Վերջին օրերին շատ է խոսվում Սիրիայից Հայաստան ժամանող մարդկանց օգնելու մասին։ Ինչպես և հայկական մեդիադաշտի ցանկացած թեմա այս հարցն էլ շատ արագ դարձավ շահարկումների, հիստերիկաների, տեղի ու անտեղի դժգոհություններ հայտնելու առիթ։ Ոմանք էլ պատրաստ են օգնել, բայց չգիտեն թե կոնկրետ ում օգնեն և ինչով։
Ստորև փորձեմ ներկայացնել, թե ինչն ինչից հետո էր, ով ինչ է փորձում անել, ինչ ֆեյսբուքյան խմբեր կան, ում և ինչպես կարելի է օգնել, եթե ցանկանում եք օժանդակել Հայրենիքում հաստատվել փորձող սիրիահայերին։ Կոնկրետ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ կարող եք միանգամից անցնել գրառման վերջին մասին։
Վերջին օրերի կարևոր իրադարձություններ
- Սիրիահայերը բողոքում են «Արմավիա» ավիաընկերության խայտառակ գնային քաղաքականությունից, ինչի պատճառով շատ մարդիկ չեն կարողանում ժամանել Հալեպից Հայաստան։ Եւ եթե առաջ մարդիկ կարող էին գոնե ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայով, գալ Հայաստան, ապա այսօր այդ ճանապարհն արդեն փակ է։ Որպես արձագանք Ֆեյսբուքում ստեղծվեց. «ԱՄՕԹ Արմավիային եւ Սփիւռքի նախարարութեան», իսկ հուլիսի 19-ին բողոքի ակցիա անցկացվեց «Հայազն» միության ժողովրդի կողմից։ Ի պատասխան «Արմավիան» հայտարարեց, որ կառավարության հետ քննարկում է շաբաթական երկրորդ չվերթ բացելու ու տոմսերը՝ պետական դոտացիայի հաշվին, էժանացնելու հարցերը։ Սա անցյալ շաբաթ էր, բայց երկրորդ չվերթը բացելու կոնկրետ ժամկետների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։
- «Հայկական ծրագրեր» ընկերությունը՝ մի շարք այլ ընկերությունների հետ կազմակերպել է աշխատանքի տեղավորման կենտրոն։ Օպերատիվ արձագանքման գրասենյակի հեռախոսահամարն է՝ +374 (10) 574812 / էլ փոստի հասցեն. toarmenia@gmail.com Հայտարարության հղումը չգտա, խնդրում եմ տալ, որ ավելացնեմ։
- Հուլիսի 20-ին հայազնականները կազմակերպում են ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ Սիրիայից ժամանած Հայաթյաններին բնակարան վարձել օգնելու համար։ Հավաքվում է 160+ հազար դրամ, որով վարձվում է բնակարան Մասիվում։
- «Հայազն»-ի դրամահավաքի հետքերով որոշեցինք ընկերներով ստեղծել մի խումբ, որը մի կողմից կփորձի աջակցել սիրիահայ (իսկ ապագայում՝ ընդհանրապես բոլոր հայրենադարձ) ընտանիքներին, մյուս կողմից անհրաժեշտության դեպքում նաև ճնշում կգործադրի համապատասխան պետական կառույցների վրա, որ քիչ մը արագ տեղից շարժվեն :) Առաջին հավաքին ներկա էին. Արմեն Մկրտչյանը, Խորեն Հարությունյանը, Հրաչյա Բարխուդարյանը, Նարեկ Աշուղաթոյանը, Ստեփան Խզրթյանը, Արմեն Աղայանը, Արմեն Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլոք։ Քանի որ խմբից շատերը օգոստոսի 1-11 մասնակցելու են Քարվաճառի Զուար գյուղի մոտակայքում կայանալիք բանակումին, ապա որոշեցինք առանձին հայտարարություններ առայժմ չանել, բայց բնականաբար՝ հնարավորինս զբաղվել ընթացիկ հարցերում սիրիահայերին աջակցություն ցուցաբերելով (այս մասին՝ ստորև)։
