Ուզում եմ երկա՜ր դադարից հետո օգտվել իմ բլոգից՝ մի գրառմամբ պատմելու ձեզ էսօրվա հրաշալի ու հարստացնող օրվա մասին՝ լի արվեստով ու սիրուն-սիրելի մարդկանցով ։)
Առավոտ
Օրս, իր սովորական տարբեր գործողություններից հետո, իրականում սկսվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն էս տարի ավարտող մի անհավատալի երեւույթի՝
Նինա Մամարյանի գրած էս նյութի ընթերցմամբ՝ «
Կազուս mskh»։
Հատված՝
«...Հիմա լույսն անջատել է ու մտածում է տասներորդ դասարանցի Նինայի մասին: Հետո տասներկուերորդ դասարանցի Նինայի մասին: Ինչքան շատ է ինքն աճել…բամբուկի նման: Ծիծաղում է: Ու համախմբի բերելով բոլոր մտքերը, ահռելի, իր կարծիքով, դրական ներքին տեղաշարժեր վերապրածի տրիումֆ է ապրում, հին ու նոր Նինաների մեջ փորձելով լուծել անհավասարոթյունը: Մեծի նշանն իր լայն բացվածքով դնում նոր Նինայի կողմը: Կարծում է, որ իր ներքին տեղաշարժերի մեջ մեծ տեղ ուներ նաև լանդշաֆտը: Որովհետև համաձայնում է իր սիրելի Ուոլթ Ուիթմենի հետ. այն, ինչ երբևէ քեզ շրջապատել է, այն, ինչ տեսել ես, լսել, ինչ զգացել ես քեզ հասանելիք բոլոր հինգ զգայարաններով, Դու ես: Ուրեմն ինքն իր մեջ ամփոփել է այս երեք տարվա ընթացքում հանդիպած հարյուրավոր դեմքեր, կուլ է տվել հազարավոր բառեր տարբեր մարդկանց հրամցրած, ու հիմա դրանք իր բջիջների ցիտոպլազմներն են լցրել իրենցով: Ու որովհետև ինքը Ջոյս է կարդում՝ տեքստային ամենավարիացիաներին ի հավանություն գլուխը տմբտմբացնելով: Ինքն ու Ջոյսն ամեն ինչի մանրագույն միավոր տեսնում են բառն ու հայտարարում, որ դրանից է կառուցված ամեն ինչ ու հենց ինքը՝ մարդը: ՈՒրեմն այն բոլոր տեքստերը, որ քեզ շրջապատում են ընտանիքի, դպրոցի կամ այլ միջավայրի տեսքով, դու սինթեզում ես քո մեջ ու կյանքի բեկվող պահի առաջ կանգնում՝ որպես կոնկրետ, քեզ քաջ հայտնի կամ գուցե անհայտ՝ ենթագիտակցական պատկերների ձևով, տեքստային համախումբ: Ինչի՞ է ինքն այսքանը գրում: Հնարավոր է բարդ: Հնարավոր է խճճված:
...Երևի ամփոփելով լավն ու վատը, գալիս է էն եզրահանգման, որ չի փոշմանում ապրած մակընթացությունների, մոլորվածության ու տեղատվությունների համար: Որ գոհ էր բոլոր տեղաշարժերն ապրել հենց mskh-ում:»
Ես լուրջ էսօր մտածում էի մի բան՝ մի՞թե մեր ժամանակ կային 10-րդ դասարանցիներ, ովքեր էսքան իմաստուն էին, էսքան անկեղծ, էսքան համարձակ, էսքան փնտրող… Եթե կային, ո՞վքեր էին դրանք… Չեմ կարծում, որ Մհերը կամ ես նման տեքստ գրեինք էս տարիքում… Հը՞, սերնդակիցներ ջան, դուք նման երեւույթների հանդիպած կայի՞ք մեր պատանեկության-դեռահասության տարիներին…
