Մենք ենք, մեր կապերը

Jan 10, 2014 13:37


Social Isolation and New Technology - 2009 թվականի զեկույց է, բայց ինչևէ... Պնդում են, որ շփումը համացանցով չի խորացնում սոցիալական մեկուսացումը, ընդհակառակը կապերը դարձնում է ավելի բազմազան, և անհատի սոցիալական ցանցերն էլ շատանում են։ Բայց...

... իմ կարծիքով, այդքան էլ այդպես չէ. նախ՝ սոցցանցերի կապերը [եթե, իհարկե, իրական կյանքում կապերի արտացոլում չեն], ուղղակի չեն կարող լինել ուժեղ կապեր, որովհետև եթե մեկ ամսով սոցցանցից դուրս գաք, ապա այդ կապերը գրեթե լրիվ կանհայտանան, ինչում համացանցում ակտիվ գործունեության վերջին տասնհինգ տարում հազար անգամ համոզվել եմ։

Երկրորդը. այսօր քաղաքներում մի սերունդ է մեծացել-մեծանում, որը երբեք բակում չի խաղացել, կռիվ չի արել, ով չգիտի «մանկության ընկեր» ասվածը, այսինքն զրկված է «ուժեղ կապերի» (առաջներում «բնատուր») մի հսկայական սեգմենտից։

Երրորդը. այսօր քաղաքում մեծերի մոտ էլ իրական կյանքի ուժեղ կապերը թուլացել են. օրինակ՝ հին հարևանների մեծ մասը գնացել է, եկել են նոր մարդիկ, որոնք արդեն նոր մոտեցումներ ունեն և չեն շտապում բոլորի հետ ծանոթանալ։ Մեր շքամուտքում վերջին 10 տարում ծանոթ հարևաններից մի ընտանիք է մնացել միայն։ Եթե առաջ Ամանորին միջինը 5-6 տուն էինք այցելում ու մի էդքան էլ «այց» ընդունում, տարեցտարի այդ թիվը նվազում է։ Ավելի քիչ ծնունդների ենք գնում, կնունքների, էլ չասեմ. ուղղակի գնաս ինչ-որ մեկի տուն, նստես, զրուցես... Լավագույն դեպքում սրճարանում ես հանդիպում [իսկ տուն գնալու դեպքում շփվում էիր ոչ միայն մարդու հետ, այլ իր ընտանիքի անդամների հետ, երբեմն էլ՝ պատահմամբ հյուր եկած այլ ծանոթների հետ]։

Նկարագրածս, բնականաբար, համացանցի հետևանք չէ, համացանցն այդ երևույթը ստեղծող գործոններից մեկն է միայն։

Փաստորեն՝ առաջվա «ուժեղ կապերի» թվից գրեթե լրիվ դուրս են եկել հարևանները / բակային ընկերները...

Չորրորդը. տարրական / միջին / ավագ դպրոց համակարգը նույնպես ուժեղ կապերին հարված հասցնող է. մի զգալի մաս նույն տարրական դասարաններում սովորելուց հետո գնում է տարբեր միջին դպրոցներ, միջին դպրոցներից էլ՝ տարբեր ավագ դպրոցներ։ Այսինքն մի կողմից շատանում են թույլ կապերը (շփման ավելի մեծ շրջանակի շնորհիվ), մյուս կողմից՝ ուժեղ կապերը թուլանում են առաջվա «10 տարի միասին սովորել ենք» բանաձևի համեմատ։

Հ.Գ. Այս գրառումն արել էի Ֆեյսբուքի Գիտական ակումբ խմբում, որոշեցի այստեղ էլ տեղադրել, որպեսզի հեշտ լինի գտնելն անհրաժեշտության դեպքում։ Քննարկման ժամանակ մի ուշագրավ մեկնաբանություն էլ եղավ.
Հարազատների, հասակակիցների, դպրոցական, ուսանողական, բանակային ընկերների ընթացիկ և տարիներ հետո շարունակվող կապը սկսեց թուլանալ դեռևս անցյալ դարի վաթսունական թվականներից, երբ հայնվեցին հեռուստացույցները:

Շատ հետաքրքիր է, որ երբևէ չէի մտածել այդ մասին, քանի որ ծնվել եմ արդեն «հեռուստատեսային դարում», այնպես որ մինչև-ն ու հետո-ն համեմատելու հնարավորություն չեմ ունեցել։ Իսկապես որ, հիշելով մանկությունս՝ կարող եմ հաստատել, որ նույնիսկ ԽՍՀՄ բավականին միապաղաղ հեռուստաեթերը օրական միջինը մեկ-երկու ժամ մեր կյանքից վերցնում էր, թեպետ և դիտումների մի զգալի մասը ընտանիքով էր։

Հ.Հ.Գ. Սոցցանցերի, «ուժեղ» և «թույլ» կապերի մասին ավելի մանրամասն. Small Change: Why the revolution will not be tweeted.

Ընկերանալ Ֆշտուկ


social networks, մենք, tv, համացանց

Previous post Next post
Up