Մեր իրականության մեջ գիտակցված կեղծիքը, ապաբանական (իռացիոնալ) բարդույթները և ինքնահյուծիչ մտադեգերումները սակավադեպ չեն, բայց հենց հիասթափությունն է մեր հասարակությունը կենսազրկող, թերևս, ամենատարածված հոգեվիճակը: Հիասթափությունն ինքնին բազմերանգ՝ այլևայլ հոգեբանական և հասարակագիտական մակարդակներում քննելի երևույթ է: Մենք, այնուամենայնիվ, հարցին կանդրադառնանք առանց գիտական այլևայլությունների՝ «մարդկայինով»: Միանգամից ասենք, որ մեր հայրենակիցներից շատերին բնորոշ հուսալքված հիասթափությունը՝ «հոգնած» տեսակի է. «Հոգնել եմ, էլ չեմ կարող, մենք ազգ չենք, կեղտոտ հայ ենք, որտեղ հայ՝ այնտեղ վայ» և, իհարկե, «երկիրը երկիր չի» հայտնի այլանդակ ասույթի շրջանակներում: Ի՜նչ խոսք, մեր իրականության մեջ ապրելը հեշտ չէ: Բայց ցավալի է, երբ նման խոսք արտաբերողը հաճախ ոչ թե աշխատանք որոնելու և ընտանիք կերակրելու տասնամյա անարդյունավետ մաքառման ուղիով անցած անձ է, այլ կեանք մտնող երիտասարդ, ում համար ի սկզբանէ՝ a priori Հայաստանը «կորած» տեղ է, որտեղից հարկ է օր առաջ փախչել: Կարիք չկա ասելու, որ Հայաստանում «ապագա» կամ «արժանի աշխատապայմաններ» կանխավ չտեսնող այդ նույն անձինք Ռուսաստանում և այլուր առավել քան հաճախ ապրում են անմարդկային և խղճուկ պայմաններում՝ ճորտացած, ստորացված և շահագործված վիճակում: Բայց, միևնույն է, ռուսական նկուղում ապրելն ավելի «դզող» է, քան Հայաստանում լքված հայրական տուն շենացնելը:
Վերստին կրկնեմ. ոչ ոք չի պնդում, թե Հայաստանում այսօր կամ երբևէ դյուրին է ապրել: Բայց փախուստը, որքան էլ արդարացուցիչ, մեղմացնող կամ «ըմբռնելի» պատճառներ չբերվեն, առարկայաբար (օբյեկտիվորեն) մնում է սովորական ճողոպրում՝ գիտակցված կամ չգիտակցված անարգ քայլ, որին պետք չէ զլանալ տալ ճշգրիտ ու պարզ բնութագրումը՝ դասալքություն: Բնական է, որ դասալքությունը խորը բարոյական ենթատեքստ ենթադրող հասկացություն է, իսկ բարոյականությունն այսօր համընդհանուր կերպով կասկածի տակ է դրվում: Բայց դա նաև հանցագործություն է՝ Հայաստանում մնացածներիս հանդեպ: Իմ երկիրն ու ազգը գտնվում է գոյացապես վտանգված վիճակում. արտաքին մարտահրավերների տեսանկյունից ներկայիս աշխարհում չկա մեզանից ավելի վտանգված պետություն, հատկապես, երբ խոսքը ոչ միայն պետականություն կորցնելու, այլև ֆիզիկապես բնաջնջվելու վերահաս սպառնալիքի մասին է: Վաղը նրանց զավակն իմ երեխայի կողքին իր կյանքը ռազմաճակատում չի վտանգելու և այսօր էլ նրա ծնողն իմ կողքին չէ՝ երկրում իրավիճակն առողջացնելու, պետություն կերտելու և սահմանադրական իրավահավասարություն հաստատելու պայքարում: Այս առումով միանգամայն անտեղի, հաճախ ուղղակի անբարո են հնչում «ցանցային հայրենասերների» խորհրդատվական կամ հոխորտական զեղումները: Թեպետև, հարկ է հիմնավոր զանազանություն դնել ցեղասպանության արգասիք դասական սփյուռքի և անկախ Հայաստանը լքած զանգվածների միջև: Քա՜վ լիցի կարծել, որ մեր մտադրությունը նրանց վիրավորելն է. բնավ ո՛չ: Պարզապես նրանց կատարելության ճանապարհը՝ Մայր Հայրենիք անվերապահ վերադարձի մեջ է, իսկ այդ ճանապարհին կանգնած բոլոր բնական և արհեստածին դժվարությունները՝ Հայրենիքը կամովին կամ հարկադրաբար լքած լինելու «մեղքի» քավությունն է:
«Հոգնած հիասթափությունը»՝ հաճախ՝ անհանճար կերպով սեփական անարժանապատվությունը քողարկելու սին հնարք է: Անարժանապատվությունը սոսկալի չարիք է, որը մեր մեջ ունի խորը պատմական արմատներ: Բայց անհրաժեշտություն և պատեհություն չկա պատմության մեջ որոնել և անցյալով պայմանավորել մեր ներկա խեղճությունները: Այդ խեղճություններն աններելի են՝ հենց մեր բնիկ ու երբեք չտկարացած վիթխարի ազգային ներուժի առջև: Այսօր այլեւս հաղթահարված է հազարամյա պետականազրկության դարաշրջանը, այսօր չկան արտաքին տիրապետող թուրքն ու քուրդը, ռուսն ու ղզլբաշը: Այսօր քեզ իրավազրկողն ու ճորտացնողը քո դեգրադացված ազգակիցներն են, որոնց վարքագծի համար պատասխանատու ես հենց ինքդ՝ քո անտարբերությամբ, թողտվությամբ, կերակրատաշտից մանրաբարո շահադիտությամբ փշրանք կորզելու անվայել ու ինքնասպան ցանկությամբ և, իհարկե, քո կեղծ կամ իրական «հուսահատությամբ»: Բացարձակ ու ծեծված ճշմարտություն է, որ հայերիս պարգայում բոլոր արտաքին արհավիրքներն արգասիք են մեր ներքին անպատիվ ու չկամաբար անկազմակերպ վիճակի: Եվ քանզի մեր կամքից անկախ բոլորս մի շղթայի մասնիկ ենք, անպատիվ ենք մնալու բոլորս և, առաջին հերթին, այդ մասին խոսողներս, քանի դեռ ներկա ճահիճն ի հիմանց չալեկոծենք՝ մաքրագործ զորեղ հեղեղի բարեբեր և կենարար ջրերով:
Մեր հասարակության մեջ անարժանապատվությունը հաստատակարգված մակարդակի է հասել՝ սրանից դեռևս դարեր առաջ: Բայց մի՞թե անարժանապատվությունն ու տհասությունը մեր քաղաքական վերնախավի արտոնյալ մենաշնորհն է: Ամենևին ո՛չ: Այսօր անգամ ամենավերջին «պպզող» տղան իրեն թույլ է տալիս խոսել «մաքրությունից», «ճշտից» ու բնականաբար «թասիբից»: Ընտանիքն այսօր էլ հռչակվում է և է սրբություն: Բայց մի՞թե ընտանիքը սահմանափակվում է քո տան կամ բնակարանի շեմով: Անգամ եթե քեզ համար այդպես է, ապա անձամբ ի՞նչ ես արել՝ անբան ու հոգնած «ճորտից» մարդ և քաղաքացի դառնալու ուղղությամբ: Մի՞թե քեզ հարստահարող օլիգարխներն այնքան զորեղ են, որ կարողանում են քեզ անասունի, այսինքն՝ չխոսողի վերածել: Ո՛չ, այդ դու ես նրանց հետ «իրավասությունների բաշխման» լռելյայն պայմանագիր կնքել՝ օժտելով նրանց տիրոջ, իսկ քեզ՝ ճորտի կարգավիճակով: Բայց նրանք քո առջևից յոթը ճանապարհով կփախչեն, միայն եթե վճռես թոթափել հիասթափությունը և հարգել ինքդ քեզ:
«Հոգնած ու հիասթափված» ճորտերի կողքին ունենք մի քանի տասնյակի հասնող ինքնահավանության ճորտեր: Ինքնահավանը միայն որևէ «մարմնամերձ» կերակրատաշտակի ճորտ չի լինում: Լինում են գաղափարի ինքնահավան ճորտեր և վա՜յ, եթե այդ գաղափարները սին են և այլուստ ապակենսունակաբար պատճենված: «Այլուստն» այստեղ ոչ այդքան «օտար՝ ոչ հայկական», որքան «ցնորային» դաշտից է: Նմանատիպ գաղափարների ինքնահավան ճորտերը երբեմն ուղղակի անմեղսունակ են և հիրավի հիասթափեցնող: Նրանք սովոր են կեղծ տրամախոսություններն (դիսկուրս) արհեստականորեն շահարկել, նողկալի անհանդուրժողականություն սերմանել և մարդատյաց պառակտումներ սադրել: Եվ ամենամեծ ցավն