Սառնարանում պահած ցեղասպանությունն ու թուրքերը

Mar 02, 2007 11:56


Անցած շաբաթ ներկա էի նախկին մի դիվանագետի հետ հանդիպման։ Հանդիպումը բավականին նեղ շրջանակով էր, կազմակերպիչներն էլ խնդրեցին իրենց հաստատության անունը չհիշատակել, այդ պատճառով ավելին բացահայտել չեմ կարող։

Ինչեւէ, դիվանագետը մի հետաքրքիր դրվագ պատմեց։ 90-ականների կեսերին տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ։ Այս հանդիպումներից մեկի ժամանակ (1996, Բուխարեստ), հայկական կողմը հետեւյալ հարցադրումն է արել. «Եթե մենք հրաժարվենք ցեղասպանության ճանաչմանը ուղղված գործողություններից, կբացի արդյո՞ք Թուրքիան սահմանը»

Թուրքերի պատասխանը հետեւյալն էր. «Դուք հիմա թույլ եք եւ պատրաստ եք ցեղասպանության հարցը դնել սառնարան, միայն թե սահմանը բացվի։ Սահմանը բացելուց հետո դուք կուժեղանաք ու նորից այդ հարցը սառնարանից կհանեք»։

Չեմ կարծում, որ այս պատասխանը որեւէ մեկին զարմացրեց։ Հայերի մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան Հայքի թշնամին է։ Սակայն այս դրվագը բնութագրում է շատ կարեւոր մեկ այլ բան, այն է՝ Թուրքիան ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել։ Որովհետեւ վերը բերվածի նման թշնամանքի արտահայտումը թույլատրելի է միայն եւ միայն այն ախոյանի նկատմամբ, որին հաստատ մտադրված ես ոչնչացնել մոտակա ժամանակ, ու հարյուր տոկոսով համոզված ես, որ ի վիճակի կլինես դա անել։

Նաեւ մեկ այլ հետաքրքիր հարց է ծագում. ինչո՞ւ են ՀՀՇ-ականները՝ լինելով քաջատեղյակ այս իրավիճակից, այնուամենայնիվ ժողովրդին հեքիաթներ հրամցնում Թուրքիայի հետ հաշտվելու հնարավորության մասին, փորձում հայության մեջ մեղքի բարդույթ առաջացնել, թե իբր հենց մեր՝ հայերիս համառության պատճառով է, որ բարեհոգի թուրքերը մեզ այդքան չեն սիրում։ Նույն հարցը կարելի է ուղղել բազմաթիվ ամերիկյան, բրիտանական ու եւրոպական կազմակերպություններին, որոնք աշխուժորեն զբաղվում են «հաշտեցմամբ»՝ իրականում հայության մեջ ոչնչացնում դիմադրելու կամքը։

Ընկերանալ Ֆշտուկ


թուրքիա, քարոզչություն, հայաստան, հայ-թուրքական հակամարտություն

Previous post Next post
Up