Մեղուների իրավական կարգավիճակի մասին

Jan 15, 2011 10:10


ԱԺ կայքում լրիվ պատահաբար գտա Հայաստանի Հանրապետության օրենքը մեղվաբուծության մասին։ Օրենքն ընդունվել է 2009 թ. մարտին։

Նախ՝ զարմացա։ Հարց ծագեց, թե այդ ի՞նչ մի կարևոր թեմա է, որ հատուկ օրենք պահանջի։ Անկախության 18 տարիների ընթացքում մեղուներն ու մեղվապահներն ինչպե՞ս են յոլա գնացել առանց իրենց նվիրված օրենքի։ Ասենք՝ հետևյալը կարդալիս մտքներովդ ի՞նչ է անցնում. «Սույն օրենքը կարգավորում է մեղվաբուծության բնագավառի կառավարման ... գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար այդ մեղուների օգտագործման ... իրավական հիմքերը»։

Հետո սկսեցի հոդվածները կարդալ։ Որոշ օգտակար կետեր նկատեցի, թեպետ և համոզված եմ, որ այդ հարցերը կարելի էր ուղղակի կառավարության կամ նույնիսկ գյուղնախարարության որոշման մակարդակով լուծել։ Օրինակ՝ «ճանապարհային ոստիկանությանը արգելվում է մեղվի փեթակներ տեղափոխող տրանսպորտային միջոցները 15 րոպեից ավել կանգնեցնել», քանի որ գերտաքացման ու օդի խոնավության ռեժիմի փոփոխության պատճառով մեղվընտանիքները կարող են ոչնչանալ։ Կամ, պահանջվում է մեղվանոցները տեղադրել հասարակական վայրերից որոշ հեռավորության վրա, որպեսզի մեղուները վտանգ չներկայացնեն մարդկանց համար։

Կան և տարօրինակ կետեր, օրինակ՝ «Տարվա ընթացքում մեղվաբույծը պարբերաբար ստուգում է մեղվաընտանիքները, գնահատում դրանց առողջական վիճակը եւ հիվանդությունների առկայության կամ կասկածի դեպքերում վերցնում համապատասխան նմուշներ` լաբորատոր հետազոտությունների համար»։ Տարօրինակ է, որովհետև ոչ մի բան չի ասվում այն մասին, թե ինչպես է ստուգվում մեղվաբույծի կողմից այդ պահանջների կատարումը։ Նույն հաջողությամբ կարելի է օրենք ընդունել, որ «... ամեն մարդ երեկոյան քնելուց առաջ ատամները լվանում է»։ Խոսվում է ինչ-որ «լիազոր մարմնի» մասին, բայց բացարձակապես հասկանալի չէ, թե դա ինչ է։

Հետո մի հետաքրքիր կետ էլ «ամերիկյան փտախտի հետ կապված սահմանափակումներում գտնվող տարածքներից» մեղուների մասին։ Ադիկա որո՞նք են։

Ամենամեծ հարցն, այնուամենայնիվ, հետևյալն է. ինչո՞ւ հանկարծ պահանջվեց մեղվաբուծության հարցերով հատուկ պետական օրենք ընդունել։ Չեմ ասում վատ է, սխալ է, բայց չեմ հասկանում անհրաժեշտությունը։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել։

* * *

Ազգային Ժողովը օրենքներ է, որ ընդունում է։ Շարքային քաղաքացին ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէ հետևել այդ բոլոր օրենքներին, դրանց մեջ կատարվող փոփոխություններին, էլ չասեմ պատշաճ կարգով վերլուծել դրանք՝ հասկանալու համար, թե արդյո՞ք այդ օրենքներն իսկապես պետք են։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ զուտ առանձին խմբերի շահերը չեն առաջ տանում՝ ոտնահարելով նույն շարքային քաղաքացու շահը։

Տոներից առաջ կառավարության լկտի քայլը, երբ հարյուրից ավելի օրենսդրական առաջարկներ փորձեցին մեկ փաթեթով շփ-թփ վավերացնել, ապացուցում է, որ առաջին հայացքից անհասկանալի օրենքները «գյոզերով» անցկացնողները հաստատ շահագրգռված չեն, որպեսզի ազգը տեղյակ լինի դրանց մանրամասներից։ Ընդհանրապես, վռազացնելն ու անիմաստ աժիոտաժ ստեղծելը բավականին ստույգ նշան է, որ ձեզ փորձում են խաբել։

Ընկերանալ Ֆշտուկ


հայաստանի առեւտրական հանրապետություն

Previous post Next post
Up