Երկար նախաբանների ժամանակն իսպառ անցել է: Անցել է վաղուց` բոլորիս համար: Երեկ, դիտելով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի սովորական դարձած թշվառական զեղումները, ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան արատավոր և ի ծնե ողբերգական է ոմանց ճակատագիրը: Հիշեցի 2009 թ. հուլիսյան մի երեկո, երբ հյուրընկալ և պետականաշեն ՀԿ-ներից մեկի դահլիճում «Ազատագրված տարածքների և Հայաստանի անվտանգության հիմնատարրերի մասին» հերթական դասախոսության ժամանակ առիթ ունեցա շփվելու ՀՀ երրորդ նախագահի աշխատակազմի «կրտսեր» սերնդի ինչ-ինչ ներկայացուցիչների հետ: Տարածքային նվազագույն իսկ զիջում ենթադրող «կարգավորման սկզբունքների» իրագործման հետևանքների ողջ փունջը հանգամանորեն փաստարկելուց հետո նրանց ասացի հետևյալը. «Քաջ հասկանում եմ, որ ձեզ համար Հայաստանի հաղթանակը կամ Արցախի ու Սյունիքի կորուստը ոչինչ չեն նշանակում: Դուք, մեղմ ասած, այս ամենի վրա թքած ունեք: Բայց մանրատախտակ-պարկետի վրա ձեր ստացած պատկերացումներն իրական կյանքի հետ շատ քիչ առնչություն ունեն: Ինչպիսին էլ լինի տարածքային հանձնման ոտնձգությանը հետևած հանգուցալուծումը, դաշտային իրողությունը ահարկու և սահմրռկեցուցիչ դաժանությամբ կբախի բոլորիդ դռները: Ոչ միայն պաշտոնեական առանձնասենյակների, այլև ընտանեկան տան դռները... Եթե անգամ արցախահայությանը համակի ծանրագույն հուսալքության հոգեվիճակ և նա չդիմադրի, ապա, միևնույն է, անպայման կգտնվեն պատերազմով անցած և ձեր «շեֆի» դավաճանությամբ ամեն ինչ իսպառ կորցրած հարյուրավոր մարտի հերոսներ, որոնք բոլորիցդ «հետին թվով» սոսկալի վրեժ կլուծեն: Տա՜ Աստված, որ դուք շարունակեք վայելել ձեր մանրատախտակային ու «վզից էլ հաստ» փողկապավոր երջանկությունը, քանզի Հայրենիքի վերջնական կորստից հետո ձեր պատիժն ինձ, միևնույն է, չի գոհացնի»:
Միաժամանակ, հարկ եմ համարում զգուշացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ պատասխանատվությունից խուսափել չի հաջողվի: Նա ամեն առումով հանցակից է: 1991-1992 թթ. նա «կերտել» է այժմյան կապիտուլյացիայի բոլոր իրավական նախադրյալները, երկրում ստեղծել է համապետական դավաճանության հիման վրա գոյացած ապագաղափարական ավազակային վարչախումբ, որի զավակները մեծանալով «քշեցին» նրանց իսկ արտադրած «հայրիկին»: Նա հիմնադրել է իր իսկ անձնական թերարժեքության մղձավանջային բարդույթներից մոլեգնաբար սնվող պարտվողական անհեթեթ դիվանագիտություն: Իսկ այժմ, «երկխոսելով» իշխանության հետ և արտերկրյա ԶԼՄ-ներին խայտառակ հարցազրույցներ «սփռելով», նա փորձում է ձևավորել Արցախը և Հայաստանի վերականգնման վերջին պատմական հնարավորությունը «մադրիդյան» կապիտուլյացիոն սկզբունքներով կործանելու հանրային համաձայնության պատրանքը, թե իբր հայաստանյան հանրության «իշխանամետ» ու «ընդդիմադիր» զանգվածները դրական և անխուսափելի են համարում տարածքների հանձնումն, առանց որի, իբր, Հայաստանն ապագա չունի: Սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի խուսափի դաշտային պատասխանատվություինց: Մարդիկ այլևս լրիվ անգիտակից ու անգրագետ չեն: «Մադրիդյան» սկզբունքների, «հանձնողական» դիվանագիտության, երկրի համընդհանուր թալանի համար հավասարապես պատասխանատու են բոլոր երեք նախագահները և պատմության օրինաչափ դատավճիռը նրանց գլխին թափվելու է միաժամանակ:
Սակայն, արդյո՞ք, ամեն ինչ այդքան վատ է: Չեմ կարծում: Նախ` մեծ հավանականություն կա, որ Սերժ Սարգսյանը Կազանում կվախենա հրապարակայնորեն ստորագրել տարածքային զիջումները նախատեսող որևէ փաստաթուղթ: Ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրությունը նրանից անպայման կկորզեն, բայց հրապարակված փաստաթուղթը, հավանաբար, կունենա սոսկ հռչակագրային բնույթ: Իրականում, բոլորի համար պարզ է, որ «մինսկյան» գործընթացը, որը սնվում էր հայկական դիվանագիտության ստանձնած իրավական կեղծ ինքնասահմանափակումներից և բազմաշերտ գործնական պարտվողականությունից, ժամանում է իր տրամաբանական և վաղուց սպասված վախճանի: Միջազգային ուժի կենտրոններին մնալու է կա՛մ սադրել/հանդուրժել նոր պատերազմ, կա՛մ որոնել այլ լուծումներ, որոնք այսուհետ միտված են լինելու եղած կամ հերթական պատերազմից հետո ձևավորվելիք ստատուս-քվոյի պահպանմանը: Եկել է նաև վերաբնակեցմանը համազգային և հանրային նոր հուժկու թափ հաղորդելու հրամայականը: Սերժ Սարգսյանը պարտվելու է նաև այս հարցում, քանզի «Աղդամը» համայն հայության հայրենիքն է:
Կարևոր է, որ մեր զինվորականությունը, հատկապես, միջին սպայական կազմը մնա ժողովրդի հետ և գիտակցի, որ «մադրիդյան» կարգավորման դեպքում նրանք հայտնվելու են ծանրագույնս տուժած հասարակական խավի կարգավիճակում: Նրանք կորցնելու են ոչ միայն ծառայությամբ վաստակած հասարակական դիրքը, մարդկային և սպայական արժանապատվությունը, այլև իրենց ընտանիքների անվտանգությունը: Նրանք` երկրի հաղթանակած պաշտպաններից կվերածվեն հակապետական դավաճանությանը չդիմադրած դասալիքների: Նրանք պետք է լավ հասկանան, որ Հարավսլավիայի օրինակով «հետհակամարտային» Հայաստանի խամաճիկ իշխանությունը փութաջան նախաձախնդրությամբ Հաագա «կգործուղի» ոչ միայն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և բոլոր անվանի գեներալներին, այլև ազատամարտի օրոք աչքի ընկած հարյուրավոր սպաներին և սովորական քաղաքացիներին: «Հետհակամարտային» ցանկացած կարգավորում ենթադրում է զինվորական անցյալ ունեցած հանրային դասի փաստացի չեզոքացում: Թուրքական շրջապատին և միջազգային երաշխիքներին անձնատուր եղած Հայաստանի կառավարիչների նոր սերունդն ի վկայություն առ «միջազգային հանրություն» տածած ձեռնասուն հնազանդության եռանդուն ոգևորությամբ ձերբազատվելու է նրանց սնած նախկին «Արցախի հերոս» կամ «նժդեհական» ավագ կուսակից տերերից:
Իսկ եթե սկսվի պատերազմը, ռազմաճակատում գործող հրամանատարությունը պարտավոր կլինի կանխել ևս մեկ դավաճանություն: Երբ հաշված ժամերի կամ, վատթարագույն դեպքում` օրերի ընթացքում ադրբեջանական հարձակումը խեղդվի, արտաքին ուժի կենտրոնները կձգտեն գործադրել ճնշման բոլոր լծակները` հայկական պատասխան հակահարվածը կասեցնելու համար: Ի հեճուկս Երևանի դրսևորելիք պարտվողական փոքրոգության` ռազմաճակատի հրամանատարությունը պարտավոր է առաջնորդվել ամեն ինչի նկատմամբ բացարձակ գերակայություն վայելող Հայաստանի ազգային անվտանգության շահով` թշնամին պիտի մատնվի համակարգային և ամբողջական պարտության: