2019-ի այբուբենս. աներևակայելիից՝ ֆանտաստիկ

Jan 29, 2020 16:47

2019թ-իս այբուբենն ամենադժվարը գրվեց... Սկզբում չէի հասկանում. ախր էնքա՜ն հագեցած, էնքա՜ն սպասված, էնքա՜ն ուրիշ տարի էր: Հետո հասկացա. երբեմն տխրությունը լավագույն ոգեշնչանքն է: Իմ 2019-ը տխրության հետ կապ չուներ, իմ 2019-ը աննկարագրելի, ֆանտաստիկ, երջանկությունը բջիջներով վայելելու տարի էր, սեփական ես-ի հետ ընկերանալու, սեփական հողը նորովի ճանաչելու ու ամենասեփականը զգալու, հասունանալու...
Ա - Աղդամ
Կամ գուցե Ակնա...Աղդամ: Որ արցախյան պոպուլյար տուրիստական ուղեգրքերում չես հանդիպի: Ում պետք է՝ ինքն է գնում: Գիտակցելով՝ ինչու, ինչի ետևից, ու գիտակցելով, որ կփոխվի: Երբ 3 օր Արցախը մարմնիդ բոլոր բջիջներով վայելած՝ քարուքանդ ճանապարհով գնում ես դեպի Աղդամ ու չես էլ իմանում՝ նայել անհայտ բարձրության ճանապարհափոսերին, շուրջբոլորդ, անթիվ-անհամար նռենիներին թե՞ պատմության ուրվականներին՝ քարերի մեջ դաջված:
Ականջիդ ДДТ-ի երգն է հնչում. «Потерялись и бродят между стен небеса…»
Ու էդ ամենի կենտրոնում հանկարծ տեսնում ես երեխաների: Նրանց, որ առանց հանգամանքների, առանց հարմարությունների ու անհարմարությունների ծնվել էին: Որովհետև էդտեղ ապրել է պետք: Որովհետև արյունով նվաճածը, արյունով պահածը ապրեցնել է պետք, որովհետև այ էդ հողակտորը մեր թափած արյան հիշեցումը պիտի լինի, որովհետև էնտեղ թելադրված «որովհետև»-ներ չկան:
Որովհետև էնտեղ իզմ-երի գերի չեն, գերի չեն հանգամանքների, որ ինքներս ենք հորինում ու հետո դրանց տրվում:
Բ - Բջնի
Բջնիի ամրոց բարձրացանք երեկոյան աղջամուղջին, ու բնությունն իր գույներով լրացուցիչ խորհրդավորություն էր տալիս ամեն-ամեն ինչին: Էդ օրն էնքա՜ն յուրահատուկ էր: Ամրոցի պարսպին նստած՝ ամենա-ամենավերևից նայելով երկնքին զգացում ունեի, որ ինչ-որ շատ կարևոր բան եմ նվաճում, շատ կարևոր օր ապրում: Ես էդ օրն ապրել էի...


Գ - Գեղարդավանք
2019-ս անցավ Գեղարդավանքը տարվա բոլոր եղանականերին վայելելով 2019-ի կարևորագույն օրս ապրելու հնարավորություն ունեցա անբացատրելի էդ վայրում:


Դ - Դիմում
Գոհարն էր գալիս: Էլի: Իմ ամեն այբուբենում Գոհարը ինչ-որ կերպ գալիս ա: Ու ամեն գալն իր պատմությունն ու հերոսն ունի: Էս անգամվա հերոսը դիմումն էր: Կամ՝ Արսենը: Երևի:
Մեր տանը 1 ժամ 10 րոպեանոց ներկայացում էր։ Արսենն ինձ հետ օդանավակայան գնալու ցիվիլ կռիվ էր տալիս։ Ուղեղս էնքա՜ն տարավ իր հիմնավորումներով, փաստարկներով ու «Դու ինձ ասել էիր հիմնավորի՝ չէիր ասել լավ հիմնավորի կամ մի քանի հատ հիմնավորի»-ով, որ վերջում ասեց՝ ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ես էլ, որպես հին սադիստ, խեղճ երեխուց դիմում պահանջեցի՝ օրինակելի դիմում կոչումով/պաշտոնով- անունով․․․ 8 տարեկան երեխուց, որ դիմում գրած չկար։


