Հարցազրույց «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 8-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։
-Ամենայն անկեղծությամբ ես չէի կամենա որևէ մեկնաբանություն ընծայել հիշյալ անձի ելույթներին, քանզի ամեն ինչ վաղուց ասված է և ամեն ինչ` վաղուց ակներև: Ավետարանն ասում է. «Աչս ունին և ոչ տեսանեն»: Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված «ավագ սերնդի» քաղաքական անհաջողակների ոգևորությունն ընկալելի է: Նա է նրանց վերջին հույսը: Բայց, ընդհակառակը, ես խորագույն ցավ եմ ապրում, որ իմ ճանաչած պատկառելի գիտելիքներով և անկեղծ պետականասիրությամբ օժտված բազում երիտասարդներ շարունակում եմ կուրորեն հավատ տածել այդ անձի հանդեպ: Վերջին երեք տարիների ընթացքում ես գիտակցաբար խուսափում էի գործածել «Լևոնի աղանդ» բառակապակցությունը, բայց այսօր ՀԱԿ-ի` անձնավորված կուռքի «ծիսամերձ» պաշտամունքով «ճոխացած» քաղաքական աղանդին վերաճելու տրամաբանական գործընթացը համարյա ավարտվել է: Առաջին և երրորդ նախագահների ուրվագծվող քաղաքական դաշինքը` նույնպես: Եվ դա խիստ օրինաչափ և բնականոն է: Այլ հարց է, որ այս երևույթների վրա ծանրանալը պարզապես ժամանակի վատնումն է:
-Այդ դեպքում ինչի՞ ժամանակն է այսօր:
-Ժամանակն է թերթելու ՀՀ առաջին երեք նախագահների էջը, երախտագիտություն հայտնել նրանց սոսկ ժամանակագրորեն Հայաստանի վերստին անկախացման շրջանում երկրի ղեկավար լինելու համար և անցնել առաջ: Հարկ է դուրս գալ Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան արատավոր շրջանակից և, ի վերջո, ձևավորել որակական երկրորդ բևեռ` երկիրը ներկա անփառունակ և անհանդուրժելի իրավիճակից դուրս հանելու համար:
-Փաստորեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը` նոր բևեռի ձևավորումն է…
-Այո՛, ես չսխալվեցի, հարկ է ձևավորել երկրոդ` էությամբ նոր բևեռ, քանզի այսօր մեր երկրի քաղաքական դաշտի լճացումը պայմանավորված է հենց վերջինիս գաղափարական, հայեցակարգային և վարքագծային միաբևեռությամբ: Առկա է սոսկ միևնույն բևեռի երկփեղկվածություն` ըստ պատեհապաշտաբար անձնավորված նախապատվությունների: Այդ իսկ պատճառով փոխադարձ «անցումները կամ իրապաշտական պայմանավորվածություններն» առավել քան սպասելի և օրինաչափ են:
-Դրանո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի մեծ մասը հատկացրեց նոր ուժի «քննադատությանը»։
-Նա շատ լավ գիտակցում է, որ ներկայիս լճացած իրականությունը փլուզվելու է այն պահին, երբ մեր գարշահոտ իրականության դուռն ուժգնորեն կբախի իրական փոփոխությունների կենաց հողմը: Ես արդեն տեսնում եմ այդ ամեհի վերանորոգ փոթորկի ջահակիրներին… Մնում է, որ նրանք գիտակցեն իրենց ուժը, իսկ որոշները` կեղծ հեղինակությունների լուծը թոթափելու պատեհությունը: Վաղուց ի վեր ժամանակավրեպ եղած առաջնորդները, նրանց արտաքին «հանձնողական» ու ներքին կեղծժողովրդավարական քաղաքականությունը, նրանց շնորհազուրկ վարչազավակները, պետականազուրկ դարերից ժառանգված անողնաշար «իրապաշտությունը» և ստորաքարշ պատեհապաշտությունը պետք է տեղի տան և չքանան անէության մեջ:
-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ապրիլի 28-ը լինելու է հասարակության ու իշխանության ջրբաժանի օրը։ Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք։
-Այնքան ժամանակ, որքան հայությունը դեգերելու է ժամանակավրեպ և համակողմանիորեն սպառված քաղաքական դիակ անձանց և ուժերի արատավոր շրջանակում ոչինչ չի փոխվելու: Էլ ի՞նչ ջրբաժան: Ջրբաժանը խոստացվում էր հազար անգամ: Լևոնադիր, քոչարյանահաստատ և սերժափտող համակարգն ապագա չունի: Մնում է այն փոխարինել հայոց պետականակերտ և կենսունակ համակարգով: Այդ օրն էլ հեռու չէ:
-Ի՞նչ եք կարծում` Լևոն Տեր-Պետրոսյանի թեման սպառված կարելի է համարել։
-Բովանդակային առումով և ըստ էության` այո՛: Բայց գործնականում` այն անհեթեթաբար արատավորելու է պետության կյանքն ու սպառնալու է մեր անվտանգությանը… Այնքան ժամանակ, որքան մենք ազգովի չթերթենք մեր պատմության այս էջը: Վերջինիս հաղթական առանցքը լինելու է մեր նոր հաղթանակների ու նվաճումների զորեղ խթանիչը, իսկ դրան ուղեկից անփառունակ երևույթները հետզհետե կմոռացվեն` որպես երկրոդական հուշ պահպանվելով միայն պատմական հետազոտությունների էջերի ծալքերում:
Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը
Աղբյուրը`
7or.am/archives/48116