- Խմբի մի քանի անդամներ այցելեցին Սփյուռքնախ՝ հասկանալու համար ինչ է արվում սիրիահայերի համար։ Այնտեղ հավաստիացրեցին, որ կարող են կացարաններով ապահովել կարիքավորներին։ Սփյուռքնախ ներկայացուցչի խոսքերով՝ առ այսօր իրենց մոտ 150 սիրիահայ է դիմել տարբեր հարցերով։
- Արտակ Բեգլարյանը ստեղծում է Սիրիահայ ընտանիքների հյուրընկալում ֆբ-խումբը, ուր շատ մարդիկ առաջարկում են ժամանակավոր կացարանով օժանդակել հայրենադարձներին։ Արտակի հետ քննարկումից հետո որոշեցինք ընդլայնել հյուրընկալության խմբի գործառույթներն ու օգտագործել այն որպես ընդհանուր աշխատանքային հարթակ։ Խումբը վերանվանվեց «Հայրենադարձ ընտանիքներին աջակցություն»։
Ներկա իրավիճակ
- Իմ հասկանալով շատ սիրիահայեր Հայաստանում ժամանակավոր են, հույս ունեն շուտով վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի (հավատում են, որ կկարգավորվի)։ Դրանք այն մարդիկ են, որ Սիրիայում կորցնելու բան ունեն և չեն շտապում «կամուրջներն այրել»։ Միաժամանակ, իմ տվյալներով Հալեպում կան ընտանիքներ, որոնք առանձնապես կորցնելու բան չունենալով՝ ցանկանում են տեղափոխվել Երևան, բայց բախտի քմահաճույքով հենց իրենց համար դա շատ բարդ է, քանի որ դրամ չունեն, իսկ չվերթների նույնիսկ թանկ տոմսերը վաճառված են, ճանապարհներն էլ անապահով են։ Առաջ գոնե հնարավոր են ցամաքային ուղով՝ Թուրքիայով գալ, բայց հիմա Թուրքերը սահմանը փակել են։ Ըստ այդմ շատ սուր է տոմսերի էժանացման ու երկրորդ չվերթ բացելու հարցը։
- Նաև իմ տպավորությունն է, որ հալեպահայերը մոտավորապես նույն վիճակում են, ինչ հայաստանցիք 90-91թթ.՝ դեռ չեն պատկերացնում ինչ է սպասվում ու խաղաղ կյանքի տասնամյակներից հետո ընդհանրապես պատրաստ չեն պատերազմական իրավիճակում գոյատևելու, չունենք «քաղաքացիական պաշտպանության» տարրական գիտելիքներ ու փորձ։
- Չնայած Ֆեյսբուքում այս խնդիրը խիստ ուռճացվում է ու անխնա շահարկվում է քաղաքական նպատակներով, բայց ցանկացած դեպքում Հայաստանում կան սիրիահայերի նոր ժամանած ընտանիքներ, որոնք օգնության կարիք ունեն։ Հիմնականում ամենաառաջնայինը աշխատանքի տեղավորման հարցն է։
- Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց նյութականից բացի այս մարդիկ ունեն բարոյական աջակցության ու շփման կարիք. շատերն անտեղյակ են Հայաստանի անցուդարձից, բարքերից, և նույնիսկ մանր հարցերում խորհրդի կարիք ունեն։
Ավելի կոնկրետ...
- Կարիքավոր ընտանիքների ցուցակագրում. խնդրում եմ, եթե մարդ գիտեք, ով օգնության կարիք ունի, տեղեկացնել մեզ այդ մասին Հայրենադարձ ընտանիքներին աջակցություն խմբում։
- Հայաստան տեղափոխվել ցանկացողների ցուցակագրում. նույնը՝ խնդրում ենք տեղեկացնել խմբում, որպեսզի քննարկենք թե ինչպես կարելի է օգնել։
Կոնկրետ ընտանիքներին օգնելու մասին խնդրանքները հրապարակում ենք խմբում։ Եթե ցանկանում եք աջակցել կոնկրետ մարդկանց, ապա կարող եք միանալ խմբին ու կոնկրետ գրառման տակ մեկնաբանել։
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻՆ
Պատրաստ են օգնել
Նարեկ Աշուղաթոյանը և
Ստեփան Խզրթյանը։ Հեռախոս. 094 21 77 84 / էլփոստ. legallabyerevan@gmail.com
* * *
Հ.Գ. Եթե ինչ-որ կարևոր բան վրիպել է ուշադրությունիցս, խնդրում եմ ասել։ Նաև ուրախ կլինեմ մանրամասնել, եթե հարցեր լինեն։
Ընկերանալ Ֆշտուկ