ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ՓՆՏՐՏՈՒՔԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

May 14, 2011 09:22

Որևէ «երրորդ ուժի» իշխանափոխության ծրագիրը առաջին փուլում անպայման պետք է ենթադրի ընդդիմությունափոխության ծրագիր: Իսկ որպեսզի հանրային գիտակցության մեջ իշխանափոխության օրակարգին հանկարծ չփոխարինի ընդդիմությունափոխության օրակարգը, ՀԱԿ-ը պետք է փորձի օրորոցում խեղդել ընդդիմության ցանկացած այլընտրանք:
Քաղաքական կյանքում բևեռները սովորաբար երկուսն են լինում` պահպանողականը և փոփոխություններ խոստացողը: Ուստի, երրորդ ուժը եթե ձևավորվի, ձևավորվելու է երկրորդի փլատակների կողքին և նրա հայտնվելը ոչ թե սպառնալիք է լինելու ՀԱԿ-ի համար, այլ նրա փլուզման փաստի արձանագրում:
Այսօր երրորդ ուժի մասին անվանապես խոսելը դեռ մի քիչ վաղ է, սակայն շատերը, այն փնտրելով, հաստատում են, որ իրենց համար ակնհայտորեն լուծված է առաջին և երկրորդ ուժերի հարաբերակցության հարցը և քաղաքական ինտրիգը պահպանվում է միայն երրորդ տեղի համար մրցապայքարում:
Որպես երրորդ ուժի թեկնածուներ դիտարկվողներից ԲՀԿ-ը «երրորդ ուժ» չի կարող լինել, այլ միայն «առաջին ուժի» ներքին կիսաընդդիմադիր խմբակցություն: ՀՅԴ-ն վախենում է իշխանափոխության հեռանկարից, որովհետև համոզված է, որ այդ դեպքում իշխանության կգա Տեր-Պետրոսյանը: «Ժառանգությունը» հուսահատ ջանքեր է թափում գոնե ԱԺ-ում ունեցած տեղերը պահպանելու համար: Ընտրությունները բոյկոտելու և «ուղղակի ժողովրդավարություն հաստատելու» Սարդարապատի կոչերն էլ դատապարտված են:
Եզրակացություն. թվարկված կազմակերպություններից ոչ մեկը ՀԱԿ-ից ընդդիմության գլխավոր ձևաչափի կարգավիճակը խլելուն ունակ «երրորդ ուժ» դառնալ կամ համարվել չի կարող:
Ընդդիմությունափոխության արդյունավետ ծրագրի առկայությունն է, որ տարբերելու է իրական «երրորդ ուժին» մյուս ենթադրյալ հավակնորդներից, ինչպես նաև ձերբազատումը հին ընդդիմության բոլոր ձևաչափերին բնորոշ վատ գծերից` կռապաշտությունից, ապագաղափարականությունից, ամբոխվարությունից և ռևանշիզմից: Միայն իրական գաղափարական և քաղաքական այլընտրանք ներկայացնող, ներքնապես ժողովրդավար, նոր անձերով ներկայացված ընդդիմությունը կարող է հաղթել իշխող վարչախմբին:


Վերջին շրջանում երրորդ ուժի փնտրտուքը վերածվել է գլխավոր քաղաքական հարցի: Այն ստվերել, նույնիսկ օրակարգից հանել է իշխանափոխության հարցը: Բայց ի՞նչ ենք հասկանում «երրորդ ուժ» ասելով: Եթե երկրորդ ուժը, ըստ սահմանման, իշխանափոխություն իրականացնող ուժն է, ապա որն է երրորդի յուրահատուկ գործառույթը: Պետք է ենթադրել, որ որևէ ուժ «երրորդ» կարող է կոչվել երկրորդից տարբեր և տվյալ պահին ավելի թույլ լինելու պատճառով: Նաև հասկանալի է, որ այն նույնպես ընդդիմադիր հավակնություններ և իշխանափոխության ծրագիր պետք է ունենա, այլապես կլիներ առաջին ուժի կցորդ: Տարբերությունը թերևս այն է, որ «երրորդ ուժի» (անկախ նրանից, թե որ քաղաքական միավորն է այդ դերում), իշխանափության ծրագիրը առաջին փուլում անպայման պետք է ենթադրի ընդդիմությունափոխության ծրագիր: Այսինքն, երրորդը նախ պետք է դառնա երկրորդ ուժ` ընդդիմության գլխավոր ձևաչափ, իր շուրջը հավաքի ժողովրդական զանգվածին, և միայն դրանից հետո նա կկարողանա հավակնել իշխանության:

Այսօր երրորդ ուժի գոյությունը բոլորից շատ կվնասեր Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ-ին: Բայց հենց նա է բոլորից հաճախ խոսում երրորդ ուժի մասին: Ինչո՞ւ:
ՀԱԿ-ն արհեստականորեն է շահարկում երրորդ ուժի, ավելի ստույգ, դրա բացակայության թեման, որպեսզի համոզի ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածին, որ ընդդիմության այլընտրանք գոյություն չունի և ունենալ չի կարող, որ ինքն է միակը և անփոխարինելին, որ արժանի է նրանց քվեին: Այսինքն ՀԱԿ-ը հասկանում է, որ 2008-ից հետո ինքն անընդհատ համակիրներ է կորցնում, որոնք այլևս չեն հավատում Կոնգրեսի կամ նրա առաջնորդի ունակությանը կամ ցանկությանը` ծառայելու հանրությանը որպես «ավազակապետությունը քանդելու լավագույն գործիք»: Իրենց խաբված զգացող նախկին համակիրներից և գործընկերներից շատերը սկսել են բացահայտ քննադատել Կոնգրեսի թե՛ մարտավարությունը, թե՛ ներքին ժողովրդավարության բացակայությունը, թե՛ առանձին մերժելի գաղափարները կամ դիրքորոշումները: Եվ, որպեսզի հանրային գիտակցության մեջ իշխանափոխության օրակարգին հանկարծ չփոխարինի ընդդիմությունափոխության օրակարգը, ՀԱԿ-ը պետք է փորձի օրորոցում խեղդել ընդդիմության ցանկացած այլընտրանք, ինչը և անում է որոշ հաջողությամբ:

Քաղաքական կյանքում բևեռները սովորաբար երկուսն են լինում` պահպանողականը և փոփոխություններ խոստացողը: Երրորդ բևեռը, եթե այն կա, միշտ էլ ժամանակավոր երևույթ է: Նման բևեռի հայտնվելուց մինչև նրա երկրորդ բևեռ դառնալու ժամանակահատվածը կարող է շատ կարճ լինել: Օրինակ` քոչարյանական ժամանակներում երկրորդ բևեռը «Արդարություն» դաշինքն էր համարվում: Րաֆֆի Հովհաննիսյանի (այն ժամանակ, փաստորեն, երրորդ ուժի) ասպարեզ իջնելու պահից քիչ անց նրա «Ժառանգությունը» լուսանցք մղեց ՀԺԿ-«Հանրապետություն» զույգին, բայց դա հնարավոր դարձավ, որովհետև մինչ այդ տվյալ զույգն արդեն սպառել էր իրեն: Առաջին նախագահի վերադարձով էլ Րաֆֆի Հովհաննիսյանն, իր ոչինչ չնշանակող 6 տոկոսով, անմիջապես դադարեց ընկալվել որպես երկրորդ ուժ և այդ տեղը զիջեց «մոնղոլ-թաթարական ավազակապետության քանդման գործիքին»: Սովորաբար երրորդ ուժի հայտնվելը հնարավոր է դառնում երկրորդի թուլանալու, ջախջախվելու կամ պարզապես մարդկանց հույսերը չարդարացնելու դեպքում: Այսօր էլ երրորդ ուժը եթե ձևավորվի, ձևավորվելու է երկրորդի փլատակների կողքին և նրա հայտնվելը ոչ թե սպառնալիք է լինելու ՀԱԿ-ի համար, այլ նրա փլուզման փաստի արձանագրում: Այլ կերպ ասած, այսօր երրորդ ուժ փնտրողները իրականում փնտրում են մեկ այլ երկրորդ ուժ, ընդդիմության մեկ այլ գլխավոր ձևաչափ:

Այսօր կարելի է կանխատեսումներ կամ հաստատումներ անել ՀԱԿ-ի թուլացման մասին, հիմք ընդունելով նրա անհաջող մասնակցությունը 2009-ի մայրաքաղաքային ընտրություններին, անդամների արտահոսքը, ներքին քննադատությունը, դժգոհությունը առաջնորդից ու նրա գործելակերպից, հատկապես վարչախմբի հետ երկխոսելու փորձերից: Սակայն Կոնգրեսի ղեկավարությունը առարկում է, որ քաղաքային ընտրությունները ոչինչ չեն նշանակում և որ իրենք վարչախմբի հետ բանակցելու են ավելի արդար ընտրություններ անցկացնելու մասին, որ իրականում անդամների արտահոսքը` ինքնամաքրում, իսկ գործընկերների կորուստը «ականներից» ձերբազատում է նշանակում, որ ժամանակը ցույց է տալիս «պապիի» մարտավարության արդյունավետությունը և ՀԱԿ-ն այսօր վերելք է ապրում, և «հարյուր հազարանոց» հանրահավաքներ է կազմակերպում, ու ստիպում է իշխանությանը գնալ զիջումների: Թե մեկնաբանություններից որն է ճիշտ` քայքայվում է արդյո՞ք Կոնգրեսը, թե՞ մոտենում է իշխանությանը, կպարզվի, երբ արձանագրվեն ավելի ակնհայտ, առարկայական տվյալներ` օրինակ 2012-13 թվականների ընտրությունների և հետընտրական զարգացումների ընթացքում: Մինչ այդ Կոնգրեսը կարող է պահպանել ընդդիմության գլխավոր ձևաչափի իր դիրքը: Ուստի երրորդ ուժի մասին անվանապես խոսելը դեռ մի քիչ վաղ է: Փոխարենը, եթե Կոնգրեսը 2012-13թթ ավելի համեստ արդյունքներ ցույց տա, ապա «նոր ընդդիմության» և այն խորհրդանշող «երրորդ ուժի» թեման շատ արդիական կդառնա:

Թեև այսօր իսկապես վաղ է անվանապես խոսելը, սակայն շատ շատերը շարունակում են փնտրել այդ երրորդ ուժը: Դրանով նրանք հաստատում են, որ իրենց համար ակնհայտորեն լուծված է առաջին և երկրորդ ուժերի հարաբերակցության հարցը և քաղաքական ինտրիգը պահպանվում է միայն երրորդ տեղի համար մրցապայքարում:
Այսօր, հանրային գիտակցության մեջ, երրորդ ուժի հավակնորդներ են ընկալվում բացառապես գործող քաղաքական միավորները: Եվ դա հասկանալի է, քանի որ մարդիկ փնտրում են եղածից: Միաժամանակ ոչ մի գործող քաղաքական միավոր չի կարողանում հիմնականում իր վրա կենտրոնացնել «երրորդ ուժ» փնտրողների ուշադրությունն ու համակրանքը: Նման պարագայում ձևավորվում է համոզմունք, որ դրանցից ոչ մեկը, գուցե տարբեր պատճառներով, գոնե առաջիկայում չի կարող ստանձնել ընդդիմության գլխավոր ձևաչափի դերը: Ի դեպ, հենց այդ հանգամանքն է ՀԱԿ-ին վստահություն ներշնչում, երբ նա, անգամ սեփական թուլացման պայմաններում, համոզված խոսում է «երրորդ ուժի» չգոյության և գոյության անհնարինության մասին:
Այնուամենայնիվ, հանրային տարբեր խմբերի կողմից «Բարգավաճը», «Դաշնակցությունը», «Ժառանգությունը», «Սարդարապատը» և գուցե այլ միավորներ նույնպես դիտվում են որպես երրորդ ուժ դառնալու հարցում մրցակից թեկնածուներ, թեև, որպես կանոն, չեն արդարացնում իրենց հետ կապվող հույսերը: Մասնավորապես.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դժվար է ընդդիմություն համարել, սակայն այն այդպիսի նշանակություն ձեռք բերեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ավելի բացահայտ դարձող մրցակցության պատճառով: Իրոք, եթե «Բարգավաճը» հանդես գար որպես երկրորդ նախագահի թիմ և արդյունավետ պայքար ծավալեր միաժամանակ թե գործող վարչախմբի, թե հրապարակում առկա ընդդիմության դեմ, ապա դա իրոք կլիներ «երրորդ ուժ»: Սակայն, անգամ եթե հավատանք, որ «Բարգավաճում» նման ցանկություն կար, ապա կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումով խաղը պետք է ավարտված համարել: Անհրաժեշտ է ընդունել, որ այդ կուսակցությունը ստեղծվել է որպես իշխանամետ և ոչ ոք դրան չի անդամակցել մի օր ընդդիմադիր դառնալու համար: Ուստի վարչախմբի կողմից այն միշտ ավելի կառավարելի կլինի, քան իրեն այդ կուսակցության սեփականատերը համարող, բայց վարչական լծակները կորցրած երկրորդ նախագահի համար: Սակայն ոմանք դեռ չեն բացառում, որ կառավարական ճգնաժամի, Սերժ և Տիգրան Սարգսյանների նկատմամբ անվստահության պայմաններում, իշխող վերնախավում կարող է տեղի ունենալ տրամադրությունների փոփոխություն հոգուտ Քոչարյանի վերադարձի և այդ սցենարում «Բարգավաճը» կարող է առանցքային դեր խաղալ: Բայց, եթե անգամ նման բան տեղի ունենա, դա չի լինի ընդդիմությունափոխություն, ուստի ԲՀԿ-ը երրորդ ուժ չի կարող լինել, այլ միայն առաջին ուժի ներքին կիսաընդդիմադիր խմբակցություն:

Հայ Հեղափոխական Դաշնակցության նկատմամբ տարածված է «կեղծ ընդդիմություն» պիտակը, թեև կարելի է թվարկել կարևոր հարցերի բավականին երկար շարք, որոնց վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշումները առարկայորեն շատ ավելի ընդդիմադիր են, քան, օրինակ, Կոնգրեսինը: Նաև չի կարելի պնդել, թե ժողովուրդը երբեք չի ների Դաշնակցությանը` քոչարյանական ռեժիմի հետ համագործակցած լինելու պատճառով: Տեր-Պետրոսյանին ներեց ավելի վատ դերակատարության համար, Դաշնակցությանն էլ անպայման կներեր, եթե հավատար, որ Դաշնակցությունը կարող է և պատրաստ է իշխանափոխություն իրականացնել: Սակայն ՀՅԴ ղեկավարության վերջին շրջանի բոլոր գործողությունները փաստեցին, որ այս կուսակցությունը վախենում է իշխանափոխության հեռանկարից, որովհետև համոզված է, որ այդ դեպքում իշխանության կգա Տեր-Պետրոսյանը, ինչն իրենց համար ավելի սարսափելի հեռանկար կլիներ: «Դաշնակցության» շարքերի վրա, որոշ բացասական կնիք է թողել նաև իշխանությանը կցված լինելու տասնամյակը: Վերջապես, ՀՅԴ կազմակերպական կառույցը լավագույն հարթակը չէ համաժողովրդական շարժում կազմակերպելու համար: Ընտրությունից ընտրություն կուսակցության վարկանիշի անկումը հուշում է, որ «Դաշնակցությունն» այսօր ԱԺ-ում մնալ-չմնալու խնդիր ունի: Բայց անգամ եթե նա ինչ-որ կերպ լուծի այդ խնդիրը և գոնե ձևական առումով համարվի խորհրդարանական երրորդ ուժ, միևնույն է, դրանով ընդամենը արձանագրած կլինի իր պարտությունը ՀԱԿ-ից, ընդհանրապես թուլացումը և դուրս գալը «երրորդ ուժ» կոչվելու համար ընթացող մրցապայքարից:

«Ժառանգությունը» նույնպես մի քիչ հուսահատ ջանքեր է թափում ԱԺ-ում ունեցած տեղերը պահպանելու համար: Անցած տարիների ընթացքում այդպես էլ չկարողանալով ձևավորել անհրաժեշտ կազմակերպական կառույց և կայուն ընտրազանգված, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է իր բաժինն ունենալ վերացական «համաժողովրդական», ընդհանուր ընդդիմադիր շարժումում և ներկայանալ որպես Տեր-Պետրոսյանի կողքին այդ շարժումը առաջնորդողներից մեկը: Միաժամանակ «Ժառանգությունը» հույսը կապում է աղմկոտ ժողովրդահաճո քայլերի և Տեր-Պետրոսյանի երբեմնի համակիրների մի մասին իր կողմը քաշելու հետ: Բնականաբար նա ծանր հարվածներ է ստանում «շարժման» ներկայիս իրական առաջնորդից, որին ընթակա հետևորդներ են պետք, այլ ոչ թե համաառաջնորդներ: Արդյունքում, «Ժառանգությունը» հայտնվում է շատ երկիմաստ` մի կողմից Տեր-Պետրոսյանի միանձնյա առաջնորդությունը չընդունողի և նույնիսկ նրա գլխավորած շարժումը պառակտողի, մյուս կողմից նրա թեկնածությունը պաշտպանածի, քաղբանտարկյալների և այլ հարցերով ակտիվորեն աջակցողի կարգավիճակում: Սա շատերի կողմից ընկալվում է` Տեր-Պետրոսյանի համեմատ թուլության նշան, ինչը «Կոնգրեսին», ընդդիմության գլխավոր ձևաչափի դերում, փոխարինելու «Ժառանգության» հնարավորությունները հավասարեցնում է զրոյի:

Որպես «երրորդ ուժի» յուրօրինակ հավակնորդ է հանդես գալիս «Սարդարապատը»: Կոչ անելով բոյկոտել ընտրությունները և «ուղղակի ժողովրդավարություն հաստատել» նա նույնպես շարունակում է գործել «համաժողովրդական» շարժման շրջանակներում, քանի որ առաջին հերթին հենց այդ շարժման մասնակիցներին է հասցեագրված բոյկոտելու կոչը: Սակայն, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, «Սարդարապատից» ոչ ոք մինչև հիմա չի վիճարկել այդ շարժման` Տեր-Պետրոսյանի առաջնորդությունը: Փոխարենը կուսակցական կարգավիճակից հրաժարված և «վերկուսակցական» ներկայացող «Սարդարապատը» մերժում է առաջին նախագահի մարտավարությունը և հատկապես «ավազակապետության կազմակերպած կեղծ ընտրություններին» մասնակցելու մտադրությունը: Բայց դա էլ բավական է, որպեսզի «Սարդարապատը» ընդգծված թշնամական վերաբերմունքի արժանանա «Կոնգրեսի» առաջնորդի կողմից: Այս պայմաններում, բոյկոտին միանալու հարցում ՀԱԿ-ին կամ «Ժառանգությանը» համոզելու փորձերը նույնպես դատապարտված են: Արդյունքում, անգամ եթե «Սարդարապատը» կարողանա որոշ քանակի ընտրողների համոզել, որ նրանք չմասնակցեն ընտրությունների, միևնույն է, դա ընդամենը կմեկնաբանվի որպես ընտրողների պասիվություն, այլ ոչ թե բոյկոտ: Ուստի զույգ ընտրությունների շրջանում «Սարդարապատի» մարտավարությունը արդեն պարտված է: Հետընտրական զարգացումները նա նույնպես չի կարող առաջնորդել` ընտրություններին մասնակցած չլինելու պատճառով: Մնում է սպասել դրանց անարդյունք ավարտին հաջորդող հիասթափությանը: Բայց հիասթափությունը այն լավագույն պահը չէ, երբ մեծ թվով մարդկանց կարելի է հրավիրել հրապարակ` «արաբական» որևէ սցենարով «ուղղակի ժողովրդավարություն հաստատելու» կամ այլ զոհողությունների: Էլ ավելի դժվար է լինելու դա անել «Սարդարապատին», որը, չմասնակցելով ընտրություններին և դրանցում չարձանագրելով իր քաղաքական կշիռը, միշտ էլ համարվելու է լուսանցքային միավոր: Նա նաև չի կարողանալու ավելի մեծ հանրահավաքներ կազմակերպել, քան ՀԱԿ-ը կամ որևէ այլ շարժում, որոնք սովորաբար մարդկանց առաջարկում են ավելի պակաս զոհողություններ պահանջող ինչ-որ «սահմանադրական ուղի»:

Այսպիսով, պետք է եզրակացնել, որ թվարկված կազմակերպություններից ոչ մեկը ՀԱԿ-ից ընդդիմության գլխավոր ձևաչափի կարգավիճակը խլելուն ունակ «երրորդ ուժ» դառնալ կամ համարվել չի կարող: Ուստի այդ ուժը դեռ պետք է ծնվի նոր քաղաքական պայմաններին համապատասխան: Իսկ ի՞նչ չափանիշերի պետք է համապատասխանի այդ նոր ուժը:
Մի առիթով արդեն ասել եմ Հայաստանում ընդդիմության մշակույթի ճգնաժամի մասին: Ավելի քան 15 տարի ընդդիմության հաջորդական բոլոր ձևաչափերը աչքի են ընկել մի քանի ընդհանուր գծերով` թերություններով, որոնց թվում. կռապաշտությունը` մեկ անձի շուրջ կառուցված լինելը, այդ անձի պաշտամունքը, ապագաղափարականությունը` գաղափարական այլընտրանք չառաջարկելը և օրիանականության պահանջով սահմանափակվելը, ամբոխվարությունը` կազմակերպական կառույցների անկարևորությունը, ղեկավարների չընտրվածությունն ու անվերահսկելիությունը, որոշումների միանձնյա կայացումը և անայլընտրանք հրամցումը, ռևանշիզմը` հիմնականում նախկին և ներկաներից քիչ բանով տարբերվող իշխանավորներից բաղկացած լինելը: Պետք է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը ընդդիմության այս կեղծ տեսակի լավագույն և վերջին տարբերակն է:
Նոր տեսակի ընդդիմությունը պետք է ձգտի զերծ մնալ հնի հիշատակված թերություններից: Մասնավորապես պետք է լինի ավելի գաղափարական` քաղաքական գծի հստակ այլընտրանք ներկայացնող, ներքնապես ժողովրդավար` ընտրված թիմային ղեկավարությամբ, լայն մասնակցությամբ որոշումներ կայացնելու և ղեկավարությանը վերահսկելու մեխանիզմներով, սերնդափոխիչ` նոր գաղափարներ կրող նոր գործիչների առաջխաղացման հնարավորությամբ: Բոլոր այս սկզբունքները պետք է արտացոլվեն նաև նոր ձևաչափի ընդդիմությունափոխության ծրագրում: Ի դեպ, հենց այդ ընդդիմությունափոխության արդյունավետ ծրագրի առկայությունն է, որ տարբերելու է իրական «երրորդ ուժին» մյուս ենթադրյալ հավակնորդներից: Վերջապես, իրական քաղաքական այլընտրանք ներկայացնող, ներքնապես ժողովրդավար, նոր ընդդիմությունը իշխող վարչախմբին հաղթելու շատ ավելի ծանրակշիռ նախադրյալներ կունենա, քան հին տեսակի կեղծ ընդդիմադիր ձևաչափերը:
 

ընդդիմությունափոխություն, ՀԱԿ, իշխանափոխություն, Դաշնակցություն, Ժառանգություն, ներքաղաքական, նախկիններ, ժողովրդավարություն, Բարգավաճ, Սարդարապատ, ընտրություններ

Previous post Next post
Up