիչներին,
Գուրգեն պապին ու Հրաչին,
«Ղարաբաղի հորովոլին»-ին,
«Խումար լաչին» կանչող բալին,
Ոտից գլուխ համբերություն,
Արծաթ գոտի ու հացահոտ
Մամիկներին,
Պապիկներին` դարով ապրող,
Մամիկների հետ մտերիմ,
Աղջիկներին` վիթից սիրուն,
Կանանց` կրծքում լիքը գարուն,
Տղաներին` բազե, արծիվ.
Չէ, ինչ արծիվ,
Հող պահողը լոկ արծիվ չէ.
Ջահելներին` Փոքրիկ Մհեր`
Ամուր կանգնած իրենց հողին:
Այս մի երգս նվիրում եմ
Հրաշքների հրաշք աշխարհ
Իմ Արցախին,
Ամենից շատ` Արցախի իմ
Արծվասիրտ բալիկներին: