Ալվարդ Սեմիրջյան. «Մի գրական նախաձեռնության շուրջ»

May 04, 2011 14:51


Անկախության շրջանում ձևավորված հայ գրականությունը մեր ժամանակներում թերևս շարունակում է մնալ ձևաբովանդակային` գեղարվեստական պատկերի, կառուցվածքի, թեմայի և գաղափարի փնտրտուքների մեջ: Հասարակությունը նույնպես դեռևս չի ադապտացվել սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային նորանոր շարժերի և դրսևորումների հորձանուտում: Եվ իրերի նմանօրինակ տեղաշարժերի արդյունքում խախտվել է կապը նաև գրող-գիրք-ընթերցող հարաբերության մեջ: Գրականության, գրականագիտության մեջ նորանոր իրողությունները շարունակում են մնալ գրողների, գրականագետների և գրականության ճակատագրով մտահոգված մարդկանց ուշադրության կենտրոնում: Գիրք-հրատարակիչ-ընթերցող կապի խզման պատճառները բացատրող և այդ կապը վերահաստատելու բավական ուշագրավ նախաձեռնության փորձով հանդես եկավ «Հայկական ժամանակ» օրաթերթը 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում: Վերոնշյալ ժամանակահատվածում, իսկ ավելի ստույգ 2009թ.-ի հունվարի 17-ից մինչև նույն տարվա հուլիսի 11-ը ներառյալ, շուրջ վեց ամիս շարունակ թերթի խմբագրակազմը շաբաթօրյա համարներում հանձն առավ տպագրել հայ ժամանակակից հեղինակների նորագիր գեղարվեստական ստեղծագործությունները: Հարկ է նշել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը իր գոյության ընթացքում բազում անգամներ տպագրվելու և հանրությանը ներկայանալու այլընտրանքնային հնարավորություն է տվել տարբեր գրողների` Արմեն Շեկոյան, Լևոն Ջավախյան, Իգնատ Մամյան, Վանո Սիրադեղյան` այդպիսով պարզ դարձնելով, որ գաղափարակից գրողներին ամբիոն տրամադրելուց բացի, նաև միշտ ուշադրության կենտրոնում է պահել հայ գրականության նորանոր դրսևորումների, զարգացման միտումների առանձնահատկություններն ու գրողական բազմակարծությունը: Մեզ հայտնի է անկախության շրջանում տպագրվող այլ պարբերականների նմանօրինակ պատրաստակամությունը նույնպես /«Առավոտ», «Հայ զինվոր», «Հայոց աշխարհ», վերջին ժամանակներս նաև «Իրավունք դե ֆակտո», «Ժամանակ Երևան», «Հրապարակ»/: Արտագրական մամուլի էջերում պարբերաբար լույս ընծայվող գեղարվեստական ստեղծագործությունները հիմք են տալիս արձանագրելու, որ արդի հայ գրական գործընթացները արտացոլվում են ոչ միայն գրական մամուլի էջերում, այլև արտագրական: Սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթի այս վերջին նախաձեռնությունն ուշագրավ էր հատկապես այն առումով, որ այն ուներ որոշակի նպատակ և այդ նպատակին հասնելու որոշակի ծրագիր, ինչի մասին հանգամանալից հանդես է գալիս թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը իր «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործության 84-րդ գլխում /Հ.Ժ. 20.12.08/: Փաշինյանը գտնում է, որ գրականություն և գիրք ստեղծելը նախ և առաջ աշխատանք է, և, մատնանշելով արևմտյան երկների օրինակը, գտնում է, որ գրողը իր հրատարակչի կողմից պետք է պատվեր ստանա գրելու որոշակի ծավալով ստեղծագործություն որոշակի ժամանակի մեջ, որի դիմաց էլ պետք է վարձատրվի: Ապա, տեղափոխվելով հայ իրականություն, Փաշինյանն արձանագրում է, որ մեր ժամանակներում. «Կարելի է ասել` չկան հրատարակիչներ, որոնց համար գիրք տպելը շահութաբեր գործ կլինի: Պոտենցիալ հրատարակիչներն ասում են` չկան ընթերցողներ, որ գիրք գնեն, փող ծախսեն ժամանակակից գրականություն գնելու վրա, ընթերցողներն ասում են` չկան հայ գրողներ, որոնց գրածը հետաքրքիր կլինի, գրողներն ասում են` ավա~ղ, թշվառ ես, ով հայ ժողովուրդ»: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Փաշինյանը հանդես է գալիս իր առաջարկներով. «Ի վերջո,-գրում է նա,-մեզնից յուրաքանչյուրը քայլ պետք է անի գրելը գրողի համար լավ աշխատանք, կենսական եկամուտների աղբյուր, ապրելու միջոց դարձնելու համար: Ի վերջո, հնարավոր չէ լավ գրականություն ստեղծել գրելը որպես հոբի ունենալու պարագայում: Գրականություն կարելի է ստեղծել միայն պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում: Կոնկրետ լսարան ունեցող պրոֆեսիոնալ գործունեության: Գրելը ոչ թե խաչակրություն պետք է լինի, այլ աշխատանք, սովորական աշխատանք: Ու այդ աշխատանքը պետք է եկամուտ բերի, այսինքն` վճարվի: Բայց միայն ընթերցողով չէ: Անցնենք հրատարակիչներին: Մի հրատարակիչ էլ «Հայկական ժամանակն» է: ՀԺ-ն, իհարկե, բավականաչափ գրական ստեղծագործություններ տպագրել է: Բայց հիմա լրիվ ուրիշ գաղափար է հասունանում: Ինչո՞ւ, օրինակ, «ՀԺ-ի շաբաթ օրվա համարում մի ամբողջական էջ մշտապես չտրամադրել ժամանակակից հայ գրողներին»:


Փաշինյանը հույս է հայտնում, թե նմանատիպ մոտեցումը միգուցե ընդունելի կարող է դառնալ մյուս պարբերականների համար ևս: Սակայն այս նախաձեռնության ամենահետաքրքիր կողմերից մեկն էլ այն է, որ խմբագիրը առաջարկում է վճարել գրողին յուրաքանչյուր ստեղծագործության դիմաց որոշակի գումար: Հետագայի համար սահմանել նաև տարատեսակ մրցանակներ և այլն: Մտադրությունն ու առաջարկությունն իհարկե գայթակղիչ են: Իսկապես, ինչու չփորձել մեկ այլ տեսանկյունից վերաբերվել գրականությանն ու գրականություն ստեղծողներին: Եվ այսպես մեկնարկը տրված է:

Վերոնշյալ նախաձեռնության շրջանակներում ստեղծագործությունները սկսեցին տպագրվել ՀԺ-ի հունվարի տասնյոթի համարից սկսած: Տպագրվող նյութերի համար կարևոր էին հետևյալ պահանջները.

ա. ամեն շաբաթ տպագրել մի գրողի, պայմանով, որ այդ էջում տպագրվեն նոր պատմվածքներ, բանաստեղծություններ, պոեմներ:

բ. պետք է գրողը տեղյակ լինի, որ գրաքննություն չկա, գրողը ազատ է գրել` ինչ ուզում է, ինչի մասին ուզում է, ում մասին ուզում է:

գ. պայմանով, որ ստեղծագործությունը պետք է տպագրվի հեղինակի լուսանկարով:

«Այսպես ասում եմ,-նշում է Փաշինյանը,- որովհետեւ երբեմն շատ գռեհիկ բաներ են գրում, բայց չեն ուզում, որ ընթերցողը իմանա, որ դրա հեղինակը հենց իրենք են»:

Վերոնշյալ սկզբունքներով առաջնորդվելով` թերթը տպագրեց մոտ 19 հեղինակների ստեղծագործություններ` արձակ և չափածո: Օրաթերթի էջերում տպագրվել են ինչպես հասարակությանը հայտի, ճանաչված գրողների /ինչպես, օրինակ, Լևոն Ջավախյան, Հռիփսիմե, Սեթ Կուրազյան, Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան, Վարուժան Այվազյան, Շնորհիկ Շահինյան, Գոհար Նիկողոսյան, Վազգեն Առաքելյան/ ստեղծագործություններ, այնպես էլ երիտասարդ գրողներ, որոնցից ոմանց անունները գոնե մենք առաջին անգամ էինք հանդիպում /Կարինե Աշուղյան, Արտաշես Արամ, Նառա Վարդանյան, Հովհաննես Թեքգյոզյան, Սարմեն Ղահրամանյան, Ստեփան Խաչատրյան, Արփի Մաղաքյան, Հրաչյա Սարիբեկյան, Արարատ Գյուլբանգյան, Միքայել Աբաջյանց/: Տպագրված ստեղծագործություններում թեմատիկ, բովանդակային, կառուցվածքային նոր ձևեր և գաղափարներ գրեթե դժվար է առանձնացնել: Եթե փորձենք թեմատիկ-գաղափարական ընդհանրական խմբերով դասակարգել տպագրված ստեղծագործությունները, ապա կարող ենք առանձնացնել սոցիալական խնդիրների արծարծումը ստեղծագործություններում: Այդ սոցիալական խնդիրները երբեմն այնպես են ծանրանում հերոսների վրա, որ հանգեցնում են հերոսի հոգեբանա-բարոյական նկարագրի աղճատմանը, ինչպես, օրինակ, Արփի Մաղաքյանի «Երեք կին, որոնք ուզում են երջանիկ լինել» /11.04/ ստեղծագործության հերոսուհու պարագայում, որի ուսերին է դրված մանկահասակ երեխայի և տարեց մոր ապրուստը ապահովելու պարտականությունը: Երիտասարդ կինը, որը, լքված լինելով ամուսնու կողմից, բախվելով սոցիալական անարդարության հետ, հարկադրված ընդունում է վերադասի անպարկեշտ առաջարկությունը` հույս ունենալով այդ կերպ գոնե նյութական որևէ աջակցություն ստանալու: Սոցիալական ծանրացած խնդիրների յուրօրինակ հարցադրում է ընկած Հրաչյա Սարիբեկյանի «Կույրինը կույրին» պատմվածքում /18.04/`` Սարիբեկյանի արձակին բնորոշ մարդկային հոգեբանության փնտրտուքների, ինչպես նաև ժամանակային փոխներթափանցված իրավիճակների լուծումով: Մոր շիրիմին այցելած երիտասարդի օգնությանն է դիմում մի կույր ծերունի, որը խնդրում է իրեն օգնել կողմնորոշվել գերեզմանոցային լաբիրինթոսի մեջ: Հասցնելով կույրին իր ուզած գերեզմանի մոտ` երիտասարդը նկատում է ծերունու գրպանից դուրս թափվող դրամները. որպես իր կատարած աշխատանքի դիմաց փոխհատուցում` հափշտակում է դրանք և փախչում` գրպանի մեջ շոշափելով վաղուցվանից փափագած նոր կոշիկների փողը: Լևոն Ջավախյանի «Լինե՞լ, թե՞ չլինել» պատմվածքում սոցիալական բախման հարցադրումը շեշտվում է մրցակից պաղպաղակ վաճառող ձեռներեցների ներքին մրցակցության գեղարվեստական պատկերմամբ, գրողի` մեր ժամանակներում չգնահատված և չկարդացված լինելու ներքին դրամայով, ինչպես նաև հասարակական-քաղաքական արդիական որոշ հարցադրումների բարձրաձայնումով. «Քանզի ինձ նման մարդիկ իմ ապրած երկրում գին չունեն: Թե չէ Սաքոն բանտում չէր լինի, Նիկոլը փախած չէր լինի, Շանթն «ամբաստանյալ» չէր լինի, Սերժը նախագահ չէր լինի, Լևոնը կուռք չէր լինի, ու տասն անմեղ գյուլլախորով չէին լինի»/17.01/: Գուրգեն Խանջյանի հերոսը «Պախմել» պատմվածքում հայտնվել է անցյալի և ներկայի հակասության հորձանուտում և անցյալի բարեկեցիկ կյանքի հուշերը, որոնք անխուսափելիորեն անընդհատ բախվում են դաժան իրականության հետ, կանգնեցրել են նրան հարբեցողության փաստի առջև: Որոշ ստեղծագործություներում էլ գերիշխում են միստիկ իրադարձությունների նկարագրությունները, անհասկանալի լուծումներն ու խեղդող և ճնշող զգացողությունները, ինչպես, օրինակ, Հովհաննես Թեքգյոզյանի և Միքայել Աբաջյանցի պատմվածքներում: Հովհաննես Թեքգյոզյանի «Սիֆիլիս» պատմվածքում առկա է հեղինակին շատ հարազատ հոգեբանական, սիմվոլա-միֆա-արքետիպային պատկերների խտացումը գունային-համային պատկերների բավականին հետաքրքիր լուծումներով և հարցադրումներով: «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված ստեղծագործությունների մեջ, սակայն, առանձնանում է թեմատիկ առումով մի շերտ, ինչը նորություն կարելի է համարել հայ գրականության ներկա փուլի համար: Խոսքս հայ ժողովրդի պատմության սև էջերից մեկի` մարտի մեկի իրադարձությունների գեղարվեսական պատկերման, գնահատման փորձերն են արդի հայ գրականության մեջ: Թեման գաղափարական տարբեր հարցադրումներով և շեշտադրումներով գերակշիռ տեղ ունի տպագրված ստեղծագործություններում: Մարտիմեկյան իրադարձությունները գեղարվեստական պատկերման նյութ են դառնում Սեթ Կուրազյանի, Կարինե Խոդիկյանի, Կարինե Աշուղյանի ստեղծագործություններում: Սեթ Կուրազյանի պատմվածքում շեշտը դրվում է արվեստագետ-նկարիչ հերոսի հոգեբանության մեջ ողբերգության թողած ցավագին հետևանքների վրա: Հերոսը դիմազրկված է տեսնում ազգային նկարագիրը մարտիմեկյան դեպքերից հետո, և նոր ժամանակներին նվիրված նկարաշարի առաջին նկարն այդպես էլ որոշում է թողնել անավարտ, քանի որ հրաժարվում է ազգային խայտառակություններ պատկերել: Կարինե Խոդիկյանի «Հրեշտակների քաղաքը» պատմվածքում հերոսուհին մարտի մեկի դեպքերում զոհ գնացած յուրաքանչյուր նահատակի մեջ տեսնում է իր սեփական որդուն և զոհերին հրեշտակների տեսքով անմահացնում քաղաքի երկնքում: Եվ փորձում է գտնել տասնմեկերերորդ պատվիրանը, որը գտնվում է կյանքի այն կողմում: Կարինե Աշուղյանի բանաստեղծությունները հագեցած են մարտիմեկյան դեպքերի նկարագրություններով:

Հարկ է նկատել, սակայն, որ տպագրված ստեղծագործություններում ակնհայտ է մի մոտիվ, ինչը ակամայից միավորում է գրեթե բոլոր ստեղծագործությունները ներքին մի ընդհանրությամբ: Այդ մոտիվը մահվան, գոյի վախճանաբանական հարցադրումն է: Կարինե Աշուղյանի պոեզիայում մահվան գաղափարն անմիջականորեն կապվում է մարտի մեկի իրադարձությունների արդյունքում ծնված անհաղթահարելի թախիծի հետ.

Այն սեւ գիշեր-
Լուսաբացին
Եռագույնից
Գույնը մնաց
Արնակարմիր,
Տասն արդարի
Թափված արյան
Հուշը անթաղ-
Մահակարմիր:

Խանջյանի պատմվածքում մահվան գաղափարն ավելի այլաբանական հարցադրում ունի, այն դիտվում է մահ-«պախմել» զուգահեռի վրա. անվերջանալի միևնույն գինարբուքային իրավիճակը կանգնեցնում է ժամանակի ընթացքը. «հիմիկվա վիճակը հավերժություն էր թվում, էլ ոչ մթնելու էր, ոչ լուսանալու... Ժամանակն էլ խնդիրներ չէր առաջադրելու, կանգ էր առել ժամանակը դեղին-կանաչ-կարմիր տաքի մեջ...»/31.01/:

Նառա Վարդանյանի հերոսուհին իրեն մահացած է գտնում, սակայն մահվան պատճառն այդպես էլ անհասկանալի է մնում հերոսուհու համար. «Չէի կարողանում հիշել` ինչից էի մահացել: Գուցե հիվանդ եմ եղել, գուցե մեքենայի տակ եմ ընկել, գուցե ինքնասպա՞ն... Հիշողությանս մեջ փնտրում էի, սպանե՞լ են... Բայց ովքե՞ր, ինչու՞...»/14.02/:

Կարինե Խոդիկյանի ստեղծագործության մեջ մահն այնքան անտրամաբանական և անպատիժ է, որ վերադարձի, վերածնունդի գաղափարը դառնում է անխուսափելի: Սակայն վերադարձն էլ իր հերթին դառնում է անկարելի, քանի որ.«Ես վերադարձել էի, բայց ապրողների մեջ տեղ չունեի: Դա ինձ չզարմացրեց: Բայց երբ իմ մեջ տեղ չգտա ապրողների համար, փակվեցի ինձ համակած զգացումի պատյանում: Այնտեղից էլ տեսա, թե ինչպես է կյանքը հոսում ապրողների միջով, իսկ նրա պատճառած ցավն ստացավ իր բացատրությունը»/28.02/:


Հովհաննես Թեքգյոզյանի պատմվածքում մահվան մոտիվը գեղարվեստական ընդհանրացման է հասնում կարմիր գույնի այլաբանական պատկերմամբ: Հոգեբանական խոր անցումների հետևանքով նախ հերոսի մեջ կարմիր գույնի առկայությունը սկսում է շատանալ, ապա վեր է ածվում հոտի` հոտի կարմրության, ապա վեր է ածվում շոշոփելիքի զգացողության` կարմրա-դարչնագույն լպրծունության, այնուհետև կարմիրը դուրս է գալիս հերոսի միջից և տարածվում շուրջբոլորը. «Մեջիս կարմիրը քիչ էր մնում` փսխեի, երբ պատուհանի փեղկերը բացվեցին ու ներս թռավ բոսոր մազերով ու վառվող բդերով իմ ամենաչսիրած դինոզավրը: Նանայի բիբերը կարմիր են, մարմնի վրա էլ` սիսեռ-սիսեռ բշտեր են հայտնվել: Այնուհետև կարմիրը դառնում է անկառավարելի և տիրում անսահմանությանը. «Առավոտյան քաղաքը զարհուրած էր: Կարմիր մազերով ու վառվող բդերով Սիֆիլիսը փողոցներով քայլում, հավաքում էր ընկածներին` մեռածներին, ողջերին: Կարմիրը շատանում էր: Ես գիտեի՞, որ էդ կարմիրը ոչ մի կապ չունի արյան հետ: Վերջը. Հաստաոռի կրունկը կպավ ոտքերիս տակի սլկան աթոռին: Ձայնն անջատվեց: Վեցին հինգ էր պակաս...» /07.03/:

Սարմեն Ղահրամանյանի սրտաշարժ պատմվածքում մահվան հարցադրումն ընկած է մահացած երեխայի հուշերի հիմքում, հուշեր, որոնք կապված են երեխայի ծնողների սպանության վերհուշի հետ: Բանաստեղծուհի Հռիփսիմեի ստեղծագործությունները գոյի վերջի պատկերներով են հագեցած: Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքում իրադարձությունները տեղի են ունենում գերզմանոցում մոր գերեզմանին այցելած երիտասարդի և կույր, իր գերեզմանը որոնող ծերունու հոգեբանական ներքին երկխոսության միջոցով: Միքայել Աբաջյանի հերոսները նույնպես մահացած մարդիկ են:

2009 թ.-ի հուլիսի 11-ի Հ.Ժ-ի համարը վերջինն է, որում հրապարակված է հերթական գեղարվեստական ստեղծագործությունը: Այնուհետև օրաթերթը անսպասելորեն դադարեցնում է վերոհիշյալ նախաձեռնությունը: Ցավալիորեն օրաթերթի հետագա համարներում նախաձեռնությունը դադարեցնելու դրդապատճառի մասին որևէ հիմնավորում չենք գտնում: Կարծում ենք` թերթը դրա համար ուներ իր ներքին դրդապատճառներն ու հիմնավորումները, այնուամենայնիվ, թերևս սխալ չէր լինի , եթե այդ արվեր հրապարակայնորեն, քանի որ ի սկզբանե ամեն ինչ բավականին հիմնավորված էր և հետապնդում էր որոշակի, կոնկրետ նպատակ: Մեր կարծիքով, այն մտահղացումը, որն ուներ օրաթերթն ի սկզբանե. այն է, որ յուրաքանչյուր ոք որոշակի գումար առանձնացնելով` հարյուր դոլար տարեկան, կամ հինգ հազար դրամ ամանորյա ծախսերից` այդ գումարը տրամադրել ժամանակակից գեղարվեստական գրականություն սիստեմատիկ գնելու համար, կարդալով, կապ հաստատելով գրողի հետ, նշելով ինչն էր լավ, ինչն էր վատ, պարզապես օրվա մեջ մի քանի ժամ տրամադրելով գրքին և գրականությանը, հնարավոր կլինի թերևս ընթերցողի մոտ հետաքրքրություն առաջացնել ժամանակակից հայ գրականության նկատմամբ, և միգուցե արդյունքում սկսեն գրքերը վաճառվել, գրողները այդպիսով եկամուտ ունենան և, հնարավորություն ստանալով զբաղվել միայն ստեղծագործելով, կատարելոգործվեն գրողական արվեստի մեջ, և արդյունքում ստեղծվի արժեքավոր գրականություն: Այս ամենից բխող նպատակի իրագործման համար թերթի հանձն առած այս նախաձեռնությունը, հարկ է, ցանկալի է, որ երկարաժամկետ տևողություն ունենար, որպեսզի արդյունքը տեսանելի լիներ: Սակայն մենք ունենք այն, ինչ որ ունենք: Այն մտահոգությունը, որ արտահայտում է Նիկոլ Փաշինյանը, թե.«Հիմա էլ` գրողները հարցնում են. ինչո՞ւ կարելի է հարյուր դոլար տալ ամանորյա խոզի բուդին, որը ի վերջո հայտնվում է աղբանոցում կամ տասնյակ մարդկանց ստամոքսի խանգարման պատճառ դառնում, բայց չի կարելի տարին հարյուր, թեկուզ հիսուն դոլար ծախսել հայ գրողների, այս պահին ապրող կենդանի գրողների գրքեր ձեռքբերելու, որեւէ կենդանի գրողի արտադրանքը սպառելու վրա», տեղին է, իհարկե, սակայն խնդիրն այն է, որ հայ ընթերցողին ոչ այնքան հետաքրքիր չէ գիրք գնելը, որքան հետաքրքիր չէ, թե ինչ են գրում այսօրվա հայ գրողները: Եվ ,որ ամենակարևորն է, այստեղ բացակայում է ինչ - որ բանի համար զոհողության գնալու և դրա դիմաց ինչ - որ բան ետ ստանալու ակնկալիքը: Այն, որ ամանորին ամեն ոք իր հնարավորությունների սահմաններում փորձում է առավելագույն շքեղությամբ զարդարել իր ամանորյա սեղանը, դրանից հստակ ակնկալիքներ ունի, սնահավատական /առատ դիմավորես, տարիդ առատ կլինի/, սնապարծական /առատ սեղանի պարգևած հաճույքը հարազատների, բարեկամների, հարևանների զարմացական հայացքներից/, հոգեբանական /այնուամենայնիվ, առատ հյուրասիրությունը հայ ժողովրդի ազգային հոգեբանության և նկարագրի անբաժանելի մասն է/: Սակայն այսօր ընթերցողը հիմնականում ոչ միայն 5000, այլ նույնիսկ 1000 դրամ չի խնայի իր ամանորյա ծախսերից գիրք գնելու համար, քանի որ նա դրանից որևէ շահագրգռվածություն չունի: Բազմաթիվ գործոններ են նպաստում դրան. նախ, ինչպես վերը նշվեց, արդի հայ գրականությունը շարունակում է մնալ փնտրտուքների փուլում, ինչի արդյունքում գեղարվեստական երկը մեկ բեկվում է ինտելեկտուալ գրականության նոր արվեստի առաջադրած ոլորտները, իսկ նոր արվեստը, ինչպես իրավացիորեն նկատել է տեսաբանը, մասսայական չէ, ժողովրդական չէ.«Նա ժողովրդական չէ հենց ըստ իր էության, դեռ ավելին, նա հակաժողովրդական է: Նրա ստեղծած ցանկացած երևույթ հասարակության մեջ ինքնաբերաբար ծնում է արտառոց սոցիոլոգիական էֆեկտ: Մեծամասնությունը, զանգվածը պարզապես չի հասկանում այն: Ամեն ինչում իշխելու վարժված զանգվածն այժմ զգում է, որ այս «նոր արվեստը» վիրավորել է նրա մարդկային «իրավունքները»: Զի այն արտոնյալների, նրբազգաց նյարդային համակարգ, ազնվականական բնազդներ ունեցողների արվեստ է» /Խոսե Օրտեգա-ի-Գասսեթ, Մշակույթի փիլիսոփայություն, Եր.1999, էջ 129-132/: Հետևաբար, հայ արդի գրական որոշակի փորձեր, ձգտելով յուրացնել ինտելեկտուալ արվեստի չափանիշները, արդեն իսկ կորցնում են մասսայականությունը և վեր են ածվում շատ նեղ շրջանակաների գեղագիտական հետաքրքրությունները բավարարող գործերի: Նորագույն հրամայականների փնտրտուքների մեջ ստեղծագործությունը մեկ էլ ձեռք է բերում լեզվա-ոճական ցածրակարգ դրսևորումներ` հագենալով գռեհիկ և շատ հաճախ անտրամաբանական պատկերներով, ինչը չի կարող ձևավորել գեղագիտական ճաշակ և բավարարել մարդկանց գեղագիտական հաճույքը: Այս ամենին գումարվում է մարդու արժեքային համակարգի դեֆորմացիան, ընդհանուր, համազգային անճաշակությունը, հանրության գեղագիտական ճաշակի անորակացումը որոշակի պետական քաղաքականության շնորհիվ և այլն, և այլն: Առաջին հայացքից կարող է թվալ անտրամաբանական մի շրջապտույտ. ընթերցողի պասիվությունից է, որ գրողները լավ գրքեր, ստեղծագործություններ չեն գրում, թե լավ գեղարվեստական գործերի բացակայությունն է ծնում անտարբեր ընթերցող: Մեր խորին համոզմամբ, գրողի համար ոչ այնքան կարևոր է, որ իր գիրքը գնեն /սա, իհարկե, կարևոր հանգամանք է, բայց ոչ ամենակարևորը/, այլ որ իր գիրքը կարդան: Իսկ իսկապես արժեքավոր ստեղծագործությունը ձեռքից ձեռք կանցնի, կտարածվի և իր արժանի տեղը կգտնի ժամանակի և տարածության անսահմանության մեջ:

«Հայկական ժամանակ»Ask Nikol a questionԱհուրա Մազդա

Վանո Սիրադեղյան, armtimes.com, проза, arts, պոեզիա, Նիկոլ Փաշինյան

Previous post Next post
Up