Այն, որ Երևանի ավագանու ընտրությունները խայտառակ ձևով կեղծվել են, որևէ մեկը չի կասկածում։
ՀՀԿ-ն պահեց իր մենաշնորհը՝ թաղային «ապերոների», բառիս բուն իմաստով բոզերի, անձնական շահ ունեցող «տասովշիկների», ոստիկանության, փողով քվեարկողների, քոռերի, թոփալների, հոգեկան հիվանդների և մեր հասարակության «առաջադեմ» զանգվածների օգնությամբ։
Ընտրակեղծիքների մեքենայի մեջ էին ներառվել ՀՀԿ-ական հոտի վերածվածներին տեղափոխող տաքսի ծառայությունները, երթուղային տաքսիները, կաշառվածներին տանող-բերողների անձնական փոխադրամիջոցները։ Մի խոսքով, հանցագործության մեջ ներգրավված էր ազգիս «էլիտան»։ Տարոն Մարգարյանն, ըստ այդմ, «բոմժերի թագավորն» է։
Անցողիկ շեմը, ՀՀԿ-ից բացի, հաղթահարել են ԲՀԿ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հավաքված «Բարև Երևան» դաշինքը։ Ակնհայտ է, որ այս երկու ուժերը չեն կարողանալու ազդել մայրաքաղաքի ղեկավար մարմնի՝ ավագանու, որոշումների վրա, քանզի համապատասխան թվով ձայներ չունեն։
Հարց է առաջանում, թե այդ դեպքում արժե՞ արդյոք վերցնել մանդատները։ Կա երկու տեսակետ։ Մի մասը պնդում է, որ պետք չէ վերցնել մանդատը և մի շարք հիմնավորումներ է ներկայացնում։ Մանդատ վերցնելու կողմնակիցներն էլ իրենց փաստարկներն ունեն։
Լուծումը, սակայն, այս երկու խմբի մոտեցումների արանքում է։
Գնան, որ ի՞նչ անեն
Դատելով առաջին արձագանքներից՝ ընդամենը երկու ամիս առաջ հանգամանքների բերումով ավելի քան կես միլիոն ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի թիմում շատ ուրախ են 8 տոկոսը հաղթահարելու փաստով։ Դա, իհարկե, իրենց գործն է, բայց, եթե հիշում եք, «Ժառանգության» առաջնորդը գովազդային պաստառի վրա քնքշորեն բռնել էր Արմեն Մարտիրոսյանի ձեռքերն ու անընդհատ ներկայացնում էր նրան որպես «բեզ պիծի մինուտ» քաղաքապետ։
Հիմա պարզվում է, որ ութ տոկոսի շեմն անցնելը քեֆի և ուրախության պատճառ է դարձել «իրավատիրոջ» շրջապատում։ «Ժառանգության» ներկայացուցիչ հանձնաժողովականը նույնիսկ շամպայն է բարձրացրել ՀՀԿ-ի հաղթանակի համար։ Ինչևէ։
Մանդատներ չվերցնելու կողմնակիցները նշում են, որ այդպիսով կարելի է մենակ թղնել ՀՀԿ-ին։
«Թող իրենց «անլեզուներով» ավագանու նիստերի ժամանակ «ջան» ասեն ու «ջան» լսեն»,- պնդում են մանդատ վերցնելուն դեմ արտահայտվողները։
«Ի՞նչ պետք է անեն ավագանիում ԲՀԿ-ն ու «Բարև Երևանը», երբ Տարոն Մարգարյանին կառավարում են Բաղրամյան 26-ից և չկա կասկածելի որոշումները տորպեդահարելու բավարար մանդատ»,- հարց են տալիս մանդատը չվերցնելու կողմնակիցները։
Նկատենք, որ բոյկոտողների ասածի մեջ ճշմարտության մեծ չափաբաժին կա։
Չգնան, որ ի՞նչ անեն
Թեև մանդատները վերցնելու կողմնակիցներն էլ են համոզված, որ ընտրությունները կեղծվել են, սակայն կողմ են, որպեսզի ԲՀԿ-ն ու «Բարև Երևանը» վերցնեն մանդատներն ու ՀՀԿ-ի կյանքը ուտեն՝ վերածվելով ավագանիում երևանցիների աչքերի ու ականջների։
Ըստ «մանդատիստների»՝ ՀՀԿ-ին չի կարելի մենակ թողնել «ատկատների» ու «տենդերների» օվկիանոսում։
Սա էլ կարելի է հասկանալի ու ընդունելի մոտեցում համարել, բայց կա մի մեծ «բայց»։
«Բարև Երևանը» դհոլության և ընդդիմության արանքում
