Հմուտ կառավարիչն ու տրամաբանությունը

Apr 19, 2011 14:38


Մեր քաղաքապետին գովազդելուց, ինչպես երևի հիշում եք, նկարագրում էին որպես հմուտ կառավարիչ։

Ըստ իս, հմուտ կառավարումը ենթադրում է կառավարողի կողմից արվող քայլերի որոշակի տրամաբանություն։ Սակայն քաղաքապետի վերջին «մանկապարտեզային» արկածախնդրությունը լուրջ կասկածներ է հարուցում գոնե տարրական տրամաբանական հմտություններին տիրապետելուն...

Ինչպես գիտեք, «առավոտյան խցանումների դեմ պայքարի» պատրվակով, քաղաքապետի բանավոր հրամանի հիման վրա «Կենտրոն» համայնքի մանկապարտեզներում արգելվում է ժամը 8:30-ից հետո երեխա ընդունել։ Եւ սա այն դեպքում, որ կան ծնողների հետ կնքված պայմանագրեր, որոնցում նշված է 9:30-ը։

Քաղաքապետի այդ որոշման ջատագովները պնդում են, որ քաղաքապետը փորձում է մեր «անկարգ» ժողովրդին կարգ ու կանոն սովորեցնել։

Անտրամաբանական է։

Նախ՝ եթե կան պայմանագրեր, ապա իր բանավոր հրահանգը որևէ օրինական ուժ չունի։

Երկրորդը՝ միակողմանի ձևով պայմանագրի պայմանները փոխելը հանդիսանում է օրենքի՝ ըստ այդմ նաև կարգ ու կանոնի կոպիտ խախտում։ Հենց այն կարգ ու կանոնի, որն իբր փորձում է հաստատել «հմուտ կառավարիչ» Կարեն Կարապետյանը։

Էլ չասենք այն մասին, որ քաղաքապետի իրավասության մեջ չի մտնում որոշելը, թե քաղաքացիները երբ պիտի արթնանան։

* * *

Վերջերս արդեն հիշատակել էի նոր քաղաքապետի՝ «կարգ ու կանոն հաստատելու» տեսանկյունից անտրամաբանական մեկ այլ գործողությունը։ Երեսպաշտություն է մեղադրել ժողովրդին, թե օրենք չենք հարգում, քանզի հենց այսպիսի «հմուտ կառավարիչներն» են իրենց գործողություններով սերմանում օրենքի նկատմամբ արհամարհանքը ժողովրդի մեջ։

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, 2011, հայաստանի առեւտրական հանրապետություն

Previous post Next post
Up