Jul 29, 2010 21:53
Որպեսզի ազատագրվեն Գանձակն ու Նախիջևանը Ադրբեջանը պետք է ինքն առաջինը պատերազմ սկսի ու դրա նախնական փուլում որոշ հաջողություններ ունենա:
Իսկ որպեսզի Ադրբեջանը պատերազմ սկսի, ու դեռ ժամանակավոր հաջողություններ էլ ունենա, նա ոչ միայն պետք է գերազանցի Հայաստանին ռազմական տեխնիկայով և այլ նյութական ցուցանիշներով, այլև պետք է համոզված լինի, որ Հայաստանը սոված է, իսկ նրա ղեկավարությունը, բանակն ու ժողովուրդը վաղուց պատրաստ են միակողմանի և ամբողջական զիջումների:
Բայց դա էլ բավարար չէ: Ադրբեջանը ինքն իրեն համոզել է, թե պարտվել է ոչ թե Արցախին, ոչ էլ անգամ ամբողջ Հայաստանին, այլ նրա «զորավոր և հավատարիմ» դաշնակից Ռուսաստանին: Ուստի լիակատար համարձակություն ձեռք բերելու համար նրան անհրաժեշտ է, որ Ռուսաստանը մեզ «դավաճանի» և անցնի իր կողմը:
Այս վերջին մեկ-երկու տարում, կարծես Ռուսաստանը Բաքվի համար այդ պայմանն էլ է փորձում լրացնել:
Ու եթե Ալիևը շուտով նոր պատճառաբանություն չհնարի` իր անշառ գլուխը շառի տակ չդնելու համար, ապա մենք, մի օր (վերջապես), Գանձակն ու Նախիջևանը ազատագրելու առիթ կարող ենք ստանալ:
Չար լեզուներն ասում են, որ Բաքուն կարող է գործի անցնել նույնիսկ մեկ ամսից: Սուտ է, չեմ հավատում: Ավելի հավանական է, որ Ալիևը խնդրի ու սպասի մինչև ռուսներն իրենք խլեն Ստեփանակերտը մեզնից և նվիրեն Ադրբեջանին, ինչպես որ դա արվում էր 1990-91թթ:
Բայց դե ինչքան էլ ձգեն, միևնույն է, մի օր հարձակվելու են, չէ՞: Կկարողանա՞նք մենք օգտվել այդ առիթից և կամբողջացնենք արդյո՞ք Հայաստանի արևելյան սահմանները, թե՞ ձեռք բերածն էլ կկորցնենք` միայն մեզնից է կախված:
Հաղթելու համար պետք է ունենալ հաղթող ազգային ընտրանի, հաղթող կառավարություն, հաղթող բանակ, հաղթող ժողովուրդ:
Դեռ ահագին գործ կա անելու:
Արցախ,
Ադրբեջան,
մտավարժանք,
պատերազմ