Երևանի ավագանու ընտրություններով իշխանությունները մի քանի խնդիր էին ուզում լուծել։ Գլխավորը, անշուշտ, պետական ոստիկանական մեքենայի օգնությամբ ՀՀԿ-ի ցուցակի համար 40-ից ավելի տոկոս «խփելը», ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը պահելն ու Տարոն Մարգարյանին քաղաքապետ վերանշանակելն էր։ «Աստվածավախ» Վլադիմիր Գասպարյանի համակարգը փայլուն լուծեց այս խնդիրը։ «Ավելի լավ Տարոն» օպերացիայի մեջ ներգրավվել էր հասարակության ամենամարգինալ շերտը և «զբռոդը»։
Ուշագրավ է, որ իբրև թե բարեփոխվող և կրմինալի դեմ պայքարող ոստիկանությունը չտեսնելու էր տալիս ապօրինությունները։ Միայն մայիսի 5-ի գիշերը վովայենք նկատեցին, որ ՀՀԿ-ականները հրավառության միջոցով նշում են իրական ընտրողների դեմ տարած հաղթանակը և շտապեցին օրինականություն խաղալ՝ կոչ անելով զերծ մնալ մարդկանց անդորրը խանգարող ճայթյուններ կազմակերպելուց։ Ցինզմը, փաստորեն, չափ ու սահման չունի։
Ինչ վերաբերում է հարակից խնդիրներին, ապա Բաղրամյան 26-ը ծրագրել էր հետևյալը.
1.անել ամեն ինչ, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանին կից «Բարև Երևան» դաշինքը հայտնվի 2-րդ տեղում՝ իրենից հետո թողնելով ԲՀԿ-ին,
2.ՕԵԿ-ին հնարավորություն տալ ՀՀԿ-ականների մեթոդներով հաղթահարել 6-տոկոսանոց շեմը,
3.մասնակիցների թվաքանակը գերուռճացնելով՝ թույլ չտալ, որ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն անցնեն ավագանի,
4.եթե 1-ին և 3-րդ կետերում նշված խնդիրները հնարավոր չլինի լուծել, ապա այնպես անել, որ «Բարև Երևանը» տոկոսներով անպայման առաջ ընկնի ՀԱԿ-ից։
Ինչպես արդեն հայտնի է, իշխանությունները մասամբ կարողացան լուծել հարակից խնդիրները։
Որքան էլ որ «անկախ» քարոզչամեքենան, Տարոնի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքում վխտացող «ֆեյքերը» և նիկոլփաշինյանները փորձեցին գեղամյանություն և «1in.am»-ություն անել ԲՀԿ-ի դեմ ու փչել «Բարև Երևանին», միևնույն է, իշխանությունների անթաքույց աջակցությունը վայելող «Բարև Երևանը» մի կերպ հաղթահարեց կուսակցությունների դաշինքների համար սահմանված անցողիկ տոկոսաշեմը։ Ասել է թե՝ 1-ին կետի խնդիրը չլուծվեց, և դա բնական է, քանզի 124-հոգանոց հանրահավաքներ կազմակերպող ուժին հնարավոր չէր աճեցնել այնպես, ինչպես նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ։
Բոլորն էլ համոզվեցին, որ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆու տոկոսները հանգամանքների բերումով էին ստացվել։ ԲՀԿ-ն հերթական անգամ պայթեցրեց «Ժառանգության» փուչիկը։
Իշխանությունները չկարողացան լուծել նաև ՕԵԿ-ի խնդիրը։ 2008թ. քաղաքական դիակի վերածված այդ ուժին ոչ մի ձևով հնարավոր չեղավ առաջ հրել։
3-րդ և 4-րդ կետերում նշված խնդիրները գործող նախագահին հաջողվեց լուծել սեփական հեղինակության գնով։ Բանն այն է, որ ըստ ԿԸՀ-ի հայտարարած տվյալների՝ Տարոնը Սերժից բարձր վարկանիշ ունի։ Գործող նախագահին այնքան շատ էր պետք ՀԱԿ-ին ավագանուց դուրս թողնելը, որ նա սեփական արժանապատվության գնով հասավ դրան։
Ահա այսպիսի գաղջ մթնոլորտում անցան «ընտրությունները»։
Կորյուն Մանուկյան