Վերջին կաթիլը

Jul 09, 2012 13:33

Այսօր նայում էի Ազատություն ռադիոկայանի տեսահոլովակը՝ Նեմեց Ռուբոյի տան մոտ անցկացրած ցույցի մասին։ Ես հեչ էմոցիոնալ մարդ չեմ, ու խորհրդանիշներ փնտրել չեմ սիրում։ Բայց այս դեպքում տեսավայրի և իրադարձության խորհրդանշականությունը ուղղակի էկրանից «դուրս է ցատկում»։

Ուրեմնը, ի՞նչ ենք տեսնում․  միջնադարյան ֆեոդալ բռնապետի ԱՄՐՈՑ (բառի բուն իմաստով՝ հինգ մետրանոց պարիսպ, պողպատե դարպաս, մենակ հրակնատներն ու ջրա-խրամատներն են պակաս), և այդ ամրոցում վախկոտորեն պաղվող բռնապետի «դրուժինան», որը վերոհիշյալ բռնապետին պաշտպանում է համբերությունները կտրած ապստամբ ռամիկներից։ Եթե բանը սրան ա հասել, ապա Նեմեցի գործերը իսկականից ահագին հետույքային են։ Ես հեչ չէի ուզենա որ գործը
ինքնադատաստանի հասնի, բայց սա թող օրինակ լինի բոլոր մնացած օլիգարխներին․ թե գողանում եք, մարդ եք ծեծում, գոնե չափ ու սահման էլ իմացեք, թե չէ մի օր էլ դուք ստիպված կլինեք ժողովրդական զայրույթից ձեր ամրոցիկներում էսպես պատսպարվել։

Նաև կուզենայի այստեղ արտահայտել իմ վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ, հատկապես նրանց՝ ովքեր մասնակցել էին Հարսնաքարի մոտի մոմավառությանը։ Ես հոգով, ոգով և սրտով ցուցարարների կողմն եմ։ Դրա մասին հարց էլ չի կարող լինել։ ԲԱՅՑ․ ցույցը արդյունավետ կլինի, եթե այն անց է կացվում առանց օրենքը խախտելու։ Այլապես ցույցը կորցնում է իր լեգիտիմությունը, իսկ ցուցարարները ոստիկաններին հինալի առիթ են ընծայում իրենց (լրիվ օրինականորեն) տփոցու ենթարկելու։ Նախքան շարունակելս, խնդրում եմ դիտեք ահա այս տեսանյութը․



Ի՞նչ ենք տեսնում։ Ցուցարարները խաղաղ մոմավառությունից հետո սկսում են պահանջել որ ոստիկանները իրենց թույլ տան մտնել Հարսնաքարի տարածքը։ Վերջիններս իրենց պահում են զուսպ, և տեղեկացնում են որ Հարսնաքարի տարածք մտնելը արգելված է։ Ինչու՞։ Որովհետև․ Հարսնաքարը մասնավոր տարածք է; Հարսնաքարի սեփականատերը արգելել է ցուցարարների մուտքը իր մասնավոր տարածք; ցուցարարների մասնավոր տարածք մտնելը այս դեպքում կարող է դիտվել որպես քրեական օրենսգրքի խախտում; ոստիկանությունը այդ դեպքում պարտավորված է կասեցնել այդպիսի զարգացումը։ Ցուցարարները շարունակում են գոռալ և պահանջել որ իրենց թողնեն ներս։ Ոստիկանները լուռ ու մունջ անում են իրենց գործը։

Հետո կատարվում է հետևյալը։ Ցուցարարները փակում են փողոցը, և կանգնեցնում են ավտո-երթևեկությունը։ Ոստիկանները սկզբից զգուշացնում են, պահանջում որ ցուցարարները դուրս գան փողոցից և վերադառնան մայթ։ Դա չի արվում։ Սիրելի ցուցարարներ, այո, Նեմեց Ռուբոն տականք է, այո։ Բայց դա ձեզ իրավունք չի տալիս օրենք խախտել։ Եթե դուք ուզում եք այս երկիրը դարձնել օրինակարգ երկիր, ապա առաջին հերթին ԻՆՔՆԵՐԴ պետք է հարգեք օրենքը։ Խոսքի ազատություն դա դեռ չի նշանակում որ թույլատրելի է խախտել օրենքը այդ խոսքը արտահայտելիս։

Վերադառնանք ոստիկանների վարքին։ Որպես համեմատություն՝ ի՞նչ կաներ այս դեպքում, ասենք, ամերիկացի ոստիկանությունը։ Ասեմ ձեզ․ ցուցարարներին փողոցից դուրս կշպրտեր, իսկ հետո կձերբակալեր և կտաներ ԿՊԶ։ Ցուցարարները կբերվեին դատարան, որտեղ ամենաքիչը կստանային խոշոր ֆինանսական տուգանքներ, իսկ ամենաշատը՝ մեկ ամիս կալանավորում։ Ահա, որպես օրինակ՝ դիտեք թե ինչպես են Նյու Յորքի ոստիկանները ձերբակալում Բրուքլինի կամուրջը փակած ցուցարարներին։

image Click to view



Իսկ ինչպե՞ս են վարվում հայ ոստիկանները։ Վահաններով հրելով ցուցարարներին, դուրս են քշում փողոցից։ Ըստ տեսանյութի՝ մի քանի հոգի ընկնում են գետնին, բայց այլապես տուժածներ չկան։ Ինչ-ինչ, բայց տվյալ դեպքում ոստիկանները իրենց գործը արել են մաքուր և պրոֆեսիոնալորեն, առանց ավելորդ ուժի։ Մարդ էլ չեն ձերբակալել։

Ցուցարարների գործը ազնիվ է և կասեի անգամ վսեմ, և ես իրենց մեծ համակրանքով եմ վերաբերվում։ Բայց տվյալ դեպքում, ինչքան էլ ես չսիրեմ ոստիկաններին, իրենց մեղադրել դժվար է։ Համենայն դեպք տեսանյութից և մամուլի նկարագրածից ոչ մի ակնհայտ խախտում չի երևում։
Previous post Next post
Up