Մի շտապեք պահանջել

Jul 19, 2010 10:59


Մի խումբ մատենավար-ընկերներ պահանջում են մեծարել այն զինվորին, որը սպանել է թուրք դիվերսանտին:
Բայց կան ոչ պարզ հարցեր, ուստի առաջարկում եմ չշտապել:

Այս մեկնաբանությունը գրեցի նաեւ Թալինցու մոտ

Ես շատ լավ հիշում եմ, թե մեկ տարի կամ ավելի առաջ ինչպես մեծարեցին այն երեք զինվորներին, որոնք դիմակայել էին թուրքական խմբի հարձակումը՝ կարծեմ երկուսին սպանել, երկուսին վիրավորել էին, իրենք էլ չէին տուժել:Նրանց մեդալ ու սերժանտի աստիճան տվեցին, նախագահն ընդունեց ու նման բաներ:
Մի խոսքով, ընդհանուր առմամբ համաձայն լինելով, որ հերոսների մեծարման հարցում թերությունները գուցե շատ են, այս վերջին կոնկրետ դեպքում, ենթադրում եմ, որ չմեծարելու պատճառ կա:
Ավելին, հնարավոր է որ դատական պատասխանատվության հարց էլ լինի, եթե վերջնականապես հաստատվի, որ այդ զինվորը պոստում կանգնած լինելու փոխարեն, առանց փոխարինող կանչելու, զուգարան էր գնացել ու հնարավորություն տվել, որ մի թուրքը կարողանա իր քնած ընկերների մեծ մասին սպանել: Թե ինչու էին մնացածը քնած, այլ հարց է:
Ամեն դեպքում ես այդ երիտասարդին շատ չեմ մեղադրում, որովհետեւ ցավոք սա պոստերի ընդհանուր վիճակն է: Նաեւ ուրախ եմ, որ այդ երիտասարդը աղմուկը լսելով չի թաքնվել կամ փախել, այլ եկել է ու սատկացրել այդ թուրքին: Բայց արդյոք դա բավարար է նրան մեծարելու համար: Առանց այդ էլ, կարծում եմ, որ զոհված ընկերների տեսարանը նրան ամբողջ կյանքում հետապնդելու է, իսկ եթե դրա հաշվին նրան մի հատ էլ պարգեւատրեն...
Այս պահանջը փաստորեն հիմնված է պաշտոնական կեղծ, անբավարար տեղեկատվության վրա: Ուստի ես առաջարկում են այն հետաձգել մինչեւ ամբողջ ճշմարտությունն իմանալը:

Փոխարենը կարելի է պահանջել, որ պարգեւատրվեն դեպքից երեք օր անց հարավային ուղղությամբ պատասխան գործողության մասնակիցները, եթե այդպիսի գործողություն իսկապես եղել է: Չէ որ զինծառայողների միջոցով անպաշտոն տեղեկատվություն է տարածվում, թե նրանք երեքին են սպանել ու երեքին էլ գերի վերցրել, ու իրենցից ոչ մեկն էլ չի վիրավորվել: Գոնե այդ ձեւվով այս ասեկոսեների պաշտոնական հաստատումը կստանանք:

Արցախ, բանակ

Previous post Next post
Up