Հղիության 36-րդ շաբաթին բժիշկները սովորաբար շնորհավորում են ապագա մամային, թե՝ արդեն ճուտիկի թոքերը հասունացել են ու անգամ վաղաժամ ծննդաբերության դեպքում ճուտոն կկարողանա շնչել, ամենաբարդը անցյալում է...
Իմ կյանքում հեչ 36-րդ շաբաթը չի. 36-ամյակով 36-րդ տարին է ավարտվում...թերևս պիտի համարեմ, որ իմ կյանքի թոքերն էլ են հասունացել ու պատրաստ եմ ինքնուրույն շնչելուն:
Բայց չէ՝ որքան մեծանում եմ, էնքան հասկանում եմ, թե ինչքան խոցելի եմ ու ինչքան ունեմ էդ պորտալարի կարիքը՝ ծնողներիս, ամուսնուս, երեխեքիս, քրոջս...
Էս ցուցակն, իրականում, շարունակելի է:
Ունեմ կարիքը էն բոլոր մարդկանց, ում հեռախոսահամարն էս արհեստական դարում անգիր հիշում եմ :)
Հետաքրքիր է՝ համեմատությունները երբեմն ինչքան պրիմիտիվ ու միևնույն ժամանակ ինչքան տարօրինակ են:
36-ում ամենից շատ վախենում եմ կորցնել մարդկանց: Ի՛մ մարդկանց:
Ու թե նախկինում մտածում էի, որ ինչ-որ մեկի կորստով պարզապես մանկությունս է հեռվանում, հիմա հասկանում եմ, որ ինձ եմ կորցնում, իմ մի մասնիկը:
Ու միայն մարդկանց կորստով չէ...
էս չավարտվող, առկախված պատերազմը «սովորական» դարձրեց հավատի կորուստը, արժանապատվության... Չե՛մ ուզում...
Ուզում եմ հաջորդ տարի է՛ս օրը՝ ծննդյանս օրվա նախօրեին, ինձ հարուստ զգալ իմ հավատով, իմ՝ չոտնահարվող արժանապատվությամբ, իմ մարդկանցով...
Ուզում եմ էս տարվա պես ծանր ապրվող, չմարսվող տարի չունենալ, ուզում եմ թվով 756 օր ձգվող, դեռ 2020-ից սկսված նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը վերջապես լուսանա...
Ուզում եմ ինձ դավաճան չզգալ, որ ապրում եմ...
Ուզում եմ կյանքիս թոքերը ինքնուրույն շնչելու առիթ չունենան...