Հ.Գ. Արդեն կա )))
Ե - Երջանիկ
2019-ս եթե մի բառով բնութագրեմ, թերևս կօգտագործեմ հենց էս բառը:
Եթե տարվա առաջին օրերին/ամիսներին ինձ որևէ մեկը հարցներ երազանքներիս մասին, կժպտայի, անպայման կասեի, որ երազանքներ կան, որոնք ուղղակի պիտի երազանք մնան՝ չաղտոտվելու, չպղտորվելու համար: Ունեցել եմ րոպեներ, երբ ոչ ոքի չէի ուզում տեսնել, երբ վստահ էի՝ առջևում միայն առօրյան է՝ անփոփոխ, միապաղաղ, ամենասովորական: Բայց երբ հիշում եմ 2019-ս, հիշում եմ շունչս կտրվելու, երջանկությունից սիրտ տրաքելու վայրկյանները, ունեցածիս վրա դողալու ու էդ ապրումը բառացիորեն ապրելու բերկրանքը:
Զ - Զիփլայն
Մի 3 տարի նվվում էի՝ զիփլայնով թռնել եմ ուզում, զիփլայն եմ ուզում... Թռա:


Ենոքավանի բոլոր ճոպաններով թռա՝ բարձր, ցածր, արագ, երկար, ավելի երկար: Ե՞վ, ո՞ւ... Էդ անհետաքրքիր ու թերևս, չ՛էքստրիմ էր իմ համար:
Է - Էքստրիմ
Իսկ հիմա՝ իսկական էքստրիմի մասին, որ հենց Ենոքավանում էր: Կամազով օֆֆ-րոուդ տուր դեպի Ենոքավանի սարեր, 250մ բարձրության վրա Վիա Ֆերրատա բոսոնոժկեքով, որոնք անգամ ասֆալտի վրա էին սղղում, ուր մնաց՝ ժայռին ու 80մ, որ ինձ մի 3 կմ թվաց: Ու վերջում՝ rope park-ը, որում Աբոն ինձ համոզում էր շարժվող ու ճոճվող, սոթ տվող պարանների ու փայտերի վրայով անցնել, ես գոռում էի, որ ի վիճակի չեմ, ինստրուկտորն էլ ծիծաղում էր մինչև էն պահը, երբ Աբոն ասեց, որ եթե անցնեմ՝ էս տարի (2019-ին) կամուսնանանք... Հանուն էդ սուրբ գործի անգամ ինստրուկտորը օգնեց՝ 1 ամբողջ փորձ.. Նա բոլյշեե մենյա նե խվածիլը:
Ը - Ընտանիք/ս/
2019-ի մեծագույն ձեռքբերումս:
Թ - Թուլություն
Թուլություն ամենաուժեղ լինելու իմաստով: Թուլություն համար ամենաուրիշ... Երբ քնի մեջ զգում եմ, որ Արսը մոտեցել, մեջքս է փակում ծածկոցով... քաշում-քաշում, տեսնում է, որ ուսս չի կարողանում ծածկի, խելոք պառկում է կողքիս ու 2 ափով փակում անծածկոց հատվածը: Էդ պահին ես աշխարհի ամենաերջանիկ, ամենաուժեղ մաման էի...

Ժ - Ժպտա
Ժպտա, աղջիկ, տենց սիրուն ա... էս գրաֆֆիտին երևանյան դալաններից մեկում տեսա: 2019-ին ես սովորեցի լիաթոք ժպտալ: Պարզվեց՝ իսկապես տենց սիրուն էր...


Ի - ինչո՞ւ
2019-ից ինձ մնացել է նաև էս հարցը: Ինչո՞ւ: Ու մեծ հաշվով չգիտեմ՝ ես էդ /շատ/ հարցի պատասխանն արդյոք ուզում եմ իմանալ:
Լ-Լինզա
Ինչի ասես որ կգնաս՝ հանուն էէէէէն օրը սիրուն լինելուն… Իմ «ինչին ասես»-ը լինզա դնելն էր: Ամբողջ 2 օր ձգեցի
Խ - Խոսք
Ամբողջ տարի վստահ էի, որ «խանդ» բառն եմ գրելու, բայց...Էնքան հաճախ են ասում, որ կինն ականջներով է սիրում: Ուղղակի միշտ մոռանում են ավելացնել, որ էդ նույն ականջներով էլ սկսում է ատել, օրինակ: Ընդամենը մի խոսքը, մի բառը կարող է աշխարհ նվիրել, ու էլի՝ միայն մի բառով աշխարհազուրկ դարձնել մարդուն: Տարվա ամփոփումս հենց էդ խոսքն էր՝ ամենազօր:
Ծ - Ծաղկեփունջ
Նկարում աաաաաաաաամենաերկար սպասված ծաղկեփունջս է: Աշխարհի ամենաթանկ:


Տեսագրությունում՝ «Ծաղկեփունջ» մեղեդու ներքո պարս...աաաաաաաաամենաերկար սպասված, ամենաանսպասելի, ամենաուրիշ ապրումների...

Կ - Կոնսենսուս
Ընտանեկան կոնսենսուսի «լավագույն» կադրը )))


Բայց դե՝ իրականում սենց

Հ-Հա
Գիտեմ` երևի թե էս այբուբենը կարդացող յուրաքանչյուր մարդ վստահ էր, որ ինչ-ինչ, բայց Հ-ն հաստատ հարսանիքն է լինելու:
Համարյա: Հարսանիքը իր ամեն-ամեն ինչով ասես ուրիշ, ոչ իմ, լրիվ զուգահեռ իրականության հեքիաթ լիներ` աներևակայելի: Բայց էս տարին շատ ուրիշ տարի էր, բոլոր ստանդարտներից դուրս, ու էս տարում Հ տառով հարսանիքը այ էս բառի շարունակությունն էր;
-Հա՞:
-Հա՛:
Ամբողջ տարին էդպես անցավ` միասին սուրճ խմելու` բառերով չբարձրաձայնված առաջարկից մինչև ամուսնության առաջարկ:
-Հա՞:
-Հա:
Առանց ավելորդ, խանգարող բառերի:
Ձ - Ձի
33-ամյա կյանքումս առաջին անգամ 2019-ին ձի հեծնեցի... Երբեք չէի պատկերացնի, որ ձին ա՜յ էդպիսի խաղաղություն է փոխանցում, չէի պատկերացնի, որ ֆիզիկապես կարելի է զգալ էդ խաղաղությունը:


Ղ - Ղարաբաղ
Ամեն տարի որոշում էի. այ հաջորդ տարի անպայման կգնամ, անպայման կտեսնեմ Ղարաբաղը: Կգնամ, կտեսնեմ, ինչպես պիտի տեսնեմ էս, էն ու էն երրորդը: 2019-ի մեր արձակուրդի առաջին կեսը հստակ որոշել էինք Արցախում անցկացնել: Էնքան հստակ, որ անգամ աշխատանքային վերջին օրվա ամենաավարտին չսպասեցինք, գիշերով ճանապարհ ընկանք դեպի Արցախ, Ստեփանակերտ:


Արցախն իմ մեջ ու իմ մոտ չէ` ինձ փոխեց, իմ աշխարհն ու աշխարհաընկալումս:
Ամենանյութական հասկացրեց, որ է՛ս հողի համար ուղղակի հնարավոր չէ, անհնար է, չի կարելի չպայքարել, չկռվել:
Ղարաբաղն ինձ ուրիշ, լրիվ նո՜ր աշխարհ նվիրեց...
Ճ - Ճանապարհ
Էլի, նորից... Բայց... 2019թ-ին մի ճանապարհով եմ անցել, որից հետո երդվեցի՝ էլ երբեք հայաստանյան որևէ ճանապարհի մասին չասել, թե վատն է: Սանահին, ապա` Հաղպատ հասնելուս բազմաժամյա տվայտանքից հետո ինձ էլ ոոոոոոչինչ չի վախեցնի: Դրանից բացի, արձակուրդներս՝ նախահարսանեկան ու հետհարսանեկան ճամփորդությունները, հենց ճանապարհին, ղեկին անցկացրեցի...
Ու պարզվեց՝ լիակատար երջանկության համար ինձ պետք են Աբոն, փոքր բաժակով սև սուրճն ու ճանապարհը...


Մ - Մուննաթի տոպրակ
Գիրքը բերել դիմացս է դրել
-Սա անբարեկիրթ անգիր է
-Հը՞ն...
-Հա, բա նորմա՞լ ա 3-րդ դասարանցուն էսքան անգիր տալ
-Արս, էլի՞ բողոքի գիրքդ բացեցիր:
-Ոչչչ: Մուննաթի տոպրակս:
***
Լավ, բա ես մեղք չեմ? Սենց «անբարեկիրթ» անգիրներ սովորող մուննաթչու կողքին :)))
Յ - Յուրահատուկ
Յուրահատուկ, անմոռանալի, անջնջելի...Ամենաուրիշ 2019:
Ն - Նշանդրեք
Էդ էն օրն էր, որի հաջորդ օրվանից սկսած լսում էի կամ «Բա ե՞րբ եք ամուսնանալու»-ն կամ/ու «Ձեր հարսանիքին ո՜նց ենք քեֆ անելու»-ն


Շ - Շուշի
Նույնիսկ Շուշի չէ, այլ` էնտեղ բարձրացող ճանապարհը...
Մարմինս ակամայից փշաքաղվեց. Ստեփանակերտից Շուշի էինք բարձրանում: Սելավն անգամ չէր խանգարում ոլորանների վրայից ափի մեջ գտնվող Ստեփանակերտը տեսնելուն ու սարսռելուն: Մի բան է, երբ կարդում ես, լսում, էլի, էլի, էլիիի լսում, թե որքան կարևոր էր Շուշիի ազատագրումն, ու մեկ այլ բան, երբ տեսնում ես քո աչքերով: Տեսնում ես ու չես էլ հասցնում մտածել, վերլուծել: Ու պետք էլ չի, որովհետև կա արյան մեջ ներարկված հիշողություն, կա կենսանախադրյալ… Որովհետև էդ պահին էն հողի վրա ես, որի համար կյանք է տված, կյանքեր` զոհած…
Դեպի Շուշի էդ 8կմը ակամայից փշաքաղված անցա, անգամ՝ մեքենան կանգնեցնելով ու անզուսպ հեկեկալով: Շուշին ու Շուշի տանող ճանապարհն իմ բաժին կատարսիսի աղբյուրն էին:


Ո - Ոստիկան
Հին գրառումներիցս մեկն էր վերջերս աչքովս ընկել… Վստահ-վստահ գրել էի. «…Մտածում էի, որ էս աշխարհում չկա, չի եղել ու չի լինի ոստիկանության հետ կապված որեւէ մեկն, ում հանդուրժեմ, չխայթեմ: Էլ ուր մնաց՝ գնահատեմ…»
Շնորհավորում եմ, Գայանե, դու հերոս ես ))) Ընդամենը 10 տարի, ու ի՞նչ հանդուրժել, ի՞նչ չխայթել, ի՞նչ գնահատել… Սիրե՛լ, նվիրվե՛լ, խորանի առաջ ձեռք-ձեռքի տալ ու երկար ճանապարհ ընկնել…
Չ - Չորս
Աբոյի սիրելի թիվն է, իմ՝ մեքենայի համարների… ու առհասարակ, էնպես է ստացվել, որ մեր երկուսի համատեղ կյանքում՝ թե «դո» ու թե՛ «պոսլե» չափազանց շատ հանդիպող ու հատկանշական թիվ է, իր հետ իր հաջողությունը բերող… Համարյա միշտ:
Արսի հետ կինո էինք գնացել: Տոմսերը գնելիս Արսն առաջարկեց ընտրել 5-6րդ տեղերը, ես ընտրեցի 4-5-ը` պայմանով, որ 4ն իմն է…


