Ելույթս՝ «ՀԱՅԱԶՆ»-ի անդրանիկ համագումարում

Feb 08, 2013 02:16




Սիրելի հայրենակիցնե՛ր:

Այսօր, ինչպես և յուրաքանչյուր լուսո օր, ամենքս կանգնած ենք հիմնարար և գիտակից ընտրության առջև՝ արարել կամ քանդել, սիրել կամ ատել, ստանձնել պատասխանատվություն կամ՝ ուրանալ և ճողոպրել՝ սնոտի դեգերմամբ գլորվելով դեպի անձնական և ընդհանրական անէության գահավեժ խորխորատը:

Մեր անկախության վերականգնումից անցել է երկու տասնամյակ, որի բոլոր սոսկումներն ու անկումները, խեղճություններն և անպատվությունները, հանցագործություններն ու դավաճանություններն ի զորու չեղան ստվերել մեր հաղթանակը  և չկարողացան վայր նետել ծածանվող եռագույնը ազատագրյալ Արցախի երկնամուխ բարձունքից: Եվ, ի հեճուկս ամեն մարդկային տկարության, ստորության, երկբայության, անվստահության և անհավատության՝ մեր երկրի, ազգի և գալիք սերունդների կյանքն ու զորությունը, վեհությունն ու վստահությունն այսօր հենց մեր ձեռքերում են: Դավել և կամազուրկ վհատությամբ ուրանալ նրանց՝ Հայության մշտնջենաբար միահյուսված անցյալի և ապագայի հանդեպ մեծագույն հանցանքն է:

Անկախության դարաշրջանի առաջին շրջափուլն անկասելիորեն մոտենում է տրամաբանական և միանգամայն սպասված ավարտի: Որչափ էլ ցավալի է, այն չափազանց հեռու է ոչ միայն ընդունելի, այլև հանդուրժելի լինելուց: 1988-1994 թթ. ազգային անկախության վերականգնմամբ և Արցախի ազատագրությամբ պսակված պայքարը՝ ի հեճուկս տասնյակ հազարավոր քաղաքացիների անձնվիրության ու զրկանքների էապես վրիպել է պետակակերտման ոլորտում: Թևակոխելով անկախության շավիղը՝ Հայությունը հազար ու մի առարկայական պատճառով չուներ ինքնիշխան պետականության կայացման՝ մեր իրողություններին հարիր ռազմավարական հայեցակարգ: Որպես տխուր, բայց օրինաչափ հետևանք, այսօր մենք ունենք գերազանցապես երևութական (ֆիկտիվ) պետություն, համապարփակաբար փտած և մեր ազգային-պետական գոյության հիմքերը գիշատչաբար բզկտող քաղաքական «դաշտ» և՝ տասնյակ անգամներ ստորաբար խաբված, ծախված, դառնագույն վհատությամբ պատված, կեղեքված և իրենց իսկ երկրում ազատագրման ենթակա իրավազուրկ ժողովուրդ:

Այսօր Հայաստանի «քաղաքական» հորջորջված «դաշտը» նման է մահվան գբի, որի գարշազազիր ճահճի ապականված տղմում անընդմեջ գալարվում է քստմնելի ճճուների՝ սոսկ մեր ազգային մարմնի տկարությամբ սնվող բազմությունը:

2009 թ. հերթական և միանգամայն կանխատեսելի ձախողումներից հետո մի խումբ քաղաքացիներ հանդես են եկել «Հայկական Ընտրություն» պայմանական անունով պայմանական «կուսակցության» նախաձեռնող խմբի անունից: Առաջին իսկ հայտարարությամբ այս մարդիկ փաստել են, որ. «Հայաստանի Հանրապետության այժմյան քաղաքական դաշտը թվացյալ բազմազանությամբ և մանրախնդիր պառակտվածությամբ հանդերձ միասնական և նույնական է՝ հայեցակարգային բովանդակազրկությամբ, գաղափարական սնանկությամբ և պետականակերտ ամլությամբ»: Ասվել է, որ «Ներկայիս իշխանությունն ու ընդդիմությունն ազգային-պետական քաղաքականության բոլոր հարցերում առաջնորդվում են միմյանցից ընդամենը գործադրման անէական մանրամասներով տարբերվող միևնույն ռազմավարությամբ և աշխարհահայեցողությամբ»: Մեր առաջարկը ենթադրում էր բաց և առանց անհատականացված առաջնորդի քաղաքական հարթակի ձևավորում, որը պիտի գործեր և իրականում գործել է բացարձակ թափանցիկության և ներքին ընտրական ժողովրդավարության սկզբունքով: Ցավոք, այն ժամանակ հնարավոր չեղավ նախագիծը լիարժեքորեն զարգացնել՝ անձնավորված հավակնությունների, քաղաքական ու գաղափարական տհասության, ամբոխավար առաջնորդների հանդեպ կույր հավատի, ակնհայտորեն սխալ մարտավարական հաշվարկների և, հատկապես՝ սեփական ուժերի նկատմամբ անբացատրելի անհավատության պատճառով : Կարծես թե, այս ամենի մեջ նախախնամություն էլ կար, քանզի Հայոց պետականության կատարելապես նոր և հիրավի ինքնիշխան գոյությունն ընդունակ է արարել միայն նոր սերունդը՝ միմիայն իրենց հատուկ և տարակուսանք չհանդուժող անվեհերությամբ:

Մենք մյուսներից ոչ պակաս չափով գիտակցում ենք, թե որքան խորթ է հայոց առողջ մտքին և ոգուն արտաբերմամբ իսկ օտարում առաջացնող «կուսակցություն» երևույթը: Առավել ևս, մենք չենք պատկանում խորին թերարժեքության դրդմամբ և ներառական (իմա՛՝ ինտեգրացիոն) մոլուցքով՝ մեր իրողություններին և գոյաբանական մարտահրավերներին անհարիր պետականակերտման կաղապարները կուրորեն և կապկաբար պատճենողների խմբին: Ներկա պետական համակարգի կառուցվածքն ու գործող օրենսդրությունն այլընտրանք չեն թողնում կուսակցական գրանցում չունեցող ուժերին: Ուստի, ամենայն տհաճությամբ՝  ներկա օրենսդրական պարտադրանքի ուժով, մենք հարկադրված ենք սոսկ ժամանակավորապես ստանձնելու «կուսակցություն» պայմանական անվանումը: «Կուսակցություն» բառն, այնուամենայնիվ, ունենալու է զուտ փաստաթղթային կյանք, քանի դեռ մենք չենք հասել Հայաստանի կատարելապես վերաշարադրված՝ նոր սերնդի Սահմանադրության հաստատմանը: Ի տարբերություն անվանապես «ապակուսակցական» պայքարի այլևայլ ջատագովների, մենք այժմ «կուսակցություն» են հիմնադրում, որպեսզի նոր և ինքնիշխան Հայաստանում կուսակցական անբնական «մրցակցային» պառակտվածոթյունն այլևս չլինի ազգային-քաղաքական կյանքին մասնակցելու անհեթեթ նախապայման: Ապակենսունակաբար պատճենված այլաստանդարտ կուսակցականացված սահմանադրականության փոխարեն, մենք ձգտելու ենք առաջարկել և համազգային համաձայնությամբ հաստատել հիրավի նորարար Ազգային Սահմանադրություն:

Յուրաքանչյուր ոք, ում գիտակցությունը կաղապարված չէ աշխարհայացքի նեղմիտ սահմանափակությամբ, կեղծիրապաշտական անհավատությամբ և անձնակենտրոն սնափառությամբ, կարող է հեշտորեն համոզվել, որ մեր կողմից առաջարկվելիք ու դեռևս երկար լրմշակման ու կատարելագորման փուլերով անցնելիք նոր սերնդի Հայաստանի Ազգային Սահմանադրությունն անհամեմատ ավելի գործնական է՝ պետական իշխանության արդի միաբևեռությունը տարրալուծելու, ինչպես նաև քաղաքացիների ազատությունները, պարտականություններն ու իրավունքները ներդաշնակելու և երաշխավորելու համար:

Մենք առավել քան համոզված ենք, որ Հայությունն ի դեմս վերականգնված Հայոց պետության՝ ազգի համակ գիտակից ջանքերով ընդունակ է ոչ միայն դիմագրավել բոլոր արտաքին մարտահրավերներին, այլև, հրաժարվելով անխուսափելի վերափոխումների եզրին կանգնած արդի աշխարհակարգի թելադրած պետական կազմակերպման անկենսունակ կաղապարներից, կամք և վճռականություն դրսևորել համապարփակաբար հայաստանակենտրոն պետական համակարգի հիմնատարրերը ձևակերպելու և կենսագործելու համար:

Միանգամայն բարյացակամ ըմբռնմամբ անուշադրության մատնելով ամենատարբեր շրջանակների և անհատ անձանց անկեղծ կամ կանխակալ տարակուսանքները՝ այս համագումարով վերակազմավորվող ազգային- քաղաքական ձևաչափի նկատմամբ, հաստատում ենք, որ այն նախկինի պես, գործելու է որոշումների ընդունման ամենքին տեսանելի թափանցիկությամբ, քանզի «չիք ինչ ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի»:

Լինելով դասական կուսակցության գաղափարական հակոտնյան՝ մենք, ըստ երևույթին և ցավոք, արձանագրում ենք, որ Հայոց քաղաքական դաշտում որպես «կուսակցություն» ներկայացող մնացյալ ուժերը նույնպես կուսակցություն չեն: Դրանք մեկ կամ, լավագույն դեպքում, մի քանի անձանց գրպանային ՍՊԸ-ներն են՝ հիմնադրման օրվանից ի վեր զուրկ որևէ ներքին ժողովրդավարությունից և հավատարմությունից՝ հռչակված գաղափարախոսության նկատմամբ:

Նրանց գործուն հանցակցությամբ պղծված և լճացած Հայաստանի քաղաքական արդի կացությանը մենք տալիս ենք հստակ և անդրդվելիորեն հիմնավոր գնահատական: Ներկա քաղաքական դաշտի բացարձակ այլասերման և անդառնալի փլուզման պայմաններում, երբ «այլընտրանքային» ինքնահորջորջվող թեկնածուների բացարձակ մեծամասնությունը միմյանց հետ է մրցում գործող նախագահ կոչվածի գրպանում կառավարելի «ընդդիմություն» լինելու մենաշնորհը ծառայաբար կորզելու համար, մենք անվարան հաստատում ենք, որ Հայաստանի պետականության հիմնարար շահերի դեմ գիտակցված հետևողականությամբ գործող յուրաքանչյուր իշխանություն Սահմանադրական իրավունքի փիլիսոփայության և ոգու անբեկանելի վճռով զրկվում է օրինական և օրինավոր դիտվելու պատեհությունից:

Վերոհիշյալ տրամաբանությամբ, նախորդ բոլոր վարչախմբերի հակապետական գործելաոճն ուղիղ ծագումնաբանական հաջորդականությամբ ժառանգած ներկայիս վարչախումբը քաղաքական և սահմանադրական իրավունքի ողջ տարողությամբ վաղուց ի վեր դադարել է Հայաստանի ազգային անվտանգության երաշխավորն ու Հայոց պետության շահերի արտահայտիչը լինելուց: Ուստի,ՀՀ-ում իրավազոր ազգային-պետական իշխանության փաստացի բացակայության պայմաններում հայ ժողովրդի և ՀՀ անունից ստորագրված կամ ստորագրվելիք որևէ փաստաթուղթ ի սկզբանե անվավեր է և Հայաստանի համար չի առաջացնում որևէ իրավաբանական հետևանք:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ հայ-թուրքական ներկա բաժանարար գիծը որպես պետական սահման իրավաբանորեն ամրագրելու, ուղղակի կամ անուղղակի կերպով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում Արցախում տարածքային զիջումներ կատարել հանդգնած յուրաքանչյուր պետական պաշտոնյա և քաղաքական գործիչ կրելու է ոչ միայն քաղաքական, այլև քրեաիրավական բնույթի անխուսափելի խստագույն պատասխանատվություն` կանխամտածված դիտավորությամբ պետական դավաճանություն գործելու համար:

Մենք հետևողական սկզբունքանությամբ պայքարելու ենք մարդատյաց յուրաքանչյուր գաղափարախոսական և վարքագծային դրսևորման դեմ: «Ազգայնականի» անվան ներքո ճամարտակաբանող և վաղուց ի վեր ապապետական վարչակարգին ստորաքարշ ծառայամտությամբ  անձնատուր եղած խեղկատակների՝ ազգայնական դաշտը վերջնականապես արատավորելու ձգտումներն այսուհետ բախվելու են կայացող քաղաքական ազգայնականության սաստիկ հակադարձության:

