Zham.am -ը ուզեց, որ պատասխանեմ մի քանի հարցի -Ի՞նչ կփոխի “Ժառանգության’’ Քաղաքացիական համաժողովը հայկական իրականության մեջ:
-Առանձին քաղաքական միջոցառումները շատ քիչ բան են փոխում հայկական իրականության մեջ: «Ժառագությունը» փորձեց ուրվագծել մարդկանց այն շրջանակը, որի աջակցությունը նա ակնկալում է առաջիկա քաղաքական զարգացումներում: Հուսանք, որ գոնե «Ժառանգության» հետագա ճակատագրի հարցում այս համաժողովը ինչ-որ բան կփոխի դեպի դրականը:
-Մի առիթով Դուք նշել եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը նաեւ ընտրությունների ժամանակ քվե ստանալու նպատակ ուներ: Այս համաժողովի հետ կապված ի՞նչ կասեք:
-Մենք թևակոխել ենք նախընտրական շրջան և շատ բնական է, որ ոչ միայն «Ժառանգության», այլև բոլոր քաղաքական գործիչների և թիմերի գործողությունների հիմնական նշանակությունը համակիր ընտրողների թվի ավելուցումը պետք է լինի: Բացի այդ եկեք հաշվի առնենք, որ «Ժառանգությունը» դժվար մրցակից ունի` ՀԱԿ-ը, որի հետ նրանք նույն դաշտում են գործում, և որը վերջին երեք տարիներին միշտ մերժել է հավասար գործընկերությունը և «Ժառանգությանն» առաջարկել է կամ ավելի ստորադաս կարգավիճակ ՀԱԿ-ի կազմում, կամ լուսանցքայնացում` ինչպես դա տեսանք մայրաքաղաքային ընտրություններում: Իսկ վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանը մոռացել է իր հռչակած «պայքարը ավազակապետության դեմ» և իր գլխավոր զբաղմունք է դարձրել ընդդիմության դաշտից բոլոր հնարավոր այլընտրանքների հեռացումը: Թիրախների ցուցակում էլ առաջիններից մեկը «Ժառանգությունն» է, քանի որ Տեր-Պետրոսյանից դժգոհող, Կոնգրեսից հեռանալ ցանկացող և այլ առաջնորդ փնտրող «շարժման» մասնակիցները առաջինների թվում իրենց հայացքները ուղղում են դեպի Րաֆֆի Հովհաննիսյանը: Դա «Ժառանգության» և նրա առաջնորդի համար միաժամանակ թե դժվար մարտահրավեր է, թե առիթ:
-Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է նոր Սահմանադրություն հեղինակել, որը մշակվի հաստատվի ժողովրդի կողմից: Որպես քաղաքագետ, ի՞նչ եք կարծում, առկա իրավիճակում առաջին քայլը օրենքների փոփոխությունն է:
-Նոր սահմանադրությունը ես կողջունեի, եթե այն իսկապես նոր լիներ: Բայց եթե խոսքը հերթական եվրաստանդարտ տեքստի մասին է, օրինակ, խորհրդարանական հանրապետության, ապա ձեռնպահ կմնայի` դեմ չէի լինի, բայց չէի էլ կարևորի: Մեր ընդհանուր, այդ թվում քաղաքական ճգնաժամի խորքային պատճառը թերևս պետական կաղապարի լիակատար անհամապատասխանությունն է ազգային բնական կառույցին: Օրինակ, ազգային մտագործունեությունը երբեք մրցակցային հիմք չունի և չի կարող ունենալ, իսկ գործող, արտագրված սահմանադրությամբ մեզ պարտադրվում է կուսակցական-հատվածական մրցակցություն, ինչը գուցե լավ կարգավորման մեխանիզմ է տարաբնույթ նյութական շահեր ունեցող հատվածներից բաղկացած հանրույթներում, սակայն մեզ մոտ հանգեցնում է պառակտվածության, նպատակների նյութականացման, ընդհանրական ոգեղեն նպատակների չկարևորման, որպես հետևանք, նաև ազգային ինքնագիտակցության կորստին: Դրան էլ հետևում են անտարբերությունը երկրի նկատմամբ, արտագաղթը և այլ ցավալի բաներ: Նման խորքային հակասություններ էլի կան, որոնք ենթակա են լուծման, այդ թվում, արմատապես նոր սահմանադրության միջոցով: Նման քննարկումներ վաղուց են ընթանում, գոնե ես դրանց մասնակցում եմ 2003թ-ից Սրանք բարդ հարցեր են և գուցե մի քիչ ավելի բարձր որակավորում են պահանջում, քան կարող է առաջարկել «ժողովրդի կողմից մշակումը», բայց որ ցանկացած խոշոր փոփոխություն պետք է հաստատվի ժողովրդի կողմից` այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է առկա իրավիճակում` «օրենք փոխե՞լ», թե՞ «նախ բռնապետներից ազատվել» երկընտրանքին, ապա այն արհեստական է: Օրենք փոխելն իմաստ չունի, եթե նորը նախորդից լավը չի լինելու: Բռնապետից ազատվելն էլ իմաստ չունի, եթե հաջորդը նույնպիսի բռնապետ է լինելու: Վերացական, անբովանդակ փոփոխությունները անիմաստ են և հղի հիասթափությամբ և հուսահատությամբ: Իսկ մենք տարիներ շարունակ ընտրում ենք վատի և ավելի վատի, հնի և անգամ չմոռացված ավելի հնի միջև: Հետևաբար քայլերի առաջնահերթությունից ավելի կարևոր է դրանց բովանդակության քննությունը: Իսկ երբ հաստատ իմանանք, թե ինչ ենք ուզում, դրանից հետո ինչպես, ինչ հերթականությամբ էլ անենք` կլինի:
