Պատերազմագույնը

Oct 04, 2020 10:12

Կարդում ես. «...այս պահին գրադներով ռմբակոծում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը...»...
Մեկ էլ կզանգեն, թե՝ ո՞նց ես...
Բոլորի պես:
Իմ նման չգիտեմ էլ քանի միլիոն սիրտ կա էս պահին բաբախող: Բո-լո-րի պես եմ:
...Ու որ չեն ասում՝ դու լուրերին մի հետևի, դու երեխու մասին մտածի...
Ըհը... Սքրոլլ մի արա, ՖԲ հարցումներդ էէէէն 2-3 վստահելի էջից էն կողմ մի ունեցի, երջանիկ ապուշի պես ապրի... Ապրի՞...
Պատերազմի՝ իմ համար նոր գույն եմ հայտնաբերել: Տանը սպասող կնոջ հոգեվիճակի գույնը, երբ բոլոր կաթսաները՝ էն, որ առաջ ոնց մաքրում էիր, էլ չէին մաքրվում, հիմա պսպղում են... Անբնական: Պատերազմագույն:


Չէ՜, պատերազմը վաղուց էն կարմիրը չի...
Ու Ստեփանակերտը ռմբակոծում են:
Անցած տարի սեպտեմբերին էի վայելում խախանդ քաղաքը... հետո Աղդամ հասանք՝ իմ լիարժեք կատարսիսի, Արցախը մաշկով զգալու, ընկալելու, ապրելու վայրը...Ավերակված Աղդամը կարմրին էր տալիս՝ հասած պտուղներից ճկված նռենիներն էին: Դրանից հետո այլ նուռ բերանս չեմ տանում:
Արդեն էս ամռանը ընկերներիցս մեկն ասեց, թե իսկական Աղդամը տեսնելու համար հոկտեմբերի սկզբին է պետք գնալ, ես էլ ծիծաղեցի թե այ հենց էդ ժամանակ աղջիկս է ծնվելու, ինչ հոկտեմբեր... Ասաց. կարծում ես՝ Ստեփանակերտում ծննդատուն չկա՞...
Աղջիկս Ստեփանակերտում ծնվեր..հիմա չէ՝ իդեալական հոկտեմբերին, էն, որ ոչ մի վիրավորից ոչ մի բժշկի իրենով չաներ:
Իսկ հիմա... անփորձանք ետ եկեք, որ հանգիստ սրտով աղջիկս ծնվի...
Ու...
էս անբնական փայլող կաթսաները վրաս ազդում են...

կիսակյանք, զգացած, անձնական, ապրած, դատարկ մտքեր

Previous post Next post
Up