Միանգամից շեշտեմ, որ Russia Today (վերջին տարիներին՝ ուղղակի RT) հեռուստաալիքը գրեթե չեմ դիտում, որովհետև այն ակնհայտորեն քարոզչական ու նաև «դեղնոտ» լրատվամիջոց է։ Ըստ այդմ «Առ-Թիին» ձոնած
այս գրառմանը խիստ զգուշորեն եմ վերաբերվում (ռուսերեն թարգմանությունն՝
այստեղ)։
Ավելին՝ ժամանակ էլ չունեմ խորանալու ու հասկանալու, թե Arbolioto բլոգն ինչ է, ինչքանով է հեղինակավոր ու լուրջ աղբյուր։ Բայց դա չէ էականը։ Էականն այն փաստերն են, որոնց մասին կարդացի գրառման մեջ և
մեկնաբանություններում։
- Հետաքրքիր էր RT-ի այն թեմաների ցանկը, որոնցից խուսափում են խոսել արևմտյան, ավելի ճիշտ՝ «անգլո-սաքսոնյան» լրատվական աշխարհի մեծ ձկները, օրինակ՝ աղքատացված ուրանով զինամթերքի օգտագործումը իրաքյան Ֆալուջա քաղաքում (այս մասին ես էլ չգիտեի), Բահրեյնում «արաբական գարնան» դաժանաբար խեղդելը (այս մասին գիտեի, բնականաբար ոչ արևմտյան լրատվամիջոցներից), «Occupy» շարժման բռնի ճնշումը (թեպետ թեմային թեթևակի հետևում էի, բայց փաստորեն հիմա հասկանում եմ, որ էլի գրեթե տեղյակ չէի)։ Հետաքրքիր է, որ այս, և հոդվածում թվարկված այլ շատ հետաքրքիր թեմաներին գրեթե կամ ընդհանրապես չի անդրադարձել նաև մեր հայկական մամուլը, չնայած ինչ-ինչ, բայց այդ թեմաներով Հայաստանում կարելի է գրել շատ հանգիստ։
- Թեպետ հայկական մամուլում քիչ թե շատ խոսվել է Սնոուդենի ու Բրեդլի Մանինգի մասին (բայց կարող եմ գրազ գալ, որ նույնիսկ այս գրառումս ընթերցողներից շատերը միանգամից չեն հիշի, թե Մանինգն ով է), բայց ընդհանրապես չի խոսվել Ջոն Կիրակուի մասին, որը հանրությանը հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում կտտանքների մասին։ Խոստովանեմ. ես էլ եմ առաջին անգամ այս անունը լսում, չնայած որ սկանդալից տեղյակ էի։
- Որպես փաստ չէ, բայց հետաքրքրեցին այն վավերագրական ֆիլմերը, որը ցուցադրում են RT-ով։ Ժամանակին շատ էի դիտում ԲիԲիՍիի ֆիլմերը, բայց դրանք տարեցտարի դառնում են ավելի politically correct (չգիտեմ ինչպես թարգմանել, «լպստա՞ծ»), ըստ այդմ՝ անհետաքրքիր։ Հետաքրքիր է, RT-ի ֆիլմերն իսկապե՞ս այդքան լավն են, ինչպես գրառման հեղինակն է պնդում։
- Շարունակելով վավերագրական ֆիլմերի թեման. «US Congress even approved a law to make Monsanto the company and its executives free from any future prosecution if their crops turn out to be toxic in 50 years time»։ Այս մասին գիտեի՞ք։ Ես լսել եմ, որ ԱՄՆ որոշ նահանգներում կան օրենքներ, որոնք արգելում են քննադատել որոշ սննդամթերքների որակը, ասենք՝ մսամթերքի, խնձորի, բայց «Մոնսանտոյին» ապրիորի պատասխանատվությունից օրենսդրորեն պաշտպանե՞լ։ «Ֆիլիպ Մորիսի» ականջը կանչի, պատկերացնում եմ՝ ո՜նց են փոշմանել, որ ժամանակին մտքներով չի անցել նման ձևով ապահովագրվել դատական հետապնդումներից։ Լավ, դա մի կողմ. գիտեի՞ք, որ աշխարհի 400 քաղաքներում ընդդեմ «Մոնսանտոյի» բողոքի ցույցեր են եղել։ Իսկ ձեր բնական «Ինչո՞ւ մեզ դա պետք է հետաքրքրեր» հարցին պատասխանեմ. ժամանակակից երշիկեղենի պարունակության 50-100%-ը ոչ թե միս է, այլ սոյա։ Իսկ աշխարհում աճեցվող սոյայի սերմերի (եթե չեմ սխալվում) 90%-ը Մոնսանտոն է արտադրում։
- Իսկ դուք գիտե՞ք, որ Վիկիլիքսի Ջուլիան Ասանժն առ այսօր չի կարող դուրս գալ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատան շենքից։ Իսկ գիտեի՞ք, որ բրիտանական իրավապահները՝ խախտելով միջազգային բոլոր օրենքները խուզարկել են դեսպանի ավտոմեքենան՝ հույս ունենալով այնտեղ գտնել ու ձերբակալել Ասանժին։ Ես սա գիտեի, ուղղակի հոդվածը կարդալով ևս մեկ անգամ հիշեցի, որ արդեն մոտ մի տարի է Ասանժը փաստորեն փակված է Էկվադորի դեսպանատանը և հնարավորություն չունի նորմալ կյանքով ապրել։
- Հեղինակը՝ լավ հասկանալով, որ RT-ն ըստ էության քարոզչական ալիք է, շատ դիպուկ «խփում է մեխին». «The point is that as long as they report the facts that we can't get from our own TV channels, they will continue to rise.»։
- Մի հետաքրքիր փաստ էլ՝ մեկնաբանություններից. «an editorial decision by BBC to center gay news in their headlines every single day»։ Փաստորեն, ԲիԲիՍիում որոշել են ուշադրության կենտրոնում դնել հոմոսեքսուալիստների մասին նորություններ։ Սա այն է, ինչ տարբերում է լրատվությունը քարոզչությունից. արհեստական շեշտադրումները, այս կամ այն թեման արհեստականորեն թեժացնելը (այդ երևույթի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ. Agenda-setting theory)
Այսքանը։ Ցավոք, ամեն մի կետի մասին առանձին գրելու ժամանակ չունեմ, թեպետ շատ հետաքրքիր թեմաներ են։
Ընկերանալ Ֆշտուկ