Բարի իշխանությունն ու չար տղաները (տեսանյութ)

Apr 27, 2013 14:57



Նախագահական ընտրությունները գնահատելիս Սերժ Սարգսյանը նշել էր, թե առաջընթացն ակնհայտ է, քանզի բռնության դեպքեր չեն գրանցվել, լարվածություն չի արձանագրվել, և թշնամանքի մթնոլորտ չի եղել։

Նախագահական ընտրությունների ժամանակ, իրոք, հովվերգական պատկեր էր ստեղծվել, քանզի «ֆեյք» թեկնածուները զուտ ֆոնային դերակատարում ունեին և բնականաբար իշխանափոխության խնդիր չէին դրել։ Գործ ունեցանք անբնական երևույթի հետ՝ որքան վատ էր վիճակը երկրում, այնքան առերևույթ բարի էին ընտրությունները։


Փետրվարի 18-ից առաջ «վաստակավոր մրցակից» կոչմանն արժանացածներից յուրաքանչյուրն իր դերն ուներ. Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղված էր տեսախցիկների ներկայությամբ մազերը կտրելով և փողոցներում պոնչիկ ուտելով, Պարույր Հայրիկյանը պայքարում էր «իմպերիալիստական Ռուսաստանի» ու Բորդյուժայի դեմ, իսկ Հրանտ Բագրատյանը վարչապետ դառնալու հույսով քծնում էր գործող նախագահին ու մի փոքր կմճտում Տիգրան Սարգսյանին։ Նման պայմաններում բնական էր, որ իրական մրցապայքար չեղավ, և քարոզարշավը կրեց «ջանջիգյարային» բնույթ։

Այլ է պատկերը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Հիմնական քաղաքական ուժերը ներգրավվել են ընտրապայքարի մեջ, և իրական մրցակցություն կա քաղաքապետի պաշտոնի համար։ Դա է պատճառը, որ իշխանության բարի դեմքը փոխվել է, և թաղային խուժանն անցել է գործի։

Արդեն բազմաթիվ ահազանգեր են ստացվում այն մասին, որ խոչընդոտվում է մասնավորապես ՀԱԿ ակտիվիստների քարոզչական գործունեությունը, իսկ երեկ մի քանի հոգու կողմից դաժան ծեծի է ենթարկվել Կոնգրեսը ներկայացնող Ալիկ Հախվերդյանը։

Կարելի է չկասկածել, որ իշխանությունն այս ամենը կվերագրի «Արջի ծառայություն» կազմակերպության չար տղաներին ու կխոստանա այնպիսի արագությամբ բացահայտել մեղավորներին, ինչպիսի արագությամբ որ բացահայտեց Հայրիկյանի դեմ «մահափորձ» իրականացրած «իմպերիալիստական Ռուսաստանի» գործակալներին։

Դե, իսկ Տարոն Մարգարյանն այս ամենի հետ ընդհանրապես կապ չի կարող ունենալ, քանզի նա առավոտից-երեկո, ինչպես պնդում են նրա PR-շիկները, զբաղված է աղբահանությամբ ու փողոցները մաքրելով։

Սևակ Մինասյան
http://7or.am/

image Click to view

Previous post Next post
Up