Ասում ա՝
«Ինքը, գիտեք, մի քիչ փոշմանել է առարկայական մակարդակում բոլոր բաց թողած հնարավորությունների համար, բայց չի խոստովանի, որովհետև ակտիվ գործելու փոխարեն զբաղված էր հենց Իր համար ավելի կարևոր բաներով. ինքնաակոսմամբ, ինքնահորատմամբ, ինքնափորփրմամբ կամ նման մի բանով, որ իրեն պետք է բերեր էն սկզբնական էներգիայի պարպումին, որ իր ու իրեն շրջապատող ամեն ինչի սկիզբն էր հանդիսացել: Ամբիցիոզ է, կասեք: Աստված Բաբելոնի աշտարակը քանդեց, ուրեմն նորը մի կառուցիր, կասեք: Իրեն, անկեղծ ասած, դա չի հետաքրքրում, վերջիվերջո ինքը հենց կրթական կառույցն ու ապարատը հենց այնպիսին էր պատկերացնում, որ միտքը չկոտրեն երկաթ-բետոնե մի քանի դարի հնության դատողություններով, որ չխեղդեն իր մեջ Ուլիսեսի ճամփորդության տենչը:»
Հետո, նույն վայրում առաջին պլան դուրս եկավ եւս մի հրաշալի անձնավորություն, ով վաղուց ա իմ հիացմունքի «առարկաներից» մեկը դարձել, մասնավորապես՝ աշխատավայրում.
Քրիստինե Բաղդասարանն էսօր վարում էր մեր սերտողությունը ու խոսում էր հաշմանդամության, հոգով աղքատության, օրհնված լինելու, կյանքում մեր առաքելության, ջերմություն, սեր, ժպիտներ տալու մասին… Հարազատագույն ու նաեւ ահագին համարձակ, բայց ամբողջությամբ ապրված մտքեր՝ հարազատ հոգի ունեցող իմ լավ բարեկամից… շատ հուզիչ էր։ ու չկար ոչ մի գրամ ֆալշ, ոչ մի ձեւականություն… Քրիստ ջան, կեցցես, այ հերոս մարդ։
Վերջում էլ դիտեցինք հանրահայտ Նիք Վույչիչի էս կարճ
խոսքը…
Էս թեմայով ես ուզում եմ ի լրումն Նիքի խոսքի տեղադրել նաեւ մեր հայրենակցի՝
Արտակ Բեգլարյանի՝
TEDxYerevan-ում ներկայացված
էս տպավորիչ ելույթի տեսագրությունը. հիացեք։
Կեսօր
Ոչ աշխատանքային օրերին աշխատելու արդյունքում ժամեր ունեմ կուտակած. թույլտվություն վերցրեցի ու կեսօրն անց հայտնվեցի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ մի ուրիշ անհավատալի միջավայրում՝ մեր կրթահամալիրի պատանիների եւ ուսուցիչների երգչախմբերի, անհատ կատարողների՝ «Գեղարվեստը կրթահամալիրում»
համերգ-ցուցադրությանը…
(լուսանկարը՝ Նառա Նիկողոյանի
ֆեյսբուքյան էջից)
Համերգն ուղղակի ցնցող էր։ Կոմիտասը ցնցող էր։ Ուսուցչուհիները ցնցող էին…
Հարություն Թոփիկյանը՝ շողշողուն,
Տաթեւ Ստեփանյանը՝ եթերային,
Աշոտ Բլեյանը՝ երջանիկ, Լիլիթ Պիպոյանը՝ ոգեւորված,
Լիլիթ Բլեյանը՝ ժպտերես ու նրբանկատ… Ժամերի մեջ խտացած որքա՛ն հրաշք կար, որքան սիրելի մարդիկ…
Էս էլ ես՝ երկու Բլեյան քույրիկների հետ միասին (ներեցեք, որ իրանց տեսքն էսպես դաժանորեն փչացնում եմ :) )
(լուսանկարը՝ Լիլիթ Բլեյանի)
Երեկո
Երեկոն ինձ հարստացնելու նոր ձեւեր էր դեռ պահել իր մեջ…
Քանի որ Արմինեն գրանցվել էր մեկ այլ շաաատ հարգարժան մարդու՝
Սերոբ Խաչատրյանի «
Էկրանային սերնդի ներկան ու ապագան» բանախոսությանը, ես ճամփա բռնեցի դեպի Ձյունիկի տուն, որտեղ 15 տարվա ընդմիջումից հետո հանդիպեցի մեր կիրովականյան գիժ-ջահել օրերի իմ լավ ընկերոջը՝ Թերեզին, ով վաղուց ապրում ա Ս. Պետերբուրգում։ Թերեզի մասին ես մի անգամ պատմել եմ ֆեյսբուքում. էն որ ինձ ասում էր, որ իմ ողջ մնալը չի կարող անիմաստ լինել, ու որ Աստված ուրեմն ինչ-որ պլաններ ունի՝ իմ հետ կապված ;)
Հավես ժամանակ անցկացրի էն օրերի մեր մաֆիայի որոշ կարկառուն ներկայացուցիչների հետ ։) Ձյունիկ, Լուսո, Մհեր, Գայանե… Ծանոթացա նաեւ նոր դեմքերի հետ, օրինակ՝ նկարչուհի-ռեստավրատոր, 17-ամյա Սվետան ։)
ես ու Թերեզը՝ եսիմքանի տարի առաջ :) հետեւի պլանում՝ էլի՛ Բլբուլյան Գայանեն :) (լուսանկարը՝ Ձյունիկ Վանեսյանի արխիվից)
մենք՝ մեր օրերում, 2015 թվին :) (լուսանկարը՝ Ձյունիկ Վանեսյանի)
Նարեի հետ եկանք տուն, ու ես դեռ հասցրեցի մի քիչ շփվել Նարեի եւ տղեքիս հետ, նայել մի բավականին հաջող ֆիլմ (անվանումը հատուկ չեմ դնում, քանի որ 18+ էր. ով շատ է ցանկանում իմանալ, թե որ ֆիլմն եմ էսօր նայել, թող ինձ առանձին գրի ։Ճ)…
Պլյուս՝ բլոգիս միջոցով ձեզ հետ շփվելու էս հնարավորությունը :)
Էսօրն իր մեջ այլ սիրելի-հարգելի մարդիկ էլ ուներ, ում հետ բախտավոր էղա շփվել-տեսնվել.
Արուսյակն ու Տեր Եսային, Մարիամն ու Մանուշը, Լուսինեն ու Անին, Մարգարիտ Սարգսյանն ու Սուսան Մարկոսյանը, Մարիետ Սիմոնյանն ու իմ բանակային ընկեր Արթուրը, ում հետ հասցրեցի ահագին խոսել հեռախոսով, Զովունու ճամփեքից, կայծակ-անձրեւից անմիջապես առաջ իմ վերցրած երկու զարմացած ուղեւոր-երիտասարդները, Կարինե Բաբուջյանը, Գոհար Եղոյանը, ընկեր Սոֆան, Էլիզա Բաղդիյանը…. ու շատ ու շատ այլ լուսատուներ։
Հագեցած… հրաշքներով, ջերմությամբ, լույսով հագեցած օր էր։ Ու ես վայելեցի այն լիուլի։
Մի փոքր ցանկություն, ու բոլորս էլ կնկատենք մեր շուրջը թեւածող լուսատուներին։ Իրենք իսկապես կան :)
ՀԳ. Գուցե դուք ինձ հարցնեք՝ բա ոչ մի բան չկա՞ր էսօրվա մեջ, որ քո դուրն էկած չլիներ :) ասեմ՝ մի բան էղավ էդ ընթացքում, որ չհավանեցի՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի խոսքը համերգից հետո… չափազանց ազգայնական ու նեղ էր։ ցավոք։