Քո գործն անմահ է, Քո անունը մեր սրտերում

Nov 27, 2008 21:33

Նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան 51 ամյակն էր: Եռաբլուրում հավաքվել էին հերոսի մարտական ընկերներն ու զինակիցները, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի նախագահն ու անձնակազմը, նրա անունը կրող ռազմական ինստիտուտի ու Երևանի թիվ 11 դպրոցի աշակերտները :        


«Այսպիսի առիթներով հաճախ են ասում, որ նա չի մահացել, կարող է այդ խոսքը շատ արհեստական թվալ, բայց իրեն մոտիկից ճանաչողների համար իսկապես այդպես է, նա միշտ մեզ հետ է ու միշտ պայքարում է, մեր պարտականությունն է ոչ միայն հերոսներին որպես անհատ ներկայացնել, այլ այդ հերոսների խորհուրդը ներկայացնել: Մենք պիտի հիշենք մարդկային որակ ներկայացնող այն հերոսներին, ովքեր մեզ ճանապարհ են ցույց տալիս»,- ասաց «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի նախագահ Ալեք Ենիգոմշյանը, ով Մոնթեին ճանաչել է մոտ 30 տարի:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Ջոաքուին բնակավայրում 1957թ. Նոյեմբերի 25-ին: 1969թ. Մոնթեի ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա: Դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն մեկնում է Թուրքիա Հայոց պատմական հողերը տեսնելու, ապա Լիբանան: ԱՄՆ վերադառնալուց հետո նա ընդունվում է Բերկլիի համալսարանի հնԷաբանության ու Ասիայի պատմության բաժինը: 1975թ գործուղղվՈՒՄ Է Իրան և Լիբանան` հայկական դպրոցներում դասավանդելու համար: Պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետում էր 7 լեզուների: 1979թ ծանոթանում է լիբանանաբնակ հայուհու` Սեդայի հետ, ում հետ և շարունակում է իր կյանքի ուղին: Ամուսնությունը գրանցված է 1991թ օգոստոսի 3-ին:

Մոնթեն 1970-ական թվականների վերջին և 1980-ական թվականների սկզբին  մասնակցում է Լիբանանի քաղաքացիական պատերազմին աջ-քրիստոնեական միավորումների կողմից, հրեական բանակի դեմ մղված ռազմական գործողություններին /1982թ./: 1980թ աշնանը համալրում է Հայաստանի Ազատագրության Հայ  Գաղտնի Բանակի շարքերը /ԱՍԱԼԱ/: Մոնթեն կազմակերպում և իրականացնում է «ՎԱՆ» գործողությունը` Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավումը 1981թ սեպտեմբերի 24-ին, մի շարք այլ գործողություններ` ուղղված եվրոպական երկրներում թուրքական ներկայացուցչությունների դեմ:

Սակայն շուտով ԱՍԱԼԱ-ի գործունեության մեթոդների վերաբերյալ ունեցած տարաձայնությունների պատճառով, մասնավորապես 1983թ. «Օռլիե օդանավակայանի պայթյունի, որի արդյունքում զոհվում են 8 խաղաղ բնակիչներ,  Մոնթեն հեռանում է Հակոբ Հակոբյանի կողմնակիցներից ու կազմավորում նոր միություն ԱՍԱԼԱ-ի Հեղափոխական Շարժում ` ԱՍԱԼԱ-ՀՇ /ASALA-RM/:

Նա միշտ իր գաղափարակից ընկերներին ասում էր. «… առաջադեմ և հեղափոխական Հայերի համար ուղղակի պարտականություն պետք է լինի բոլոր հնարավոր հայրենասերներին առաջնորդել ու դաստիարակել, քանզի սա պայքարի ամենատարրական մասնիկն է»:

1981թ. նրան մեղադրում են Հռոմում թուրք դեսպանի սպանության մեջ և ձերբակալում: Սակայն մեկ ամիս անց ԱՍԱԼԱ-ի 15 արձագանք- պայթյուններից հետո նրան ազատ արձակեցին:
1985թ Փարիզում Մոնթեին երկրորդ անգամ ձերբակալում են սահմանի անօրինական անցման, զենք ունենալու և փաստաթղթերը կեղծելու մեղադրանքով: Թեպետ դատարանի որոշմամբ նա պետք է 6 տարի անցկացներ բատում, սակայն իրականում նա 3,5 տարի հետո ազատ է արձակվում:

1989թ. բանտից դուրս գալուց անմիջապես հետո Մոնթեն փորձում էր հասնել Հայաստան, ինչը հաջողվում է նրան միայն 1990թ.: 1991թ. սեպտեմբերին հենց Արցախ ժամանելու հաջորդ օրը Մոնթեն  Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերի համար մղվող մարտերի մեջ է մտնում: Շուտով Կոռնիձորի ջոկատի շտաբի հրամանատարն է դառնում:

1992թ. ամենածանր շրջանն էր Արցախի համար: Թշնամին վարձկանների օգնությամբ միանգամից բոլոր ուղղություններով հարձակում է կազմակերպում` ունենալով բավական մեծ արտոնություններ մարդկային ռեսուրսների,  հսկայական  քանակությամբ ռազմական տեխնիկայի առումներով: Ադրբեջանական բանակը փորձում էր ամեն գնով վերցնել Արցախի հարավային դարպասը համարվող Մաչկալաշենն ապա ամբողջ ուժով շարժվել առաջ` դեպի Շուշի: Սակայն, Մաչկալաշեն գյուղի մոտ ադրբեջանական բանակը հանդիպում Մոնթեի ջոկատին: Դե իհարկե հենց այստեղ էլ թշնամին ջախջախվում է ու հսկայական մարդկային և ռազմական տեխնիկայի կորուստներ կրում: Հարավից Արցախին սպառնացող վտանգն այսպես չեզոքացվում է մեծն հերոսի ու նրա ջոկատի հերոսական պաշտպանության շնորհիվ:  Շուտով Ավոն ղեկավարում է Մարտունիի

Պաշտպանական շրջանն ու ևս մեկ տարի շարունակում է պայքարը` պաշտպանելով Արցախի Մարտունիի շրջանը: Այս ողջ շրջանում, ինչպես Մոնթեն էր սիրում ասել` հայկական զորամիավորումները սեփական հողից և ոչ մի սանտիմետր չզիջեցին: Մոնթեն մասնակցում է ԼՂՀ գրեթե բոլոր շրջանների պաշտպանական և ազատագրական մարտերին` արժանանալով հասարակության հարգանքին ու սիրուն:

ԼՂՀ  ԶՈՒ փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը` ամենավառ,  տաղանդավոր և հմուտ հրամանատարներից մեկը, զոհվեց 1993թ հունիսի 12-ին Մարզիլու գյուղում: Նրա աճյունը հողին հանձնվեց «Եռաբլուրում»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած յուրահատուկ ու անգնահատելի սխրանքի և պաշտպանության կազմակերպմանը մեծապես նպաստելու ու աջակցելու համար հետմահու արժանացավ ԼՂՀ ամենաբարձր «Արցախի Հերոսի» կոչմանը` դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ: Այժմ Մոնթեի անունն է կրում ՀՀ ԶՈՒ ռազմական զորամիավորումը, ռազմական ինստիտուտը և դպրոցը, կամուրջն ու բարեգործական հիմնադրամը:

Ազգային հերոսներ

Previous post
Up