Քարվաճառի ներշրջանային ուղևորատար երթուղիները. այլևս դանդաղել չի կարելի

Nov 05, 2012 21:10




Քարվաճառի գյուղական համայնքերի խնդիրները որոշ երկրորդական առանձնահատկություններով հանդերձ ըստ էության նույնական են և ընդհանուր: Առօրյա կյանքում առավել զգալի ու չկարգավորված խնդիրներից է գյուղերի և շրջկենտրոնի միջև կանոնավոր տրանսպորտային հաղորդակցության բացակայությունը: Շուկայական տնտեսության երկրներում ուղևորատար երթուղիների սպասարկումն իրականացվում է գերազանցապես մասնավոր ձեռնարկատիրական հատվածի կողմից, որն ինքնաբերաբար կարգավորվում է առկա պահանջարկի և եկամտաբերության սահմաններում: Սակայն, յուրաքանչյուր կայացած պետություն չի կարող ամբողջապես անտեսել ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների և տարածքների կարիքները՝ համակարգելով և դյուրացնելով պետական և մասնավոր ենթակառուցվածքների կայացումն ու զարգացումն ըստ ընդունված առաջնահերթությունների գերակայության:
1998 թվականից՝ Քարվաճառի շրջանի վերաբնակեցման մեկնարկից ի վեր ուղևորատար երթուղիների բազմազանացման և կանոնավորման մասին հարցերին ի պատասխան պետական պատասխանատուների բանավոր կերպով տված խուսափողական պատասխանը պատճառաբանվում էր քարվաճառյան տարածաշրջանի և, մասնավորապես, ներշրջանային  տրանսպորտային գծերի եկամտային անշահեկանությամբ: Տարիների ընթացքում Քարվաճառի ուղևորատար հաղորդակցային կապը Ստեփանակերտի և Վարդենիսի հետ որոշակիորեն կանոնավորվել է, թեև այսօր էլ դեռևս հեռու է լիարժեք կամ բավարար լինելուց: Սակայն բոլորովին անմխիթար և մերձզրոյական վիճակում է գտնվում ներշրջանային ուղևորատար ցանցի կայացման հարցը: Պատճառն, ըստ երևույթին, միշտ նույնն է՝ տնտեսական անշահավետությունը, տեղացի շահագրգիռ ձեռնարկատերերի բացակայությունը և այլն: Իհարկե, տարիներ շարունակ կասեցված բնակարանաշինության և նոր վերաբնակիչներին ընդունելու փաստացի անհնարինության առջև հայտնված Քարվաճառի շրջանում բնակչության թիվը համարյա բացառապես աճում է ներքին աճի շնորհիվ: Սակայն, համայնքների զարգացումը, բնակչության զգալի մասի կենսամակարդակի բարձրացումը, շրջանային հիվանդանոցի մատուցած ծառայությունների բազմազանացումը, աշխատավարձերը վճարելու քարտային համակարգի ներդրումը և մի շարք այլ հանգամանքներ այլևս անհետաձգելի են դարձնում ներշրջանային ուղևորատար հաղորդակցության հարցի կարգավորումը, այդ թվում և՝ պետության աջակցային միջամտությամբ:
Իրականում, Քարվաճառի շրջանում ուղևորատար ներքին երթուղիները հաստատելու և կանոնավոր դարձնելու հարցում մեծ ճիգեր կամ ներդրումներ չեն պահանջվում: Նախ՝ համարյա բոլոր համայնքներն օժտված են ուղևորատար ՈՒԱԶ մակնիշի մեքենայով, որոնք, գտնվելով համայնքային հաշվեկշռի վրա, կարող են շրջանի վարչական և հարկային մարմինների փոխհամաձայնեցումից հետո շաբաթական մեկ կամ ամենօրյա երթեր կատարել դեպի շրջկենտրոն: Բացի դրանից, շրջանի համարյա բոլոր բնակավայրերը ձգվում են Տրտու (Թարթառ), Դուտխու (Թութխուն) և Լև գետերի ձորահովիտներով, ինչը թույլ է տալիս էապես սահմանափակել նոր երթուղիների ու դրանց սպասարկամանը ներգրավվելիք փոխադրամիջոցների քանակը: Ներշրջանային երթուղիների հարցն ամբողջապես կարգավորելու համար բավական է գործարկել վեց երթուղի. Նոր Գետաշեն-Քարվաճառ, Չարեքտար-Քարվաճառ, Զուար-Քարվաճառ, Նոր Կարաչինար-Քարվաճառ, Նոր Մանաշիդ-Քարվաճառ և Ծար-Քարվաճառ: Հարկ է միանգամից նշել, որ բացի Նոր-Գետաշեն-Քարվաճառ գծից, մնացած բոլոր երթուղիները դեռ երկար ժամանակ կարող են գործել շաբաթը մեկ կամ առավելագույնը՝ երկու անգամ: Պարզապես, ինչպես արդեն նշվել է, անհրաժեշտ է վարչակազմի և հարկային մարմնի փոխհամաձայնեցումը, թերևս նաև՝ կառավարության որոշումը՝ ուղևարձի հաշվարկման և իրավական հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Կամք և նախաձեռնողականություն դրսևորելու պարագայում հիշյալ երթուղիները հաստատելու և գործարկելու շնորհիվ շրջանի բոլոր բնակավայրերը հնարավորություն կունենան կայուն հաղորդակցության մեջ գտնվել շրջկենտրոնի վարչական, իրավապահ և առողջապահական մարմինների ու սպասարկման ձեռնարկությունների հետ:
Ի տարբերություն մնացած երթուղիների՝ Նոր-Գետաշեն-Քարվաճառ երթուղին նպատակային է դարձնել ամենօրյա՝ կիրակիի բացառությամբ: Վեցօրյա հաճախականության անհրաժեշտությունը բացատրվում է գծի վրա գտնվող Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր և Նոր Վերինշեն գյուղերի բնակչության համեմատաբար բարձր թվի և շրջկենտրոնի հետ ամենօրյա աշխատանքային կապերի բազմությամբ: «Արցախբանկի», վարչակազմի տարբեր ստորաբաժանումների և այլևայլ պետական հիմնարկների աշխատակիցները, պայմանագրային զինծառայողներն ու բազմաթիվ այլ անձինք ամեն օր անասելի դժվարունյունների են բախվում՝ գյուղից քաղաք ժամանակին հասնելու և աշխատանքային օրվա վերջում տուն վերադառնալու հարցում: Դատելով բնակչության ամենօրյա աշխատանքնային տեղաշարժի տեսանկյունից՝ Նոր Գետաշեն-Քարվաճառ երթուղու շաբաթական վեցօրյա հաճախականությունն օժտված է անմիջապես կամ կարճ ժամանակահատվածում ինքնաբավ դառնալու ներուժով:

Ալեքսանդր Քանանյան

http://www.artsakhtoday.com/?p=27114

Карвачар, Арцах, Заселение

Previous post Next post
Up