Ես չգիտեմ՝ արդյոք 2021-ն արժանի է այբուբեն ունենալուն:
Ես չգիտեմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ը ավարտվելո՞ւ է, թե՞ չէ, չգիտեմ՝ 2022-ը, որ մտել է իր դերի մեջ, արդյո՞ք կա, լինելու է, ապրվելու է որպես տարի, թե նախորդի պես օրերի շարան է լինելու՝ աննպատակ շարան... Ես առաջին անգամն է, որ իմ այբուբենում ոչ թե ինձ եմ տեսնում, այլ՝ հավաքական իմոնց: Ու առաջին անգամն է, որ ոչ թե ասելու եմ՝ գտեք Ձեզ իմ այբուբենի հայելում, այլ՝ գտեք ձեր հոգեվիճակը... 2021, տարեթիվ, որ չապրվեց...
Ա - Անհայրենիք
Երևի առաջին անգամն է, որ Ա-ով սկսվող էսքաաաաան դրական բառերի մեջ ընտրում եմ ժխտական ածանցով սկսվողը...
«Մայրիկը» անհաշվելի անգամ եմ տեսել, անգիր գիտեմ դիալոգներն ու անգամ հայացքները, շիկնածությունն ու այրող ցավը…Բայց…Երբ Ֆրանսիայի նավահանգստում միգրացիոնի աշխատակիցը Զաքարյանների փաստաթղթերի մեջ կնիքով դաջում էր «անհայրենիք»… երբևէ չէի ֆիքսվել էդ «անհայրենիքի» վրա… 2021-ին նայելուց հետո «Մայրիկ»-ը հիշելիս աչքիս հենց էդ կնիքն է գալիս…
Զի...անհայրենիքները մեզ առանց Հայրենիք են թողնում…
Բ - Բութ Բիլբորդ
Բթության պակաս թեև 2021-ին չկար /մարտնչող տգիտություն ֆորևը/, սակայն տարվա բութը, վստահաբար, գլխարկով տիկնոջ ամուսինն էր՝ քաղաքը «զարդարած» իր բազմաթիվ բիլբորդներով՝ բութը ներառյալ….
թերևս՝ նախանձելի անկեղծության առանձնահատուկ օրինակ էր: Բայց՝ պարզվեց բութ մարդը ուժ չէ, հանրապետության բիլբորդների կեսն արագ ազատվեց…. ու շա՜տ անհարմար բան ստացվեց:
Գ - Գորիս
Գորիսում մեկ անգամ էի եղել: Վայելել կես օրով՝ առաջին անգամ եկած զբոսաշրջիկի աչքերով, ում նպատակն ու վերջին կանգառը Գորիսը չէր: Իսկ բացահայտեցի քաղաքն ինձ համար հենց էս անգամ: Քանի դեռ մեր պապան ծառայում էր, ես ու Սոֆին չափչփում էինք քաղաքը, քաղաքի ամեն սանտիմետրը: Քայլում, փնտրում ու գտնում, երբեմն՝ գտնում առանց փնտրելու ու ակնկալելու:
Առանձնահատուկ հանգստություն տվող Գորիսս, որն, ամեն դեպքում, բնակատեղիս չդարձավ:
Դ - Դավաճան
Ես ինձ դավաճան եմ զգում, դավաճանած…
Նոյեմբերի 10-ից հետո, էն որ չի փոխվում օրը էս տարուց ավել է, անընդհատ զուգահեռներ եմ անցկացնում Արցախի ու Պապայիս միջև…
Պապան հիվանդ էր, շատ հիվանդ ու մարում էր… Ու սպասում էր, որ իրեն հյուր կգան, կտեսնեն, կարոտը կառնի… Իսկ մարդիկ՝ բարեկամները, ընկերները, ասում էին «Վա՜յ չէ, ես իրեն տենց տեսնել չեմ կարող, ի վիճակի չեմ»… Բայց պապան սպասում էր: Մինչև վերջ: Հետո եկան: Բա դագաղի կողքին պիտի ողբային:
Հիմա ես ինձ էդ մարդկանց հետ եմ ասոցացնում. Արցախն իմ կարիքն ունի, իսկ ես չեմ գնում…
Բա դավաճան չե՞մ…
Բա ինչո՞վ եմ տարբերվում է՜ն ընկերներից ու բարեկամներից, ում ես չներեցի:
Ե - Երկրաշարժ
Տանն աշխատում էի, Սոֆին մահճակալում քնած էր… Պահի տակ թվաց՝ գլուխս շաաաատ ուժեղ պտտվում է: Հետո մոնիտորներիցս մեկը թեքվեց, դարակի վրայից ինչ-որ բաներ ընկան ու Սոֆիի շա՜՜՜տ կգ-անոց մահճակալը սկսեց շարժվել՝ տեղաշարժվել…
Ռուսերեն լավ արտահայտություն կա՝ ходить ходуном… Էդ վայրկյանին միայն հասկացա, որ երկրաշարժ է, որ տանում-բերում է… Քնած երեխուն ամուր գրկեցի, գցվեցի տան միակ բալկայի ուղղությամբ…
Էնքան սարսափելի էր, որ հոգեպես լրիվ պատրաստ էի փլուզմանն ու միակ բանը, որ էդ րոպեին աղոթում էի՝ երեխուս գրկիցս չգցեմ, երեխուս կարողանամ պահել…
Էդ օրից ամիսներ են անցել,անգամ՝ արդեն տարի, բայց առ էսօր վախեցած աչքս գցում եմ ջահին կամ հնարավոր շարժվող ինչ-որ մի բանի, պարբերաբար ցնցում եմ զգում… ու սարսափով եմ ցնցուղ ընդունում՝ ամեն անգամ մտածելով՝ գոնե հիմա չլինի, գոնե՝ երեխեքիս մոտ լինեմ, գոնե՝ հագնված:
Զ - Զանգ կախող
2021-ից մնացած միակ հետքը. զանգ կախող ա մեզ պետք, զանգ կախող …± 9 գրամի կարգի…
Է - էժան
Մխիթարյան Ռուբենը մի երգ գրեց՝ չգոռացող, այլ զուսպ ու մարդերեն ասող. «
Հայրենիքը իմ անգին է, ոչ թե թանկ…»… Բայց չէ, էլի չէ: Էդ շատ ստվար զանգվածի համար է: Որոշների համար՝ թանկ… Այսինքն՝ սակարկելի: Որոշների համար էլ…էհհհհ …
Ու հունիսի 20-ից հետո որ չէին «արդարանում», թե բա իրանք մեզ ժեխ էին ասում, դրա համար Նիկոլ ընտրեցինք, ոչ թե իրանց…
Ինչի՞ց վերցրիք, որ հենց ձեզ էին ասում, կարո՞ղ ա ամեն դեպքում մի բան կար:
Ժոոոող, ախր, փաստորեն, ճիշտ էին ասում: Հայրենիքը էդ բառից էժան էր, հա՞… #սատկեքէլի
Ը - Ըհը
Սոֆը սկսեց հատումեջ բառեր ասել… Դե՝ առաջինը մաման էր, հետո՝ կակա-ն, որը սոֆերենից թարգմանած 2021-ին դեռ նշանակում էր պապա, ու հետո՝ իր հայտնի Ըհը-ն: Մի բան անում էր ու с чувством выполненного долга - ըհըըը:
Թ - Թունրավ հաց
2019ի սեպտեմբերին Արցախից վերադառնալուց հետո ում տեսնում եմ` հարցնում եմ. արցախյան էէէն հացը առանց խմորիչի ոնց էր կոչվում?
2021-ի գարնանը մանկական հագուստի մի խանութ էի մտել: Մի կին էր հագուստ ընտրում ընկերուհու բալիկի համար, ով հեռու էր:
Ընթացքում իմացա` ինքը Սոֆին էր, շորիկն էլ Սոֆիի համար էր` հետպատերազմյան Արցախի 50-րդ նորածնի… Իմ Սոֆուկի վրա էինք փորձում, համեմատում...Որոշեցի վերջին անգամ բախտս փորձեմ, հարցնեմ` գուցե իմանա…
-Եսիմ է, մեր մոտի ամենահամով հացը թոնրի հացն ա, անուն չունի:
-Լավ, իսկ կարող ա մի ինչ-որ ուրիշ ձև եք իրեն ասում? -
Չէ, ուղղակի թունրավ հաց…
-Հաաաաա, հենց ինքը…
Ու էդ րոպեին տոպրակը բացեց, պոկեց մի կտոր ու մեկնեց.
-Սիրտս էքաաաան էր ուզում, Ղարաբաղից խնդրեցի ուղարկեն: Հենց նոր եմ վերցրել…
… Ինձ լացացնող, բայց էնքաաաան տաք Արցախ ջան, դու ուրիշ ես քո մարդերով` ամենաիմը
Ժ - Ժամանակավոր
«Չէ, մամ, դու վսյո-տակի չաղացել ես» շարքից... 2,5 հատ սպիտակ մազերիս դարդն էի մի քանի օր առաջ անում... Արսը մնաց-մնաց, էսօր որոշեց հարցնի.
-Մամ, բայց քո սպիտակ մազերը ժամանակավո՛ր են, չէ՞...
- Հա, բալես, լրի՜վ ժամանակավոր: ̶Ձ̶ե̶ր̶ ̶ձ̶ե̶ռ̶ը̶ ̶հ̶լ̶ը̶ ̶ա̶վ̶ե̶լ̶ի̶ ̶կ̶շ̶ա̶տ̶ա̶ն̶ա̶:̶ Հետո ավելի շատ կլինի:
-Իիիի, գոնե վարդագույն դառնար սպիտակի տեղը:
Զանավես
***
Պատկերացրեցի ինձ՝ տենց մի 80 տարեկան, թոռախառն նստած... ու վարդագույն մազերով... Հիմա մտածում եմ՝ պիքսին կսազի, թե չէ )))
Ի - Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան
էս երգը ծնվեց 2020-ին, բայց գոնե ինձ համար, իմ ուղեղում դաջվեց 2021-ին՝ բազմաթիվ ցույցերից…
«…
Այս հողին արյունն է մեզ դաջել,
Այս հողին խաչով ենք սերտաճել…»… Երանի՜ մարդիկ էս բառերը զուտ որպես բառ չընկալեին:
Լ - Լուսանցք
Սեփական կյանքի, սեփական երկրի սեփական կառավարության գծած լուսանցքում ապրելու 2021:
Խ - Խորհրդանիշ
Պետական խորհրդանիշ
«Հին», լիարժեք, ամբողջական, առողջ Հայաստանում հունիսի 15ին նշում էին ՀՀ պետական խորհրդանիշերի տոնը…
Էն ժամանակ դրոշն էժանագին քինախնդրության միջոց չէր, ամեն անարժան ՏՄ-ի վրա կպցրած չէր, եռաբլրագույն ու եռաբլրատես չէր… Շատ ու շատ բնակավայրերում էր ծածանվում, խոնարհ չէր` վեհ էր, չկոտրված… Օրհներգը ազատ ու անկախ էր, ոչ թե թշվառ ու անտեր, զինանշանն էլ ազգի պես` առյուծ ու արծիվ, չվիրավոր…
Հիմա ու էսօր շատերի համար պետական խորհրդանիշները մանրացել-մի աթոռի չափի են հասել, էսօր պետականությունն են մանրացրել-ջլատել…
Հիմա ու էսօր էն Հին Հայաստանս եմ ուզում`պետական խորհրդանիշների թվացյալ արհեստածին տոնով: Էսօր դրոշակաձողի պես ձիգ մեջքով պետություն եմ ուզում, թշնամու դեմ փողփողացող ու պանծացող օրհներգով Հայաստան` առյուծ ու արծիվ իր ժողովրդով…
Հիմա ու էսօր ես ուզում եմ հավատալ:
Ծ - Ծանրություն
Բառերով անփոխանցելի, թվերով աննշելի, քաշով՝ անչափելի ծանրության տարի…Էս նկարներում Արցախի շրջանավարտներն են` ժապավենների վրա իրենց կորցրած հայրենի բնակավայրերի անուններով։
Էս ամենի ծանրությամբ ո՞նց է ապրվում…
Կ - Կոտրվածք
Վաղուց չէի ունեցել: Հիմար ձևով կոտրեցի… Հետո էլ բժիշկը թե՝ Գայանե ջան, ախր ձեռքդ մի օգտագործի…
Ու ոնց բացատրես, որ ձեռք է, աջ ձեռք, էն էլ՝ իմը… հո ոմանց ուղեղը չի, որ հեշտ ու հանգիստ չօգտագործվի:
Հ - Հայրենիք
Հայրենիքի (բառի բոլոր դրսևորումներով) հետևից են ընկել…
Ձ - Ձեռագիր
2021-ին հանկարծ նկատեցի, որ ձեռագիրս փոխվել է: Մենք կարող ենք խոսել հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն ու մեր խոսքը չփոխվի մեր հոգեվիճակից, զի՝ բառապաշարը մեկն է ու դաստիարակության արդյունք…Իսկ ձեռագիրը… Ձեռագիրն էլ հոգու լեզուն է…
Ու 2021-ին ձեռագիրս փոխվեց: Կատեգորիկ: Ձեռագիրս փոխեցին:
Ղ - Ղազանչեցոց
Բաց չի թողնում դեռ նախորդ տարվանից մնացած ու հավերժ չավարտվող էս մղձավանջը՝ նյութականացված լիքը մարդկանց ճակատագրերում ու միատեղված մեկ ընդհանրական Ղազանչեցոցի կերպարում:
Չի՛ թողնում… Չեմ կարողանում:
Իմ անձնական, բայց հավաքական անօգնականության սիմվոլն է:
Ճ - Ճառ ասելու Ճոխություն
Հայաստանի 3րդ հանրապետության պատմության թերևս ամենաանընդունելի ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ում 2021-ին գրանցվեց ճառ ասելու 23 կուսակցություն ու 4 դաշինք…Թերևս, էս խելքին ենք, որ էս օրին ենք:
Մ - Մարտնչող դիլետանտիզմ
Էն, ինչ մեր գլուխը կերավ իբրև ազգ, մեր գլուխն է ուտում իբրև պետություն… էն, ինչը պիտի դուրս մղենք մեր իրականությունից, բայց դրա համար էլ էս դիլետանտիզմի անտակ հորում պետք է գոնե մի քանի կաթիլ խելամտություն ու պրոֆեսիոնալիզմ:
Յ - Յուրահատուկ
Տարվա յուրահատուկս՝ Սոֆին, Սոֆուկը:
Ժամանակին անձնական շատ ծանր փուլում ոտքի կանգնել օգնեց ու ստիպեց Արսենը: Նախորդ տարին ծանրագույն էր, ու հենց Սոֆիի լինելը փրկեց՝ ապրելուն, օրվա, տարուն իմաստ տալով…
Ն - #ՆեռվնայաՍիսծեմաԿրեպիսյ
Մերօրյա Հայաստանում ապրող ու նաև՝ 2 երեխա, էդ թվում, մասնավորապես՝ դպրոցական Արսեն, ունեցող մամայի սոցցանցային կյանքում ամենահաճախ հանդիպող հեշթեգը /կոչը, խնդրանքը, աղերսանքը/՝ Նեռվնայա սիսծեմա, կրեպիս....
Շ - Շուռնուխ
Շատերի համար Շուռնուխն էն գյուղն է, որում 2018-ի ամռանը ԼԳԲՏ ակտիվիստներին ծեծեցին…Մի ուրիշ հատված էլ Շուռնուխն իր համար բացահայտեց 2021-ին, երբ պարզվեց՝ բզկտում են….
Իսկ ինձ համար Շուռնուխը Մերգելյանի ջոկատն է, որ պահում էր գյուղը, պապային սպասելս ու կարոտելն է, իմ մանկությունը, մեր ազատության համար պայքարն ու պատերազմի սկիզբը… շատ եփած-ապրած է: Ու էսօր պատմության անիվը էլի էն նույն փոսում է, բայց չկան մերգելյանցիները, չկա պապայիս սպասումը, չկա հավատը… կա միայն դաժան իրականություն ու ավելի դաժան սպասում… չգիտես` ինչի:
Ո - Ոստիկան
Ու չէ, էս բառն Աբոյի մասին չէ, թեև 2021-ին մի քանի օր համազգեստ արդուկելու երջանկություն ունեցել եմ:
Սոֆին՝ մեր վայրենիկը, մուննաթի մեր թագուհին ատամնահատիկի արարողության ժամանակ 32 փուչիկներից ընտրեց հեեեենց էդ մեկը:
Թերևս նախախնամությունն ու գեներն անմրցելի են ))))
Չ - չհարգելի
չհարգելի երկոտանի… որովհետև դաստիարակությունս ու ներքին ցենզուրաս դեռ դիմադրում էին:
Պ - Պատվաստում
Մանավանդ առաջինը… Եթե մի կողմ թողնենք ֆիզիկական անտանելի ցավը՝ թերևս հետպատվաստումային 2 օրն ամենաերջանիկ օրերս էին. ուղղակի չէի զգում ինչ գժանոցում ենք ապրում:
Ջ - Ջինջ
Արսի առաջադրանքը տրված բառերի` ջ-ով գրվող հականիշը գտնելն էր… Հասավ դժբախտ-ին, մեկ էլ թե` ոչ ավել-ոչ պակաս. «ջինջ»
-Զավակ, դժբախտը ջինջի հետ ի՞նչ կապ ունի:
-Ո՞նց, մամ: Դու չէիր ասում, որ Շուշին դժբախտ ու էն մյուսից քաղաք չի, այլ լուսավոր ու սիրուն: Է չեղա՞վ որ ջինջ…
Ռ - «Ռոմանտիկ»
Եթե հաշվի առնենք, որ օրվա ընթացքում ամենատարբեր իմաստներով, բայց ամենից շատ օգտագործվող բառերից է իմ կողմից, պարզ է, թե ինչ գործ ունի էստեղ: Բայց իրականում պատմությունն այլ էր:
Արսենք սովորում էին նամակ գրել: Մի կատաստրոֆիկ հաշվետվություն էր գրել, բարկացա, ինքն էլ լրիվ փակվեց: Մաման որոշեց մեղմ բացատրի, թե` քեզ դուր եկած աղջկան հո չոբանավարի սմս չես գրի, պիտի իմանաս գրելը, չէ՞։ Ու զավակս «ռոմանտիկացավ». «Գրական բառերով խեղաթուրված այս նամակը գրում եմ քեզ»…
Ս - Սիմոն
Կես տարի դարակումս էր (նորաթուխ մամայության «գունավոր» իրականությունը)... Իսկ մի օր ժամանակ գողացա ինքս ինձանից ու կարդացի… Ջերմության մեջ այրվում էի կարդում… Կարդում էի ու դողում, հուսդրվում, ջերմանում, սարսափում, լալիս… ու էլի ու էլի ու էլի: 2021-ին, ամոթ էլ է ասել, բայց միայն 5 թե 6 գիրք եմ կարդացել: Բայց «Սիմոնն» ուրիշ հարթությունում էր ու էդ ուրիշում քանդեց:
Վ - Վանո
Ես էնքան շատ եմ գրել Վանոյի մասին ու էնքան շատ մտածել՝ կտեսնե՞մ իր վերադարձի օրը: Ես գուցե երջանիկ մարդ եմ՝ իմ կյանքում Վանոն գրող է, մեր ժամանակների մեծագույններից: Ու հիմա ինքը Հայաստանում է՝ հայրենի Կոթիում լեռան լանջին, բաց դաշտում: Մեդիամաքսում Բլեյանն էնքան դիպուկ էր բնորոշել կոթեցիների էդ որոշումը: Ասում է. «Կոթեցիներն ասում են՝ ճիշտ որոշում էր նրան գյուղում հուղարկավորելը. քաղաքում հազար տեսակ մարդ կա, մեկը նրան սիրում էր, մյուս՝ չէ: Գյուղում ապահով է»:
Ու հիմա հայրենի հողում է նա՛, ում տողերում օդի գույնն ու հողի համն էր ապրում:
Ք - Քյառթու
Ըհըն
ու էլի Արսենը: Մազերս էի տոնավոորում: Տոնավորելուց հետո դեռ թաց մազերով բարձրաձայն մտածում եմ. «Տեսնես ի՞նչ գույն դարձան մազերս»…
Մեկ էլ Արսը թե.
-Ինչ-որ մի գույն, մամ, ինչ-որ մի: Հույս ունեմ` 2 երեխա ունեցող մամայի մազերի գույն: Ու քեզ էդքանի մեջ ամենաշատը պիտի հուզի ու հետաքրքրի հենց էդ պահը…
Հ.Գ.
Հուզվելը որն էր. հոնգուր-հոնգուր լաց էի լինում… մազերիս գույնն էլ լիմիտավորեց էս անսպասելիորեն քյառթու կապիկը
Տ - Տկտկոց
Կամ՝ ավելի հստակ, ժամացույցի տկտկոց… Ինձ ճանաչողները գիտեն՝ որևէ ժամացույց, այդ թվում նաև ձեռքի, որը թեկուզ աննշան տկտկում է, ինձ հետ մի սենյակում լինել չի կարող: Տարիներ առաջ անգամ Ferrari-ի ժամացույցը մի կողմ շպրտեցի էդ՝ շատերի կողմից չլսվող ձայնի պատճառով: 2021-ին ես ու ժամացույցը խաղաղության թեթև համաձայնագիր կնքեցինք: Շնորհակալություն Սոֆիին. իր կողմից քամվելուց հետո անգամ եթե տրակտորը իր քաշով մեկ «տկտկա», ես էդ չեմ զգա… երևի:
Ր - Րոպե
«...Նույնիսկ երջանկությունը մարդուն պետք չէ ամեն րոպե. իր ժամանակին է պետք...»...
