Ինքնահարգանքը շատ կարևոր երևույթ է: Ինքնահարգանքից զուրկ անձը ջլատում և քայքայում է ընտանեկան, համայնքային և ազգային-պետական միջավայրը: Ինքահարգանքը կամ դրա բացակայությունն ունեն բյուր դրսևորումներ՝ քաղաքացիական անպատասխանատվությունը, ստորաքարշ պատեհապաշտությունը, ամբարտավան տգիտությունը և գիտակցության սնանկությունը: Այս բոլոր երևույթները ծաղկում ու «թագավորում» են այնտեղ, ուր իշխում է կամազուրկ հարմարվողականությունը և մարտնչող անգրագիտությունը: Ամեն ոք իր կյանքում պետք է համարձակություն ունենա՝ նայելու իրականության աչքերին և իրողություններն ընթացիկ ճղճիմությանը տրվելու դիրքերից չտեսնելու և չգնահատելու համար: Հիշյալ երևույթներին երբեմն կարելի է «ըմբռնումով մոտենալ», հաճախ կարելի է կարեկցաբար անտեսել, իսկ երբ հարկ է՝ խստորեն պատժել կամ կանխել: Կարելի է, իսկ երբեմն՝ անրաժեշտ է հաշվի առնել և դաստիարակիչ ներողամտությամբ վերաբերվել մարդու կամ պետական պաշտոնյայի տկարություններին, քանզի ոչ ոք զերծ չէ թուլության, հուսահտության կամ պահն իր օգտին օգտագործելու գայթակղությունից: Միաժամանակ, ազգային պետական և հանրային կյանքում կան երևույթներ, որոնք ենթակա են խստագույն դատապարտության և անողոք վերացման: Այդպիսի երևույթներից է, օրինակ, յուրաքանչյուր՝ փոքրագույն իսկ ոտնձգություն ազգային պետականության հիմնարար և բացարձակ արժեքների՝ մայր հողի, մայր լեզվի և մայր օրենքի դեմ: Տարածք հանձնողը, հայալեզու կրթություն սահմանափակողը կամ սահմանադրական իրավակարգի դեմ ընդվզողը պիտի լուսանցքայնացվի և քաղաքականապես չեզոքացվի: Ազգային-պետական կյանքին նրանց համեստ ու խոնարհ վերադարձի նախապայմանը կարող է լինել միայն հրապարակային ապշխարհությունն ու ոտնձգող «սխալների» անշրջելի վերաշարադրումը: Այս ամենի հանդեպ, կարծես թե, արդեն իսկ ձևավորվում է հանրության համապարփակ սկզբունքային կեցվածք:
Սակայն, ընկնելով հիմնարար հարցերի ու արժեքների հետևից, մենք մոռանում ենք, որ դրանք ամրապնդվում կամ ոչնչանում են մեր առօրյա կենցաղի կամ գործունեության անթիվ ընթացիկ, աննշան, թվացյալ կամ անկարևոր դիտվող մանրուքներում: Այդ մանրուքները շատ բազմազան են՝ մեքենայի պատուհանից շիշ նետելու «մանր» հանցանքից սկսած և՝ արատավոր իրականության հետ, իբր, անխուսափելի ամենօրյա «ընթացիկ» փոխզիջումներով վերջացրած:
Բյուր և «ներելի» մանրուքների թվին, չգիտես ինչու, դասվում է հայոց տեղանուններն իրենց անհեթեթ թուրքական տարբերակներով կոչելու խիստ մերժելի, անհանդուրժելի և անարգ «ավանդույթը»: Այս խայտառակությունը բնորոշ է ոչ միայն քաղաքացիների լայն զանգվածին, այլև պետական պաշտոնեությանը, որի բանավոր խոսքում ցայսօր Բերձորը մնում է «լաչին», իսկ Քարվաճառը՝ «քյալբաջար»: Երբ նկատողություն ես անում, մարդիկ վրդովվում են, թե՛, իբր, դա պարզ ու անկարևոր սովորույթ է: Ցավոք, այդպես ասողները բոլորովին չեն ընկալում երևույթների Անվան խորհրդանշական ներգործության մասին: Յուրաքանչյուր կայացած մշակույթ և քաղաքակրթություն ուներ իր խորհրդանիշների և խորհրդակիր անունների մշակված համակարգ, որոնց հանդեպ որևէ հրապարակային անարգանք համարվում էր ծանր ոտնձգություն՝ ողջ հանրության նկատմամբ: «Քյալբաջար-լաչին» գարշաբանելով՝ մենք ոտնահարում ենք մայր հողի համար արյուն հեղած մարդկանց հիշատակը, ամենօրյա կրկնությամբ «վերահաստատում» ենք ազատագրված հողից մեր հոգևոր օտարվածությունը, ծաղրում ենք մեր պատմության դառն անցյալը և պղծում մեր գիտակցությունը՝ խորշելի օտարաբան աղավաղումներով:
Մեր հանրությունը պետք է գիտակցի հայեցի տեղանուններն օգտագործելու անայլընտրանք պարտադիր կանոնը՝ մերժելով և պարսավելով կեղծ ու անարգ «սովորույթի» թելադրած օտար գարշաբանություններ արտաբերողներին:
Ալեքսանդր Քանանյան
http://www.artsakhtoday.com/?p=22031