Apr 09, 2010 11:24
Հայոց պետության կենսական շահերը, Հայրենիքի մնացած հատվածում Հայ ժողովրդի վերապրելու հրամայականը և վերջինիս վերականգնման առաքելությունը սահմանում են անզիջում և անողորմ պայքար բոլոր ինքնասպանական և ինքնահանձնվողական գաղափարների և դրանց` պատմությամբ և կյանքի օրենքով իջեցված կրողների դեմ: Հասարակությունը, որն ունկնդրում է նման անձանց բարբաջանքներին պետք է գիտակցի, որ տարածքները հանձնելու անհրաժեշտության, օգտավետության կամ անխուսափելիության մասին խոսողները ոչ միայն մտքով տհաս են, սադրիչ և հակապետական հանցագործ, այլև` մեր երեխաների և մերձավորների հնարավոր եղեռնագործներ: Յուրաքանչյուր զիջում` մեր լավագույն հայրենակիցների արյան և զրկանքների գնով ձեռքբերված դիրքերից նահանջ միմիայն կմերձեցնի նոր պատերազմը և այն կդարձնի հարյուրապատիկ անգամ ավելի արյունահեղ:Կարո՞ղ են արդյոք այդ մարդիկ պատասխանատվություն կրել տասնյակ հազարավոր նոր մահերի և մեր քաղաքների կործանման և երկրի ավերման դիմաց: Դեռ որքա՞ն ժամանակ, դեռ քանի՞ տարի կամ տասնամյակ հայ «քաղաքական միտքը» վազելու է գոյացապես անհնարին հայ-թուրք-ադրբեջանական «հաշտության» ցնորքի հետևից կամ ապրելու է «միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի»` իբր «ԼՂ ժողովրդի» անվտանգության գլխավոր և ինքնաբավ երաշխիքի մասին հիմարաբանությամբ:
«Կրպակապան» իշխանական վերնախավը սպասարկող ամեն տեսակ «քեռյանների» և «սուրենյանցների» հիմարության, անբարոյության և քաղաքական սոսկալի անգրագիտության մասին կարելի է խոսել անվերջ: Բայց խնդրի ակունքը մեր մեջ է: Հայի պատիվն ու արժանապատվությունը պետք է լինի ոչ միայն անհատական, այլև ազգային-պետական մակարդակի գիտակցություն: Այն ազգն ու պետությունը, որի նախագահը և քաղաքական դաշտը աշխարհին նայում և առաջնորդվում է իր «թուրք տիրոջ» հանդեպ տածած ծառայամիտ երկյուղով կհասնի ոչ թե փափագելի առևտրական հրճվանքի, այլ նոր ցեղասպանության: Սակայն, ի դժբախտություն եկվոր հարևանների և նրանց նկատմամբ «նախաձեռնողական զոհողությամբ» տառապող մեր քաղաքական առևտրամոլների և նրանց սեղանի փշրանքների շուրջ վխտացող պատեհապաշտ-անհաջողակների, Ադրբեջանին ոչ մի թիզ հող չի հանձնվելու: Եվ նրանց բոլորին վիճակված է ընդամենը «զոհողաբար հաշտվել» Հայաստանի վերածնունդի սթափեցնող իրողության և մեր գալիք հաղթանակների հետ:
Измена,
Ողբամ զքեզ,
Арцах