srtik-ի
այս գրառումն ինձ հիշեցրեց մի հուշ՝ շատ վաղ մանկությունից, այն հազվագյուտներից, որոնք, թեև ոչ մի առանձնահատուկ կարևորություն չունեն, ոչ էլ մի նշանակալից իրադարձություն են կամ հիշարժան դեպք, բայց չգիտես ինչու պահպանվել են հստակ մանրամասնությամբ։
Փոքր ժամանակ ես շատ ամաչկոտ երեխա էի։ Որ ասում եմ՝ շատ, հենց այդպես էլ կար։ Այսօրվա դրությամբ թեև այդ հատկությունը շտկվել է զգալի չափով, ես կասեի՝ բթացել, բայց ամաչկոտության, կաշկանդվածության որդերը դեռ երբեմն գլուխ են բարձրացնում տեղ-տեղ, և ջանքեր են պետք լինում հաղթահարելու։
5-6 տարեկան էի, մամայիս հետ հյուր էի մեր մի ազգականի տանը։ Սիրուշ ծյոծյան, թմբլիկ ու բազմատեսակ հավեսներով, աշխույժ մի կին, իրեն հատուկ սրտաբացությամբ դեսերտի սեղան էր գցել, որի վրա զանազան աղանդերի մեջ ինձ հատկապես աչքով էին անում նարնջադեղին-փափուկ, ախորժելի, կլորավուն թխվածքները՝ "յոժիկ" անունով, որոնց արևագույն, առատ փշրանքածածկի տակից ծիկրակում էր համեղագույն կրեմի թարմ սպիտակը։ Թե որքան էի ուզում ուտել այդ յոժիկներից, միայն ես գիտեի։ Սիրուշ ծյոծյան էլ չի ուշանում, ափսեիս մեջ դնում է մի փափլիկ, թառլան կտոր ու քաղցրալեզու հորդորում հյուրասիրվել։ Ամաչելով մտնում եմ մորս թևի տակ ու մերժում։ Սիրուշ ծյոծյան անդրդվելի է․ շարունակում է համոզել է՛լ ավելի քաղցրալեզու՝ նկարագրելով, թե որքան համեղ են դրանք, Մարոն (իր աղջիկը) հենց նոր է թխել։ Ես ավելի եմ պարուրվում ամոթի վերմակով, դառնում ամոթի կծիկ և օրորում եմ գլուխս։ Սիրուշ ծյոծյային միանում է մայրս, թե՝ կեր հա կեր։ Սոված չեմ, պնդում եմ ես, ու ներքուստ տառապում, թե երբ ձեռ կքաշեն ինձնից։ Սիրուշ ծյոծյան, սակայն, ձեռ չի քաշում (դուք իրեն լավ չգիտեք), նա ավելի մոտ է հրում ափսես, որից յոժիկի խելահեղ բույրը խփում է քթիս, ու արդեն ուղղակի թախանձում է, որ "գոնե մի հատ համը տեսնեմ"։ Մայրս էլ կողքից է բարկանում, թե միթե՞ էդ աստիճան չեմ ուզում, որ անհնար է գոնե մի բերան համտեսելը։ Բերանումս հավաքված թուքը մի կերպ կուլ տալով՝ սեղմում եմ շուրթերս այնպես, որ կանայք ի վերջո հասկանում են, որ այստեղ առանց բռնի ուժի բերանս մի փշուր անգամ չի մտնի։ Վերջապես թողնում են ինձ ու շարունակում իրենց զրույցը։ Իսկ ես տառապում եմ այդ յոժիկների՝ ասես քմծիծաղով իմ կողմ սևեռված ներկայությունից, և երկրագունդն այդ պահին դարձել էր մի ահռելի յոժիկ՝ ոսկեգույն փշրանքով պատված, ու կրեմը տակից․․․ մմմ․․․
Հյուրասեր տանտերերին հրաժեշտ տալուց հետո, երբ դուռը հազիվ էր ծածկվել մեր հետևից, չդիմացա, նայեցի վերև՝ մամային, ու կամացուկ ասացի․ "Մամ, որ գնանք տուն, էդ յոժիկից կսարքե՞ս․․․"։
Թե ինչու այդքան վրդովվեց մամաս, դա կարող եմ հասկանալ հիմա :)