Քաղաքակրթական վազք տեղում

Jun 11, 2010 17:13


«Գրանտակերություն», «գրանտակերներ» ու հասարակական կազմակերպություններին վերաբերող այլ նմանատիպ եզրեր շատ են շրջանառվում։ Այդ բացասական վերաբերմունքը հիմնականում ուղղված է արտասահմանյան դրամաշնորհներով աշխատող, օտար երկրների կամ արտասահմանյան կազմակերպությունների շահերը Հայաստանում առաջ տանող, «երկիրը քանդող» կազմակերպություններին։ Երբեմն նույնիսկ ասվում է. «Այնինչ ՀԿ-ում է աշխատում, բայց մեծ հայրենասեր է» կամ էլ. «ՀԿ է, բայց վնասակար բաներ չեն անում...»

* * *

Չեմ պատրաստվում հիմա քննարկել, թե կոնկրետ որ ՀԿ-ն ինչ է անում։ Բայց համոզված եմ, որ քչերը կվիճեն հետս, եթե պնդեմ, որ ՀԿ-ների մեծ մասը զբաղված են անիմաստ ծրագրերի իրականացմամբ՝ այնքան է, որ գումար լինի։ Չունեն իրական նպատակներ, սկզբունքներ՝ այսօր կպայքարեն կանանց իրավունքների համար, վաղը՝ դեմոկրատիայի կառուցման, վաղը չէ մյուս օրը, եթե Թալիբանը սկսի դրամաշնորհներ բաժանել, առանց մի պահ իսկ երկմտելու, կսկսեն շարիաթը գովաբանել։ Ընդ որում, նույն կազմակերպությունը մեկ օր քննադատում է իշխանություններին, հաջորդ օրը նույն իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված համատեղ ծրագրեր իրագործում։ Գրանտին մուննաթ...

* * *

Մի կողմ դնենք և´ «ազգակործան», և´ «ազգանպաստ» ՀԿ-ները։ Նայենք այս «չեզոք» ՀԿ-ներին, որ այստեղից-այնտեղից դրամաշնորհներ հայթայթելով՝ ընդհանուր առմամբ անվնաս ծրագրերով են զբաղվում։ Ինչպես ասում են. «տուն են պահում»։ Արդյո՞ք իսկապես անվնաս են դրանք։ Ըստ իս. վնաս կա։ Դժվար է ստույգ հաշվարկել օգուտն է շատ թե վնասը, բայց այդ վնասի մասին երբեք չենք մտածում։ Փաստորեն՝ մենք ունենք շատ ակտիվ, լավ կրթված, հիմնականում երիտասարդ տարիքի մարդկանց մի մեծ խավ, որոնք... որևէ բան չեն ստեղծում։ Մասնակցում են հարյուրավոր ու հազարավոր սեմինարների, «թրեյնինգների», գիտաժողովների, գործուղվում են տարբեր երկրներ, «աշխարհ տեսնում»... ու ամբողջ կյանքն այդպես անցկացնում։

Մի քանի տարի առաջ ազգականներիցս մեկը գիտահետազոտական մի ծրագրի էր մասնակցում։ ԽՍՀՄ տարիներին քիմիկոս էր, աշխատել էր նաև ռազմական ոլորտում։ ՆԱՏՈ-ն իրեն և իր պես այլ մասնագետներին մի քանի տարի հատուկ դրամաշնորհներ էր տալիս երրորդական կարևորություն ունեցող ինչ-որ հարցերով զբաղվելու համար, միայն թե այդ մարդիկ ռազմական ոլորտի հետազոտությունների չմասնակցեն։ Ու սա բացեիբաց էր ասվում. «Առե´ք էս երկու կոպեկը, ինչ ուզում եք արեք, բայց հանկարծ լուրջ բան չանեք»։ Նույնիսկ ամերիկյան մամուլում ՆԱՏՈ-ի այդ ծրագրի մասին հոդված տեսա անցած տարի, ուր էլի անթաքույց կերպով նշվում էր ծրագրի իրական նպատակը։

Այսինքն, դրամաշնորհային այս համակարգերը ուղղված են արգելակելու Հայաստանի պես երկրների զարգացումը։ Հազարավոր երիտասարդ մասնագետներ, որոնք կարող էին իրենց էներգիան ուղղեին լուրջ և իրական խնդիրներ լուծելուն թե´ գիտության ոլորտում, թե´ քաղաքականության մեջ, թե´ մշակույթի ոլորտում, զբաղված են ուղղակի ժամանակ սպանելով։ Որովհետև իրենց օրվա հացը միայն այդպես կարող են վաստակել։
Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած։ 30Եսաւն ասաց Յակոբին. «Այդ կարմրաւուն ապուրից տուր ուտեմ, որովհետեւ քաղցից թուլացած եմ» (դրա համար էլ նրան Եդոմ կոչեցին)։ 31Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»։ 32Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»։ 33Յակոբն ասաց նրան. «Հէնց այսօր երդուի՛ր ինձ»։ Եւ նա երդուեց նրան։ Եսաւն իր անդրանկութիւնը վաճառեց Յակոբին, 34իսկ Յակոբը Եսաւին տուեց հաց ու ոսպապուր։ Սա կերաւ, խմեց ու վեր կացաւ գնաց։ Այսպիսով Եսաւն արհամարհեց իր անդրանկութիւնը։

Ի դեպ, Քլիֆֆորդ Սայմակի չքնաղ մի պատվածք էլ հիշեցի։ Կարճ է, 5-6 րոպեում կկարդաք. Изгородь. Մի քիչ այլ բանի մասին է, բայց մեր իրականության հետ զուգահեռներ անցկացնել կարելի է։

Ընկերանալ Ֆշտուկ


հայաստանի առեւտրական հանրապետություն, հայք

Previous post Next post
Up