ԴՏՊ №3. հանձնվիր ու վայելիր դրախտային գերությունը

Sep 10, 2012 00:11


Հակառակորդի զորքին ուղղված քարոզչության, կարելի է ասել՝ ավանդական մաս են կազմում հակառակորդի զինվորներին գերի հանձնվել առաջարկող թռուցիկները։ Այդ թռուցիկները սովորաբար խոստանում են պատերազմից հոգնած, վախեցած ու անընդհատ լարված իրավիճակում գտնվող զինվորին մարդավարի վերաբերմունք ու հանգիստ կյանք ամեն վայրկյան զոհվելու հեռանկարի փոխարեն։

Սակայն չափազանց դժվար է այդ թռուցիկները համոզիչ դարձնելը, քանի որ թշնամու խոսքը սովորաբար անվստահությամբ է ընդունվում, մյուս կողմից էլ հանձնվելու անհաջող փորձը շատ վատ կարող էր ավարտվել այդ փորձն անողի համար։ Որպես հետևանք՝ երկրորդ համաշխարհայինի ժամանակ ամերիկացիների ու բրիտանացիների սկզբունքն այն էր, որ այս կարգի քարոզչական նյութերում չի կարելի ստել, որովհետև ստի վրա բռնվելու դեպքում կարող էին կորցնել լսարանի առանց այն էլ փոքր վստահությունը (բնականաբար, չի նշանակում, որ թռուցիկներում ներկայացվում էր ամբողջ ճշմարտությունը)։

* * *

1943-ի կեսերին դաշնակիցները խնդիր ունեին բարոյալքելու ու հանձնվել դրդելու Իտալիայում իրենց դեմ կանգնած գերմանական զորքին։ Թռուցիկների մի մասը տպվում էր Բրիտանիայում ու ԱՄՆ-ում և ուղարկվում իտալական ճակատ։ Թռուցիկներից մեկում մի քանի լուսանկարով պատկերած էր ռազմագերու կյանքը դաշնակիցների ճամբարներում, օրինակ՝ կանադական ճամբարներից մեկում (որը նախկինում հյուրանոց էր եղել) բիլիարդ խաղացող կամ հանգիստ նստած ռադիո լսող գերիներ։ Տեքստում ասվում էր նաև, թե ինչքան լավ են կերակրում գերմանացիներին ճամբարներում, նույնիսկ, որ նախաճաշին ձու են տալիս։

Ինչքան էլ զարմանալի հնչի, բայց թռուցիկում պատկերած ու գրած ամեն ինչը ճիշտ էր. պատերազմի այդ փուլում գերմանացի ռազմագերիները համեմատաբար փոքր թիվ էին կազմում ու դրանց տեղափոխում էին կամ Բրիտանիա կամ ԱՄՆ կամ Կանադա, ուր իրենց բավականին լավ պայմաններում էին պահում։

Սակայն երբ թռուցիկը ցույց են տալիս նոր հանձնված գերիների, որպեսզի իրենց կարծիքն էլ իմանան, վերջիններն ուղղակի ծիծաղում են. «Ձո՞ւ, նախաճաշի՞ն, ձե՞ռ եք առնում»։ Ամերիկացիները ստիպված ոչնչացնում են ամբողջ տպաքանակն ու տպում նոր թռուցիկ, ուր գերությունը հատուկ ավելի դրամատիկ էր նկարագրած քան իրականում։

Նոր տեքստն այսպես էր սկսվում. «Գերի լինելը հավես բան չէ...» ու վերջանում հետևյալ տողով. «Ավելի լավ է լինել ազատ, քան գերի։ Ավելի լավ է լինել գերի, քան մեռած»։ Հետագա փորձը ցույց տվեց, որ նոր տեքստը շատ արդյունավետ էր։

* * *



Գերմանական թռուցիկ ուղղված սովետական զինվորներին։ Ըստ գերմանացի քարոզիչների սովետական զինվորին գերության մեջ սպասում էր նորմալ աշխատանք, իսկ աշխատանքից հետո՝ ինչ ուզում էր կարող էր անել։

Ի տարբերություն դաշնակիցների, գերմանացիները անամոթաբար ստում էին. ԽՍՀՄ-ը չէր ստորագրել ռազմագերիների հետ վարվելու ժնևյան կոնվենցիան, և նացիստները դա որպես պատրվակ էին օգտագործում խորհրդային ռազմագերիներին շատ վատ վերաբերվելու համար։ (Թեպետ գերմանացիները՝ որպես կոնվենցիան ստորագրած կողմ, պարտավոր էին նորմալ վարվել ցանկացած, այդ թվում և խորհրդային ռազմագերիների հետ։) Ու եթե ամերիկացի, բրիտանացի ու ֆրանսիացի ռազմագերիներին քիչ թե շատ տանելի պայմաններում էին պահում, ապա թերսնումից, հիվանդություններից, տաժանակիր աշխատանքներից ու նաև մահապատիժներից պատերազմի ընթացքում առնվազն 4մլն սովետական ռազմագերի է զոհվում գերմանական ճամբարներում։

Տես նաև.

ww2, psyops, քարոզչություն, պատերազմ

Previous post Next post
Up