Հայրենադարձությունը գործնականում. գերհրատապ քայլեր

Jul 11, 2012 23:43





Սիրիայում ահագնացող ճգնաժամը նորովի արդիական է դարձրել հայոց պետականության համապատասխանության հարցը՝ երկրի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները գիտակցելու և դրանք՝ նեղ խմբակային շահերից վեր դասելու իշխանական ներկայիս վերնախավի կարողության առումով: Դեռևս մենք ականատես ենք հայրենադարձության հանդեպ հայաստանյան «պատկան մարմինների» դրսևորած տարակուսելի կրավորականությանը: ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների՝ սահմանամերձ և բարձրլեռնային գյուղերի ապաբնակեցման նպատակահարմարության վերաբերյալ  հրապարակավ արտահայտված դատողությունները, ինչպես նաև ներքին լարվածությունն՝ արտագաղթի խրախուսման միջոցով լիցքաթափելու մասին «մտքերը» վկայում են հիշյալ համապատասխանության փաստացի բացակայության մասին:

Նման իրավիճակում գիտակից հանրությունը, որը ոչ պակաս չափով պետության համար պատասխանատվություն կրողն է, պարտավոր է համակարգել ու գործադրել իր ողջ քաղաքացիական կամքը և կազմակերպչական հմտությունները՝ իրավիճակը հանրային ուժերով փակուղուց դուրս բերելու համար: Մասնավորապես և առաջնահերթորեն դա վերաբերվում է ազատագրված տարածքների՝ Արցախի թերբնակեցված շրջանների վերաբնակեցման կասեցված գործընթացի հանրային աջակցմանը: Հիշյալ աջակցությունը կանոնակարգելու համար հարկ է ձևավորել պայմանական անվամբ «Վերաբնակեցման հանրային խորհուրդ», որը, համագործակցելով հայրենադարձության հարցերով զբաղվոր այլ հասարակական և համազգային կառույցների հետ, պետք է ձևավորի ներկայացուցչական լայն ցանց՝ հայրենադարձվելու կամ վերաբնակվելու հնարավորությունն ուսումնասիրող մարդկանց խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար: Խոսքը՝ վերաբնակվել կամեցող  յուրաքանչյուր ընանիքին՝ բնակավայրի ընտրության և հարակից այլ հարցերում՝ ըստ ունեցած նախապատվությունների խորհրդատվություն, իսկ հետագայում նաև տեղում բնավորվելու հնարավոր աջակցություն ցուցաբերելու մասին է:

Հայաստանի իշխանություններին և սփյուռքյան առավել ազդեցիկ ու ֆինանսապես կարող կառույցներին հարկ է օր առաջ խստագույն պահանջ ուղղել՝ Քարվաճառում, Կովսականում, Միջնավանում և Հադրութի շրջանի արաքսամերձ հատվածում 30-50 բնակարանանոց մեկական հանրակացարաններ կառոցելու վերաբերյալ: Բացի դրանից պետք է անհապաղ վերջ դրվի ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզների վարչությունում ցայսօր չհաղթահարված կոռուպցիոն երևույթների անպատիժ գոյությանը՝ «միամիտ» սփյուռքահայերին «հարիֆցնելու» և քաղաքացիության շնորհմումն արհեստկանորեն ձգձգելու առումով:

Եթե պետական իշխանությունն այսօր անպատասխանատու կերպով հայտարարում է բնակարանային շինարարությունն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ չունենալու մասին, ապա գոնե սեփական ծախսերով տներ վերանորոգելու պատրաստակամ հայրենդարձվող սփյուռքահայերի համար մի քանի ժամանակավոր հանրակացարանների կառուցումն այն նվազագույնն է, որը ներկայիս իշխանությունը բացարձակ առումով պարտավոր է անել՝ անգամ գերշահութաբեր մայրաքաղաքային «էլիտար» շինարարության ծավալների աննշան նվազեցման հաշվին:

Ալեքսանդր Քանանյան

http://www.artsakhtoday.com/?p=20188

Кашатах, Карвачар, Репатриация, Заселение

Previous post Next post
Up