«Արիական գեների» վերաբերյալ տուրուդմփոցի շուրջ...

Jun 15, 2011 17:31


Շատ լավ հասկանալով պատմագիտության, մարդաբանության ու կենսաբանության տեսակետներից որոշ ազգայնականների հայտարարությունների, մեղմ ասած, ծիծաղելի լինելն՝ այնուամենայնիվ ասեմ, որ այս ամենում կա նաև հոգեբանության կարևոր տարր, որը հաշվի չեն առնում պատմագետներն ու կենսաբանները, քանի որ այն լրիվ այլ հարթությունում է գտնվում։

Մարդը հակում ունի խմբավորվելու։ Սա բնական գործընթաց է։ Իր ընտրությունն արդարացնելու համար մարդը սկսում է վերագրել իր խմբին որոշ դրական հատկություններ, իր խմբի գործողությունները փորձում է արդարացնել վեհ նպատակներով, իսկ հակառակորդ խմբին ընդհակառակը փորձում է «փչացնել»։

Խաղաղ պայմաններում սա կարող է ծիծաղելի թվալ, բայց, օրինակ՝ կռվի թեժ պահին «մենք սպիտակ ենք, իրենք՝ սև ու վայրենի ասիական ցեղ» գիտակցությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ։ Այն կարող է դառնալ դիրքը կյանքի գնով պահելու ու դիրքից նահանջելու միջև եղած միակ տարբերությունը։

Էլ չասեմ, որ եթե «լավ խմբին» կամ «վատ խմբին» պատկանելիությունը ապացուցվի գենետիկ հետազոտություններով, ապա դա ցանկացած հանրության համար հոգեբանական շատ ուժեղ հարված կամ ընդհակառակը ոգեշնչող գործոն կարող է դառնալ։ Եթե ուրիշի տարածքի անվանումը յուրացնելով միայն՝ մարդիկ նոր ազգ են ստեղծում ու սկսում լուրջ պահանջներ ներկայացնել հին տերերին, ապա պատկերացրեք ինչերի կարելի է հասնել գենետիկ (արյունակցական) խաղաքարտը շահարկելով։

Մի խոսքով, ամեն ինչ այնքան միանշանակ չէ, ինչքան կարող է թվալ պատմաբանի կամ կենսաբանի առաջին հայացքից ;)

Ընկերանալ Ֆշտուկ


ազգային ինքնություն, հայեր, պատմություն, հոգեբանություն

Previous post Next post
Up