Ճանապարհաշինությունը՝ համապետական նշանակության կարևորագույն ոլորտներից է, որն ունի ահռելի դերակատարում՝ երկրի համաչափ զարգացման, տնտեսական կյանքի աշխուժացման և ռազմաքաղաքական անվտանգության մակարդակի բարձրացման համար:Այդ իսկ պատճառով, Արցախի ճանապարհային ցանցի զարգացման հայեցակարգի մշակման շրջանակներում հարկ է լրջորեն ու համակողմանիորեն քննել վերջինիս տարածքային բոլոր բաղադրիչները:
Խոսելով Արցախի ճանապարհային ցանցի համապարփակ զարգացման հայեցակարգի մասին՝ այն պայմանականորեն կարելի է նկարագրել որպես երեք «հորիզոնական» և «երեք ուղղաձիգ» մայրուղիների համակարգ: Հիշյալ վեց մայրուղիներից այսօր լիարժեքորեն գործում են միայն երկուսը՝ Գորիս-Ստեփանակերտ-Ակնը և Դրմբոն-Ստեփանակերտ-Հադրութը: Առաջին մայրուղին առավել հայտնի է «Գորիս-Ստեփանակերտ», իսկ մյուսը՝ «Հյուսիս-հարավ» անուններով: Այս երկու մայրուղիները վերակառուցվել և ասֆալտապատվել են Համահայկական հիմնադրամի բազմամյա հանգանակությունների շնորհիվ: Քարտեզագրորեն դրանցից առաջինը «հորիզոնական» է՝ Գորիսից ձգվելով մինչև Ստեփանակերտ և Ակն, իսկ մյուսն՝ «ուղղաձիգ»՝ ձգվելով Դրմբոնից մինչև Հադրութ:
Երկրորդ՝ Վարդենիս-Քարվաճառ-Դրմբոն-Մարտակերտ «հորիզոնական» մայրուղու շինարարության ընթացքը կարելի է սկզբնավորված համարել Սոթքի լեռնանցքով անցնող ճանապարհահատվածի հիմնավոր բարեկարգման աշխատանքների ծավալմամբ: Երկրորդ «ուղղաձիգ»՝ Մարտակերտ-Ակն-Մարտունի-Իջևանատուն-Հորադիզ մայրուղու հյուսիսային Մարտակերտ-Ակն հատվածը նախորդ տարիներին Արցախի իշխանության ջանքերով նույնպես զգալիորեն բարելավվել է. պատերազմից հետո առաջին անգամ կատարվել են վնասված հատվածների ասֆալտապատման և այլ կարևոր հարակից աշխատանքներ: Իսկ երրորդ «հորիզոնական» ճանապարհը՝ Մեղրի- Միջնավան-Հորադիզն է, որը ձգվում է Արաքսի հոսանքն ի վայր:
Սակայն գոյություն ունի հյուսիսից-հարավ ձգվող ևս մի շատ կարևոր ճանապարհ, որը, Քարվաճառի շրջանից անցնելով Քաշաթաղ, հասնում է մինչև Արաքս: Այս երրորդ ապագա «ուղղաձիգ» մայրուղու մեծ մասն այսօր էլ գործում է: Վերջինիս ամենահայտնի հատվածը՝ Դուտխու (Թութխուն) գետի գեղատեսիլ ձորով դեպի Զուար գյուղի հարևանությամբ գտնվող «Փոքր Ջերմաջուր» հանքային ջերմուկը (գեյզեր) տանող ճանապարհն է: Վերջին տարիների ընթացքում «Փոքր Ջերմաջուրը» ձեռք է բերել մեծ հռչակ թե՛ մեր հայրենակիցների, և թե՛ արտերկրից Արցախ ժամանող հյուրերի մոտ: Ճանապարհի այս հատվածը, որը դեռևս 8-9 տարի առաջ Դուտխուի հեղեղումներից և սողանքներից հաճախ շաբաթներով էր փակվում, այսօր մշտապես անցանելի է: Սույն հատվածի հետագա բարեկարգումների ծրագիրը պետք է հարկավ ներառի նաև խաչմերուկի հարևանությամբ գտնվող հայտնի «թունելի» հենապատերի ամրապնդման աշխատանքները:
Քարվաճառ-Բերձոր-Միջնավան ապագա մայրուղու երկրորդ՝ Զուար-Հայթաղ հատվածը ներկայումս ամենխնդրահարույցն է: Խորհրդային շրջանում և, հատկապես, ազատագրումից առաջ այս հատվածը շատ բանուկ էր. Բերձորի ազատագրումից հետո՝ 1992 թ. մայիսից մինչև 1993 թ. ապրիլն այդ ճանապարհով Ադրբեջանն իրականացնում էր Քաշաթաղի հյուսիսային գյուղերում տեղակայված իր զորամիավորման մատակարարումները:
1997-1999 թթ. Զուար-Հայթաղ հատվածը որոշակի խնամքի տակ էր, քանի որ նշված ժամանակահատվածում Դուտխուի ձորահովտի Թութխուն, Զուար և Զարկունի բնակավայրերը գտնվում էին Քաշաթաղի վարչակազմի իրավասության ներքո: 2000 թ.՝ Քարվաճառի շրջանի տարածքը Շահումյանի շրջվարչակազմին հանձնելուց հետո Քաշաթաղի հետ եղած նախկին վարչական կապերը խզվել են, իսկ 2001 թ. Թութխուն և Զարկունի բնակավայրերի ամայացումից և նրանց բնակիչներին Զուար փոխադրելուց հետո տարիներ շարունակ հիշյալ ճանապարհահատվածն իսպառ անտեսվել է և մի շարք հեղեղումների հետևանքով դադարել է անցանելի լինելուց: Այնուհետև, 2004-2006 թթ. Քաշաթաղի հյուսիսային թևի բնակչության կտրուկ նվազման պատճառով ամբողջովին խզվել են վերաբնակեցման առաջին շրջանում աշխուժացման միտում արձանագրած առևտրատնտեսական հարաբերությունները Հյուսիսային Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակավայրերի միջև:
Երկար տարիներ կատարելապես անխնամ մնացած Զուար-Հայթաղ ճանապարհահատվածի վերակենդանացման հույսը ծագել է ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ հիշյալ ճանապարհով Քարվաճառից Բերձոր երկու անգամ ուղևորվելու փաստի առնչությամբ: Նախագահական ավտոշարասյան առջև ճանապարհն անցանելի դարձնելու համար այն երկու անգամ թեթևակիորեն մաքրվել է և այժմ անցանելի է հմուտ, տեղանքին քաջածանոթ և անցունակ մեքենաներով երթևեկող քաղաքացիների համար: Անցյալ տարի այդ ճանապարհով անցել է շուրջ մեկ տասնյակ մեքենա, ինչն արդեն իսկ շատ ուրախալի է:
Քաշաթաղի Հայթաղ գյուղից մինչև Բերձոր ընկած ճանապարհն անհամեմատ ավելի բարվոք վիճակում է: Վերջին տարիներին Քաշաթաղի հյուսիսային թևում իրականացված հողային բարեկարգման աշխատանքները նկատելիորեն բարձրացրել են ճանապարհների անցանելիությունը, իսկ գործել վերսկսած հանրային տրանսպորտը էապես նպաստել է մի շարք հեռավոր համայնքների վերակենդանացմանը:
Բերձորից մինչև Արաքս ընկած տարածքում առավել վատթար վիճակում է գտնվում Բերձոր-Ծաղկաբերդ հատվածը: Ռազմական գործողությունների ժամանակ մեծապես տուժած սույն ճանապարհահատվածն ունի հիմնավոր բարեկարգման կարիք, իսկ Ծաղկաբերդից մինչև Կովսական ու Միջնավան ընկած հատվածները ենթակա են որոշ տեղայնական միջամտությունների:
Անդրադառնալով տրանսպորտային երթևեկության հարցին՝ ասենք, որ Քաշաթաղի մերձարաքսյան բնակավայրերի կապը շրջկենտրոնի և Ստեփանակերտի հետ արդեն միանգամայն կարգավորված վիճակում է: Երթուղիները սպասարկում են Բերձոր-Միջնավան ավտոբուսն ու Միջնավան-Բերձոր-Ստեփանակերտ երթուղայինները:
Բերձորից հյուսիս մեր հետաքրքրած ուղղությամբ տրանսպորտային կապը գործում է մինչև Վազգենաշեն ու Շալվա: Երթուղին սպասարկում է առ այդ հատկացված նոր ավտոբուսը:
Փոխադրվելով Քարվաճառի շրջան՝ արձանագրում ենք, որ Դուտխուի ձորահովտի բնակավայրերը ցայսօր չունեն կայուն տրանսպորտային հաղորդակցություն անգամ Քարվաճառ շրջկենտրոնի հետ: Նախորդ տարիներին Զուարի համայնքապետարանին հատկացվել է մարդատար «Ուազ» մակնիշի մեքենա՝ ձորահովտի բնակչությանը սպասարկելու համար: Սակայն, այդ մեքենան կայուն ուղևորատար տրանսպորտային միջոց չէ և մեկնում է Քարվաճառ միայն հատուկ առիթներով:
Ինչպիսի՞ հետևություններ կարելի է անել:
Քարվաճառ-Բերձոր-Միջնավան «ուղղաձիգ» մայրուղու հիմնարար շինարարության և ասֆալտապատման աշխատանքները հասկանալի պատճառներով վերապահելով միջնաժամկետ հեռանկարի՝ քննենք, թե ի՞նչ կարելի է անել արդեն այսօր:
Ինչպես տեսանք, ամենահրատապ խնդիրը՝ Զուար-Հայթաղ ճանապարհի երթևեկելիության լիարժեք վերականգնումն է: Դրա համար հարկ է հանձնարարել Քաշաթաղի և Քարվաճառի ճանշին բաժանմունքներին իրականացնել անհրաժեշտ մաքրման աշխատանքներ՝ ճանապարհահատվածի առավել վնասված տեղերն անցանելի դարձնելու և այն կայուն հոգածության առարկա պահելու առումով: Սկզբնական շրջանում կարելի է բավարարվել տարվա տաք ամիսներին՝ մայիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ճանապարհն անցանելի պահելու որոշմամբ, իսկ որոշ ժամանակ անց, երթևեկության «ավանդույթի» վերականգնմանը զուգահեռ, անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել նաև ձմռանն այն անցանելի պահելու ուղղությամբ:
Զուար-Հայթաղ ճանապարհահատվածի անցանելիության վերականգնումից հետո արժե մտածել նաև Քարվաճառ-Բերձոր տրանսպորտային կապի հաստատման մասին: Բացառված չէ, որ սկզբնական փուլում այն գործելու է մասնակի դոտացիոն հիմունքներով, թեև համոզված ենք, որ այն սակավ ժամանակ անց ոչ միայն շահութաբեր կդառնա, այլև կնպաստի Քարվաճառի և Քաշաթաղի տարածքային ու տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև արտակարգ պատվար կհանդիսանա Արցախում զբոսաշրջության զարգացմանը: Բնական հրաշալիքների բազմազանությամբ, բնապահպանական բացառիկ անաղարտությամբ և հայոց պատմամշակութային հարուստ ժառանգությամբ աչքի ընկող Քարվաճառն ու Քաշաթաղն ունեն անսպառ զբոսաշրջային ներուժ, իսկ Բերձոր-Քարվաճառ երթուղին ինքնին այս ամենի ենթակառուցվածքային խարիսխն է, որի շուրջ և որի շնորհիվ ոչ հեռավոր ապագայում մեր դժվարամատչելի ու սակավաբնակ լեռնային գոտուն կընձեռվեն ռազմավարական զարգացման նշանակալից հնարավորություններ:
Ալեքսանդր Քանանյան
Կարեւոր ճշգրտումներ Տիգրան Կիւրեղեանի՝ նոյնք ինքն
qashataghci -ու կողմից.
«Շնորհակալություն Ալեքս կարևոր այդ խնդիրը արծարծելու համար: Երկու ճշտում անեմ քո թուլտվությամբ: Բերձոր-Վազգենաշեն-Շալուա ճանապարհը վերջին տարիներին մի քանի անգամ բարեկարգվել է, իսկ Վազգենաշեն-Հայթաղից միայն մինչև Մովսեսաշեն են մի անգամ բարեկարգել: Վերջին տաս տարիների ընթացքում մինչև Զուար, ինչպես դու նշել ես, միայն թեթևակի <անցել> են Բակո Սահակյանի այցերից առաջ, որի համար էլի գոհ ենք, քանի որ անանցանելի էր դարձել նույնիսկ Թութխուն-Տաք ջուր հատվածը:
Շալուայի ավտոբուսը այլևս չի գործում, ու իմ կարծիքով պետք էլ չի: Այդ ավտոբուսի արժեքով կարելի է ձեռք բերել երեք ՈՒԱԶ, որոնք տրամադրելով տարբեր ձորակներում գտնվող համայնքներին ավելի հեշտ կլուծենք տրանսպորտային հարցը: Մեր փորձից ելնելով կարելի է պնդել, որ դա ավելի անվտանգ է, ինչը չես ասի ավտոբուսի դեպքում:
http://www.artsakhtoday.com/?p=12589