Ակադեմյա ջան...

May 25, 2009 16:13

Հիշո՞ւմ եք արևմտյան հայագիտության հասցեին վերջերս հնչած մեղադրանքները։ Արդյունքում մեր Գիտությունների Ակադեմիա կոչվածը հանձնարել էր մի խումբ մասնագետների ուսումնասիրել ու գնահատական տալ Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած ու Հայաստանի պատմությանը նվիրված երկհատորյակին, որն Արևմուտքում որպես դասագիրք է օգտագործվում։ Եթե չեմ սխալվում, դեռ մարտի 20-ին պետք է այդ գնահատականը հրապարակվեր։ Բայց չհրապարակվեց։ Չհրապարակվեց, մինչև Ռիչարդը չեկավ-չհասավ, իր հեղինակությունը փրկելու։

myheartsmirror-ը իր օրագրում տեղադրել է այդ կապակցությամբ ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած նիստի սղագրությունը... Արժե այն ամբողջությամբ կարդալ, ես միայն մի քանի մեջբերում անել։

Ընդհանրապես արևմտյան գիտնականները սիրում են մեղադրել հետխորհրդային տարածքի իրենց կոլլեգաներին «խորհրդակայնության», քննադատության նկատմամբ անհանդուրժողականության, կարծիքն ազատ արտահայտելուն խոչնդոտելու ու էլ եսիմ ինչ սարսափելի մեղքերի մեջ։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են իրենց դրսևորում արևմտյան «ազատամիտ» դպրոցի կարկառուն ներկայացուցիչ Ռիչարդ Հովհաննիսյանը և իր անվճար (՞) դատապաշտպանի դեր ստանձնած ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի նախագահ, ակադեմիկոս Վլադիրմիր Բարխուդարյանը, երբ խոսք գնաց Հովհաննիսյանի կազմած գիրքը քննարկելու մասին...

Նիստը բացեց Վլ. Բարխուդարյանը: Սկզբում նա հումանիտար բաժանմունքի անդամներին առաջարկեց քուեարկությամբ որոշել նիստը բա՞ց անցկացնել, թե՞ փակ: Այս հարցադրումը վրդովմունք առաջացրեց ներկաների մեծ մասի մոտ: Այդուհանդերձ, Բարխուդարյանն իրենը պնդեց: Բաց քվեարկությամբ (7 կողմ եւ 3 դեմ) որոշվեց նիստը բաց անցկացնել: Բարխուդարյանը այնուհետեւ խստորեն սահմանեց, թե նիստին խոսք ասելու իրավունք ունեն միայն հումանիտար բաժանմունքի անդամներն ու «արտասահմանից եկած ընկերները» (?!). մյուսները կարող են առանց նիստը խանգարելու ներկա լինել դիտորդի կարգավիճակով:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Արամ Սիմոնյանը տեղից պահանջեց կարդալ հիշյալ երկհատորյակի մասին հումանիտար բաժանմունքի օրեր առաջ ընդունած «որոշումը եւ ոչ թե կարծիքը»: Բարխուդարյանը հակաճառեց, թե ընդունվածը որոշում չէ, այլ` կարծիք: Սկսվեց բուռն բանավեճ Բարխուդարյանի եւ Սիմոնյանի միջեւ: Սիմոնյանը հստակեցրեց, թե իրենք որոշում են ընդունել` թեկուզ դա «կարծիք» վերնագրված լինի: ... Նա նորից պահանջեց այս նիստին հրապարակել որոշման վերջնական, վերախմբագրված շարադրանքը: Վլ. Բարխուդարյանը, բորբոքված, բռունցքը խփում էր սեղանին, ինչի համար Արամ Սիմոնյանը երկիցս նրան խորհուրդ տվեց այդպես չանել, քանի որ «վախեցող չկա, ոչ էլ այդ բռունցքի հարվածներից իր տակն է լցնում վախից»… Ռիչարդ Հովհաննիսյանը տեղից հայտնեց, որ դա հրապարակելը ճիշտ չէ, քանի որ «այդ քվեարկությունը սխալ տեղեկություններու վրա ընդունվեցավ»:

Ռ. Հովհաննիսյանն արեց մի հայտարարություն-զգուշացում, որը մի քանի անգամ կրկնելու էր նիստի հետագա ընթացքում. «Հետեւյալ վտանգը կա. եթե դուք այս գիրքը քննարկելով հանեք հայտարարություն եւ կարծիք, ուրեմն քաջալերած կըլլաք այդ պորովոկատորներուն, եւ ասկե ետո որեւէ մարդ կրնա ձեզի դիմել եւ որեւէ գիրքի համար նման բան պահանջել ձեզմե, իսկ եթե ատիկա չընեք` կրնաք դավաճան կոչվիլ»:

Փաստորեն, ըստ Ռ. Հովհաննիսյանի, գիտական գիրք քննարկելն այնթույլատրելի է?!

Ռ. Հովհաննիսյանն զգուշացրեց. «Այս քայլը որ դուք առնեք, վտանգավոր է, քանի որ նախընթաց կստեղծվի, որով դուռը կբանաք որեւէ գիրքի քննարկման համար, մանավանդ եթե ատիկա ՀՀի նախագահի, ակադեմիայի նախագահի, սփյուռքի նախարարի եւ այդպիսի կողմերե գա:

Տեղից վեր կենալով, Վլ. Բարխուդարյանն ասաց. «ԱՄՆում գիրք են հրատարակել: Միթե՞ գիտական էթիկա է, որ կարծիք հայտնենք նրա նկատմամբ: Սա բաժանմունքի ընկերները պետք է հստակեցնեն»:

Ժողովուրդ, խորացեք. ըստ Բարխուդարյանի ԱՄՆ-ում տպված գրքի վերաբերյալ կարծիք հայտնելը գիտական էթիկայից դուրս է!!! Արդյո՞ք հիմա պարզ չէ, թե ինչու է մեր գիտությունը այսպիսի ողորմելի վիճակում գտնվում։

հայաստանի առեւտրական հանրապետություն, հայք, ուղեղի թռչնագրիպ, քարոզչություն, պատմություն, անասնապատում

Previous post Next post
Up