Նույնքան կարծր հակադարձության են բախվելու նաև մարդատյաց անհանդուրժելի հարձակողականություն դրսևորող կեղծազատական շրջանակները: Նենգափոխված «համամարդկային» և «ժողովրդավարական» արժեքների ջատագով տարատեսակ լուսանցքային շրջանակների՝ խոսքի ազատության իրավունքը մենաշնորհելու, սեփական թերարժեքությունն ու լուսանցքայնությունը հանրությանը բռնորեն պարտադրելու, այլակարծությունը հարձակողական քարոզչությամբ ճնշելու, Հայոց քաղաքակրթական ժառանգությունը ոտնահարելու և մարդկային հիմնարար արժեքները վերացնելու ոտնձգությունները չպետք է խաթարեն՝ երկրում օրինականություն հաստատելու և կենսունակ ազգային պետություն կերտելու հանրության պայքարը: Բնավ իսկ պատահական չէ, որ վերոնշյալ կեղծազգայնական ու կեղծազատական շրջանակների գործունեությունն ուղորդվում է ՀՀ ներկա վարչակարգի կողմից՝ հաճախորդացման հայտնի և բացահայտ բոլոր դրսևորումներով:

Որպես կուսակցական կողմնապաշտությունն ու պառակտվածությունը մերժողներ՝ մենք մշտապես բաց ենք սկզբունքային և պետականանպաստ համագործակցության համար և առանց որևէ հետին մտքի կամ ակնկալիքի՝ խոնարհաբար և բարեկամաբար մեր աջակցության ձեռք ենք մեկնում մեր երկրի ճակատագրով անկեղծորեն մտահոգ բոլոր հայրենակիցներին: Մենք երախտագիտություն ու զորակցությոն ենք հայտնում քաղաքացիական ճակատում հանուն արդարության, օրինականության և հայրենի բնության անաղարտության պայքարող մեր քույրերին ու եղբայրներին:

Մենք գիտակցում ենք, որ անձնակենտրոն սուբյեկտիվության վրա անհնար է կառուցել արտաքուստ ինքնիշխան և ներքուստ իրավական պետություն: Մեզանից ոչ ոք մյուսի հանդեպ առավել չէ, ոչ ոք պարտավոր չէ սիրել կամ ընդունել ուրիշին: Բայց եթե ճամարտակաբանելու կամ փիլիսոփայելու փոխարեն կամենում ենք երկիրը վերափոխել՝ ազգայնաբար և քաղաքացիաբար պատասխանատու վարքագիծ պահպանել, ապա, ի հեճուկս անձնավորված հակակրանքի կամ տարապայման ներերկյուղների (ֆոբիաների), պարտավոր ենք ողջամտության սահմաններում առաջնորդվել այլոց անմեղության կանխավարկածով և արտանձնական սկզբունքների հիման վրա գործելու անհրաժեշտությամբ: Մենք մեր հայրենակիցներին չենք բաժանում ազգայնականի և ազատականի, ունևորի և աղքատի: Բայց մենք անսասան վճռականությամբ և անդրդվելի սկզբունքայնությամբ Քարվաճառյան Հռչակագրի հիմնարար և անբեկանելի շրջանակային սկզբունքների գերակա տիրույթում պայքարելու և կանխելու ենք Հայաստանի ինքնիշխանությունը դույզն իսկ սահմանափակող, մեր հայրենատիրության ամբողջականության անվերապահ իրավունքը մերժող, Արցախի ազատագրված տարածքի մեկ մասնիկն անգամ հանձնող, հայոց լեզվի նախապատիվ անձեռնմխելի կարգավիճակը դավող և քաղաքացիների իրավահավասարությունը ոտնահարող յուրաքանչյուր ոտնձգության դեմ:

Սիրելի հայրենակիցներ: Անհնարին ոչինչ չկա: Բոլորս պետք է ապրենք և գործենք՝ հիշելով մեր մարդկային արժանապատվության և ազգային պատասխանատվության մասին: Միասնության, սիրո, երկայնամիտ և հետևողական կամքի համար անհնարին ոչինչ չկա: Հարկ է թոթափել անհավատությունը և գործել հանուն Հայրենյաց և ի սեր բոլոր և յուրաքանչյուր հայրենակցի:

Շնորհակալությո՛ւն

ՀԱՅԱԶՆ, Идеология, Политика, Армянский мир, Армения

Previous post Next post
Up