Խոհեր Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» դիտելիս...

Feb 08, 2012 00:55

Այսօր Ստեփանակերտում Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսն էր, ֆիլմերից մի երկուսը ցուցադրեցին, ելույթ ունեցավ նաև հեղինակը, ով շուտով մեկնելու է աշխարհի տարբեր երկրներ` ներկայացնելու միջազգային հանրությանը արցախյան պատերազմի իրական երեսը: Ֆիլմերը դիտելիս և Պասկալևայի խոսքերը լսելիս տարբեր տեսակի խոհեր ու ապրումներ շատ ունեցա, բայց միայն մեկի մասին եմ ուզում կիսվել. ակամայից համեմատում էի բուլղարհուն և նրա գործը այսօրվա մեր մեդիադաշտում գործող և իրենց հայ ու լրագրող համարող շատ անձանց ու նրանց արածի հետ: Մի փոքր իրազեկ մարդուն երևի կարիք չկա բացատրելու հակահայկական հիստերիայով և ապատեղեկատվությամբ հագեցած ինֆորմացիոն պատերազմում բուլղարհու ձեռնարկած առաքելության հսկայական արժեքը: Եվ դեռ ավելին` սեփական փորձից և դահլիճում ֆիլմերը դիտող մարդկանց ռեակցիայից ընդգծվում էր նաև Ցվետանայի կատարած աշխատանքի մեկ այլ անգնահատելի արժեքը. ինքնաճանաչողությունը, գիտակցումը այն գնի, որ մենք ստիպված էինք վճարել այս պատերազմում: Ու մեկ էլ մյուս կողմից անդրադառնում եմ մեր լրագրողների ու մեդիադաշտի պատասխանատուների շատ-շատերի արածին. սեփական ժողովրդի ու հասարակության ուղեղի լվացում ապատեղեկատվություներով, բամբասանքներով, ստերով, շինծու սկանդալներով, ինտրիգներով ու սենսացիաներով, տխմար հրապարակումներով, հաղորդումներով ու սերիալներով, միայն բացասական հույզերի սրում և ներազգային փոխադարձ ատելության ու անհադուրժողականության սերմանում, էլ ո՞րն ասեմ... Ու ո՞նց չհարցնեմ` դուք էլ եք լրագրո՞ղ, այս կի՞նն էլ, դուք էլ եք հա՞յ, այս... բուլղարուհի՞ն էլ...
Չգիտեմ էլ ինչքանով ճիշտ վերարտադրեցի զգացածս, գուցե մնար վաղը, սա չգրեի, բայց մեջս մի բան լցվել էր...


խոհեր, ԶԼՄ-ներ, Արցախյան շարժում, Ցվետանա Պասկալևա, անձնական

Previous post Next post
Up