Ես չեմ ասել… Ճիշտ է ասել:
Ց - Ցավ
2021-ին Ֆիզիկական ցավի տարի էր՝ բառերից, պատկերից, հիշողությունից, անզորությունից ու անկարողությունից, չավարտվող նվաստացումից, մարդկային լպիրշության ու անհայրենիք լինելու անսահմանությունից…
Ու - Ուժասպառ
Բառի թե՛ ֆիզիկական ու թե՛ /մանավանդ ու մասնավորապես/ հոգեբանական առումով… Դրսևորման գագաթնակետն ինձ շատ հատուկ էր /չէ, ուշաթափվել ու նման ղզիկ դրսևորումներ չունեմ/. մի ամբողջ ժամ փորձում էի ռուբլին ժամային գոտու կոնվերտ անել:
Փ - Փոխադարձ
Փոխհարաբերությունների սկզբունք՝ № ամենակարևոր. «Դու ինձ էդքա՜ն օգուտ/երջանկություն/ժպիտ/բավարարվածություն տվե՞լ ես, որ էդքան վնա՞ս/արցունք ես տալիս...»…
Պատասխանել, թերթել, անցնել առաջ…
Ք - Քաշ
Ծննդաբերելուց հետո աաաաամենակարևորի մասին. ո՞նց, իսկականից ոոոնց ազատվել ավելորդ շատ կգ-ներից…
Եվ -
Ասե՞լ եմ՝ և-ն Այբուբեն գրելիս «ամենասիրածս» տառն է՝ ինչ տառով որ բառն ուզեմ՝ կտեղավորեմ, զի՝ և…
և Ա - Աքսոր ու Անպետք
Ֆիզիկական անպետքության տարի… Ու բազմակողմանի՝ խիստ անձնական անպետքությունից մինչև վերանձնական-ընտանեկան աքսոր / գուցե կուլտուրական/պաշտոնական լեզվով դա այլ ձևակերպում ուներ, սակայն մեր ընտանիքի գլխին բերածն այլ անվանում չունի/…
Օ - Օդ
Օդը չհերիքելու տարի … Օդը չհերիքելու որերորդ տարին ու վստահ էլ չեմ, որ շնչելու, լիարժեք շունչ առնելու ու քաշելու հնարավորություն կունենամ… կունենանք
Ֆ - Ֆեյք
Աշխատում էի, Արսին խնդրեցի քրոջը զբաղեցնի գոնե 10 րոպե, վենեսուելական լիգաներից գլուխ հանեմ: Մեկ էլ լսում եմ.
-Քուրիկ, արի քեզ հեքիաթ պատմեմ: Ժուկով-ժամանակով... վայ, հլը տես՝ էն մարդը էն ռուսական Նավալնիի պես մարդ ա, ուղղակի ինքը մեր հեքիաթից ա ու հեչ լավ հերոս չի: Ուզո՞ւմ ես քեզ էդ հեքիաթը…
-Արսեն, ախպոր պես, հեքիաթ պետք չի էլի: Ուղղակի խոսա երեխու հետ:
-Լավ: Քուրիկ, հեքիաթ չեմ պատմի: Սոֆո՜ւկ, դու որ մեծանաս,
-Երբ...
-Հա, դու երբ մեծանաս, խելոք ու ուժե՜ղ աղջիկ կդառնաս: Աաաաայ իրա պես ուժեղ:
-Ում պես:
-Այ էս աղջկա (ցույց ա տալիս թիվիին): Իրա ազգանունը Շարմազանովի անունին նման ա, անունն էլ Անժելա ա: Իրան մի քանի օր առաջ ձերբակալել էին Գագիկ Սողոմոնյանի գործով, բայց հլը տես ինչ ուժեղ ա, չվախեցած ա, իսկ իրան ԱԱԾ էին տարել:
-Տղա ջան, Գագիկ Սողոմոնյանն ո՞վ ա
-Ֆեյք ա, մամա, ֆեյք: Նորմալ ա, որ դու իրա մասին չգիտես:
ու էլի՝Ֆ - Ֆեյք, զի՝
իրականում հենց ֆեյք տարի էր… 2021՝ չէ, 2021-ի համար 20-ը պիտի մարսեինք… ու ֆեյք էր էդ ֆեյք 21-ում ամեն ինչ. նորություններից հնություն, չմարդկանցից մինչև մարդիկ, սպասումից իրականություն…
Մենակ զգացումներն էին իրական…