Մի քանի խորհուրդ հայրենադարձ հայրենակիցներիս

Aug 23, 2012 15:20


Նոր տեղում հաստատվելը՝ թեկուզ եթե այդ նոր տեղը Հայրենիքն է, միշտ էլ կապված է որոշ դժվարությունների հետ. հաղորդակցման խնդիր (արևելահայերեն-արևմտահայերեն), նոր սովորույթներ ու օրենքներ, անհրաժեշտ կապերի բացակայություն և այլն։ Այս ամենը բավականին բարդացնում է հայրենադարձի կյանքն առաջին ամիսներին։ Ըստ այդմ փորձեմ մի քանի խորհուրդ տալ։
Կացարան
  • Սիրիահայ մի քանի ընտանիքների օրինակով տեսնում եմ, որ մարդիկ հաճախ բավականին թանկ գներով են բնակարաններ վարձում՝ այդպիսով շատ արագ վատնելով ունեցած միջոցները։ Երևանում հնարավոր է կենտրոնից ոչ շատ հեռու՝ Կոմիտասի փողոցի վերևներում, Զեյթունում, Նորքի Զանգվածում (I-II-III մասիվներ), Աջափնյակում, Դավիթաշենում, 3րդ մասում վարձել լրիվ նորմալ վիճակում 2-3 սենյականոց բնակարաններ ամսական 70000-100000 դրամով։ Պետք չէ ձգտել կենտրոնում բնակարան գտնել, քանի որ դրանք անհիմն թանկ են, իսկ նշված շրջաններից մինչև քաղաքի կենտրոն կարելի է հասնել ավտոբուսով կամ երթուղային միկրոավտոբուսով 15-20 րոպեում ընդամենը 100 դրամով։
  • Բնակարան փնտրելուց խնդրեք, որպեսզի տեղացի ձեր ընկերները ձեզ ուղեկցեն և իրենք էլ բանակցեն, որպեսզի բնակարանների տերերը գայթակղություն չունենան «տուրիստների» հաշվին հեշտ դրամ վաստակեն (այո, դրսից եկած ցանկացած մարդ հաճախ ընկալվում է շատերի կողմից որպես զբոսաշրջիկ՝ «տուրիստ»)։
  • Ոմանք բնակարաններ են փնտրում միջնորդների միջոցով, բայց դա լրացուցիչ ծախս է։ Ես սովորաբար օգտվում եմ «Գինդ» շաբաթաթերթի հայտարարությունների բաժնից։ Թերթն ունի նաև կայք. iGind.am։ Մեկ այլ հարմար կայք է Estate.am-ը։ Ի դեպ, հաշվի առեք, որ հայտարարությունների մի մասը միջնորդներն են դնում, նաև հաճախ լինում է, որ հայտարարությունում գինն ավելի ցածր է նշվում, քան իրականում։
  • Խելամիտ գնով նորմալ վիճակում բնակարան գտնելը կտևի 2-3 շաբաթ, եթե ամեն օր դրանով զբաղվեք։ Հաշվի առեք, որ այդքան ժամանակ եք ծախսելու։
  • Անպայման ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ջեռուցվում բնակարանը։ Գազով բնակարաններն ավելի լավ են ջեռուցվում։ Նաև իմացեք, որ ձմռանը ջեռուցման ծախսը կարող է հավասարվել բնակարանի վարձին. մանավանդ, եթե շենքն այսպես կոչված «պանելային» է՝ բետոնային համեմատաբար բարակ սալերից։
Աշխատանք
  • Վերջերս ինձ տասնյակ սիրիահայեր են դիմել աշխատանքի հարցով։ Սակայն շատ քչերն են CV ուղարկում։ Առանց CV-ի գործատուին շատ բարդ է որոշել, թե արդյո՞ք իմաստ ունի ձեզ հարցազրույցի հրավիրել։
  • Աշխատանքի տեսակետից ամենահետաքրքիր ոլորտը IT-ն է, մասնավորապես ծրագրավորողների կարիք շատ կա։ Նաև պահանջարկ կա բարձր մակարդակի վեբ ու գրաֆիկ դիզայներների։
  • Ընդհանուր առմամբ, հաշվի առեք, որ աշխատանքային շուկայում վիճակը բավական ծանր է, գործազուրկներ շատ կան, իսկ բարձր վարձատրվող աշխատատեղերը խիստ սակավ են։ Իրատես եղեք ու մի տարվեք հեքիաթային երազանքներով, թե «Հալեպում բժիշկը 2 ժամում 500 եվրո կստանա»։
Փոխադրամիջոցներ
  • Երևանի ներսում հասարակական տրանսպորտը՝ մետրո, ավտոբուսներ, երթուղային տաքսիներ (միկրոավտոբուսներ) հիմնականում արժի 100 դրամ։
  • Տաքսի. լինում են երկու տեսակի տաքսիներ՝ հաշվիչներով և առանց։ Նստեք միայն այն տաքսիները, որոնք հաշվիչով են և պահանջեք, որպեսզի վարորդը հաշվիչը միացնի։ Նվազագույն վարձը սովորաբար 600 դրամ է առաջին 4-5 կիլոմետրի համար, իսկ դրանից հետո 100 դրամ ամեն լրացուցիչ կիլոմետրի համար։ Եթե վարորդից գոհ եք, կարող եք լրացուցիչ 100 դրամ ավելացնել հաշվիչի ցույց տված թվին։
  • Եթե իրավիճակը ստիպում է առանց հաշվիքի մեքենա նստել, ապա անպայման նախօրոք՝ մինչև նստելը պայմանավորվեք գնի մասին, հակառակ դեպքում ճանապարհի վերջում վարորդը կարող է ուռճացրած մի գին պահանջել։
  • «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևանի կենտրոն տաքսու գինը 2000-2500 դրամ է։ Օդանավակայանի հատուկ տաքսի ծառայությունը սովորաբար 3500-4000 դրամ է պահանջում, բայց անձամբ ես երբեք այդ տաքսիներից չեմ օգտվում։ Եթե Երևանում բարեկամներ ունեք, ապա խնդրեք, որ ձեզ օդանավակայանում դիմավորեն։

Առայժմ այսքանը։ Համոզված եմ, էլի հարցեր կլինեն. գրեք մեկնաբանություններում, կփորձեմ պատասխանել։

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, հայեր, սիրիա, սփյուռք

Previous post Next post
Up