Ժամանակը՝ ոնց որ սրընթաց էքսպրես գնացք։ Սկզբում հոգնում էի։ Հիմա հոգնելու ժամանակ էլ չկա։
Օրվա տեսած-լսածներն էլ գլխումս մնում են որոշ ժամանակ՝ վայրկյանական լուսանկարների պես, բայց հետո ջնջվում-կորում են... Գրանցելու ժամանակ էլ չկա։
* * *
Հինգշաբթի ուշ երեկո։ Կանգառում կանգնած երթուղային եմ սպասում, որ ոչ թե Կոմիտասի փողոցով գնա, այլ միանգամից Մոնումենտով իջնի քաղաք։ Չկա։ Փոխարենը մի կին է գալիս ինձնից մեկ-երկու մետր այն կողմ կանգնում։ Վայելչակազմ է, բայց դեմքից դատելով՝ քառասունհինգին, նույնիսկ հիսունին մոտ։ Համարձակ է հագնված, բայց ճաշակով. միանգամից չի հասկացվում, որ փողոցային մարմնավաճառ է։ Հետո մեքենաները սկսում են կանգնել, ինքն էլ ամեն մեկին մոտենում է, բարձր խռպոտ ձայնով բանակցում։ Վերջապես մի տաքսի է նստում, մեքենան շարժվում է, բայց երևի լեզու չեն գտնում իրար հետ, մի քանի րոպեից քայլելով հետ է գալիս։ Հետո կանգառի մոտ կայանած ջրի մեքենայի ջահել վարորդին է չամռվում։ Տղան խոսալուց հետ-հետ է գնում, սա՝ մանրից առաջանում։ Բայց էլի չի «կպնում», կինը վերադառնում է կանգառ՝ ինքն իր հետ խոսելով։
Մի որոշ ժամանակ անց սև ապակիներով զրո-վեց է մոտենում, բայց կանգառից որոշ հեռավորության վրա արգելակում է ու այդպես մնում։ Չգիտեմ ինչու, մարմնավաճառը սկսում է նյարդայնանալ, առաջին իսկ եկած երթուղայինն է նստում։ Հենց հեռանում է կանգառից, զրո-վեցն էլ է տեղից շարժվում, չնայած երթուղայինին չի հետևում, խաչմերուկից շրջում է հակառակ կողմ։ Մի քանի րոպեից պոռնիկը կրկին վերադառնում է, բայց շարունակությունն էլ չեմ տեսնում, որովհետև երթուղայինս վերջապես գալիս է։
* * *
Երթուղայինը լիքն է։ Մարզիկի կառուցվածքով մի տղամարդ է մտնում, ձեռքին՝ մարզական պայուսակ, հետն էլ երիտասարդ մի աղջիկ, որը նստում է կողքս։ Տղամարդը կանգնած է մնում։ Զրուցում են.
- Համիկի հետ էի խոսում, ընդհանուր լավ ա, բայց ընտանիքը լուրջ խնդիր ա,- ասում է տղամարդը մեղմ ձայնով։
- Բոլորս էլ դրանով անցել ենք, ընկեր Արամ,- ասում է կինը,- բայց որ հաղթահարեց, ավելի է հզորանալու։
- Հա, ինձ մոտ էլ էր նույնը՝ ընտանիքի հարցն էր,- հաստատում է տղամարդը։
- Սպասիր զանգեմ Համիկին, չի կարելի սենց թողնել,- ասում է տղամարդն ու զանգում անտեսանելի Համիկին։ Սկսում է հստակ հրահանգներ տալ.
- Դու իրենց ասա. «Ես բոլոր հարցերում ձեզ հնազանդ եմ։ Ինչ որոշեք, ընդունում եմ։ Բայց այս մի հարցում իմ ճանապարհին մի կանգնեք, թե չէ դառնալու եք իմ թշնամին։» Հասկացի´,- շարունակում է տղամարդը,- քո ընտանիքն է ու հետո ինքդ կհասկանաս, ինչքան կարևոր է, որ լավ լինեք, բայց ասա էդ մի հարցում թող քեզ հանգիստ թողեն, որ դա քո ընտրությունն ա։ Հենց էդպես կասես, հասկացա՞ր։
Անջատում է հեռախոսը, սկսում են ինչ-որ սեմինարներից խոսել. Հայաստանում, Ուկրայինայում, հետո տղամարդն ասում է երանությամբ.
- Փող եմ հավաքում Շվեդիա թրեյնինգի գնամ. անցյալ տարի, որ այնտեղ էինք... Լրիվ ուրիշ աշխարհ ա, լրիվ։
* * *
Տաքսի ենք նստում։ Վարորդի կողքն եմ։ Ձեռքս տանում եմ, որ արմագոտին ձգեմ, տեսնեմ ինչ-որ կռճոն է կախված մեխից...
- Ախպե´ր, էս ի՞նչ ես փնտրում,- խնդալով հարցնում է վարորդը ու «բացատրում».- Անտեր երկրի անտեր ռեմեն ա։
Իդեալական դիրքորոշում է. ամրագոտի եթե չունես, մեկ է, երկիրն է մեղավոր, բայց եթե բռնեն-տուգանեն, կրկին երկիրը մեղավոր կլինի, որովհետև «Անտերը... տուգանեցին»։
* * *
Մեկ այլ տաքսիստ կպած համոզում է, որ հայերից ավելի կաշառակեր ազգ աշխարհում չկա։ «Ամեն տեղ էլ կա կաշառակերություն»,- ասում եմ։ Տաքսիստն իրեն չի կորցնում. «Աշխարհին կաշառակերություն հայերն են սաղ սովորցրել»։
Ընկերանալ Ֆշտուկ