Եքա դահլիճում էս մի նստարանի նստատեղը չկար…
Պ - Պապա
Ես չգիտեմ՝ այլոց մոտ այլ կերպ լինո՞ւմ է, թե՞ չէ: Ես չգիտեմ՝ դեռ որքա՜ն ժամանակ թարմ ճղված վերքի պես պիտի մրմռա: Ես գիտեմ, որ ի տարբերություն նախորդ բոլոր 6 տարիների՝ 2019-ին օրեր ապրեցի, որ ոռնալ էի ուզում պապայի բացակայության մտքից: Կյանքի՝ իմ բաժին անարդարությունը, որ ամենաերջանիկ պահերին պապան կողքիս չէր, որ էդ պահերին չասեց «Բալե՜ս»: Բայց մյուս կողմից՝ էնքան սուր էի զգում իր հեռակա ներկայությունը, որ հեչ հեռու չէր՝ սրտումս տաք-տաք… Պապ, ես քեզ աննկարագրելի կարոտել եմ
Ջ - Ջվարի
«Մծիրին» կարդացած ցանկացած մարդ երևի թե անհնար է, որ չձգտի Ջվարի; Քանի-քանի տարի գնում եմ/ենք Վրաստան, երբեք չէր հաջողվել էնտեղ հասնել. մեկ աստված գիտի ինչից էինք ուշանում, մեկ եղանակը մի բան չէր, մեկ էլի եսիմ ինչ…
Հետհարսանեկան մեր ճամփորդության ընթացքում հոգևոր հանգստության ետևից՝ հասանք նաև Ջվարի…


Ռ - Ռաֆայել Հարությունյան
Ձյաձ Ռաֆոն :) ֆամիլյառնը, զնայու )))
2019-ը եզակի տարի էր, որ որևէ օր որևէ պարբերականի համար չեմ աշխատել, բայց էս տարի մասնագիտական նպատակներիցս մեկը կատարվեց. զրույց աշխարհահռչակ մարզիչ Ռաֆայել Հարությունյանի հետ:


Ս - Սիղնաղի
Սիրո քաղաք… Չափազանց անսպասելի ստացվեց էնտեղ գնալը, չափազանց մերավարի ու չափազանց սիմվոլիկ...
Երբ հարսանիքից ընդամենը 1 օր հետո առավոտյան 5-ին Թբիլիսիում ես, դեռ տուն չես վարձել ու առանձնապես ծրագրեր էլ չունես վերջին ամսվա խելահեղ մարաթոնից հանգստանալուց բացի, միակ տարբերակը մեքենայով մի քիչ պտտվելն է՝ մինչ քաղաքն արթնանա…Ու հընթացս մեկ էլ՝ «Գայ, իսկ էդ ասածդ Սիղնաղին հեռո՞ւ է…»…
Էնքան հանգստություն, որքան էդտեղ գտանք, թերևս միայն Ստեփանակերտում էինք ապրել...Էն տարբերությամբ, որ Ստեփանակերտն ապրող քաղաք է, իսկ Սիղնաղին… Սիղնաղիում օրերի, ժամերի, ապրումների հաշվարկը բացարձակ այլ համակարգ ուներ...Սիղնաղին մենք վայելեցինք ժամանակային բոլոր հաշվարկներից դուրս:
Վ - Վթար
Ու էնքան սարսափելի չէր վթարը, որքան դրան հաջորդող 2-ից ավել ամիսը, ես հասկացա, որ ֆեյսափփն ինձ հեչ պետք չէր՝ ծերանալու համար, մեքենայիս դզող-փչողը լրի՜վ բոլ էր:
Տ - Տիեզերական խաղաղություն
Ոչ ավել-ոչ պակաս: 2019-ս այ էդ՝ տիեզերական խաղաղությունը վայելելու տարին էր՝ Հայրավանքից Գեղարդավանք, Տեղերից՝ Ազատանի Սբ, Ստեփանիոս, Հաղպատից՝ Ջվարի, ոստիկանության հոսպիտալից մինչև Երևանի կորած-մոլորած ծակուծուկներում: Երբ հոգիդ ծովի պես չէր փոթորկվում, երբ ուղղակի վայելում էիր կյանքդ:
Ր-Րոպե
Անհավանական է, բայց փաստ. Րոպե:
2019-ին րոպեներ ապրեցի, որ վերհիշելիս, վերապրելիս առաջին բանը, որ մտքովս անցնում է, «Գայանե, երանի՜ քեզ»-ն է… Ու հա, Գայանե, երանի քեզ, որ էս րոպեներն ապրեցիր...