-Կարապետ Ռուբինյանն առաջարկեց Քաղաքացիական ֆորում ձեւավորել: Ըստ Ձեզ, դա հնարավո՞ր է:
-Ամեն ինչ հնարավոր է: Սակայն ես այդ «քաղաքացիականը» լավ չեմ հասկանում: Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ փորձում են մի ոտքով միայն լինել քաղաքականության մեջ, մյուսով` դուրս, ու այդ տարօրինակ դիրքը «քաղաքացիական» են կոչում: Ոմանց համար դա սեփական թուլության` ինքնուրույն գործելու համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարության կամ կազմակերպվելու անկարողության խոստովանություն է: Ուրիշների համար հարմար դիրք է, երբ կարող ես պահանջել, արդար ձայնդ բարձրացնել տարբեր խնդիրների վերաբերյալ, բայց հիմնական հարցի լուծումը թողնում ես «քաղաքական գործիչներին»: Այդ ձևով «քաղաքացիական» ակտիվիստները փորձում են պահպանել իրենց անկախությունը քաղաքական գործիչներից, որոնք հաճախ անազնիվ են կամ անմակարդակ, սակայն քաղաքական գործիչ են համարվում միայն այն պատճառով, որ նախկինում պաշտոն են ունեցել ու ժամանակին թալանած փողը դեռ լրիվ չեն ծախսել: Ամեն դեպքում քաղաքականապես կազմակերպվել չուզող ակտիվիստների զանգվածը առկա է: Եվ նրանց ինքնակազմակերպման և քաղաքականացման ցանկացած քայլ ողջունելի է: Ի դեպ, վերջերս առիթ ունեցա ձևակերպելու այլընտրանքային խորհրդարանի գաղափարը: (
http://alternative.ucoz.ae/ ): Եթե Կարապետ Ռուբինյանն էլ նման մի բան նկատի ունի, ապա դա շատ ավելի ողջունելի կլիներ` թեկուզ «քաղաքացիական ֆորում»` ինձ համար ոչ նախընտրելի անունով, բայց պայմանով, որ այն ենթադրի կանոնադրությամբ ամրագրված ազատ մասնակցություն և բանավիճային հարթակ, ներքին ժողովրդավարություն և ընտրական մեխանիզմ, հետագա կազմակերպված մասնակցություն «մեծ» քաղաքականությանը: Իսկ եթե զուտ խոսելու հարթակ է, ապա կարծում եմ սոցիալական ցանցերն էլ այդ դերը վատ չեն կատարում:
-Համաժողովի ժամանակ հնչած ելույթներից պարզ դարձավ, որ շատերը հուսահատական տրամադրություններ ունեին, սակայն եղան նաեւ կարծիքներ, թե նկատելի է քաղաքացիական գիտակցության ձեւավորման տարրեր: Ի՞նչ կասեք այս մասին:
-Հուսահատականը հասկանալի է և սպասելի: Հավաքվածների մի մասը 2008-ով ոգևորվածներն էին, որոնց ներկայությունը «Ժառանգության» միջոցառմանը արդեն նշանակում է հիասթափություն Կոնգրեսից և Տեր-Պետրոսյանից: Իսկ «Ժառանգության» մշտական համակիրների հուսահատությունը թերևս պայմանավորված է ՀԱԿ-ի համեմատ իրենց ոչ նախանձելի վիճակով: Ինչ վերաբերվում է գիտակցությանը, ապա դրա «քաղաքացիականը» նույնպես ինձ անհասկանալի է: Ես գիտեմ ազգային ինքնագիտակցության մասին և հաճախ հենց այդ գիտակցության դրսևորումներն են կոչում քաղաքացիական: Երբեմն էլ ճիշտ հակառակը` քաղաքացիական են կոչում ազգային ինքնագիտակցության բացակայության մարտնչող դրսևորումները` օրինակ, պացիֆիստական քարոզը արտաքին սպառնալիքի պայմաններում, կամ ընտանիքի ու բարոյականության դեմ պայքարը` իրավունքի ու ազատությունների անվան ներքո: Այս երկու գիտակցությունները շատ տարբեր են և հակադիր, ու ես չգիտեմ, թե հատկապես որի ձևավորման տարրերն են նկատել համաժողովի մասնակիցները: Ինքս համոզված եմ, որ ազգային ինքնագիտակցությունը նոր չէ, որ պետք է ձևավորվի և խնդիրը միայն պատմական տվյալ պահին նրա քաղաքական, կազմակերպական դրսևորումներն են: