Երեւի շատերդ եք տեսել Մաշտոցի պողոտայում՝ պոնչիկանոցից մի քանի մետր ներքեւ, ԵՊՀ հյուրերի տան դիմաց տեղադրված Մոնթեի հիշատակին խաչքարը:
Երեկ երեկոյան անցնում էի էդտեղով: Երեկ՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի օրը... Ու աչքս ընկավ Մոնթեի հուշարձանին: Հենց էնպես չէր, որ ընկավ՝ նեղված էի, նեղվում էի ողջ օրը. քաղաքում ամենուր տոնում էին հայրենական պատերազմում տարած հաղթանակը ու միայն եզակիներն էին հիշում, որ Շուշիի ազատագրման օրն է, Արցախյան գոյամարտի բեկումնային դրվագը... Ու՝ Մոնթեի՝ ազատամարտի հերոսի, հրամանատարի, վերջապես՝ ՀՀ ազգային հերոսի հուշարձանը, հուշարձանի դիմաց էլ՝ արդեն շատ վաղուց թոռոմած-չորացած-նեխած ծաղիկներ:
Ու հիմա մտածում եմ, որ առաջին հեթին ինքս եմ երեւի մեղավոր: Մեզանից յուրաքանչյուրն ինքը պիտի ստեղծի մեր հաղթանակի աուրան, մեր տոնը...
Բայց միեւնույն է՝ շշմում եմ տեսածիցս...