Սահմանամերձ գյուղը և մենք

Oct 28, 2013 22:24


Ուրբաթ օրը լրագրողներ էինք տարել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղ։ Տեղացիներն ասում են «սահմանապահ գյուղ», որովհետև ինքը հենց տեղով սահման է (էսա ֆոտոներով կտեսնեք)։ Հայաստանում հակառակորդի դիրքերին Բերքաբերից ավելի մոտ միայն մեկ գյուղ կա, Այգեպարն է, էլի Տավուշի մարզում։

Այցից մի քանի օր առաջ բոլոր ցանկացողների համար երկժամանոց սեմինար ասեմ, դասընթաց ասեմ, մի խոսքով, միջոցառում արեցինք, ծանոթացրեցինք ընդհանուր իրավիճակի հետ, պատմեցինք անվտանգության և սոցիալական խնդիրների մասին։ Խոսեցինք այսպիսի թեմաների լուսաբանման նրբություններից (ասենք՝ քլիքահավաք ու սենսացիոն վերնագրերը ինչ վատ են ազդում տեղացիների վրա)։ Տեսականից զատ նաև շատ կարևոր էր, որ երիտասարդները գնան, իրենք զգան, թե ինչ բան է թշնամու նշանառության տակ թեկուզ մի քանի ժամ լինելը։



Ինչպես միշտ հիմնականում աղջիկներ էին գրանցվել ու եկել։ Համենայն դեպս տղա ոչ մի լրագրող չեկավ։ Արդեն որերորդ տարի է նույն բանն է, բայց միևնույն է շարունակում եմ զարմանալ. ավանդաբար «տղայական» ոլորտներում (անվտանգություն, ռազմական / բանակային թեմաներ) աղջիկները շատ ավելի ակտիվ են, քան տղաները։

Խոսուն լուսանկար. 15 աղջիկ լրագրող և ուսանող, ու երկու տղամարդ, որոնցից մեկը Բերքաբերի գյուղապետն է, մյուսը՝ «Զորակնի» գործադիր տնօրենը։

Ի դեպ, այցից մի քանի օր առաջ, սահմանում հայ զինվորի զոհվելու շուրջ հերթական թեժ, բայց անիմաստ բանավեճում առավել ագրեսիվ խոսող մի տղայի առաջարկեցի մեր հետ սահման գալ, սեփական աչքով իրավիճակին ծանոթանալ։ Զրուցակիցս պատասխանեց. «Որ գամ, մեկ է բան չի փոխվելու» և այդքանով բանավեճն ավարտվեց...

Մի բան էլ, որից ահավոր նեղվում եմ։ Նվնվոց չթվա...

Անցյալ տարի գարնանը՝ ԱԺ ընտրություններից առաջ, սահմանում ամեն մի միջադեպի շուրջ այնպիսի մի վայ-վույ էր, էլ ասելու չի. «ո՞ւր են իշխանությունները, ինչի՞ բան չեն անում»։ Ընտրություններից հետո մի քիչ հանգստացավ, բայց Քլինտոնուհու այցից առաջ ադրբեջանական հերթական դիվերսիաներից հետո հիստերիկան նոր թափ ստացավ։ Բայց դա էլ շատ արագ մոռացվեց։ Մինչև նախագահական ընտրությունների շրջան... Ու նորից հիստերիկաներ, դոշ ծեծոցի, «վայ մեր սահմանը, վայ մեր գյուղը, վայ մեր գյուղացին»։

Բա հետո՞։

Իսկ հետո քար լռություն տիրեց։ Վերջ, սահմանն էլ ոչ ոքի հետաքրքիր չէ։ Սիվիլնեթ ու 7օր, iLur ու Հայկական ժամանակ... Խեռներին չի, կներեք ֆրանսերենիս համար։

Էն որ ՀՀԿ պատգամավորներին քլնգում էին, թե հետույքները բազկաթոռներից չեն պոկում, չեն գնում սահմանամերձ գոտի, խնդիրներով չեն զբաղվում բա մնացած ընդդիմադիրները հիմա ո՞ւր են։ Փաստորեն «հհկությունը» վարակիչ էր։

Լավ, քաղաքական գործիչներին մի կողմ, դրանք ըտենցն են. ընտրվեցին՝ էլ վեջները չի։ Բա էն մարդիկ, որ իրենց ֆեյսբուքներում պատեպատ էին տալիս, ո՞ւր են։

Այսօր մոտ 50 ֆոտո եմ դրել Բերքաբերից՝ Ֆեյսբուքյան երկու էջերում։ Լիքը լայքեր, մի քանի տասնյակ share-ներ և այլն։ Բայց շատ քիչ մեկնաբանություններ ու դրանց մեջ օրինակի համար գոնե մի հարց չկա [մեկ տեղին հարց վերջը եղավ]։ Լայք-լայք-քլիք-քլիք, վերջ, շարժվեցինք առաջ։ Խորանալու ոչ մի ցանկություն։

Լուրջ, չեմ հասկանում էլի... Մեկ տարի առաջ, որ այդքան կարևոր էր սահմանը, հիմա ի՞նչ, էլ կարևոր չի՞։ Ախր չեմ ուզում հավատալ, որ հարյուրավոր ինձ ծանոթ մարդիկ մեկ տարի առաջ դերասանություն էին անում ու պատվերներ կատարում։ Իսկ եթե պատվեր չէր, ի՞նչ էր։ ՆԼՊ՞։ Կներեք, էդ անտերը կեղծ գիտություն է։ Զանգվածային հիստերիա՞։ Եթե դա էր, ապա շատ վատ է. նշանակում է, իսկապես արժանի ենք այն ամենին, ինչ մեր գլխին գալիս է, եթե թույլ ենք տալիս մեզ այդքան հեշտությամբ ուղղորդել։

Մի խոսքով, շվարած եմ :(

Հա, մեկ էլ խոստացած լուսանկարները...

Հ.Գ. Այցը կազմակերպել էր ռազմական ոլորտի լուսաբանման վրա մասնագիտացող Ռազմինֆո կայքը, որն էլ իր հերթին Զորակն հիմնադրամի ծրագիր է։ Ձեր համեստ ծառան էլ այդ հիմնադրամի համահիմնադիրներ ու հոգաբարձուների խորհրդի անդամ է (հա, սա իրականում Disclaimer է)։

Ընկերանալ Ֆշտուկ


սահմանամերձ գոտի, գործողություն, տավուշ, պատերազմ, զլմ

Previous post Next post
Up