Անդրոպովն առաջարկում էր բարեփոխումներ` ԽՍՀՄ ազգային-տարածքային միավորումների վերացմամբ նոր պատմական ընդհանրության` «սովետական ժողովրդի» ստեղծման հայեցակարգի շրջանակում: Դա էր ԽՍՀՄ աճի եզրագիծը, որից հետո կայսրության ձուլման կաթսան էր և՝ անցումը Պոստմոդեռնի:
Չհաջողվեց. գործեց պլան Բ և որոշում կայացվեց` թոթափել ազգային հանրապետությունների բեռը և անցում կատարել դեպի պոստմոդեռնիստական կայսրություն՝ ազգային միջուկ Русь-Московия-ն՝ իր նեոգաղութային արվարձաններով, որոնք ազատ են խարխափելու քաղաքական ազգագրականության մեջ, բայց միանգամայն անազատ են ազգային քաղաքականությունում: Այժմ հենց այդ ծրագիրն է շարունակվում, հստակ և միանշանակ: Կուրղինյանը ստել թույլ չի տա, ուղղակի համեստորեն լռում է: Այլընտրանքը մեզ համար. կամ դու անկախ ես, կամ ձուլման կաթսա՝ դանդաղ կամ արագ: Դա էլ Հայաստանի եզրագիծն է: Փոփոխությունը մեկն է. Русь ազգային միջուկի փոխարեն Ոսկե Հորթով Աստծո դերում միջուկ է դիտվում պայմանականորեն «մոսկովյան» կամ «եվրոպական» կորպորատոկրատ վերնախավը: Հայաստանն այդ դեպքում պատկերացվում է որպես ներկայում հազիվ գոյատևող հայկական հոմեոստազ գյուղերը` դատարկ, ծերացած բնակչությամբ, որտեղ մեծ քաղաքներից երբեմն գալիս են մարդիկ ծերերին գերեզմանները հասցնելու և մեկշաբաթյա արձակուրդն անցկացնելու համար:
Կեղծ այլընտրանքն է. կամ անկախություն, կամ զարգացում: Դա կատարյալ զառանցանք է, չի լինելու անկախություն առանց զարգացման և չի լինելու զարգացում առանց անկախության: Գլոբալ Գյուղի մոդելը` սեքս-տուրիզմ, էկոտուրիզմ՝ սպանված գյուղական շրջաններ, ՏՆԿ-ի ձեռքի տակ ծառաներ և ծառայություններ և ամբողջական մշակութային գաղութացում: Մեզ առանց տարբերության նույն սցենար է սպառնում և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի հետ: Դա Պոստմոդեռնի կառուցվածքներով և վերնախավերով նորագաղութատիրություն է՝ ոչ թե որպես առանձնացված մոդեռնիստական պրոեկտ, այլ՝ որպես աշխարհապարփակ տնտեսության մաս: Քանզի ժամանակն այլ է, աշխարհն այլ է, և ամեն ինչ փոխվել է:
Ռուսների և եվրոպացիների համար ամենահեշտ ճանապարհն, իհարկե, լուրջ ներդրումների` տասնյակ հազարավոր աշխատատեղերով, լայնածավալ ռազմական օգնության և Արցախի ճանաչման ճանապարհն է, որն ընդունակ էր կողմնորոշման հարցը մեջտեղից հանելու: Բայց նման մոդեռնիստական ծրագիր նրանց կողմից չի իրականացվել և երբեք էլ չի իրականացվելու. օտար ժողովրդի համար նրանք չեն անի այն, ինչ չեն անում սեփականի համար և չեն անի ոչինչ, ինչը ստացվածի համեմատ քաղաքական կամ ռազմական առումով լրացուցիչ բեռ, պարտավորություն, լարում է գլխամասի համար: Ավելի հեշտ է «ներդրումներ» անել հայ վերնախավում, վերահսկել արդեն իսկ գոյություն ունեցող նվազագույն` անհրաժեշտ և բավարար տնտեսությունը և կերակրել խոստումներով, թե «արմատական աջակցությունը կլինի կողմնորոշումից հետո». կողմնորոշում, որը դատապարտելու է Հայաստանը բախումների և լուրջ առճակատման մերժված կենտրոնի և այլոց հետ, ընդ որում առանց ընտրված գլխամասի կողմից որևէ երաշխիքի և իրական աջակցության: Եվրոպայի պարագայում «կողմնորոշումը» տևելու է անորոշ տասնամյակներ, և այդ «կաղմնորոշման» գինը Հայաստանը նույնպես վճարելու է ամեն օր և տասնամյակներ:
Ուստի ճանապարհը դեպի գլոբալ աշխարհապարփակ Քաղաք անցնում է անկախության և ինքնիշխանության հաստատմամբ. յուրաքանչյուր պայքար անկախության համար՝ պայքար է զարգացման, սեփական բաժնեմասի, սեփական իրավունքների, հնարավորությունների համար: Ճիշտ է նաև հակառակը. չի լինելու զարգացում, եթե քո իրավունքներն ու ապագան հանձնես հերթական տիրոջը և վերստին լինես սոսկ արվարձան՝ օտար Քաղաքի Գյուղը: Այժմ, այո՛, շարունակվում են տիրոջ որոնումները, քանզի վախենում են լինել ազատ. հենց այստեղից են հայ արգանդի համար փեսացուի խոսք կապելու փորձերը:
Մեր կանացի աղբյուրը՝ արգանդների խելագարությունը միայնակության վախի մեջ: Իգացված այրիկները և տղամարդակերպ «կնանիք» նախաձեռնել են այդ տիրոջ՝ Հոր որոնումները, նույնիսկ չհասկանալով, որ ներսի տան տերը չի կարող դրսում օտարի ծառա լինել, քանզի տիրոջ զգացումը համապարփակ է և ունիվերսալ՝ և՛ դրսի, և՛ ներսի համար:
Ցավոք, շատ մարդկային և հայկական է ուրիշի Հոր ձեռքի տակ հավատարիմ ազգ-ծառա լինելու իրավունքի համար կռիվ տալը, մինչդեռ այդչափ եռանդ և զոհեր լիովին կբավարարեին սեփականը կերտելու համար: Մանվել Սարգսյանը կարծում է, որ Ցեղասպանության պատճառներից է հենց հավատարիմ ազգի՝ այլ հավատարմության առարկա որոնելու մոլուցքը և ոչ թե անկախության պահանջը: Բայց մենք, կարծես թե, չենք խրատվել և հերթական անգամ պատրաստ ենք գլխամասերի պայքարում հանուն «հոգեհարազատ» գլխամասի իրար հոշոտել և կորուստներ կրել: Հռչակագրային կարգախոսներն՝ իբր տիրոջ զգացում արթնացնել ներսում և հետագայում ուղղորդել այդ իբր երկրի տիրոջը նոր Տիրոջ մոտ՝ համայնքի, ներեցեք՝ մունիցիպալիտետի կարգավիճակի` ուղեղի ցնցում մեզանում չեն առաջացնում, քանի որ դա շատ հայկական մտածողություն է՝ նաև ավանդական զարմացած առաջադեմ պոստմոդեռնիստների մոտ: Ինչևէ, հայրորոնման ջատագովները ստում են կա՛մ հայ քաղաքացուն երկրի տեր դարձնելու, կա՛մ սեփական «գեղում» օտար Քաղաքի արտոնյալ ծառա լինելու ցանկության մեջ:
Կրպակապան-հայրը իրենց չի բավարարում, կրպակապանն արժեքների կարիք չունի, նրան անհրաժեշտ է միայն ապրանքը, քանզի ինքը նույնպես ապրանք է: Արգանդը՝ նույնիսկ չհասկանալով, չգիտակցելով՝ զգում է, որ քյարտ-կրպակապանն իրականում տղամարդ չէ և Հայր չէ, այլ իմպոտենտ է, ուստի և կանացի աղբյուրը պայքարում է այդ կեղծ-հոր դեմ: Բայց եթե կրպակապան՝ ապա և օտար, քանզի պատասխանատվությունը քիչ է, իսկ փողը՝ շատ: Նրանք վախենում են սեփական ռազմիկ-կշատրիներից և ատում իրենց քրմեր-բրահմաններին: Այդ պատճառով ներկա հայ հասարակությունը և վերնախավը «կանացի» է, և այդ պատճառով Հորը որոնում է դրսում՝ ներսում իրենց հայրությունը վայելելու համար: Նրանց մոտ ազգայինը սպանելու և ինքնասպանություն կատարելու ձգտումը միտված է համամարդ և ո՛չ բնավ գերմարդ վերածնվելուն, ինչն էլ ստեղծված իրավիճակի անբնականության գիտակցումն է և՝ խելագարված արգանդի Հոր որոնման ձևը:
Աստված մահացել է, ուստի Հայրն այլևս սրբազան-սակրալ չէ, այլ մրցակցային է, իսկ արգանդը դարձել է Հայրերի մրցակցության դաշտ: Հայ Հայրը ստիպված է ապացուցել իր մրցակցային առավելությունն արգանդի համար: Թեև ոմանց թվում է, որ դրսում հայր որոնելու ազատությունն ազատամտություն է և առաջադիմություն, նրանք մոռանում են, որ արգանդը նույնպես դարձել է մրցակցային, և իր տեղը դատարկ չի մնա: Մյուսներին էլ թվում է, որ իմպոտենտ կրպակապանը, որը նույնպես Հայր է որոնում դրսում` կարող է ներսում Հայր կոչվել: Երկուսն էլ սխալվում են: Իր տան Հայրը, իր երկրի տերը չի կարող «ուզվոր» լինել դրսում. դա անտրոհելի մեկ խնդիր է և գոյավիճակ՝ ինքնիշխանություն ներսում և դրսում:
Կեղծ է նաև՝ կա՛մ ազգի ինքնիշխանություն, կա՛մ քաղաքացիների ազատություններ երկընտրանքը: Մարդու համար ազգի անվտանգության, օրինականության, արդար դատարանի, կրթության, առողջապահության, բարեկեցության նկատմամբ իրավունքն այդ ազգի առանձին անհատների իրավունքների ընդհանրությունն է: Այս ամենն ինքնիշխանություն է ներսից, որտեղ կարող է լինել անհավասարություն, բայց անթույլատրելի են արտոնյալներն ու քաղաքացիների իրավահավասարության դեմ որևէ ոտնձգությունը: Ինչպես դիպուկ նկատեց Կարեն Աղեկյանը. այսպես կոչված մարդու իրավունքներից կես քայլ է մնում մինչև այսպես կոչված ազգի իրավունքները:
Ինքնիշխանությունը և մարդու իրավունքները լեգիտիմացնում են ազգի իրավունքները դրսում քաղաքացու կարիքների համար, իսկ քաղաքացու իրավուքների արհամարհումը ներսում տալիս է իրավունքներ դրսի ուժերին՝ այդ քաղաքացու և ինքնիշխանության հաշվին: Իր երկրում ոչ ինքնիշխան արգանդը հեշտությամբ ընտրում է կամ այլ երկիրը, կամ այլ երկրի Հորը, և սակրալության քարոզները չեն ազդի արգանդի վրա, եթե դրանք սուրբ չեն Հոր համար: Ինդոկտրինացման շրջանը ավարտվել է, և գաղափարականացվածությունն իմաստ ունի միայն վերնախավի համար՝ արգանդին ծառայելու համար:
Ճիշտ է և այլը. ոչ ինքնիշխան ազգում չկան ազատ մարդիկ, կան արտոնյալներ, չկա նաև սեփական Հայրը, բայց կա օտարինը: Ռուսականը, եվրոպականը, թուրքականը, միշտ կան: Ուստի, ազատությունն անհրաժեշտ է Հորը, ոչ թե այն արգանդին, որը որոնում է Հորը, ում կամավոր հնազանդվում է: Ուստի և մարդու իրավունքները նկարագրված են քաղաքացու իրավունքների և ոչ արգանդի տեսքով: Միայն ազատ արգանդը սպանում է թուլացած և սակրալությունը կորցրած Հորը՝ ավելի հզոր օտարին ծախվելու և ծառայելու համար: Այստեղից էլ նաև արգանդի ազատության քարոզը՝ որպես քաղաքական ինքնասպանության միջոց: Այդ իսկ պատճառով ոչ մի հայ գաղափար և արժեք չի լինելու առանց հայ Հոր, որի համար հայկականն ապրանք չէ և հայ արգանդն էլ ապրանք չէ: Հայրն է արգանդին շնորհում արժեք և բացառիկություն, իսկ արգանդը տալիս է ազգի որակը:
Միշտ չէ, որ հայրը Աստված է, բայց Աստված միշտ Հայր է, իսկ արգանդը մարդկային է: Եվ Հայ Առաքելական Եկեղեցին դա ոչ թե Աստծո սակրալացման ձևն է, այլ՝ Հոր. այստեղից և մեր ազգային կրոնը, իբրև պատասխան հայ ինքնության նկատմամբ արտաքին աշխարհի մարտահրավերին: Արգանդին անհրաժեշտ է ճանաչում, պաշտպանություն և մխիթարանք և նա է ծնում Հորը: Հայրը կարիք ունի իշխանության և հաղթանակն է իր մխիթարանքը, ընդ որում, ոչ թե գնվող և վաճառվող, այլ արժեքների իշխանության:
Արգանդի խելագարությունը միայն նրանում չէ, որ կամենում է սպանել Հորը, այլ նրանում, որ, սպանելով Հորը, նա չի ուզում և չի կարողանում ծնել նոր Հայր կամ դառնալ Հայր: Ոգի չկա, չկա ինքնազոհողության խիզախություն, քանի որ յուրաքանչյուր հավատ պահանջում է ինքնազոհություն, և զոհասեղանը զոհաբերություն է պահանջում: Հայրն իր անդրանիկությունն ապացուցում է իր և ուրիշների արյամբ, իր ինքնաբավությամբ և հավատով: Մենք կրկին պիտի դառնանք հավատացյալ, որպեսզի ունենանք արժեքներ: Հավատալ յուրաքանչյուր հավատին, նույնսիկ աթեիզմի՝ եթե բավական արիություն ունենանք: Ոսկե Հորթը հաղթում է, երբ համոզում է, որ վասն հավատո զոհերի կարիք չկա և, ընդամենը, անհրաժեշտ է զոհել հավատը, հրաժարվել անդրանիկությունից, ինքնությունից, իշխանության կամքից, յուրահատուկ և ուրիշներին ոչ նման լինելու իրավունքից: Մենք ինքներս հրաժարվեցինք մեր անդրանիկության նկատմամբ հավատից, որպեսզի չզոհաբերենք մեր հարմարավետությունը և անվտանգությունը, բայց ստացանք միայն փողի նկատմամբ սին հավատ և օտար հոր փողերի իշխանությունը:
Գաղափարախոսության խնդիրը առանցքային է, սակայն խնդիրն այն է, որ գաղափարախոսը կարող է աշխատել միայն իր վրա՝ իր ազգայինի համար: Գլոբալ Քաղաքի համար հայ գաղափարախոսի կարիքը չկա, այնտեղ կան սեփականները: Եվ գաղափարախոսությունը կարող է լինել կա՛մ հայկական, կա՛մ չլինել ընդհանրապես: Դա է պատճառը, որ այդ խաժամուժը գահավիժելու է անհայտության գուբը, քանզի դրանց կարիքը չկա ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եվրոպայում: Նրանք նույնիսկ հետք չեն թողնի, ինչպես ի չիք դարձան 19 դարի վերջի և 20 դարի առաջին կեսին հազարավոր սաստիկ և առաջադեմ նոր կյանք կերտող հայ «համամարդիկ»:
Իրականում, մենք ունենք մեր մեջ ներդրված վերապրելու գաղափարախոսություն և վախենում ենք դրանից հրաժարվել: Մի կերպ վերապրել ենք, բայց ապրելու վախը մնացել է… Միշտ խոսում ենք ռուսների մասին. բաց սահմաններն առանց բնական պատնեշների չէին պաշտպանում նրանց ներխուժումներից, և դա ռուսների մեջ ձևավորել է ներխուժումների վախ՝ «իդեոսինկրեզիա», ներքին բռնության (ռազմական կարգապահության) հանդեպ համբերատարություն, իշխանական կոշտ աստիճանակարգի ավանդույթ և այլն: Բայց մեզանում նույնն է եղել, միայն թե ներխուժումներն առաջացրել են վախ բաց տարածությունների նկատմամբ և ձգտում՝ ունենալ ոչ թե կիսառազմական կազմակերպում (բացառություններ` Զեյթուն, Սասուն, Մեծ Սյունիք), այլ հերթական նվաճողի կառուցվածքներում «յոլա գնալու» և ծառայելու սովորույթ, քանի որ մեր տարածությունները, որտեղ կարելի էր տեղափոխվել և պահպանել ներքին կառուցվածքը պայքարը շարունակելու համար` անհամեմատ փոքր էին: Ինչպես նկատեց Հրաչյա Արզումանյանը, մենք դարձանք հորիզոնական կտրվածք, որն ամփոփվում, ամբողջանում և իր տեղն է գտնում ուրիշի հիերարխիկ բուրգում: Եվ մեր ստեղծած կրպակապանների վերնախավն իր պատմական հիշողությամբ նույն գաղութային, կոմպրադոր տեղական վարչակարգն է, որին անհնար է դարձնել ազգային և ռազմական. այդ վերնախավը կարելի է միայն սպանել:
Ինքնիշխան՝ Հայաստանի քաղաքացիների մենաշնորհ ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցներից անկախ և ազատ պետականությունը ազգային ինքնակազմակերպման միակ ձևն է, և Հայության հարատևման միակ երաշխիքը: Ինքնությունը, զարգացումը, իրավահավասարությունը, ազատությունը և հավատն արժեքների նկատմամբ մեկ միասնական խնդիր է՝ մեկ թշնամիով՝ մեկ սուբյեկտով և կատարյալ միայնակությամբ:
Պոստմոդեռնը ունի մեկ լավ հատկություն` այն թույլատրում է գոյության տարբեր տեսակներ և տարբեր Նախագծեր իր հետ ոչ անտագոնիզմի տեսքով, ուստի մեր ազգային նախագիծը կարող է երկխոսել աշխարհապարփակ-գլոբալի հետ: Կարիք չկա որոնել աշխարհապարփակի հետ համադրումը, այն, միևնույն է, ներկա է լինելու. մեզ բավարար է ունենալ շփման փոխզիջում: Բայց չի կարելի դիմել խրախուսանքի, բողոքների և խնդրանքների համար: Ինքնությունը միշտ որոշակի մեկուսացվածություն է. դա է սուբյեկտության պայմանը: Պետք չէ վախենալ մենակ լինել. անհրաժեշտ է հասկանալ, որ մենք` հայերս միայնակ ենք այս աշխարհում և ոչ մեկին մեզանից բացի պետք չենք: Մենք չենք մտնում և ոչ մի մշակութային, կրոնական կամ լեզվական խումբ, մեր ամեն ինչը յուրահատուկ է և յուրովի և մի գուցե հենց դրանում է մեր ուժը: Ուղղակի պետք է ասել. այո՛, մենք այսպիսին ենք և մենք մեզնով ենք: Իգոր Մուրադյանը պնդում է. չկա կողմնորոշում, կա այլընտրանք և մենք միշտ ունենք այդ այլընտրանքը: Մենք հենց այլընտրանքն ենք, իբրև բացառիկություն, և մեր այլընտրանքը դրսում սկսվում է մեր այլընտրանքի գիտակցումից ներսում:
Lragir