Քարվաճառի շրջան. հողօգտագործման օրինականության հարցեր

Sep 13, 2012 22:02



Քարվաճառի շրջանի անասնապահական ահռելի ներուժի մասին հայտնի է անխտիր բոլորին: Նպատկասլաց պետական քաղաքականության դեպքում մեկ-երկու տասնմյակի ընթացքում այստեղ հնարավոր է ապահովել անասնապահական տնտեսության այնպիսի հզորություններ, որոնք ընդունակ կլինեին զգալիորեն մեծացնել Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը: Ցավոք, Քարվաճառի զարգացման համար պատասանատու անձանց մոտ դեռևս գերակշռում է այսրոպեական օգուտներ հետապնդելու այպանելի միտումը, որն արդեն իսկ սպառնում է տարածքում անհայտ սեփկանատերերին պատկանող ոչ թափանցիկ ու անվերհսկելի հանքերի առաջացմամբ: Միաժամանակ, չի իրականացվում որևէ շոշափելի քայլ շրջանի ամենանպաստավոր տնտեսական յուրացման՝ անասնապահական հզորությունների ռազմավարական ընդարձակման ուղղությամբ: Ինչպես բազմիցս նշել ենք, Քարվաճառն անասնապահական «գերտարածքի» վերածվելու առաջին պարտադիր քայլը՝ անասնապահական բուն գոտում շուրջ 20 նոր համայնքներ հիմնադրելու հրամայականն է: Հաշվի առնելով արդի քաղաքական վերնախավի մոտ առկա սուբյեկտիվ խոչընդոտները կարելի է սկսել գեթ տարի մեկ համայնք հիմնադրելու ստանձնելիք պարտավորությամբ: Տարին՝ մեկ համայնք հիմնադրելը միանգամայն հնարավոր է Երևանից Արցախին հատկացվող անգամ ամենասուղ «միջպետական վարկի միջոցներով, հատկապես, ի հաշիվ Արցախին ռազմաքաղաքական ու տնտեսական անվտնագությանը սպառնացող «ստեփանակերտացման» գործընթացի:

Սակայն Քարվաճառի անասնապահական զարգացման ռազմավարական ծրագրին զուգահեռ և ոչ պակաս հրատապությամբ հարկ է կարգավորել մեկ այլ ցավալի երևույթ, որը հատուկ է Արցախի բոլոր թերբնակեցված շրջաններին: Խոսքը տրամաբանական վերահսկելիությունը կորցրած վարձակալական կամ սեփականաշնորհման հիմունքներով հողահատկացումների մասին է: Խնդիրն այստեղ ոչ այդքան հողահատկացումները սահմանափակելու, որքան՝ վերահսկելու մեջ է: Քարվաճառ շրջկենտրոնի և մի շարք գյուղական համայնքների համար անկանոն հողահատկացումները կամ շահագործման եղանակի փաստացի անվերահսկելիությունը շարքային քաղաքացիների համար հարուցում է աճելու ակներև միտում արձանագրող բարդություններ: Որոշ անձինք, օրինակ, վարձակալելով որևէ համայնքամերձ հատվածում որոշակի տարածություն, այնուհետև հայտարարում են, թե «այս ձորը կամ այն լքված գյուղի տարածքն իմն է», մինչդեռ վարձակալական հիմունքներով նրանց տվյալ հատվածում հատկացվել է ընդամենը մեկ-երկու հեկտար սահմանափակ արոտատեղի: Այլուր, հողից վարձակալական հիմունքներով օգտվող անձինք որևէ եղանակով ցանկապատում կամ վերահսկում սեփական մասնաբաժինը: Մինչդեռ Քարվաճառում մի ձորահովտում սահմանափակ տարածք վարձակալած անձը կարող է մինչև իսկ արգելել այլոց անասունների մուտքը՝ ապօրինաբար ինքնահռչակվելով իրեն երբևէ և որևէ փաստաթղթով չպատկանող ահռելի հողատարածությունների միանձնյա տեր:
Բնակչության իրավագիտակցության ցածր մակարդակի, ինչպես նաև ինքնահռչակ «լատիֆունդիստների» ենթադրաբար անպատիժ մնալիք «վատություններից» խուսափող անձինք հետզհետե ավելի լրջորեն են բախվում իրենց պատկանած մի քանի գլուխ անասունն արածանելու տեղն ունենալու համար: Քանի դեռ խնդիրը չի հանգեցրել սոցիալական լուրջ լարվածության, առավել քան տեղին է շրջանային վարչակազմերին և ոստիկանության բաժիններին հանձնարարել հետամուտ լինել վարձակալված հողատարածությունների շահագործումն օրինականության շրջանակներում պահելու հարցին:

Ալեքսանդր Քանանյան

http://www.artsakhtoday.com/?p=23069

Кашатах, Карвачар, Арцах, Заселение

Previous post Next post
Up