«Հայկական ժամանակը» և գաղջ մթնոլորտը

Apr 27, 2013 15:00



Վերջերս շատ մոդայիկ է դարձել երկրում տիրող գաղջ մթնոլորտից բողոքելը։ Պաշտոնական տեսակետի համաձայն՝ մթնոլորտի գաղջացմանը նպաստում են լրատվամիջոցները, որոնք թշնամանք ու ատելություն են քարոզում։ Ըստ այդմ՝ մարդիկ Հայաստանից արտագաղթում են ոչ թե անարդարության, ոչ թե կոռուպցիայի, ոչ թե վատ տնտեսական պայմանների պատճառով, այլ չար ԶԼՄ-ների գործունեության հետևանքով։

Եվ ահա փորձելով մեղմել իրավիճակը՝ «թունդ ընդդիմադիր» գործունեությամբ հայտնի Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը որոշել է ապագաղջացնել մթնոլորտը՝ մի ամբողջ էջ տրամադրելով ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին։ ՕԵԿ առաջնորդը հատուկ «ՀԺ»-ի համար հանդես է եկել ընդարձակ հրապարակմամբ։


«Հայաստանում անհրաժեշտ են փոփոխություններ» վերնագրով հոդվածում Բաղդասարյանն անդրադառնում է նորաստեղծ և իր կողմից ղեկավարվելիք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին ու դրա առաքելությանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Եթե կրթության նախարարը «Ֆեյսբուքում» է գրառումներ անում, ապա ինչու ԱԽՔ-ը չի կարող նույն բանն անել «Հայկական ժամանակ» օրաթերթի տարածքն օգտագործելով։ Բայց այստեղ մի մեծ «բայց» կա։

Բանն այն է, որ սա այն նույն Արթուր Բաղդասարյանն է, ում «Հայկական ժամանակի» տերը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ հեռավոր 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ անվանել էր ընտանեպիղծ, այսինքն՝ հեղափոխական այն օրերին ոչ թե քաղաքական քննադատության, այլ անձնական վիրավորանքի էր արժանացրել նորաստեղծ հանձնաժողովի նախագահին։ Դա այն վիրավորանքն է, որը երբեք չի մոռացվում և չի ներվում։ Համենայնդեպս՝ արժանապատվության մասին հստակ պատկերացումներ ունեցող մարդկանց կողմից։

Ով ով, բայց Նիկոլ Փաշինյանը չէր կարող հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել Արթուր Բաղդասարյանի նկատմամբ ու տարածք տրամադրել նրան։ Համենայնդեպս՝ Նիկոլն իրեն այդպիսին է մատուցել հանրությանը. սկզբունքային ու ոչկոմպրոմիսային։

Բացի այդ՝ «ընտանեպիղծն» այն վիրավորանքն է, որը հասցնողը չպետք է որևէ պարագայում շփվի վիրավորանքի օբյեկտի հետ ու որևէ առնչություն ունենա նրա հետ։ Վիրավորվողն էլ իր հերթին պետք է համապատասխան վարքագիծ դրսևորի։ Սակայն ինչեր չես անի գաղջ մթնոլորտը վերացնելու համար։

Իսկ դուք ասում էիք՝ չի կարող պատահել։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանին սատարող ՕԵԿ համագումարի ժամանակ ելույթ ունենալիս Արթուր Բաղդասարյանը, շատ լավ տեղյակ լինելով Նիկոլի ներկայիս կարգավիճակից և «ՀԺ»-ի ու իշխանական քարոզչամեքենայի ինտեգրվածության մակարդակից, դրական լույսի ներքո էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս նեղվել էր դրանից ու վախենալով «պալիտ» լինելուց՝ մի թեթև քննադատել էր Բաղդասարյանին։ ՕԵԿ գրասենյակից պատասխանը չուշացավ։

«Քեզ դրել ես «սրբի» տեղ, բայց «գիշերները վանքի հավերն ես գողանում: Հետևաբար մեկընդմիշտ հիշիր, մինչև ինչ-որ գնահատականներ հնչեցնելդ, մի պահ կանգ առ ու սեփական անփառունակ գործունեությունդ գնահատիր: Քո թերթում ինչքան ճղճիմ ու կեղտոտ հոդվածներ, ինչեր ասես չես գրել Արթուր Բաղդասարյանի մասին: Ու եթե նույնիսկ Արթուր Բաղդասարյանը մեծահոգաբար քո մասին ինչ-որ լավ խոսք է ասել, ապա, կրկնում եմ, քեզ չի «ազնիվ» որակել. գոնե այդքանից հետո չարությունդ մեջդ սպանիր: Դա քեզ, կարծում եմ, կփրկի հայ քաղաքական պատմության մեջ որպես «ամենատպավորիչ քաղաքական չարություն» որակվելու հեռանկարից»,- մասնավորապես նշված էր ՕԵԿ մամլո խոսնակի պատասխանում։

Նիկոլը, հավաբար, ականջալուր է եղել ՕԵԿ-ից հնչած խորհրդին ու որոշել է «Հաղթահարենք գաղջ մթնոլորտը» ծրագրի շրջանակներում տարածք տրամադրել Ա. Բաղդասարյանին։ Իր հերթին Բաղդասարյանն էլ մոռացել է «ընտանեպիղծ» որակումն ու դարձել «ՀԺ»-ի հատուկ թղթակիցը։ Կողմերն իրար արժեն։

Բաց է մնում միայն այն հարցը, թե արդյոք նման բաներից հետո գաղջ մթնոլորտը վերանու՞մ է, թե՞ է՛լ ավելի է խորանում։

http://7or.am/

Previous post Next post
Up