Օրերս ձեռքս ընկավ մի հատված ավստրիացի հայտնի արևելագետ, դիվանագետ ու թարգմանիչ
Յոզեֆ ֆոն Համմեր-Պուրգշտալի «Իմ կյանքից հիշողություններ» գրքից: Այդտեղ նա ներկայացնում է Արևելյան լեզուների ակադեմիայում իր դասացուցակը:
Արևելյան ակադեմիայում (Վիեննայի արևելյան լեզուների կայսերական ակադեմիա) 1789-1799
Նախապատրաստական կուրսերի արդյունքում ես ընդունվեցի Արևելյան ակադեմիա: Իմ ուրախությունն անսահման էր ոչ
այնքան ուսումնական տարին հաջող ավարտելու պատճառով, այլ այն հանգամանքով էր պայմանավորված, որ վեց շաբաթով արձակուրդ էի գնացել հայրական տուն: Դա վերջին անգամն էր, որ տեսնում էի հայրական տունս, եղբայրներիս ու քույրերիս առաջիկա իննը տարիներից առաջ, քանի որ այն ժամանակներում ուսանողներին չէր թույլատրվում տեսակցել ծնողների հետ արձակուրդների ժամանակ կամ էլ կազմակերպել այլ զվարճալի ճամփորդություններ, ինչպես որ այժմ է: Երեքից չորս շաբաթ տևող արձակուրդներն ուսանողներն անց էին կացնում Վիեննայի շրջակայում գտնվող գեղատեսիլ հովիտներից մեկում:
Նմանապես շատ խիստ կերպով էր կազմակերպված ուսումնական տարին: Վերկացը ժամը վեցին էր և անմիջապես բոլորը կարդում էին առավոտյան աղոթքը: Աղոթքից անմիջապես հետո մենք գնում էինք դոմինիկյանների մոտ ժամերգության երգչախմբի կազմում: Ժամը յոթից ութը՝ մեկ ժամ, նախատեսված էր ժամը ութին սկսվող դասերին պատրաստվելու համար: Ժամը ութից իննը փիլիսոփայություն էր կամ իրավագիտության մասին դասախոսություն, իննից տասը՝ նկարչության դաս, մասնավորապես կենցաղային ուրվանկարներ (իրավիճակային ուրվանկարներ) և քաղաքացիական ու ռազմական ճարտարապետություն: Տասից տասնմեկը՝ արևելագիտություն, տասնմեկից տասներկուսը՝ ֆրանսերեն, տասներկուսից մեկը՝ շաբաթական երեք անգամ ձեռագրի դասեր, իսկ մնացած երեք օրը՝ պարի դասեր, իսկ մեծերի համար՝ ձիավարժության դասեր: Ժամը մեկին՝ ճաշն էր: Ճաշին մատուցում էին հինգ տեսակ ուտեստ և երեք տեսակ էլ՝ ընթրիքին, սակայն դրանցից ոչ բոլորն էին ուտելու համար պիտանի: Ժամը երկուսից երեքը ազատ ժամ էր և կարող էր օգտագործվել երաժշտության դասերով զբաղվելու համար: Երեքից չորսը՝ փիլիսոփայություն, մասնավորապես՝ մաթեմատիկա, տրամաբանություն, ֆիզիկա և իրաբագիտական դասեր: Չորսից հինգը՝ աշխարհագրություն և պատմություն, հինգից վեցը՝ արևելյան լեզուներ, վեցից յոթը՝ օրիենտալիստիկայի մասնավոր դասեր, յոթից ութը՝ աշխարհագրության և պատմության կրկնություն, ութից իննը՝ հանգիստ: Ժամը իննին ընթրիքն էր, հետո տերողորմյան ու երեկոյան աղոքը:
Մերօրյա արևելագետներ (այդ թվում և ես), ի՞նչ կասեք :)