Բանն այն է, որ «Բարև Երևանը» իրեն պահում էր ու շարունակում է պահել ՀՀԿ-ի «ողջախոհ» թևի ձեռքի գործիքի դերում։ Րաֆֆիենք մի կողմից հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, բայց մյուս կողմից էլ որոշ ժառանգականներ երեկվանից գեղամյանություն և «1in.am»-ություն են անում ԲՀԿ-ի դեմ՝ անաչառություն խաղալով ու «անկախ» լրատվամիջոցների էջերից չիջնելով։ Եվ հարց է առաջանում, թե ո՞րն է այդ ուժի հիմնական առաքելությունը։
Եթե Րաֆֆու թիմի խնդիրը ընդդիմադիր դիրքերից ՀՀԿ-ի մենաշնորհի հակառակորդների դեմ հանդես գալն է, ապա իմաստ չունի այս ուժի հետ որևէ ընդհանուր գիծ մշակելը։ Թող գնան իրենց համար գեղամյանություն անեն։
Իսկ եթե ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև հավասարության նշան դնող առանձին ժառանգականների տեսակետները չեն արտահայտում այդ հեղհեղուկ քաղաքական ուժի ընդհանուր մոտեցումը, ապա կարելի է մի բան մտածել։
Ամեն դեպքում՝ Րաֆֆին պետք է կողմնորոշվի, եթե իհարկե «ազատամարտի ռահվիրային» քծնող և «զորավարի» հետ աղոթող այդ մարդն ի վիճակի է որևէ որոշում կայացնել։
«Բարև Երևանը» պետք է հրաժարվի նախընտրական ու հետընտրական փուլերում որդեգրած դհոլային վարքագծից և միակ թիրախ հայտարարի ՀՀԿ-ին, որպեսզի ընկալելի լինի հանրության ու քաղաքական ուժերի համար։ Այլապես «Ժառանգությունը» կհայտնվի խաչաձև տեղեկատվական կրակահերթի տակ ու կբավարարվի ՀՀԿ-ի նետած 8 տոկոսը «վայելելով»։
Վերցնե՞լ, թե՞ չվերցնել
«Հիմա ի՞նչ, արժե վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները», - կհետաքրքրվի ընթերցողը։
Ըստ իս՝ ճիշտ է և՛ վերցնելը, և՛ չվեցնելը։ Բայց ԲՀԿ-ն ու «Բարև Երևանը» պետք է համատեղ որոշում կայացնեն և՛ վերցնելու, և՛ չվերցնելու դեպքում, որպեսզի քաղաքական այդ քայլն արդյունավետ լինի։ Դա, իհարկե, չի նշանակում, որ դրանից հետո այդ ուժերը պետք է պարապ նստեն։ Երկու դեպքում էլ գործողությունների համատեղ ծրագիր ու սցենար պետք է աշխատացնել։
Իսկ եթե «Բարև Երևանը» որոշի վերցնել ավագանու մանդատները (նրանք հակված են դրան), ապա ԲՀԿ-ի բոյկոտն արդյունավետ քայլ չի լինի։
Կրկնեմ. եթե վերցնել, ապա միասին, իսկ եթե չվերցնել, ապա նույնպես միասին։
Ես հասկանում եմ, որ ԲՀԿ-ն ու «Բարև Երևանը», հայտնի պատճառներով, կդժվարանան կլոր սեղանի շուրջ նստել և միասնական որոշում կայացնել, բայց ցանկության դեպքում բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել ու համատեղ գործողություններ պլանավորել ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» ձևաչափով։
Ոչիշխանական ուժերին միանալը ՕԵԿ-ից ավելի վատ օրը չընկնելու և ՀՀԿ-ի «պադվալում» չհայտնվելու«Ժառանգության» վերջին շանսն է։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ կարելի է ասել, որ քվեարկությանը մասնակցածների թիվն ուռճացված է առնվազն 150 հազարով։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն չի վայելում ընտրողների կեսից ավելիի վստահությունը։ Եթե դրան գումարում ենք նաև փողով ու վարչական ռեսուրսով ստացած ձայները, ապա ՀՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ 6 տոկոս շեմը, բայց սա այլ խոսկացության թեմա է։