այն է, որ նրանցից ոմանք դա բարի խղճմտությամբ են անում: Նրանց մեջ կան նաև զուտ հակասոցիալական տարրեր, որոնց համար «դասական ընտանիքն անժխտելի չարիք է», իսկ «մենք» բառը կարող է հասցնել հոգեխանգարմունքի և կլինիկական մտամոլարության: Ի՜նչ արժե միայն դեգրադացիոն հասարակություններին բնորոշ մարդկանց անկողնային նախասիրություններն ամեն անպատեհ (պատեհը չի լինում) առիթով հրապարակայնացնելու մոլուցքը: Մի՞թե բարդ է հասկանալ, որ «անկողնային ուրույնությունները» յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է վարագուրված մնան, իսկ դրանց հաչս ամենեցուն հռչակումը՝ մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքի անվայել և կոպտագույն ոտնահարումն է: Ուստի, պայքարել է պետք ընդդեմ մարդու կատարվող իրական հանցագործությունների, այլ ոչ թե թվացյալ կամ ակնհայտորեն արհեստական թիրախների դեմ: Չբռնանալով այլոց՝ տրամախոսությունների կարևորությունն ինքնուրույնաբար որոշելու իրավունքի վրա, առանց ներողություն խնդրելու կկամենայի ասել հետևյալը. ես կասկածելու եմ ձեր անկեղծության վրա այնքան ժամանակ, քանի դեռ, պայքարելով անկողնային «ուրույնությունների» հրապարակայնացման օգտին, դուք միաժամանակ և գոնե նույն ծավալով չպայքարեք աբորտային մանկասպանության դեմ: Մարդասիրական արժեքները, սիրելիներս, հատվածական չեն լինում: Եվ չհանդգնեք հարցը փոխադրել կրոնական ոլորտ: Դա «բազմազան ուրույնություններից» ոչ պակաս ֆիզիոլոգիայի հարց է: Բեղմնավորված բջիջն առաջին իսկ վայրկյանից լիակտար և լիարժեք մարդկային անձնավորություն է, որն ի սկզբանե ունի ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ: Դուք տեղին կամ անտեղին, իրավացի կամ արհեստական կերպով աղմկում եք «բազմազանության» գերազանցապես թվացյալ ոտնահարման մասին: Ընդունենք, որ իրավացի եք: Բա մոր արգանդում (հաճախ՝ գենդերային սկզբունքով) առանձնահատուկ դաժանությամբ սպանվող մեր հազարավոր հայերնակիցների (հայրենակից բառից գարշող անձանց համար՝ համաքաղաքացիների) կյանքի իրավունքը նվա՞զ արժանի է պաշտպանված լինելու: Դե այս հարցով ցույց, պիկետ կամ գոնե հասարակական դատապարտության խոսք հնչեցրեք: Թե՞ մանկասպանությունը ձեզ համար «թեմա չի»: Խորհեք այդ մասին՝ այլոց՝ «հետամնաց», «կրոնամոլ», «ֆաշիստ», «ռուսազն», «պահպանողական», «ազգայնական» կամ «տերևով հետույք սրբող գրաբարասեր» որակելուց և հազարամյա կենդանի կրոնական և ազգային սրբությունները «միջադիրային պատկերապղծությամբ» անասնաբար և ընդունայնաբար ոտնահարելուց առաջ:
Ի դեպ, ազգայնականության դեմ «մաքառելը» կյանքի իմաստ դարձրած համաքաղաքացիները, ցավոք, չկարողացան կամ չկամեցան գիտակցել, որ իրենց քաղաքական ու գաղափարական «պայքարը» բոլորովին էլ միտված չէ Հայաստանի «փափագելի» դիտված եվրոպականացմանը, այլ՝ ռուսահպատակ եվրասիականացմանը, հանուն որի մեր բյուզանդախարան հյուսիսային հարևանը մտադիր է հերթական անգամ զոհաբերել մեր պետականությունն ու կյանքը որպես մանրադրամ՝ թուրքական շրջապատի վաղանցուկ չեզոքությունը շահելու կամ համաեվրասիական «ընդհանուր ինքնությունը» վայելելու «խելամիտ» ակնկալիքով: Մեր իրականության ազնվագույն մարդկանցից Հայկ Բալանյանը «մեռավ» ձեզ դա բացատրելով: Բայց «կոյր մտօք» լինելը տարածված հիվանդություն է՝ ըստ «աչս ունին և ոչ տեսանեն» հավերժ հնչող ասույթի:
Խոսելով մեր հանրության ներկա խեղճությունների մասին՝ անհնար է չանդրադառնալ յուրաքանչյուր պետականատեր ազգային հանրույթի հիմքում ընկած բնական գիտակցահայեցակարգային ազգայնականությանը: Այսօր հայոց ազգայնականությունը ծայրայեղորեն ապակողմնորոշված և պղծված վիճակում է: Այն հեղինակազրկվում է «ազգայնականի» անվան ներքո հանդես եկող տգետների, անմեղսունակների, ծախու գործակալների և բացահայտ տականքների անթաքույց ջանքերով: Ուստի, անհրաժեշտ են հստակ չափորոշիչներ՝ ինքնահռչակ «ազգայնական» խոտանի գեթ իշխանատու հատվածը հարկադրաբար զտելու նպատակով: Մնացածի ով լինելը հարկավ կբացահայտի ժամանակն ու յուրաքանչյուրի ապրած կյանքը. «վասն զի չիք ինչ ի ծածուկ որ ոչ յայտնեսցի»:
Հայերս տարապայման «սեր» և հիվանդագին հակում ունենք ամեն երևույթ, սկզբունքային կամ ընթացիկ դիրքորոշում անհարկիորեն անձնավորելու: Համապետական առաջնահերթությունների շուրջ միավորվելու հորդորներով հանդես եկողների մեծամասնությունը, չգիտես ինչու, գործնականում շարունակում է առաջնորդվել անձնավորված համակրանք-հակակրանքի՝ գաղափարի և սկզբունքի վրա գերակայությամբ: Շատերը մոռանում են, որ թե՛ ավանդական, և թե՛ արդի իրավունքն ու իրավունքի փիլիսոփայությունը կառուցված են բացարձակ առարկայականության (օբյեկտիվիզմի) վրա: Իրավական գնահատականի, հանգուցալուծման և հետապնդման հիմք կարող են ծառայել բացառապես օրինական դատաիրավական ընթացակարգերը: Անձնակենտրոն սուբյեկտիվության վրա իրավական պետություն չես կառուցի: Ոչ ոք մյուսի հանդեպ առավել չէ, ոչ ոք պարտավոր չէ սիրել կամ ընդունել ուրիշին: Բայց եթե ճամարտակաբանելու կամ փիլիսոփայելու փոխարեն կամենում ես երկիրդ վերափոխել և քաղաքացիաբար պատասխանատու վարքագիծ պահպանել, ապա, ի հեճուկս անձնավորված հակակրանքի ու ունեցած ներերկյուղների (ֆոբիաների), պարտավոր ես ողջամտության սահմաններում առաջնորդվել այլոց անմեղության կանխավարկածով և արտանձնական սկզբունքների հիման վրա գործելու անհրաժեշտությամբ:
Ամենևին էլ անհնարին չէ ուրվագծել և սահմանել լակմուսի թղթի գործառույթով շրջանակային անբեկանելի, աքսիոմատիկ և անվերապահորեն պարտավորեցնող սկզբունքներ, որոնք պարտադիր են ամենքի և յուրաքանչյուրի համար, քանզի առնչվում են մեր ընդհանուր ազգային-պետական ու ֆիզիկական գոյության և անվտանգության հիմնասյուների հետ: Ի տարբերություն անկողնային «ուրույնությունների», այս հիմնասյուները «բազմազանություն» չեն ենթադրում, քանզի նրանց անտեսումն ինքնին և ակներևաբար մահաբեր է: Յուրաքանչյուր իրավական պետության համար ազգային անվտանգության և քաղաքացիների հավաքական կյանքի իրավունքի դեմ փոքրագույն իսկ ոտնձգությունը ոչ միայն մերժելի է, այլև՝ միանգամայն կանխելի և խստագույնս պատժելի: Ինձ համար այդպիսիք են Քարվաճառյան Հռչակագրի չորս անբեկանելի շրջանակային սկզբունքները, որոնք ունակ են լավագույնս բացահայտելու մարդկանց հրապարակային և հմտորեն քողարկվող դիրքորոշումները պետականակերտման առանցքային բոլոր հարցերի նկատմամբ: Հիմնարար սկզբունքները հստակագույնս զատում են ընդունելին անընդունելիից, անկեղծը պատեհապաշտականից, սկզբունքայինը՝ անսկզբունք և նպատակահարմարային դեգերումներից:
Ես իմ հայրենակիցներին ու համաքաղաքացիներին չեմ բաժանի քրիստոնյայի ու հեթանոսի, ազգայնականի և ազատականի, ունևորի և աղքատի, կենսակերպի այս կամ այն ուղին ընտրածի: Բայց ես, որպես քրիստոնյա, հարգելով յուրաքանչյուր մարդու մեջ ի վերուստ ներդրված Աստուծո պատկերն ու ստեղծարար նմանությունը, անզիջում վճռականությամբ և անդրդվելի սկզբունքայնությամբ պայքարելու եմ Հայաստանի ինքնիշխանությունը դույզն իսկ սահմանափակող, իմ ազգի հայրենատիրության անվերապահ իրավունքը մերժող, ազատագրված տարածքի մեկ մասնիկն անգամ հանձնող, հայոց լեզվի նախապատիվ անձեռնմխելի կարգավիճակը դավող և քաղաքացիների իրավահավասարությունը ոտնահարող յուրաքանչյուր ուժի և անհատի դեմ: Այս ամենը ես կանեմ՝ հանուն իմ և նրանց անվտանգության և հանուն իմ և նրանց երեխաների՝ սեփական երկրում ապրելու և քաղաքակրթակերտ վեհությամբ արարելու անկապտելի ու բացարձակ իրավունքի: Ահա և իմ շատ հարգելի համախոհ հայրենակիցների միասնաբար ձևակերպած և առանձին հայտարարությամբ ընդունած Հռչակագրի սկզբունքները.
ՔԱՐՎԱՃԱՌՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Վերջին տարիներին, ազատագրված Քարվաճառ քաղաքում, Հայոց պետականակերտմանը հետամուտ բազմաթիվ անձանց մասնակցությամբ կայացած քննարկումների ընթացքում ուրվագծվել են հետևյալ հիմնարար և անբեկանելի շրջանակային սկզբունքները.
Ա. Ինքնիշխանություն
Ինքնիշխան և անկախ պետականությունը ազգային ինքնակազմակերպման գերագույն ձևն է և Հայության հարատևման միակ երաշխիքը: Անվերապահորեն մերժելի է Հայա
ստանի ներգրավումն ազգային ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցին:
Բ. Հայրենատիրություն
Հայությունն՝ ի դեմս ազգային պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի անժամանակյա, անօտարելի և բացարձակ հայրենատիրության իրավունք:
Ըստ այդմ.
- Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են:
- Մերժելի է ցեղասպանության իրավաքաղաքական և տարածքային հետևանքները վերացնելու հրամայականից հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու որևէ ոտնձգություն:
Գ. Հայոց լեզու
Հայաստանում հայերենը՝ որպես միակ պետական լեզու, վայելում է բացարձակ գերակայություն : Պետական կառավարման, կրթության, պաշտոնական գործավարության և հանրային նշանակության բոլոր ոլորտներում Հայոց լեզվի բացարձակ կարգավիճակի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն իսպառ մերժելի է:
Դ. Սահմանադրական կարգ
Հայոց պետության կայացման պարտադիր նախապայման է ազգային համապարփակ համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտմամբ սահմանադրական իրավակարգի հաստատումը և խստագույն պահպանումը: Կտրականապես մերժելի է սահմանադրական կարգով հաստատված քաղաքացիների իրավահավասարության դեմ որևէ ոտնձգություն:
Ալեքսանդր Քանանյան
http://www.artsakhtoday.com/?p=27588