Սա հիմնաքարային հաղթանակ է

May 01, 2011 13:14


Հիշում եմ մեկ-երկու դեպք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի ընթացքում հորդորում էր լսարանին՝ անմիջական ռեակցիա չտալ ու հաջորդ օրն ուշադիր կարդալ ելույթի տեքստը։ Այս անգամ նա այդ բանը չարեց։ Տեքստը ուշադիր կարդացողների մի մասը կգտնի այն, ինչը ակնկալում էր լսել, բայց իրեն թվաց, թե չգտավ։ Մյուս մասն էլ դրանում կհամոզվի, երբ կտեսնի առարկայացված արդյունքները:

Որակապես նոր փուլ
 Վերջին երեքուկես տարվա համառ պայքարը մտնում է որակապես նոր փուլ՝ իշխանության եւ ընդդիմության հարաբերվելու քաղաքական հարթություն։ Ի սկզբանե դրան է ձգտել Շարժումը՝ իր օրակարգում ունենալով երկրի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու խնդիրը՝ խաթարված սահմանադրական կարգը վերականգնելու, լեգիտիմ իշխանության ձեւավորման միջոցով։ Իսկ որպես դրան հասնելու ճանապարհ նշվել է երկխոսության միջոցով արտահերթ նախագահական, ապա խորհրդարանական ընտրությունների խաղաղ տարբերակը։ Սա եղել է Համաժողովրդական շարժման, ապա Հայ Ազգային Կոնգրեսի մշտական քաղաքական գիծը։

Քաղաքական այդ գիծն ունեցել է նաեւ քննադատներ հեղափոխականության դիրքերից, թերահավատության հիմքի վրա եղել են բազմաթիվ վերլուծություններ։ Մի կողմից՝ պայքարի հաստատակամությունը, համառությունը, մյուս կողմից՝ այդ ընթացքում ստացված միջանկյալ տպավորիչ արդյունքները հասցրին վերջապես այն հանգրվանին, որ իշխանությունը, սպառելով իր ռեսուրսները, հարկադրված եղավ համակերպվել այն բանի հետ, որ Կոնգրեսի հետ պետք է հարաբերվել ոչ թե ուժի դիրքերից, այլ քաղաքական հարթության վրա։ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերավոր արտահայտությամբ, «քիգ-բոքսինգի» սովոր իշխանությունը ստիպված եղավ նստել շախմատի տախտակի առաջ։

Ինչո՞ւ էր իշխանությունը հետեւողականորեն խուսափում քաղաքական հարթության վրա Կոնգրեսի հետ հարաբերվելուց, կառչած էր մնում ուժային մեթոդներին եւ ապավինում ապօրինությունների։ Պատասխանը պարզ է. այդ ասպարեզում, հասկանալի պատճառով, գերազանցում էր ընդդիմությանը։ Ինչո՞ւ էր Կոնգրեսը նույնպիսի հետեւողականությամբ փորձում նրա հետ հարաբերվելը տեղափոխել քաղաքական դաշտ։ Պատասխանը նույնքան պարզ է. որովհետեւ այդ դաշտում ինքն ուժեղ է եւ ակներեւ է իր հաղթանակի հեռանկարը։ Այն, ինչ Կոնգրեսին չէր հաջողվում անել ամբողջ երեք տարի, վերջապես հաջողվեց ընդամենը վերջին երկու ամսում բազմամարդ հանրահավաքների ոչ մեծ «սերիալի» շնորհիվ։ Ամեն մի շարժում կերազեր այդքան կարճ ժամանակում նման արդյունք գրանցել ու երջանիկ կլիներ դրանով (որքան էլ որ դրա հիմքում, անշուշտ, դրված է նախորդ եռամյա պայքարը)։




Անցած երեք տարում իր մարտավարությամբ շահե՞ց, թե կորցրեց իշխանությունը
Շարժման, Հայ ազգային կոնգրեսի դեմ պայքարում, ապավինելով այդ մեթոդին, իշխանությունը կրեց նախապես ունեցած ռեսուրսների հսկայական կորուստ։ Առաջին. կորցրեց միջազգային հանրության բարեհաճությունը, իսկ ավելի ճիշտ՝ աջակցությունը։ Դեռ մի կողմ դնենք 2008 թվականից ի վեր ընդունված տասնյակ բանաձեւերն ու հայտարարությունները։ Միայն վերջին 1 ամսում հրապարակված երեք բարձր մակարդակի միջազգային փաստաթղթերը, որոնց վրա ուշադրություն է հրավիրում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի հենց սկզբում, իրոք, վկայում են, որ «Միջազգային հանրությունը վերջապես ասում է այն, ինչ երեք տարի շարունակ մենք էինք ասում, մնում է՝ օգտագործեն «ավազակապետություն» որակումը»։ Իսկ նրանք, ովքեր գիտեն, թե միջազգային փաստաթղթերում որքան դժվար են տրվում «ձեւակերպումների խստացումը», գիտեն նաեւ, թե որքան դժվար է առանց լուրջ հիմքի դրանցից նահանջելը։ Այդ ամենը ուշ տեսնելու կամ ուշ հասկանալու արդյունք չէր, այլ Կոնգրեսի պայքարի։ Երկրորդ. Վարչախումբն իր բնույթով եւ օրգանապես անընդունակ է որեւէ բարեփոխման եւ չի կարող խարխլել թալանի ու կոռուպցիայի այն հիմքը, ինչի վրա ինքը նստած է։ Դրա հետեւանքով այնքան է վատթարացել սոցիալական վիճակը, որ ցանկացած պահի այն կարող է հանգեցնել անվերահսկելի խռովության՝ «թքած ունենալով նաեւ Կոնգրեսի կարծիքի վրա»։ Երրորդ. վարչախմբի հիմնական հենարանում՝ ուժային եւ իրավապահ համակարգում մթնոլորտն արմատական փոփոխություն է կրել, ինչն արդեն ընդհուպ հրապարակային ընդվզումների, խմբակային բողոքի ակցիաների վտանգավոր դրսեւորումներ է ստանում։ Չորրորդ. պետական հիմնարկներում ծառայողների, պաշտոնյաների միջին եւ ստորին խավի մեջ նույնպես հսկայական չափով աճել է դժգոհությունը, ինչի ապացույցն է այն, որ հանրահավաքների օրերին, չբավարարվելով անհատական զգուշացումներով, պարզապես աշխատողներին մի քանի ժամ արգելափակում են հիմնարկներում։

Այս ամենն, ինչպես ասում են, տեսանելի են սովորական մահկանացուներիս։ Բնական է, որ իշխանությունը գիտի շատ ավելին։ Նա շատ լավ գիտի նաեւ, որ ինչպես թվարկված, այնպես էլ չթվարկված այլ դեպքերում, այն, ինչ կորցրել ու կորցնում է ինքը որպես ռեսուրս, նույն չափով շահում է ընդդիմությունը։ Թող իշխանության խոսնակները խոսեն «քաղաքական կամքից» ու արված քայլերի՝ «ընդդիմության պահանջների հետ կապ չունենալուց»։ Տեսնել ցանկացողը տեսնում է. եթե իշխանությունը, երկար համառելուց հետո քայլեր է անում դեպի ընդդիմության հետ հարաբերվելու քաղաքական հարթություն, նշանակում է՝ հաշվել եւ համոզվել է, որ նախկին՝ ուժային, «զոռբայության» մեթոդներին ապավինելը տվյալ պայմաններում ու տվյալ զարգացումներում իր համար շատ ավելի վատ կարող է վերջանալ։

Ո՞ւմ օգտին է այսօր աշխատում ժամանակը
 Քաղաքական երկխոսության համար որպես պայման Կոնգրեսը վաղուց դրել էր մեկ խնդիր՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Իշխանությունը, որքան բավարարեցին նրա ռեսուրսները, ձգձգեց այն, ճիշտ է՝ այդ ընթացքում ստիպված լինելով տարբեր ձեւակերպումներով ազատել նրանց մեծ մասին։ Այս հանգամանքը, բնականաբար, պետք է բերեր երկխոսության համար Կոնգրեսի պահանջների խստացմանը։ Այս տարվա մարտի 17-ի հանրահավաքն ընդունեց քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված 15 կետից բաղկացած պահանջներ՝ դրանց զգալի մասի կատարումը բավարար համարելով երկխոսության գնալու համար։ Դրանք մնացին անարձագանք։ Ապրիլի 8-ին դրանցից ընտրվեց 3-ը, բայց դրանց համար արդեն ժամկետ սահմանվեց. մինչեւ հաջորդ՝ ապրիլի 28-ի հանրահավաք՝ հակառակ դեպքում սպառնալով «մարտավարության փոփոխմամբ» ու «ջրբաժանով»։ Միմյանց հաջորդած երկու 100.000-անոց հանրահավաքներն էին, որ հնարավորություն տվեցին դարձվածաբանության կոշտացման եւ երկուսը միասին «սայլը տեղից շարժեցին»։ Սերժ Սարգսյանը երեք պահանջներից երկուսը կատարեց, երրորդի՝ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում «ոտքը կախ գցեց», բայց նաեւ դա կոմպենսացրեց շատ թափանցիկ խոստումով, որ հարցը կլուծվի մայիսի 28-ին։

Կարո՞ղ է այդ մեկամսյա ժամկետն աշխատել իշխանության օգտին, ինչպես անհանգստանում են ոմանք։ Իրողություններն այդպես մտածելու համար ոչ մի հիմք չեն տալիս. ինչի՞ հիման վրա պետք է միջազգային հանրությունը ետ շրջի իր գնահատականները, ի՞նչ հրաշքով պետք է իշխանությունը զսպի անվերահսկելի դարձած գնաճը, մեղմի սոցիալական լարվածությունը, ի՞նչ մեթոդներով պետք է բարեփոխվի կամ փոփոխվի պետական հիմնարկներում եւ ուժային կառույցներում տարածված անվստահության մթնոլորտը։ Դրական միտում ունեցող որեւէ խնդրի լուծման ճանապարհը մեկն է, ինչը Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթում եւս մեկ անգամ մասնավորեցնում է հետեւյալ կերպ. «Քանի դեռ Հայաստանի քաղաքական մթնոլորտը չի առողջացել, քանի դեռ իրական երկխոսություն չի սկսվել իշխանության եւ հասարակության միջեւ, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ձեռնարկման կամ ժողովրդի անհուսալի վիճակի բարելավման մասին խոսակցությունները լուրջ չի կարելի համարել։ Իսկ քաղաքական մթնոլորտի առողջացման եւ երկխոսության ծավալման միակ միջոցը այս երեք պահանջների շուտափույթ կատարումն է։ Չհասկանալ այս ճշմարտությունը, նշանակում է՝ ընդհանրապես ոչինչ չհասկանալ քաղաքականությունից»։