Ց - Ցնցուղ
Սառը, տաք… Չգիտեմ որը, բայց ցնցուղ… 2019-ի իրադարձությունները ցնցուղի պես էին. Միշտ անսպասելի, միշտ՝ էդ րոպեին շշմեցնող...
Ու - ուսում
Անցած տարին էն տարին էր, որում ոչ ամբողջ 24 ժամվա ընթացքում 2 տարբեր դպրոցների ընդունող հանձնաժողովներից նամակ ես ստանում` «Հաղթահարելով բազմափուլ ընդունելությունը՝ Դուք ընդունվել եք»-ից մինչև «...с сожалением вынуждены сообщить, что Ваша заявка на участие в летней школе журналистики не была утверждена…» ու չես էլ իմանում` իրականում որն է ավելի մոտիվացնող:
Փ - Փքաբլիթ
Նու իրականում ոչ թե փքաբլիթ /զզզզ/, այլ՝ դոնաթս… Սոված, ծարավ, ահագին հոգնած վերջին օրերին մի 1000+կմ քշելուց, անտանելի գլխացավով անծայրածիր թվացող ճանապարհին… ու մեկ էլ՝ «Իսկ արի դոնաթս առնենք; ու սուրճ: Դրանից առաջ էլ, հետո էլ եղել են, բայց էդ օրվա դոնաթսը ճանապարհի ու ազատության համն ուներ: Անմոռանալի:


Ք - Քաղաքական դպրոց
Էլի՝ 2019-իս անսպասելի երեսը: Ինչո՛ւ մտքովս անցավ՝ էդ պահին էդպես էլ չհասկացա: Էդ հետո է գալիս թե՛ ընկալումը, թե՛ ընկալման ու մոտիվացիայի բառային ձևակերպումը: Ու վայ էն մտքին, որ ինձ հյուր է գալիս: Որոշել եմ՝ անում եմ:  2019թ-ի մայիսից հոկտեմբեր «Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի» 4-րդ հոսքի ուսանող էի: Էնքան մարդ է հարցնում. «Հա լավ, քեզ ինչ տվեց էդ քաղաքական դպրոցը»: Ըմմմ… Էն որ ասում են՝ կյանքում կարևորը գիտելիքն է, մարդիկ միիիի քիչ կեղծավորություն են անում /իմ ուզած բառը չէ՝ лукавят/… Գիտելիքը միայնակ ոչինչ է, եթե չկան մարդիկ: Ու գուցե դպրոցն ինձ մարդկանց «չտվեց», բայց ես հո «բացահայտեցի» )))


Ու առհասարակ՝ էդ մի լեվելն էլ անցա...
Եվ - և
Գիտե՞ք ինչու եմ սիրում այբուբենիս «և» տառը… հնարավորություն է տալիս արտահայտել էն բոլոր մտքերը, որոնք որևէ տառի չկարողացա կցել: Իմ Կարինեն միշտ ասում էր. «Բաց թող. եթե քոնն է՝ քեզ կգա»… 2019թ ես մտա էդ մտքերով, կյանքիս 32 տարիների ընթացքում առաջին անգամ հստակ բաց թողնելով, հաշտվելով բաց թողնելու մտքի հետ: Սովորեցի ու պատրաստ եղա սիրել ինձանից անջատ… Որովհետև սիրել՝ նշանակում է տալ:
Զգալ, ապրել, թրթռալ... ու տալ: Զգացածդ, ապրածդ, թրթռածդ... Նաև ապագայի՝ զգալիքդ ու ապրելիքդ...Տալ..առանց դիմացը որևէ բան ակնկալելու:
Ու բաց թողնել:
Եկավ:

Օ - Օձ
Սրեդնի ռոդ եմ Արսենին բացատրում: Պիտի նախադասություն կազմի, մեկ էլ ոչ տարավ-ոչ բերեց` ընտրեց змея բառը:
-Այ բալա, զմեյա-ն ժենսկի ռոդ ա ախր…
-Մաաաաաաամ… սաղ օձերը աղջի՞կ են
***
Էհհհհ… Խախանդ ապրում էինք մեր համար:
Ֆ - Ֆի-զի-կա-պես
2019թ-ին ամեն-ամեն ինչ ես ապրել եմ ֆիզիկապես: Ֆանտաստիկ բան է՝ երջանկությունը, կարոտը, խախանդությունը ֆիզիկապես զգալը: Ֆանտաստիկ՝ աննկարագրելի:

Ու...որ Աստված շատ չհամարի:

տեսած, այբուբեն, անձնական, ապրած

Previous post Next post
Up