Ինչո՞ւ «երկուսուկես» քայլ անելուց հետո Ս. Սարգսյանը չարեց վերջին կես քայլը
 Ս. Սարգսյանը երրորդ պահանջի դեպքում «ոտքը կախ գցեց» ակնհայտորեն որոշակի հաշվարկով։ Առաջին. վերջին մի հույս փայփայելով, որ ապրիլի 28-ին հանրահավաքի մասնակիցների թիվը կարող է նվազել, եւ դա իրեն լրացուցիչ ռեսուրս կտա։ Թիվը չնվազեց՝ չնայած այդ ուղղությամբ իշխանության գործադրած բոլոր ջանքերին։ Երկրորդ. Կոնգրեսը կարող է տրվել գայթակղության կամ տեղի տալ հանրահավաքի մասնակիցների պահանջին եւ խոստացած «ջրբաժանը» հայտարարել։ Այդ դեպքում ինքը «դիրքային առավելություն» էր ստանում Արեւմուտքում. «Երեք պահանջից երկուսը կատարել եմ, մեկը՝ խոստացել եմ մեկ ամիս հետո, իսկ սրանք...»։ Թող ոչ մեկը չկասկածի, որ «դրսում» դա հաճույքով կընդունվեր որպես նրան նոր «ռեսուրսի» տրամադրման հիմք։ Եւ նա այդ նոր վաստակած «ռեսուրսը» կօգտագործեր՝ սկսված քաղաքական գործընթացը վիժեցնելու եւ առաջին հերթին հենց քաղբանտարկյալներին մայիսի 28-ին ազատ արձակելու խոստումը չկատարելու համար։ Կոնգրեսը չգնաց այդ գայթակղությանը, եւ այս երկրորդ հաշվարկը եւս չարդարացավ։

Դժվար, շատ դժվար է ասել, թե Ս. Սարգսյանը մեկ ամիս «ժամանակ շահեց»։ Ավելի շուտ՝ կորցրեց։ Մեծ հաշվով՝ կորցրեց։ Կորցրեց՝ չկարողանալով ազատվել ունեցած ռեսուրսի վերջին գրամը օգտագործելու, մինչեւ վերջին պահը խնդրի լուծումը ձգելու իր սովորության իներցիայից։ Մեկ ամիս հետո, ակնհայտորեն, նա երկխոսության սեղանին նստելու է ավելի թույլ դիրքերում, քան դա կարող էր անել այսօր։ Եւ ամենեւին չի բացառվում, որ, այս գիտակցությամբ, նա քաղբանտարկյալների ազատելու ժամկետի հարցում վերանայի իր մտադրությունը հօգուտ ավելի վաղ ամսաթվի։

Ո՞րն է Կոնգրեսի հաջողության ապահովության երաշխիքը
 Առաջին երաշխիքն այն փաստն է, որ արդեն 3-րդ հանրահավաքը հատում է 100.000-ի սահմանագիծը։ Թող տարօրինակ չթվա, եթե ասենք, որ երկրորդ երաշխիքը հանրահավաքի մասնակիցների մի մասի դժգոհությունն էր այն բանից, որ «ջրբաժան» չհայտարարվեց՝ վերջին կես քայլը կատարած չլինելու հիմքով։ Այդ դժգոհությունը, իսկ երթից հետո մի մեծ խմբի դժվարությամբ համոզելը, որ նստացույց չսկսեն, ցույց տվեց իշխանությանը, որ Կոնգրեսը «ջրբաժան» կարող է հայտարարել ցանկացած պահի, եւ դրա համար հասարակական անհրաժեշտ ռեսուրսը ավելի քան բավարար է։ Իսկ թե ինչու Կոնգրեսը ապրիլի 28-ին չգնաց այդ քայլին, լիարժեք բացատրում է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում. «Երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը»։ Առաջին նախագահը՝ իր խոսքում միշտ զգույշ ու հավասարակշիռ, շատ վստահ է խոսում՝ ինչպես մինչեւ վերջին հաղթական քայլը հաշված շախմատիստը։ Միայն վերեւում ներկայացված փաստերն ու իրողությունները բավարար են այդ վստահության համար։ Նա, բնականաբար, կարող է իմանալ ավելին։ Ապրիլի 8-ին ձեռնարկած գրոհը առնվազն 80%-անոց արդյունք բերեց եւ ամենաուշը մեկ ամիս անց դառնալու է 100%-անոց։

Վահան Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Արման Վեզիրյանի

Անկախ լրագրողների ցանց«Հայկական ժամանակ»Nikol PashinyanԻմ բլոգը

Ազատության հրապարակ, ss, rk, քաղբանտարկյալներ, photo, ՀԻՄԱ, Նիկոլ Փաշինյան, politics, ԼՏՊ

Previous post Next post
Up